Լրահոս
Օրվա լրահոսը

Փնթի աշխատաոճ. ինչպե՞ս է մատուցվում «Հայոց պատմություն» առարկան դպրոցական դասագրքերի միջոցով

Մայիս 05,2023 13:00

Սկիզբը՝ նախորդ համարում

Թռուցիկ անդրադարձ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության երաշխավորությամբ 2019 թ. լույս տեսած երկու դասագրքերի բովանդակությանը

էջ 83

Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած եւ պատերազմի ժամանակ զոհված հայերի թվաքանակը կարիք ունի հստակեցումների ու ճշգրտումների։ Ներկայացված կլորացված թվերը կարելի է համարել անցյալ պատմագիտական դպրոցի ժառանգություն, որի վերանայումը, ինչպես տեսնում ենք այս դասագրքերի օրինակով, տակավին դեռ ժամանակավրեպ է համարվում։

Միեւնույն ժամանակ, դասագրքում խոսք չկա սովետա-ֆիննական պատերազմի, դրա բնույթի մասին, հստակ գնահատականի չի արժանանում Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը եւ դրա արդյունքում Մերձբալթիկայի եւ Լեհաստանի համատեղ ռազմակալումը Խորհրդային Միության եւ ֆաշիստական Գերմանիայի կողմից։ Հայրենական պատերազմին հայ ժողովրդի մասնակցության ներկայացումը հար նման է սովետական դասագրքերում օգտագործված ոճին ու բովանդակությանը։

Երկրորդ մաս

Դասագրքի թե՛ առաջին, թե՛ երկրորդ մասերում ստալինյան բռնությունների ու բռնաճնշումների մասին խոսելիս, համառորեն չի հիշատակվում Անաստաս Միկոյանի անունը։ Վերջինս ուղղակի մեղսակից է հազարավոր անմեղ հայորդիների գնդակահարության ու աքսորի կազմակերպման մեջ։ Ա. Միկոյանի անունը չհիշատակելը պատահական չէ. դասագրքի հեղինակներից մեկը հանդիսանում է Ա. Միկոյանի արձանը Երեւանում տեղադրելու ջատագովներից մեկը եւ սուր քննադատության էր արժանացրել տողերիս հեղինակին՝ ժամանակին այդ արձանը Երեւանի կենտրոնում տեղադրելու որոշման դեմ քվեարկելու համար։

Էջ 107

Այս էջում տեղադրված լուսանկարը վերնագրված է այսպես. «Տրանսիլվանիա» նավը Բաթումի նավահանգստում»։ Իրականում լուսանկարում պատկերված է «Ռոսիա» նավը՝ Մարսելի նավահանգստում։ Լուսանկարի բովանդակությունը հուշում է, որ դա մեկնման լուսանկար է, այլ ոչ թե ժամանման։

Էջ 109

մեջբերում. «մահմեդական ու քրիստոնյա մշակույթների ու ապրելակերպի էական տարբերությունները մեծապես նպաստում են հայերի ազգային ինքնության պահպանմանը»։ Հետաքրքիր է, արդյո՞ք նման ձեւակերպումների սպրդումը խրախուսվել է հենց Կրթության ու գիտության նախարարության կողմից։

էջ 110

մեջբերում. «ի տարբերություն Արեւելքի երկրների՝ Արեւմուտքի երկրներում տեղի մշակութային մշտական եւ ուժեղ ներգործության պայմաններում հայերի համար ամենաբարդ եւ դժվարին խնդիրներից է ազգային ինքնության պահպանումը։ Ցանկանալով հնարավորին չափ արագ ներգրավվել ընդունող հասարակություններում՝ նրանք ձգտում են առավելապես որդեգրել բնիկ ժողովուրդների բարքերն ու մշակութային արժեքները։ Եվ հանուն դրա միաժամանակ հարկադրված են սահմանափակել իրենց «մայրական մշակույթի» դրսեւորումները»։

Գիտականության առումով քննություն չբռնող այս ձեւակերպումն ինչպես կարող էր ստանալ ԿԳՄՍ երաշխավորումը, ստիպված ենք պարզել հաջորդիվ։

էջ 121

Հեղինակները համառորեն չեն հիշատակում Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրի վայրը՝ Ծիծեռնակաբերդը, օգտագործելով տարբեր ձեւակերպումներ հուշահամալիրի վերաբերյալ. «Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր» կամ «Հայոց մեծ եղեռնի հուշահամալիր» ձեւակերպումը։ Տես նաեւ էջ 146

էջ 123

մեջբերում. «… պետական մակարդակով նշվեցին Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցը»։

էջ 166

մեջբերում. «ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտն սկսեց Հայոց պատմություն ակադեմիական բազմահատորյակի հրատարակությունը»։

