Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ նկարչի գործերը՝ ԱՄՆ-ի սենատում եւ հիվանդանոցներում

Ապրիլ 04,2014 14:00

Հարցազրույց գույների վարպետ Շմավոն Շմավոնյանի հետ

Shmavon_Shmavonyan-2

-Ամեն մարդու կենսագրություն սկսվում է իր տոհմի եւ ընդհանուր առմամբ ազգի պատմությամբ: Արմատներով որտեղի՞ց եք, ի՞նչ գերդաստանի շառավիղ եք, Վարպե՛տ:

-Յուրաքանչյուր մարդ ունի իր տոհմի պատմությունը: Մենք մեծ գերդաստան ենք ունեցել: Պապս ուներ երեք եղբայր, որոնցից մեկը մինչեւ 1917թ. ռուսական բանակում ծառայել է որպես գեներալ եւ բժիշկ: Սովորել է Պետերբուրգի կայսերական զինվորական ակադեմիայում, ավարտել եւ ընդունվել Մոսկվայի բժշկական ուսումնական հաստատություններից մեկը: Իր աղջիկը եղել է Դանիել Բեկ Փիրումյանի հարսը: Պապիս հայրը քահանա էր՝ տեր Ղուկասը, իսկ մեր ամենամեծ պապը տեր Շմավոնն էր, ում անունով էլ ինձ կնքել են: Հայրս գյուղատնտես էր: Իմ գերդաստանը ապրել է նախկինում Ղամարլու, այսօր՝ Արտաշատի Վերին Արտաշատ գյուղում: Ես էլ ծնվել, մեծացել եմ այդ գյուղում, դպրոց գնացել: Պապերս սալմաստեցիներ ու խոյեցիներ են եւ Արարատյան դաշտ են եկել 1828 թ.: Քանի որ նորաստեղծ գյուղը քահանա չի ունեցել, արդեն կարգված տեր Շմավոնը դառնում է գյուղի քահանա, եւ ահա այստեղից էլ սկիզբ են առնում մեր տոհմի շառավիղները: Մեր տոհմի մեջ եղել են բժիշկներ, մանկավարժներ, բայց ոչ նկարիչներ: Միակ նկարիչը ես եմ:

-Ինչպե՞ս կայացավ նկարչի Ձեր ճանապարհը:

-Նկարիչ դառնալը որոշելու հարց չէ, դա պետք է ինքնաբուխ լինի: Այդ շնորհը տրված է Աստծո կողմից, թե տոհմի կամ տեսակի, գալիս է մանկուց: Շատ փոքր երեխա էի, երբ նկարչությունը ձեւավորվեց իմ երեւակայական աշխարհի մեջ: Դա կարծես մի այլ առեղծվածային աշխարհ էր՝ նկարիչ լինելը, պատկերները, գույները: Մանուկ հասակում, երբ զարմացած նայում էի եւ հասկանում, թե ինչպես է նկարիչը իր ձեռքերով գունազարդ նկարներ ստեղծում, այդ նկարիչն ինձ համար անհասանելի երեւույթ էր թվում: Բնականաբար, եղել են դժվարություններ: Այն ժամանակ մարդիկ ավելի շատ ձգտում էին դառնալ բժիշկ կամ շինարար, բայց ոչ արվեստի աշխարհի մարդ: Բայց ես այդ բոլոր դժվարությունները հասկանալով եւ գիտակցելով՝ ընդունվեցի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան: Փառք Աստծո, իմ սերը կապվեց նկարչության հետ:

-Ո՞րն է Ձեր ներշնչման աղբյուրը: Ե՞րբ է հասունանում այն պահը, երբ որոշում եք վրձինը վերցնել Ձեր ձեռքը:

-Ներշնչման աղբյուրներն այս ժամանակաշրջանում այնքա՛ն բազմազան են: Նախ դու պետք է ունենաս ներքին անդորրություն՝ կտրված առարկայական հոգսերից: Ինքը՝ նկարիչը, բավականին նուրբ, հանգիստ զգացմունքի տեր անձնավորություն է: Երբ ինձ մոտ տրամադրության անկում չի լինում, խաղաղ տարածության մեջ ամբողջապես կարողանում եմ զբաղվել նկարչությամբ:

-Որտե՞ղ են ստեղծվում Ձեր նկարները:

-Իմ նկարները ստեղծվում են երեք վայրում: Իհարկե, սկզբում նկարներն արտահայտվում են հոգուս մեջ: Առաջին արվեստանոցս գյուղի հայրական իմ տունն է, որը շատ եմ սիրում: Երկրորդը գտնվում է Երեւանում, որը նաեւ իմ ցուցասրահն է: Իմ երրորդ արվեստանոցը բնության մեջ է: Երբեմն, իրոք, արվեստագետը պետք է ունենա իր արվեստանոցը բնության մեջ: Նկարիչը առանց բնության չի կարող հարստացնել թե՛ իրեն, թե՛ իր արվեստը եւ թե՛ մարդկանց: Ինչ էներգիայով եւ տրամադրությամբ դու մտնես բնություն, բնությունը այդ նույն էներգիան կվերադարձնի քեզ: Բնությունը հրաշք է, ես ինձ հիանալի եմ զգում բնության գեղեցկության, ներդաշնակության, քաղցրության եւ անուշության մեջ: Ի վերջո, մենք բոլորս բնության արդյունքն ենք, իսկ արվեստը՝ կերպարվեստը, երաժշտությունը, անշուշտ, կապվում են բնության հետ:

-Ձեր կտավներում նկատելով գույնի եւ հնչյունի ներդաշնակ բնական կապը, կարո՞ղ ենք ասել, որ այդ կտավների մեջ կա նաեւ մի գեղեցիկ, չգրված երաժշտություն:

-Յուրաքանչյուր նկարի մեջ կա մի շատ հետաքրքիր, մեծ ու գեղեցիկ ոգեղեն տարածություն: Նկարը խորիմաստ աշխարհ է իր մեջ ամփոփում: Տանը, եթե ունեք որեւէ մի նկար, դուք փորձե՞լ եք ամեն օր նայել այդ նկարը: Դուք ամեն օր մի նոր բան կգտնեք այդ նկարի մեջ, մի նոր ձեւով կտեսնեք: Այո՛, նկարի մեջ այնքան չգրված ներդաշնակ աշխարհ կա, որ հավերժ կարող ես այն բացահայտել, տեսնել եւ զգալ: Ինքը՝ կերպարվեստը, շատ մեծ ուժ ունի: Այն քեզ այնքան դրական էներգիա եւ դաշտ է տալիս, որ դու կարողանում ես հասկանալ կյանքը: Յուրաքանչյուր կայացած նկարի մեջ կա թրթիռ եւ գեղեցկություն, ահա սա է երաժշտությունը: Երաժշտությունը լինում է լսողական եւ պատկերային: Նկարը երաժշտություն է պատկերային ձեւով: Երբ մտնում ես այդ պատկերային աշխարհի մեջ, քեզ մոտ այնպիսի քաղցր հուշեր եւ աշխարհ է վերարթնանում, որ քեզ թվում է, թե այդ պատկերը, երաժշտությունը կարծես դու լսել ես մի այլ տեղ, մոռացել, մտքովդ էլ չի անցել եւ հանկարծ վերհիշում ես այն եւ ասում. «Սա իմն է եղել, սա ես եմ եղել»: Երաժշտությունը եւ նկարչությունը կապված են մեկմեկու:

-Ի՞նչ երաժշտություն եք սիրում լսել, հատկապես՝ նկարելիս:

-Այո՛, երբեմն նկարում եմ երաժշտության հնչյունների տակ: Սիրում եմ լսել դասական, իհարկե՝ նաեւ մեր հայ ժողովրդական երաժշտությունը: Մենք յուրաքանչյուրս մեծացել ենք երաժշտության ներքո, այն երգերի, օրորների, որ մեր մայրերը երգել են մեզ համար, որովհետեւ մայր չկա, որ իր երեխայի համար երգած չլինի, մայր չկա, որ չունենա ի՛ր երգը: Եթե յուրաքանչյուրին հարցնես, կասի. «Մայրս երգում էր այս երգը»: Մայրական զգացմունքային այդ քաղցր երաժշտությունը մեզ միշտ մղել է դեպի սերը առ մեծ երաժշտություն:

-Տարիների ընթացքում չի՞ փոխվել Ձեր գունապնակը: Ի՞նչ գույներ եք օգտագործում վերջին շրջանում եւ ինչո՞ւ:

-Նկարչի գունապնակը բաղկացած է մի քանի գույնից: Բայց նայած այդ գույներով ինչ զգացողություն ես ցանկանում վերարտադրել: Բնականաբար, գունապնակիս գույները միշտ են փոփոխվում: Այդպես էլ պետք է լինի: Երբ դու հավատարիմ ես քո արվեստի գաղափարին եւ նպատակին, քո գույները միշտ ավելի պայծառանում են: Ես սիրում եմ ավելի լուսավոր եւ տրամադրություն ստեղծող նկարներ: Սա է իմ նպատակը: Նկարը երկու բան է արտահայտում՝ հույզ եւ տրամադրություն: Ինչպես մարդը պետք է ժպիտ ունենա, այնպես էլ նկարը պետք է ունենա իր խինդը, բարությունը, էներգիան, գույնով հարուստ, ժպտացող եւ երգող նկարը: Ահա սա է արվեստը:

-Ի՞նչ ճանապարհային քարտեզով են անցել Ձեր նկարները:

-Իմ նկարները ցուցադրվել են աշխարհի տարբեր երկրների տարբեր միջավայրներում՝ արեւելյան շրջաններում (առաջին ցուցահանդեսն ունեցել եմ Աբու Դաբիում), Ստամբուլում, Քուվեյթում, Բեյրութում, Մոսկվայում, Ֆրանսիայում, Անգլիայում, հաճախ՝ ԱՄՆ-ում: Վերջին տարիներին շատ հետաքրքիր բարեկամություն ստեղծվեց իմ արվեստի եւ «Պրովիդենս» առողջապահական կենտրոնի միջեւ, որն ունի հիվանդանոցային մեծ ցանց՝ Կալիֆոռնիայից մինչեւ Վաշինգտոն: Այդ հիվանդանոցներում եւս ցուցադրվել են կտավներս, եւ իրենց պատվերով նկարներիցս շատերն այսօր զարդարում են այդ հիվանդանոցների պատերը: «Հավերժություն» կտավս՝ նվիրված սեպտեմբերի 11-ի արհավիրքի ժամանակ զոհված լոսանջելեսցի հրշեջների եւ ոստիկանների ընտանիքներին, գտնվում է Լոս Անջելեսի Գլենդել քաղաքի քաղաքապետարանում: Իսկ վերջին ցուցահանդեսը եղավ Կալիֆոռնիա նահանգի մայրաքաղաք Սաքրամենտո կապիտոլիումի մեջ: Այստեղ սենատն օրենք ընդունեց եւ իմ նկարներից մեկն այսօր կախված է Սենատում: Բավական օգտավետ եւ փոխշահավետ ցուցադրություններ ունեցա:

-Անդրադառնալով Ստամբուլում կայացած Ձեր ցուցահանդեսին՝ ի՞նչ արձագանք գտավ այն թուրք արվեստասեր հասարակության շրջանում:

-Առաջին անգամ ինձ Ստամբուլ հրավիրեց «Մարմարա» թերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Հատտեջյանը 1993թ.՝ մութ ու խավար տարիներին: Իսկ վերջինը տեղի ունեցավ 2013թ. հոկտեմբերի 1-ին, որը կազմակերպեց այնտեղի լավագույն մշակութաբաններից մեկը՝ հայազգի Մայդա Սարիսը, ով այժմ բնակվում է ԱՄՆ-ում, իսկ հովանավորը Հովսեփ Թոքաթն էր: Ցուցադրությունը կայացավ Թաքսիմ հրապարակից մի փոքր ներքեւ՝ կենտրոնական մեծ փողոցի վրա գտնվող Հունաստանի հյուպատոսության շենքում: Ցուցադրությունն անցավ հրաշալի մթնոլորտում: Բացման արարողությանը ներկա էր նաեւ Հունաց Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը, ինչպես նաեւ արվեստասեր տարբեր խավեր: Ցուցահանդեսին մասնակցում էին հայեր, հույներ եւ թուրքեր: Չեմ կարող ասել, թե հիմնականում որ ազգից էին այցելուները, որովհետեւ թե՛ թուրքերը եւ թե՛ հայերն ու հույները ինձ թուրքերեն էին հարցեր տալիս: Ինձ ասացին, որ այնտեղ բազմաշերտ թուրք մտավորականություն կա, որը նաեւ գնեց իմ նկարներից: Թուրքերը խոնարհաբար շնորհակալ էին, որ այդպիսի արվեստ կա: Անգամ ասել էին. «Երանի սահմանները վերանային»: Իսկ ես պատասխանել էի. «Բայց դուք ավելի շուտ պետք է այդ մասին մտածած լինեք»: Արվեստի շրջանակի մեջ վերանում է ազգությունը: Գեղեցկությունը եւ արվեստը համայն մարդկությանն են՝ հայ, թե թուրք, հույն, թե այլ ազգի ներկայացուցիչ: Բոլոր մարդիկ էլ կրում են այդ գեղեցկությունը:

Հարցազրույցը վարեց ՍԵՐԳԵՅ ՄԱՆՎԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930