Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ և ինչո՞ւ չէր կարող անել Միկոյանը 37թ.. բացառիկ զրույց ՀԽՍՀ ՊԱԿ-ի աշխատակից Արսեն Մարտիրոսյանի հետ. 1in.am

Հունիս 09,2014 00:34

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԽՍՀ ՊԱԿ-ի աշխատակից, ռազմական պատմաբան, Հայրենական մեծ պատերազմի վերաբերյալ հատորյակների մի ամբողջ հավաքածուի՝ «Միֆեր Ստալինի մասին», «Միֆեր Բերիաի մասին», «Միֆեր Հայրենականի մասին» և այլ հատորներ, հեղինակ, Հայրենական մեծ պատերազմին նախորդող շրջանի մասին հարուստ արխիվային նյութերի տիրապետող Արսեն Մարտիրոսյանը:

– Պարոն Մարտիրոսյան, Երևանի ավագանին ապրիլի 30-ին որոշում է կայացրել սովետական պետական, քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի հիշատակը հավերժացնող հուշարձան տեղադրել մայրաքաղաքի կենտրոնում՝ Իսահակյան-Կորյուն փողոցների միջանկյալ՝ Գևորգ Քոչարի փողոցին զուգահեռ պուրակում։ Սակայն այս որոշումը հանրային մեծ քննարկման թեմա է դարձել: Միկոյանի հուշարձանի տեղադրման որոշմանը դեմ արտահայտվողները հիշեցնում են, որ Անաստաս Միկոյանը մասնակցել է ստալինյան բռնություններին, նրա կարգադրությամբ հազարավոր հայեր են գնդակահարվել, նա Արևմտյան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հարցերում թուրքամետ կողմնորոշումով է հանդես եկել: Բազմաթիվ փաստեր ու փաստաթղթեր են մեջբերվում: Կան, իհարկե, փոքրաթիվ մարդիկ, որ հանդես են գալիս ի պաշտպանություն այդ պատմական անհատի: Ի՞նչն եք Դուք նշանակալի համարում Միկոյանի կերպարի հարցում:

– Ես բավականին հիասթափված եմ նրանից, որ հայաստանյան հասարակությունում հենց Միկոյանի հարցում են կարծիքները բաժանվում: Միկոյանն ակնառու քաղաքական գործիչ է եղել, մարդ, ով ըստ արժանվույն է ներկայացրել փոքրիկ Հայաստանը: Այո՛, ես հասկանում եմ, որ այն խնդիրները, որոնք Միկոյանի հետ կապված բարձրացվեցին էլ ավելի մեծ հնչեղություն ստացան ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Ռաչինսկու մեկնաբանություններից հետո, բայց դրանք անտեղի են: Առաջին հերթին լեհերը չպետք է միջամտեն, դա հայերի հարցն է, Երևանի իշխանությունների հարցն է, ու խոսել կատինյան ողբերգության մասին՝ պետք չէ, քանի որ Միկոյանը Կատինի հետ կապ չունի: Ի դեպ, Կատինը սկզբից մինչև վերջ սարքված պատմություն է, լեհ սպաների գնդակահարության որևէ փաստաթուղթ գոյություն չունի, դա կեղծիք է, ու դա ապացուցված է ռուսաստանցի գիտնականների և պատմաբանների կողմից՝ առաջին հերթին Սերգեյ Յուրևիչի և Վլադիսլավ Նիկոլայևիչ Շվեդի կողմից: Հիանալի վերլուծական աշխատանքներ են, որոնք նրանք հրապարակել են, և դրանք հստակ ցույց են տալիս, որ նման բան չի եղել, լեհ սպաներ չեն գնդակահարվել, առավել ևս՝ այդպիսի մասշտաբային կերպով: Այնպես որ, Միկոյանին վերագրել Կատինը և դրա պատճառով ասել, թե պետք չէ տեղադրել հուշարձան՝ հիմարություն է:
Միկոյանը ոչ միայն ակնառու քաղաքական, պետական գործիչ է, Միկոյանն առաջին հերթին սովետական տնտեսության գլխավոր հիմնադիրներից մեկն է, եթե նա չլիներ, ապա ԽՍՀՄ-ում չէր ձևավորվի սննդի արդյունաբերություն: Այս փաստը պետք է հստակ հասկանալ: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ չէր լինի Կարմիր բանակի լավ զարգացած թիկունք: Դա ևս Միկոյանի արժանիքն է: Ի դեպ, ասեմ, որ իր որդիներից մեկը մահացավ այդ ամենի արդյունքում, սա ևս պետք է հաշվի առնել: Ուստի նրա մասնակցությունն այս կամ այն քաղաքական գործընթացներում, որոնք եղել են 30-ական, 40-ական թթ., քննարկելն անիմաստ է: Նա չէր կարող պարզապես այլ կերպ գործել, քանի որ դա թիմային աշխատանք էր, թիմային քաղաքականություն, իսկ այդ թիմի գլխին կանգնած էր Ստալինը, մեղադրել նրան, որ նա մասնակցել է իբրև թե հայերի ցեղասպանությանը և նրան վերագրել գնդակահարություններ՝ հիմարություն է, երկրորդ հերթին՝ նրան դնել միևնույն հարթակին, ինչ երիտթուրքերին, կներեք ինձ, ինչպես կարելի էր այդպես վարվել, ինչպես կարելի է Միկոյանին հայ ժողովրդի ցեղասպանություն վերագրել:
Ի վերջո, ես կցանկանայի ընդգծել նրա առանցքային դերակատարությունը 1956թ. լեհական ճգնաժամի հաղթահարման գործում. նա անձնապես կարողացավ պաշտպանել իր դիրքորոշումը, որի արդյունքում թույլ չտվեց սովետական զորքերի մուտքը Վարշավա: Ես կցանկանայի ընդգծել նրա բացառիկ, ֆանտաստիկ դերակատարությունը Կարիբյան ճգնաժամում, նա գիտեր, որ կինը Մոսկվայում մահանում է, ու Կուբայում բանակցում էր միջուկային պատերազմի կանխարգելման շուրջ, աշխարհը փրկվեց, այդ թվում՝ նրա շնորհիվ: Ինչպե՞ս կարելի է այդպիսի ավանդից հետո կասկածել հուշարձանի տեղադրման հարցում:
Հայերի շրջանում նման մասշտաբի, նման հզորության գործիչները շատ չեն: Այո՛, կան գիտնականներ, այո՛, կան գրողներ, այո՛, կան ռեժիսորներ, որոնք իսկապես համաշխարհային փառք են վայելում, բայց նման մակարդակի քաղաքական գործիչներ հայ ժողովուրդը չունի, միայն Միկոյանը: Ես Երևանի իշխանությունների փոխարեն, թող ներեն ինձ նման համարձակության համար, կտեղադրեի ոչ միայն Անաստաս Միկոյանի, այլ Միկոյան եղբայրների՝ Անաստաս Միկոյանի ու Արտյոմ Միկոյանի հուշարձանը: Նրանց ավանդը ֆանտաստիկ է սովետական քաղաքակրթության ձևավորման հարցում, այդ թվում՝ Սովետական Հայաստանի: Եթե մենք սա չհիշենք, ապա, կներեք, ինչ է մնում ժողովուրդներից:
– Միկոյանի քաղաքական անցյալից բավականին աղմկահարույց փաստաթղթեր են արխիվներից դուրս բերվել: Ռուսաստանի պետական արխիվում հայտնաբերվել էր Եժովի ստորագրությամբ 1937թ. սեպտեմբերի 22-ով թվագրված մի փաստաթուղթ, որով Եժովը տեղեկացնում է Ստալինին այն մասին, որ Միկոյանը խնդրում է «Դաշնակցական և այլ հակասովետական տարրերից» գնդակահարվողների թիվն ավելացնել 700 մարդով: Նույն փաստաթղթով Եժովն ինքն առաջարկում է գնդակահարվողների թիվն ավելացնել 1500 մարդով, և նախկին թիվն էլ ունենալով՝ այն հասցնել 2000-ի: Այդ փաստաթուղթը ստորագրել են Ստալինը, Մոլոտովը, Կագանովիչը, Չուբարը, Լոգինովը: Չէ՞ որ սա փաստ է:
– 1937-1938թթ. ռեպրեսիաները հրահրված են եղել ոչ Միկոյանի, ոչ Ստալինի կողմից, դա եղել է սադրանք տեղական քարտուղարների մի ոչ այնքան մեծ խմբի կողմից, որը ղեկավարվում էր Նիկիտա Խրուշչովի և Ռոբերտ Ինդրիկովիչ Էյխեի կողմից: Հենց նրանք էին սադրել այդ ռեպրեսիաները, ու երբ ռեպրեսիաները տարածվեցին ողջ Սովետում, նա այդ շրջանում չէր կարող դիմագրավել դրանց, քանի որ նա միայն այդ քարտուղարներից մեկն էր, նա այդ ժամանակ դեռ չէր տիրապետում այն իշխանությանը, որը սովորաբար նրան վերագրում են: Միկոյանը ևս ստիպված էր գնալ այդ ուղով: Ի դեպ, ասեմ, որ պետք չէ կարծել, թե նրանք, ովքեր դատապարտվել են 1937թ.՝ եղել են անմեղ: Եղել են անմեղներ իհարկե, ես սա ասում եմ որպես նախկին ԱԱԾ աշխատակից, եղել են մեղավորներ՝ խորը մեղավորությամբ, որոնք վաստակել էին պատիժ, թեև դրանով անմեղների արյունը չես փրկի: Ամեն դեպքում, ընդունելով այս փաստերը, չի կարելի մոռանալ Անաստաս Միկոյանի գլխավոր ավանդների մասին: Եթե մենք այդքան հեշտությամբ դուրս բերենք մեր հիշողությունից, ապա ինչ կմնա մեզ: Ի վերջո, նայեք Եվրոպային, թե ինչպես են նրանք վերաբերվում իրենց Նապոլեոնին: Իսկ փոքրիկ Հայաստանը չի կարողանում հպարտանալ իր հեղինակավոր զավակով: Այստեղ հարցը ունի մեկ միանշանակ պատասխան: Երևանի ավագանին բացարձակապես ճիշտ է վարվել, պատմականորեն արդար, և պետք է տեղադրել այդ հուշարձանը, բայց ընդգծում եմ, որ կցանկանայի Միկոյան եղբայրների հուշարձանը լիներ:
– Ամեն դեպքում, գնդակահարությունների ցուցակների փաստաթղթերը, ռեպրեսիաների մասին փաստերը, այլ ոճրագործ նախաձեռնությունների մասին տեղեկությունները, թեև դրանք միգուցե այսօր դժվար է ապացուցել, բացասական տրամադրություններ են ստեղծում, թեկուզև Միկոյանը եղել է աշխարհաքաղաքական հզոր գործիչ: Նման խնդրահարույց դեպքերում միգուցե ճիշտը հուշարձանի տեղադրումից խուսափելն ու հանրության կարծիքը հաշվի առնելն է, չէ՞ որ խոսքը Երևանի մասին է, և միգուցե բնակիչները ովքեր դեմ են, անարգեն արձանը, ինչպես և խոստանում են:

– Եթե որևէ հայի ձեռքը կարող է բարձրանալ հուշարձանի, Միկոյանի հուշարձանի վրա, ապա նրանք այլևս հայեր չեն լինի, նրանք թուրք կլինեն, միայն թուրքերը կարող են իրենց թույլ տալ նման բան Միկոյանի նկատմամբ: Ավագանին այդ հարցը կարող է շատ հեշտ լուծել հանրաքվեի միջոցով: Եթե մեծամասնությունը կլինի կողմ հուշարձանի տեղադրմանը, ապա այն կտեղադրվի, եթե ոչ, ապա՝ ոչ: Սա էլեմենտար ժողովրդավարական գործընթաց է, հանրային կարծիքի հարցում: Իմ կարծիքով՝ այդ մարդու հուշարձանը պետք է լինի Երևանում և իր հայրենիքում: Իսկ ինչ վերաբերում է պատմության մեջ իր վաստակին, թող դա մնա պատմաբաններին: Պետք չէ այդ հարցը քաղաքականացնել, դա շատ վտանգավոր բան է, կարող է վատ ավարտ ունենալ:

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Լուսանկարը՝ 1in.am-ի
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Hayk says:

    На родине Рачинского со всеми почестями похоронили своего коммунистического деятеля Ярузельского(?!). Мне очень интересно—наши послы в других странах тоже вмешиваются во внутренние дела этих стран?