Այստեղ կարելի էր միայն տարակուսել, թե դպրոցական դասագրքում ինչո՞ւ է հիշատակության արժանանում տակավին լիովին չիրագործված ակադեմիական բազմահատորյակ տպագրելու փաստը։ Իրականությունն այն է, որ դասագրքի հեղինակները դպրոցական դասագրքում խայտառակ հակագիտական ու թերի այդ հրատարակության փաստը հիշատակելով, փորձում են կոծկել դրա լիակատար ֆիասկոն, ի մասնավորի՝ Հայոց ցեղասպանության պատմությանն առնչվող հատորում աղաղակող սխալներն ու հակագիտական ձեւակերպումները, միաժամանակ մոռացության տալով այդ հատորների նախապատրաստման ընթացքում բազմաթիվ կոռուպցիոն ռիսկերի ու հնարավոր յուրացումների ամոթալի փաստերը, որոնց մասին 2017 թվականին հրապարակումներ եղան հայկական մամուլում։

էջ 168

Հայ նկարիչներին ներկայացնելիս օգտագործվում է «մեկ նկարիչ – մեկ գործի  հիշատակում» սկզբունքը, որը, մեղմ ասած, անհասկանալի է։

Էջ 174

մեջբերում լուսանկարի բացատրագրից. «Ցեղասպանության պետական թանգարան?-ինստիտուտի սրահներից»։ Ուղղակի ապշել կարելի է, թե ինչպես Գիտությունների ազգային ակադեմիայի հումանիտար ու հայագիտական առարկաների ակադեմիկոս քարտուղարի խմբագրությամբ լույս տեսած դասագրքում սխալ է տրվում հենց այդ բաժանմունքի մաս հանդիսացած ակադեմիական ինստիտուտներից մեկի անունը։ Ոչ թե «Ցեղասպանության պետական թանգարան-ինստիտուտ», այլ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»։ Փնթի աշխատաոճին պետք է վերագրել նաեւ 2015 թ. հիմնովին փոփոխված թանգարանի մշտական ցուցադրության սրահներից մեկի լուսանկարի փոխարեն 2005 թ. բազմաթիվ սխալներով պատրաստված հին ցուցադրության լուսանկարի զետեղումը դասագրքում։

Էջ 180

Այս էջում մանրամասն նկարագրվում է ԼՂՀ զինանշանը, այնինչ ՀՀ զինանշանի բովանդակության հիմնատարրերի իմաստն ու նշանակությունների նկարագրությունն իսպառ բացակայում է դասագրքում։

էջ 181

մեջբերում. «Վիճակը շտկելու համար Ադրբեջանի ժողովրդական ճակատը կազմակերպեց Խոջալուի մահմեդական բնակչության կոտորածը՝ փորձելով դա վերագրել հայկական կողմին»։ Այստեղ թերի ու ոչ ամբողջական է ներկայացվում դեպքերն ու դրանց շարժառիթները, իսկ մահմեդականների փոխարեն բավարար կլիներ ադրբեջանցիների ու հատուկ նպատակով Խոջալու բնակավայրում հաստատված թուրք-մեսխեթցիների հիշատակումը, անհայտ ու չբացատրված մասեր չթողնելու համար։

էջ 186

«Այսօր ամերիկյան յոթ եւ Ավստրալիայի մեկ նահանգն, ինչպես նաեւ բասկերի խորհրդարանը ճանաչել են Արցախի Հանրապետության անկախությունը»։ Կարծում ենք, որ դասագրքում այսօր բառով որեւէ նախադասություն ձեւակերպելը անտեղի է։

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

(Նորագույն շրջան)

Դասագիրք 9-րդ դասարան

Երեւան, 2019թ. երկրորդ հրատարակություն։ Առաջին անգամ տպագրվել է 2014թ.

Հեղինակներ՝

Էդիկ Գեւորգյան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

Կարեն Խաչատրյան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ամատունի Վիրաբյան, պատմական գիտությունների դոկտոր

Խմբագիրներ՝

Աշոտ Մելքոնյան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Արամ Սիմոնյան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

Արամ Նազարյան, պատմագիտության թեկնածու

ՄԱՍ Ա

էջ 4

մեջբերում. «ԽՍՀՄ-ի եւ Արեւմուտքի երկրների միջեւ սկսված սառը պատերազմը…»

Այսպիսի ձեւակերպումը խոցելի է, քանի որ խոսքը գնում է Վարշավյան պայմանագրի երկրների եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջեւ սկիզբ առած սառը պատերազմի մասին։

Արեւմուտքի երկրներից ոչ բոլորն էին հարում այդ հակամարտությանը, հետեւաբար տալ ընդհանրացնող ձեւակերպում՝ սխալ է մի քանի առումներով։

էջ 6

Դասագրքում հիշատակվող «կովկասյան թաթարներ» էթնիկ անվանումը խոցելի է, քանզի այն չի արտահայտում այդ ցեղախմբերի հայկական բնորոշումը՝ թյուրքեր։ «Կովկասյան թաթարներ» անվանումը ռուսական կառավարչության կողմից ստեղծված բնորոշում է, այնինչ Արեւելյան Անդրկովկասի թյուրքեր կամ թրքախոս ցեղեր բնորոշումն ավելի գիտական է, հաշվի առնելով նրանց մեծ մասի թրքախոս լինելը։

