Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ Սենատորները Հայոց Ցեղասպանության Ճանաչման նոր բանաձև են ներկայացրել

Ապրիլ 04,2014 13:55

Վաշինգտոն- Այսօր, սենատորներ Ռոբերտ Մենենդեսը և Մարկ Քըրքը Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նոր բանաձև են ներկայացրել,- հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը (Համագումար):

«Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին մենք ողջունում ենք սենատորներ Մենենդեսի և Քըրքի նախաձեռնությունը, որը վերապրածների փրկությանն ուղղված Ամերիկայի մարդասիրական միջամտության հիշեցումն է: Նախաձեռնությունը վկայում է նաև ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարում սենատորների մշտական զգոնության մասին»,- ասել է Համագումարի գործադիր տնօրեն ԲրայանԱրդունին:

Սենատի այս քայլը տեղի է ունենում այն ժամանակ, երբ անցած շաբաթ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը և այդ հանձնաժողովի բարձրաստիճան անդամ Էլիոտ Էնգելը ներկայացրեցին Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների վերաբերյալ հաշվետվության 4347 բանաձևը: Այս բանաձևը Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունից պահանջում է տարեկան զեկույց Թուրքիայի ղեկավարած տարածքներում քրիստոնեական ունեցվածքները կողոպտելու, բռնագրավելու կամ չվերադարձնելու կարգավիճակի վերաբերյալ: Ռոյս-Էնգելի ջանքերը հիմնվում են 2011թ. Ներկայացուցիչների պալատում նմանատիպ բանաձևի բարեհաջող ընդունման վրա:

«Հաջորդ տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, որի ընթացքում շուրջ 1.5 միլիոն հայեր սպանվեցին Օսմանյան Թուրքիայի կողմից: Միայն մի քանի քաջ վերապրածներ են մնացել, ինչպիսին է օրինակ`Չիկագոյի 107-ամյա բնակիչ Հելեն Փալոյանը, ով կորցրել է իր ծնողներին և երկու եղբորը»,-ասել է սենատոր Քըրքը` հավելելով. «Վերապրածների և զոհվածների հիշատակը պատվելու համար, ինչպես նաև առաջնորդվելով համընդհանուր մարդու իրավունքներով, Միացյալ Նահանգները պետք է վերջապես միանան ԵՄ-ին և ՆԱՏՕ-ի դաշնակից 11 պետություններին`պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանությունը»:

«Հայոց ցեղասպանությունը սարսափելի փաստացի իրողություն է, որը երբեք չի կարող ժխտվել: Սույն բանաձևը ամենախիստ կերպով վերահաստատում է, որ մենք միշտ կհիշենք այս ողբերգությունը և կհարգենք անմեղ հայ տղամարդկանց, կանանց, երեխաների հիշատակը, ովքեր սպանվել և վտարվել են իրենց հայրենիքից: Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի և հիշատակվի նման դաժանությունների կրկնությունը կանխելու համար»:

Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ սույն բանաձևում մասնավորապես ասվում է. «Ի հիշատակ 2014թ. ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության տարելիցի` ԱՄՆ նախագահը պետք է աշխատի անաչառ, կառուցողական, կայուն և ամուր հայ-թուրքական հարաբերություններ կառուցելու ուղղությամբ, որը կներառի Թուրքիայի Հանրապետության կառավարության` Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստերի ամբողջական ընդունումը: Ինչպես նաև, ԱՄՆ նախագահը պետք է երաշխավորի, որ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը պատշաճ ըմբռնում և զգայունություն կցուցաբերի մարդու իրավունքների, մարդկության դեմ հանցագործությունների, էթնիկ զտումների և ցեղասպանության վերաբերյալ խնդիրների նկատմամբ, որոնք փաստագրված են Հայոց ցեղասպանության մասին Միացյալ Նահանգների արձանագրություններում»:

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hakob says:

    գլխներին քաշեն իրենց բանաձևը

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930