  2. Գեւորգ says:

    Իրականում այս ամենը սովետը վերականգնելու համատեքստի մեջ է: Այնտեղ էլ Ստալինգրադի անունն են վերականգնում՝ սա հո պատահական չէ: Բայց թող գոնե բաց տեքստով խոսեն մարդկանց հետ: Ինչ է եղել? Իմ կարծիքով, ավելի լավ է միակ ու հզոր կենտրոնական բռնակալ ունենալ, պստլիկ – մստլիկ, ժուլիկ – մուլիկ, անգետ – անբան թագավորիկների փոխարեն՝ թեկուզ սեփական: Դուք կասեք՝ բա ազգային հարցը? Հիշեք միայն որ նույն սովետն ու ստալինը արդեն զորքը շարել էր Հայաստանում որ մտցնի ու վերցնի հողը: Սակայն աշխարհի քեռին ռումբը գցեց Ճապոնիայի վրա ու զգուշացրեց թե, ձեր գլխին էլ կգցեմ՝ եթե թուրքին նեղություն տաք!
    Միկոյանն արտակարգ մարդ էր, իհարկե: Բարի գործն էլ անհամեմատ շատ էր քան չարը: Սակայն արձանը իր համար չէ որ դրվում է՝ այլ ժողովրդի: Որեմն ժողովուրդն էլ պիտի որոշի, առանց հարկադրանքի ու կեղծարարությունների: Հարկավոր է բաց խոսել ու ճիշտը մտածել!

  3. Tigran says:

    Արաքս Մարտիրոսյան,պատկերը ավելի ամբողջական լինելու համար,խնդրում ենք Հիտլերի,և ընդհանրապես ֆաշիզմի վերաբերյալ,հարցազրույց վերցրեք մի նախկին էսէսականից կամ գեստապոյականից…

  4. Տիգրան says:

    Ի դեպ, Կատինը սկզբից մինչև վերջ սարքված պատմություն է, լեհ սպաների գնդակահարության որևէ փաստաթուղթ գոյություն չունի, դա կեղծիք է, ու դա ապացուցված է ռուսաստանցի գիտնականների և պատմաբանների կողմից, նման բան չի եղել, լեհ սպաներ չեն գնդակահարվել, առավել ևս՝ այդպիսի մասշտաբային կերպով:
    Թուրքերն էլ ասում են, որ հայերի ցեղասպանություն չի եղել, կեղծիք է եւ այլն: Կարող է եւ Կատինը չի եղել: Նույն ձեւով եւ կարող է հայերի ցեղասպանությունն էլ չի եղել: Ես գիտեմ այն, ինչ ասում են պատմաբանները, այդ թվում եւ ռազմական պատմաբան Արսեն Մարտիրոսյանը: Կարող է լեհերի մասին այս հայտարարությունը Արսեն Մարտիրոսյանը պնդել ու պաշտպանել Լեհաստանում, կոպիտ ասած՝ սխալ հանել լեհերին: Եթե չի կարող, ուրեմն իր այս ասածները կեղծիք են: Հասկացանք, Միկոյանին սիրում եք, բայց չեք կարողանում անկեղծ սեր ցույց տալ, որ մարդ հավատա:

  5. Ռուբեն Պարսամյան says:

    Թուրքերն արդեն դեռ 1919-ին ընդունել են որ երիտթուրքական ղեկավարները հայաջինջ քաղաքականություն են իրականացրել եվ հենց դրա համար հեռակա կարգով /փախել էին/ դատապարտվել էին մահվան: Իսկ Ստալինը,որ Հայաստանի այսօրվա խայտառակ սահմանների հեղինակն է,սովետական զորքերը նրա համար չէր կուտակել թուրքական սահմանին,որ հայերին հող նվիրի;Հողն ուզում էին վերցնել կայսրության տարածքներն ընդարձակելու համար:Միամտություն է կարծել թե Կարսը Հայաստանին պիտի տային,այդ ժամանակ նույնիսկ Մեղրին էին դատարկում ու աքսորում Ալթայ;Խորհուրդ կտայի ուշադրությամբ ուսումնասիրել Ա.Միկոյանի ,,Պայքարի ուղիով ,,հուշագրությունները,բացեք 1 հատորի 529 էջը,նամակ է գրել Լենինին,օտար պետության ղեկավարին,որ իրենք նախապատրաստում են զինված ապստամբություն,եվ կսկսեն,երբ կարմիր բանակը մոտենա Հայաստանի սահմաններին:Ձեր կարծիքով սա քրեական հոդված չէ՞..Ի դեպ այդ թվականին,այսինքն մինչ քեմալա-բոլշեվիկյան ագրեսիան ՀՀ տարածքը շուրջ 70 հազար ք.կմ էր,Կարսն էլ էր մերը,Նախիջեվանն էլ…

  6. Hayk says:

    խնդռւմ ենք հրապարակել Անաստաս Միկոյանի Նամակը ուղղված Եժովին Կամ Ստալինին, Միաժամանակ հրապարակել Ստալինի Նամակը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30