Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. «Իրողությունն այն է, որ քաղաքական չորս ուժերի համագործակցությունը շարունակվում է». «Հայոց աշխարհ»

Մայիս 16,2014 12:53

Հատված Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հարցազրույցից:

-Վերջին քվեարկություններից հետո հաճախ կարելի է լսել, թե ոչ իշխանական չորս ուժերի ջրերը նույն առվով չեն հոսում՝ քառյակը դե ֆակտո տրոհվել է եւ այլեւս հանդես է գալիս «երկու գումարած երկու» ձեւաչափով. նկատի է առնվում, որ «Ժառանգությունը» եւ ՀԱԿ-ը մնում են արմատական դիրքերում, մինչդեռ ԲՀԿ-ն եւ Դաշնակցությունը դեմ չեն համագործակցելու իշխանության հետ։ Կա՞ այդպիսի բան։

-Ամեն մեկն ազատ է իր մեկնաբանություններում եւ իր քաղաքական ճաշակի, քաղաքական դաստիարակության շրջանակներում կարող է հայտնել իր տեսակետը ամեն հարցի վերաբերյալ։ Իհարկե կան մարդիկ, քաղաքական ուժեր, լրատվամիջոցներ, որոնք անպայման փորձում են եզան տակ հորթ գտնել, ներկայացնել այնպես, թե իբր քառյակն այլեւս գոյություն չունի, մի մասն էլ թերեւս անկեղծորեն համոզված է՝ եթե բոլորը նույն երգը չեն երգում, նույն բառերով չեն խոսում, ուրեմն վերջ, քառյակը «փլուզվել» է։
Իրողությունն այն է, որ քաղաքական չորս ուժերի համագործակցությունը շարունակվում է։ Որեւէ մեկը չի ասել, թե բոլորը պետք է բոլոր հարցերում միասնական լինեն՝ քառյակն իր առջեւ այդպիսի խնդիր չի դրել. նորմալ քաղաքական գործընթաց է՝ գոնե այս պահին նման հոռետեսական գնահատականների պատճառ չեմ տեսնում։

-Քառյակին միավորող հիմնական, այսպես ասած՝ մայր պահանջը կառավարության հրաժարականն էր։ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունից հետո առաջին պլանում հայտնվեց կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի դեմ պայքարը։ Այսօր, երբ պարզ է, որ ԲՀԿ-ն եւ Դաշնակցությունը, ըստ էության, աջակցում են խնդրին ժամանակավոր լուծում տալու կառավարության տեսլականին, ո՞րն է այն «դոմինանտ» գաղափարը, որը համախմբում է քառյակին։

-Նախ, արձանագրենք, որ քաղաքական չորս ուժերից ոչ մեկը կողմ չքվեարկեց պարտադիր կուտակայինի նախագծին. մի մասը համարում է, որ կես քայլ արված է, եւ ինչ-որ բան կարող է փոխվել, բայց նրանց «դեմ»-ը, միեւնույն է, «կողմ» չդարձավ, այլ ընդամենը՝ ձեռնպահ։

Մենք համարում ենք, որ այս փոփոխությունը, ըստ էության, որեւէ լուրջ հեռանկար չի խոստանում։ Եթե նկատել եք, մամուլում արդեն իսկ ահազանգեր կան, որ գործատուները ճնշում են, ահաբեկում իրենց աշխատողներին, որ դիմում չտան եւ չհրաժարվեն պարտադիր վճարներից։ Այսինքն՝ «թանաքը դեռ չչորացած»՝ մեր մտահոգություններն սկսում են արդարանալ։

Կուզենայի սխալված լինել՝ միայն ուրախ կլինեմ, եթե այս կես քայլը ունենա իր տրամաբանական շարունակությունը, եւ պարտադիրն ամբողջությամբ դուրս գա օրակարգից։ Բայց այն, ինչին ականատես ենք, գոնե իմ կարծիքով՝ լավատեսության առիթ չի տալիս, առավել եւս, երբ կառավարությունը շարունակում է փոխանցել իր «բաժին» 5 տոկոս մասհանումները նույնիսկ այն մարդկանց հաշիվներին, ովքեր դեմ են պարտադիրին։
Ինչ վերաբերում է կառավարության դեմ միասնական պայքարին, կրկնում եմ, կառավարությունը դեռ չի բերել իր ծրագիրը։ Սպասենք կառավարության ծրագրի ներկայացմանը։ Միայն դրանից հետո կարելի է խոսել միասնական պայքարի կամ տարաձայնությունների մասին։ Այսինքն՝ կոնկրետ առիթ է պետք, որպեսզի քաղաքական ուժերն արտահայտեն իրենց տեսակետները, եւ առաջիկայում մենք այդ առիթը կունենանք։
Անկախ նրանից, որ այս ընթացքում քաղաքական ուժերը տարբեր մոտեցումներ են դրսեւորել առանձին հարցերի վերաբերյալ, չեմ կարծում, թե դա հիմք է տալիս ենթադրելու, թե քառյակը, որպես քաղաքական չորս ուժերի համագործակցության ձեւաչափ, այլեւս իրեն սպառել է։ Ավելին՝ մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ միասնական օրակարգի մասին կարելի է խոսել մի դեպքում. երբ բոլորը համակարծիք են այս կամ այն կոնկրետ հարցի կամ հարցերի շուրջ։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031