Լրահոս
Օրվա լրահոսը

Մեդեա Աբրահամյանը սիրում է ջազ, համեղ ուտեստներ եւ լեռնագնացություն

Հունիս 14,2014 14:10

Հարցազրույց ՀՀ ժողովրդական արտիստ Մեդեա Աբրահամյանի հետ

ՀՀ ժողովրդական արտիստ, թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանը կատարողական արվեստի ռահվիրաներից է: Մի շարք հեղինակավոր պարբերականներ ժամանակին նրան անվանել են «թավջութակի թագուհի»: Այսօր կներկայացնենք մեկ այլ Մեդեա Աբրահամյանի, այն, որ իրական կյանքում է՝ բեմից դուրս: Տպավորություն կա, թե բոլոր թավջութակահարները ինքնամփոփ եւ զուսպ մարդիկ են, բայց արի ու տես, որ թավջութակի թագուհին կենսախինդ, ընկերասեր եւ հումորի բացառիկ զգացողությամբ անձնավորություն է: Նաեւ հետաքրքիր նախասիրություններ ունի:

– Հայ երաժշտական միջավայրում ոչ ոք չգիտի, որ եղել եք նաեւ լեռնագնաց: Սկսենք բացել բոլոր «խաղաքարտերը»:

– Այո, երիտասարդ տարիներին զբաղվել եմ լեռնագնացությամբ: Բացի Արարատից, հաղթահարել եմ շատ բարձունքներ՝ Ալագյազ, Կազբեկ, Էլբրուս… Հյուսիսային Կովկասում շատ հայտնի մի տուրբազա կար, որտեղ անցկացնում էին մարզական մրցույթներ: Մեր խումբը բաղկացած էր 15 հոգուց, որից չորսս աղջիկ էինք: Մրցույթներն անցկացվում էին Դոմբայ եւ Տեբերդա քաղաքներում: Զբաղվել եմ նաեւ սպրինտ մարզաձեւով (100մ արագ վազք) եւ զբաղեցրել 3-րդ տեղը: Մեծ հաճույք էի ստանում լեռ բարձրանալուց: Գնում էինք օրերով, ապրում խուլ անտառներում, քնում վրանների մեջ..

-Որո՞նք են Ձեր սիրելի գրքերը եւ հեղինակները:

-Սիրած գրքերը բավականին շատ են, բայց ես տարված եմ մասնավորապես 20-րդ դարի առաջին կեսի գերմանացի հայտնի գրող Գերման Գեսով: Ժամանակին կարդում էի Շեքսպիրի սոնետները, հետագայում՝ Պուշկին: Չնայած այդքան էլ շատ չեմ սիրում պոեզիա, ինձ առավել շատ հետաքրքրում է արձակը: Հայազգի գրողներից գնահատում եմ Սարոյանին:

-Ի՞նչ եք սիրում ուտել եւ պատրաստել:

-Հիշում եմ այն ժամանակները, երբ փոքր ժամանակ հարեւանների երեխաների հետ «տուն-տուն» էինք խաղում, պահմտոցի, ծառ էինք բարձրանում: Ես խոտերից իբր թե ճաշ էի պատրաստում եւ ընկերուհիներիս ասում էի՝ եկեք ուտենք, հետո կխաղանք: Ես ինչպես սիրում եմ համեղ ուտել, այնպես էլ պատրաստել: Վերջինս տատիկիցս եմ սովորել: Ամուսինս միշտ ասում էր, որ շատ հավանում է պատրաստածս: Իմիջիայլոց, Բալզակն էլ էր սիրում ուտել, իսկ Ռոսսինին եւ էլի որոշ կոմպոզիտորներ համեղ կերակուրներ էին պատրաստում: Ռոստրոպովիչը եւս գուրման էր: Երբ մենք ապրում էինք Կոմիտաս փողոցում, մի օր Ռոստրոպովիչը օպերային երգչուհի Գալինա Վիշնեւսկայայի հետ եկավ մեր տուն: Ամուսնուս հետ մտածեցի՝ սկզբում աղցան կմատուցենք, հետո՝ ջեռոցում եփած հնդկահավ: Զրուցում էինք, մեկ էլ Ռոստրոպովիչը, թե՝ այս ի՞նչ անուշ հոտ է: Նա չհամբերեց, գնաց խոհանոց եւ ջեռոցից հանեց հնդկահավն ու ասաց՝ հենց սրանից էլ կսկսենք: Իսկ Վիշնեւսկայան ամուսնուցս սուրճ եփել էր սովորում…