էջ 6

Օգտագործելով «Արեւելակովկասյան մուսուլմանական հանրապետություն»՝ չի տրվում «Ադրբեջան» աշխարհագրական անվան օգտագործման խորքային նպատակները՝ Արաքսից հյուսիս ընկած երկրամասերի վրա հետագայում հավակնություններ ունենալու եւ համաթուրանական պետություն ստեղծելու ռազմավարություն որդեգրելու համատեքստում։

էջ 6

Մայիսյան հաղթանակները ներկայացնելիս պատմական օբյեկտիվությունը տուժում է՝ ցանկալին իրական ներկայացնելու ակնհայտ դիրքորոշման ժամանակ։ 1918 թ. Ղարաքիլիսայում թուրքերը մեծ զոհերի գնով կարողացան հաղթահարել հայկական ուժերի դիմադրությունը եւ գրավել քաղաքը։ Ռազմագիտության տեսանկյունից այն հաղթական չէր հայերի համար, սակայն ծանր կորուստների գնով ձեռքբերում էր թուրքերի համար, ովքեր կազմակերպեցին տեղի հայ բնակչության կոտորածը։

էջ 12

Հայաստանի Հանրապետության զինանշանը կոմպոզիցիոն առումով սխալ է ներկայացված:

էջ 16

Մեջբերում. «Վրաստանի հայ արդյունաբերողներն ու բանկիրները ցանկություն հայտնեցին Հայաստանում ծավալելու իրենց գործունեությունը։ Նրանց թվում էին Մայիլյանները. Ա. Արամյանցը, Ա. Թամամշյանը, Մ. Բունիաթյանը եւ ուրիշներ։ Մայիլյան եղբայրները համալսարանին հատկացրեցին 1 միլիոն»։ Մայիլյան եղբայրներն, իրականում, բաքվեցի հայ արդյունաբերողներ էին։ Այստեղ հեղինակները թերեւս շփոթել են Միլով եղբայրների հետ, ովքեր գործել են Թիֆլիսում։ Արամյանցի անունը Միքայել էր, այնպես որ, նրա անվան առաջին Ա. տառը եւս սխալմունք է։

էջ 65

«1930-ական թթ. քաղաքական պաստառ» վերնագրով լուսանկարը հազիվ թե

պատրաստված լինի հենց այդ տարիներին։ Քանի որ չկա հեղինակի եւ հստակ թվականի նշումը, պետք է ենթադրել, որ այն արվել է 1980-ականներին՝ հենց 1930-ականներին որպես խորհրդային իրականությանն անդրադառնալու նպատակով։

էջ 70

Հայ գաղթականները Սիրիայում 1920-ական թթ. լուսանկարն իրականում Արմին Վեգների հավաքածուից է եւ արվել է 1915 թ.

էջ 76

Երկրորդ աշխարհամարտի մասնակից ամերիկահայ զինվորական Էռնստ Դերվիշյանի սխրանքն ու ԱՄՆ բարձրագույն պետական պարգեւին արժանանալը, ըստ դասագրքի համահեղինակների, «ընկած է ամերիկյան հայտնի «Ռեմբո» գեղարվեստական ֆիլմաշարի հիմքում»։ Ահա այսպես, ոչ ավել, ոչ պակաս։ Փորձեցինք պարզել, թե որտեղ են գտնվում նման ցնցող տեղեկության ակունքները։ Պարզվեց, որ Համացանցում բլոգերական մի գրառման մեջ վերացական համեմատություն է եղել Է. Դերվիշյանի սխրանքի ու «Ռեմբո» ֆիլմի հերոսի հետ եւ Է. Դերվիշյանի արարքը բնավ կապ չունի հայտնի ֆիլմի հերոսի հետ։ Ուղղակի դասագրքի հեղինակները անգլերենին լավ չտիրապետելով, կամ համապատասխան մակարդակի չտիրապետելով, թույլ են տվել նման զավեշտալի ու ծիծաղ հարուցող սխալ։ Պատկերացնենք, թե ինչ ծիծաղելի վիճակում կհայտնվեն այսպիսի «գոհարներով» սովորած մեր աշակերտները՝ օտար լսարաններում դպրոցական դասագրքում զետեղված նման «փաստին» հղում տալու ժամանակ։

Դասագրքի՝ ԽՍՀՄ-ին նվիրված բաժնի հարցաշարում կա այսպիսի հարց. «Ինչպիսի՞ պետություն էր ԽՍՀՄ դե յուրե եւ դե ֆակտո»։ Միջազգային իրավունքի առարկայից դպրոցական դասագիրք մուտքագրված այսպիսի եզրաբանությունը դժվար թե նպաստի աշակերտների մոտ առարկայի նկատմամբ հետաքրքրությանը։

Շարունակությունը՝ հաջորդ համարում

Հայկ ԴԵՄՈՅԱՆ
Պատմական գիտությունների դոկտոր

«Առավոտ» օրաթերթ
04.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031