Լրահոս
Օրվա լրահոսը

Քառյակը կառավարության ծրագրի վերաբերյալ միասնական դիրքորոշում դեռ չունի

Մայիս 17,2014 15:27

«Առաջին հարցը կառավարության ծրագրի շուրջ միասնական դիրքորոշման ձևավորման հարցն էր: Մեր տեսակետները բոլոր խմբակցությունների հետ բավականին մոտ են և հույս ունենք, որ քվեարկության օրն արդեն կունենանք միասնական դիրքորոշում, մասնավորապես քվեարկության հարցում»,-այսօր ոչ իշխանական քառյակի շուրջ երկուսուկես ժամ տևած դռնփակ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Մեր հարցին՝ հատկապես միասնական դիրքորոշում ունեն ո՞ր հարցերի շուրջ, քանի որ տարաձայնություններն արդեն ակնհայտ են, դրանք կապված էին նրա հետ, որ քառյակի ուժերից երկուսը չեն ցանկացել առաջարկներ ներկայացնել կառավարությանը, պարոն Զուրաբյանը պատասխանեց. «Չեմ ցանկանում շատ խորանալ այս հարցի մեջ, քանի որ մենք երբեք հանրությանը չենք ներկայացնում մեր հակասությունները: Տարաձայնություններ, բնականաբար լինում են, բայց որտեղ հասնում ենք միասնական դիրքորոշման, դրա մասին հայտնում ենք: Մենք համարում ենք, որ կեղծված ընտրություններով ձևավորված իշխանությունը որևէ իրավունք չունի կառավարելու: Այն ցույց է տվել իր ոչ կոմպետենտությունն ու կոռումպացվածությունը»:

Լևոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ քառյակը քննարկել է նաև միասնական քաղաքական օրակարգի ձևավորման ու հանրային միջոցառումների անցկացման հարցը: Նա նշեց, որ կձևավորվի պահանջների ցանկ, որը կներկայացնեն իշխանությանը, կձևավորվի քաղաքական օրակարգ մեկ շաբաթվա ընթացքում:

Պարոն Զուրաբյանը նշեց, թե քառյակը որոշել է, որ պետք է ժողովրդին մասնակից դարձնի այս քաղաքական գործընթացին: Այնուհետև տեղեկացրեց, որ կանցկացնեն հանրահավաք, որի նպատակը կլինի այս քաղաքական օրակարգի իրականացումը: Հանրահավաքի օրը դեռ հայտնի չէ:

Կուտակային «լրամշակված» օրենքի վերաբերյալ քննարկումների մասին պարոն Զուրաբյանն ասաց. «Մենք ունենք ալտերնատիվ նախագիծ կուտակայինի վերաբերյալ, որն այս պահին համահունչ է ժողովրդի պահանջներին և մոտ օրերին դրա մասին որոշում ընդունելուց հետո այդ նախագիծը կդնենք արտահերթ նիստի»:

Կապված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարության առիթով «եթե դեմ լինենք կառավարության ծրագրին, ապա կառաջարկենք այլընտրանքային ծրագիր», ապա արդյոք քառյակը քննարկել է նման ծրագրի հարց, պարոն Զուրաբյանը պատասխանեց, թե «միասնական ծրագիր ստեղծելու առաջարկ չի եղել»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031