-Իսկ ազատ ժամանակ ինչո՞վ եք զբաղվում:

-1967թ.-ից ես տարվեցի հոկեյով: Հետո անցա ֆուտբոլին: Առ այսօր ես ֆուտբոլի թունդ երկրպագու եմ: Իմ նախընտրելի թիմերն էին Մյունխենի «Բավարիան», «Ռեալ Մադրիդը», «Մանչեսթեր Յունայթեդը» եւ իտալական «Յուվենտուսը», իսկ ամենասիրելի ֆուտբոլիստը՝ բրազիլացի Ռոնալդոն էր: Կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը ինձ գիշերվա կեսին միշտ զանգում էր, հարցնում. «Մեդեա՛, էսօր ինչ խաղ կա, ով ում հետ է խաղալու, հաշիվն ինչքան է»: Ասում էր՝ միայն քեզանից կարող եմ իմանալ:

-Իսկ ի՞նչ երաժշտություն եք սիրում լսել:

-Իհարկե, ջազ: Ինձ դուր են գալիս Էլլա Ֆիթսջերալդի, Պոլ Ռոբսոնի, Լուի Արմսթրոնգի, Ժակ Լուսյեի, դաշնակահար Օսկար Պետերսոնի կատարումները: Ջազը ինձ միշտ ոգեւորել է, զարգացրել իմ մեջ ռիթմի զգացողությունը:

-Ինչի՞ն կամ ո՞ւմ եք հավատում:

-Հավատում եմ ճակատագրին. մարդու ճակատին ինչ գրած է, այն էլ կլինի: Բայց մի բան էլ կա. ես զգում եմ, որ ինչ-որ մեկը ինձ տիեզերքից ղեկավարում է, դիրիժորություն է անում: Ուրեմն դուրս է գալիս, որ մի բանի հավատում եմ: Տարիքով մեծացել եմ, բայց ներսում երիտասարդ եմ մնացել: Երեխաների հետ լավ եմ զգում, ինձ գրավում են նրանց մաքրությունն ու բնականությունը, լիցքավորվում եմ նրանցով:

-Մի փոքր կպատմե՞ք Ձեր ամուսնուց:

-Մենք նույն ձեւով էինք մտածում, թեպետ տարբեր բնավորություններ ունեինք: Ես երջանիկ եմ, որ ամուսնացա այնպիսի մարդու հետ, որը կարող էր ինձ լսել ու հասկանալ: Երբեք չէր ասում՝ մի գնա հյուրախաղերի: Ինձ հունվար ամսին ուղարկում էին Սիբիր, որտեղ 55-60 աստիճան ցուրտ էր: Նա ինձ կարող էր ասել՝ հրաժարվիր ու մի գնա, բայց ոչ, նույնիսկ ստիպում էր՝ ասելով, թե դա իմ գործն է, եւ ես պարտավոր եմ գնալ:

-Իսկ ինչպե՞ս եք ծանոթացել:

-Մոսկովյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում շենք կա, որ նախկինում կոչվում էր «Արվեստի գործիչների հայկական տուն» (ԱԴՐԻ): Այդտեղ ապրում էին մեծերը՝ Փափազյանը, Վաղարշյանը, Սազանդարյանը… 1958 թվականն էր: Այդ շենքի ներքեւի հարկում մի հիանալի դահլիճ կար, որտեղ ես հաճախ նվագում էի: Մի անգամ դաշնակահարուհի Ռոզա Թանդիլյանը ինձ ծանոթացրեց մի գեղեցկատես երիտասարդի հետ: Վերջինս մոտեցավ ինձ ու ասաց. «Երբ Ձեզ տեսա մեծ դահլիճում, շատ բարձրահասակ էիք թվում, փաստորեն այդքան էլ բարձրահասակ չեք»: Այդ երիտասարդը մասնագիտությամբ էներգետիկ Էդվին Ղալումյանն էր, որը հետո պիտի ամուսինս դառնար: Նրա մահվանից հետո հասկացա, որ լավ ընկեր եմ կորցրել:

