Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկները «գրավել» են նիստերի դահլիճը

Հունիս 06,2014 16:41

Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստը Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կրկին ընդմիջվել է. նիստերի դահլիճում թեժ վիճաբանություն է:

Վեճը սկսվեց այն բանից, երբ դատախազ Կարեն Հարությունյանը սկսեց ընթերցել քրեական գործին կցված ապացույցների՝ հեռախոսազրույցների ձայնագրության արձանագրությունը: Արա Զաքարյանը միջնորդեց դատախազի մատնանշած՝ քրեական գործով ձեռք բերված ապացույցները՝ հեռախոսազրույցների արձանագրությունը անթույլատրելի ճանաչելու մասին, ինչը դատարանը մերժեց, հիմնավորելով, որ Ավետիսյանի պաշտպանի միջնորդությունը հիմնավոր չէ ու ենթակա է մերժման, քանի որ այն կատարվել է օրենքով սահմանված կարգով եւ այդ ապացույցների օգտագործումը կնպաստի գործի օբյեկտիվ քննությանը:

Դատարանը մերժեց փաստաբանի մեկ այլ միջնորդություն՝ Վ. Ավետիսյանի հեռախոսազրույցները գաղտնի ձայնագրելու հիմքերը ներկայացնելու մասին, պնդելով, որ այս պահին նպատակահարմար չէ եւ դեռ պետք է ճշտվեն գործով կարեւոր հանգամանքներ:

Դատախազ Կարեն Հարությունյանը սկսեց ամսաթվերով ընթերցել Վոլոդյա Ավետիսյանի ու գործով վկաների հեռախոսազրույցների արձանագրությունները: Դրանք հիմնականում կենցաղային բնույթի էին եւ հարցուպատասխան՝ առողջության վերաբերյալ, 2 տուփ սուրճ բերելու եւ «այն գործով ինչ նորություն կա» թեմայի շրջանակներում: Դատախազի ընթերցման ժամանակ ազատամարտիկներից մեկը զայրացավ եւ պահանջեց դադարեցնել «հեքիաթ կարդալը»: Այս ազատամարտիկին միացան մյուսները եւ պահանջեցին ոչ թե հեռախոսազրույցների արձանագրությունը ընթերցել, այլ հեռախոսազրույցների ձայնագրությունները բերել դատարան, որ լսեն: Նախագահող Ավետիսյանը պահանջեց դուրս հանել, ըստ իրեն՝ դատական նիստը խանգարողներին, բայց կարգադրիչները չկարողացան ոչ ոքի դուրս հանել դահլիճից: Դատավոր Ավետիսյանը լքեց նիստերի դահլիճը, պնդելով, թե չի վերադառնա ու չի վերսկսի նիստը այնքան ժամանակ, մինչեւ ազատամարտիկները չազատեն նիստերի դահլիճը: Բայց ազատամարտիկները պնդեցին, որ իրենք չեն ազատելու նիստերի դահլիճը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30