Լրահոս
Օրվա լրահոսը

Զդիսլավ Ռաչինսկի. «Միկոյանը բացասական իմաստով վառ տպավորվել է լեհական եւ հայկական փաստաթղթերում» (Տեսանյութ) 

Հունիս 02,2014 13:30

Հայաստանում Լեհաստանի դեսպանատան աջակցությամբ կցուցադրվեն աշխարհահռչակ լեհ ռեժիսոր, «Օսկար», «Սեզար» եւ այլ հեղինակավոր մրցանակների ասպետ Անջեյ Վայդայի  ֆիլմերը:

Այսօր «Հենարան» ակումբում այդ առիթով հյուրընկալվել էին Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին և կինոգետ Զավեն Բոյաջյանը:
Դեսպան Զդիսլավ Ռաչինսկին նախ բոլորին հրավիրեց Վայդայի ֆիլմերի ցուցադրությանը, մասնավորապես հունիսի 4-ին «Վալենսա՝ հույսի մարդը» ֆիլմի ցուցադրությանը: Ամսաթիվը պատահական չի ընտրվել: Դեսպանի խոսքով, 1989-ի հունիսի 4-ին Լեհաստանում անցկացվեցին առաջին ընտրությունները, որոնք ավարտվեցին «Սոլիդարնոստ» միության հաղթանակով, եւ ստեղծվեց առաջին ժողովրդավարական կառավարությունը, որը հիմնարար դեր խաղաց Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում, այնուհետեւ այս ամենին հետեւեցին թավշյա հեղափոխություններ հարեւան երկրներում: «Կարծում եմ, որ Լեհաստանը միակն էր, որը գերմանական օկուպացման շրջանում ընդհատակյա պետություն էր ստեղծել՝ թատրոններով, դպրոցներով, դատարաններով… Այդ ամենը գործում էր ընդհատակում եւ յուրատեսակ պայքարի ձեւ էր իրենից ներկայացնում»,-հայտնեց պարոն դեսպանը:
Վեց ֆիլմ կցուցադրվի «Մոսկվա» կինոթատրոնում՝ «Վալենսա՝ հույսի մարդը», «Երկաթե մարդը», «Մարմարե մարդը», «Մոխիր եւ ադամանդ», «Գետնուղի» եւ «Խնկեղեգ»: Վերջինս տարիներ առաջ ցուցադրվել է Երեւանում՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Բոլոր ֆիլմերի ցուցադրությունների մուտքն ազատ է: Դրանք բոլորը հատիկ-հատիկ ներկայացվեցին դեսպանի կողմից:

Կինոգետ Զավեն Բոյաջյանը 88-ամյա Վայդային համարեց լեհական կինոյի նահապետ, ասելով, որ նա երբեւէ երեւան եկած խոշորագույն ռեժիսորներից մեկն է: Վերջին ֆիլմը՝ «Վալենսա՝ հույսի մարդը», էկրան է բարձրացել անցյալ տարվա վերջին: «Վայդան հավասարապես հաջողակ ռեժիսոր է նաեւ թատրոնում եւ հեռուստատեսությունում: 55 եւ ավելի ֆիլմ ունի նկարահանած, որոնցից 40-ը խաղարկային: Վայդան բոլոր հայտնի մրցանակները ստացել է իր ստեղծագործական կյանքի ընթացքում: Ֆելինիի մահից հետո էլ ընտրվել է Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի՝ (Անմահների ակադեմիա) անդամ: Վայդան դարձավ Ֆելինիի փոխանորդը 1997-ին, ինչը պատկերացում է տալիս այդ ռեժիսորի անհատականության մասին»,-հայտնեց կինոգետը:

«Վայդան պատերազմի բեռը ուսերին բարձած ողբերգակ է»,- ասաց Բոյաջյանը՝ բնորոշելով ռեժիսորի պատերազմական ֆիլմերը:

Ինչո՞ւ Վայդայի նման ըմբոստ ռեժիսորներ չունենք հայկական իրականությունում: «Ազատություն» հ/կ-ի այս հարցին պատասխանելով՝ Զավեն Բոյաջյանը սովետական շրջանի կինոռեժիսորներից այդպիսին անվանեց Ֆրունզե Դովլաթյանին, իսկ ինչ վերաբերում է հետխորհրդային շրջանին, երբ նրա ձեւակերպմամբ, փոշիացված է հայկական կինոարտադրության պոտենցիալը, չեն կարող ստեղծվել այդպիսի ֆիլմեր: «25 տարի ո՞ւր է «Հայֆիլմը», որ ֆիլմ նկարեն»,-հավելեց նա: Զավեն Բոյաջյանը շեշտեց, որ Վայդան ունի կինոդպրոց եւ աշակերտներ, որոնք կարող են փոխարինել իրեն, իսկ Հայաստանում կինոկրթությունը սոսկալի մակարդակի է, եւ Վայդայի տրամաչափի ռեժիսորներ ունենալը ֆանտաստիկայի ժանրից է:

Դեսպանի խոսքով, Վայդայի ֆիլմերի ցուցադրությամբ հայերը կգտնեն նաեւ իրենց պատմությանը բնորոշ դրվագներ:

Պատասխանելով Անաստաս Միկոյանի արձանի վերաբերյալ լրագրողի հարցին, դեսպանն ասաց, որ քաղաքը երեւանցիներինն է, իրենք են այդտեղ ապրում. «Ձեր սերնդակիցներին Միկոյանի անունը ոչինչ չի ասում, իսկ նախորդ շրջանի համեմատաբար երիտասարդների համար էլ Միկոյանը ստալինյան գործիչ է, ֆունկցիոներ: Լեհերը նրան տեսնում են այնպես, ինչպես Ստալինին, Բերիային, Կագանովիչին»: Այնուհետեւ պարոն Ռաչինսկին հավելեց. «Պատմական փաստերը հայ քաղաքական գործիչներին պարզ են եւ ակնհայտ, եթե չեմ սխալվում, Միկոյանը բացասական իմաստով վառ տպավորվել է թե լեհական փաստաթղթերում, թե հայկականում…»:

Զավեն Բոյաջյանն էլ շեշտեց, որ Վայդայի հայրը Կատինի զոհերից է:

Մանրամասները՝տեսանյութում

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30