-Թավջութակի հետ կապված ի՞նչ զավեշտալի դեպք կհիշեք:

– 80-ական թվականներն էին, պետք է Ղրիմից գնայինք Վիննիցա (Ուկրաինա) հյուրախաղերի: Դաշնակահարուհի Էդիտա Թադեւոսյանի հետ էի: Որոշեցինք մինչեւ գնացքի շարժվելը մի քիչ զբոսնել կայարանի տարածքում, քանի որ մեզ ասել էին, որ գնացքը երկու ժամից է վերադառնալու: 25 րոպե հետո վերադարձանք ու տեսանք, որ կայարանում ոչ մի գնացք չկա: Ուշաթափ էի եղել: Կայարանի ղեկավարը զանգահարեց բոլոր կայաններին՝ զգուշացնելու, որ գնացքով առանց տիրոջ թավջութակ է «գնում», ուշադիր լինեն: Առավոտյան հասանք Վիննիցա: Մեր վագոնի մեջ կային երկու տղամարդ, որ նոր էին ազատվել բանտից եւ մի կին: «Դուռակի» էին խաղում: Եթե իմանային, որ թավջութակս նույն վագոնում է, ով գիտի՝ գուցե վերցնեին… Կայարանում մեզ դիմավորեց համերգի կազմակերպիչը: Երբ հասանք համերգասրահ, տեսա գործիքս՝ դրված դաշնամուրի կողքին:

– Ո՞րն է երաժշտի Ձեր բանաձեւը:

-Նվագելու մեջ կա մաթեմատիկական մտածողություն եւ ճշգրտություն: Դա էլ մեզ համար է «սպորտ»: Դու պիտի անընդհատ աշխատես եւ լինես մարզական վիճակի մեջ: Եթե տեխնիկա չունես, մատներդ չեն շարժվի: Բացի լսողությունից, ռիթմից եւ ձայնի որակից՝ ուրիշ շատ կարեւոր էլեմենտներից է բաղկացած նաեւ երաժշտի վարպետությունը: Իսկ դա ճաշակն է, զգացողությունը, նվիրումն ու աշխատասիրությունը:

-Հետադարձ հայացք գցելով Ձեր անցած ուղու վրա, ինչպե՞ս կգնահատեք այն:

-Միշտ չէ, որ ամեն ինչ լավ է եղել: Ունեցել եմ հիվանդություններ, ավտովթարներ, անընդհատ կյանքին սպառնացող վտանգներ: Մշտապես եղել եմ անհանգիստ շրջադարձի մեջ: Մյուս կողմից էլ՝ դա ինձ կոփել է: Ունեցել եմ հիասթափություններ, շատ բաներից եմ զրկված եղել թե՛ մանկության եւ թե՛ երիտասարդության տարիներին: Ապրել եմ նյութապես նեղ վիճակում: Բայց երբեք չեմ նահանջել ու եղել եմ նպատակասլաց: Ես երջանիկ եմ, որ տրվեցի երաժշտությանը, որովհետեւ դա միակ միջոցն էր, որով կարողացա ինքնարտահայտվել…

-Գիտեմ, որ նեղված եք Հայաստանի այսօրվա վիճակից…

-Ես շատ կցանկանայի, որ հայ ժողովուրդը հասներ բարձունքների, ոչ թե այսքան խեղճանար: Ամենուր հետընթաց եմ նկատում, չնայած հասկանում եմ, որ այդ վիճակում բոլոր ազգերն են: Հպարտ եմ, որ չնայած դժվարություններին, մնացել եմ Հայաստանում: Բոլորովին չեմ ափսոսում դրա համար: Կարող էի գնալ ցանկացած երկիր եւ ունենալ ավելի մեծ ճանաչում, ապրել բարեկեցիկ պայմաններում, բայց ես նախընտրեցի ամուր մնալ իմ հողի վրա, վայելել իմ ժողովրդի սերն ու հարգանքը…

Զրուցեց ՍԵՐԳԵՅ ՄԱՆՎԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
13.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30