Լրահոս
Օրվա լրահոսը

Կենսաթոշակային բարեփոխումների անհրաժեշտությունը աշխարհում և Հայաստանում

Հուլիս 01,2014 17:56

Ընդհանրություններ և տարբերություններ

Կենսաթոշակային բարեփոխումները համարվում են աշխարհի ամենաբարդ բարեփոխումներից մեկը և դա ունի իր օբյեկտիվ պատճառները: Այդ բարեփոխումները բազմաշերտ են, ընդգրկուն, և ենթադրում են տվյալ հասարակության սոցիալական վարքագծի արմատական փոփոխություն, իսկ ցանկացած արմատական փոփոխության դեպքում հասարակական արձագանքը լինում է ոչ միանշանակ:

Հասարակության մի մասը կարծում է, որ ապագայի խնդիրը այսօրվա հաշվին լուծելը ճիշտ ճանապարհ չէ, երբ գոյություն ունեն լուծում պահանջող առավել հրատապ սոցիալական խնդիրներ, մեկ այլ հատված բավարար կենսաթոշակով ապահովելը ընկալում է որպես պետության բացարձակ պարտավորություն և կարծում է, որ պատշաճ կենսաթոշակով ապահովելու համար լրացուցիչ կուտակային վճարը սահմանելու միջոցով պետությունը ուղղակի խուսափում է այդ պարտավորության կատարումից:

Այս բոլոր ընկալումները բնական են և ընդհանրական բոլոր երկրների համար, որովհետև աշխարհում տեղի են ունեցել գլոբալ գործընթացներ, որոնց համատեքստում գրեթե նույնական են կենսաթոշակային ապահովության համակարգերի առջև ծառացած մարտահրավերները և սահմանափակ այդ մարտահրավերներին դիմակայելու գործիքակազմը:

Այս առումով բացառություն չէ նաև Հայաստանը:
Պատկերն ամբողջական դարձնելու համար անդրադարձ կատարենք ՀՀ կենսաթոշակային ապահովության համակարգին:
Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ապահովության համակարգը բնութագրվում է որպես սերունդների համերաշխության սկզբունքով ֆինանսավորվող բաշխողական կենսաթոշակային համակարգ:
Սերունդների համերաշխության սկզբունքով ֆինանսավորվող, որովհետև երիտասարդ աշխատող սերունդը ֆինանսավորում է տարեց սերնդի կենսաթոշակները:
Բաշխողական, որովհետև համակարգն, ըստ էության, իրականացնում է միայն ստեղծված արժեքի վերաբաշխման ֆունկցիա:
Եթե փորձենք պատկերավոր ներկայացնել, մեր կենսաթոշակային համակարգը մինչև բազմաստիճան դառնալը, իրենից ներկայացնում էր մեկ ընդհանուր «կաթսա», որտեղ մուտքագրվում էին աշխատող բնակչության կատարած մասհանումները և այդ մասհանումներից գոյացած միջոցները որոշակի կանոններով վճարվում էին կենսաթոշակի տեսքով: Այդ կանոնները սահմանում էր պետությունը` ելնելով տարաբնույթ գործոններից` սոցիալական, տնտեսական, քաղաքական և այլն: (Բաշխողական համակարգը բավական զգայուն է վերոնշյալ գործոնների հանդեպ):
Այնուամենայնիվ հարկ է նշել, որ «բիսմարկյան» կոչվող այս համակարգը աշխարհում արդյունավետ կերպով գործում էր մինչև 20-րդ դարի վերջերը:
Այդ արդյունավետությունը պայմանավորված էր մի շարք օբյեկտիվ հանգամանքներով.
1. տնտեսական թռիչքաձև զարգացում
2. որպես հետևանք՝ բնակչության աշխատանքային եկամուտների, հետևաբար նաև պետության հարկային եկամուտների աննախադեպ աճ:
Սա հնարավորություն էր տալիս պետությանը ստանձնել նորանոր սոցիալական պարտավորություններ՝ էապես բարելավելով կյանքի որակը:
Սակայն հենց այդ նույն գործոնների ազդեցությամբ տեղի ունեցան մի շարք գործընթացներ, որոնք դարձան լրջագույն մարտահրավեր սոցիալական պաշտպանության համակարգերի համար ամբողջ աշխարհում:
Այդ գործընթացների շարքում հարկ է առանձնացնել ժողովրդագրական վիճակի զարգացման միտումները, որոնք բնորոշվեցին երկու կարևոր գործոններով՝
1) կյանքի միջին տևողության աճ՝ պայմանավորված առողջապահական ծառայությունների և տեխնոլոգիաների կատարելագործմամբ, որը նպաստեց մանկական մահացության կրճատմանը և կյանքի որակի բարելավմանը,
2) ծնելիության անկում:
Այս ամենի արդյունքում ակնհայտ դարձավ, որ տեսանելի ապագայում անհնար է դառնալու ստանձնած սոցիալական պարտավորությունների կատարումը (հատկապես՝ կենսաթոշակային ապահովության բնագավառում), քանի որ բնակչության կազմում գնալով ավելանալու է տարեցների տեսակարար կշիռը:
Աշխարհի բազմաթիվ պետություններ, հասկանալով մարտահրավերի լրջությունը, ուղղակի պարտավորված էին վերանայել կենսաթոշակային ապահովության ոլորտում վարվող քաղաքականության սկզբունքները և քայլեր ձեռնարկել կենսաթոշակային համակարգերի բարեփոխման առումով;
Այդ փոփոխությունները ընթացան 3 հիմնական ուղղություններով.
1) ավելացնել կենսաթոշակների վճարմանն ուղղվող միջոցները, որպես կանոն՝ հարկային բեռի ավելացման միջոցով,
2) բարձրացնել կենսաթոշակի իրավունք տվող տարիքը,
3) անձին ապահովել կենսաթոշակային տարիքում եկամուտների այլընտրանքային աղբյուրներով:
Սա է ցանկացած երկրի կենսաթոշակային ապահովության համակարգի զարգացման պատմության սեղմագիրը. տարբեր են խնդրի առաջացման ժամանակներն ու հանգամանքները, նպաստող գործոնները, պատճառները, սակայն ընդհանրական են հետևանքները. բնակչության ծերացումը խաթարում է սոցիալական պաշտպանության համակարգերի, նախ և առաջ՝ կենսաթոշակային ապահովության համակարգերի ֆինանսական կայունությունը, իսկ պետությունների համար գնալով էլ ավելի է դժվարանում բնակչությանը արդյունավետ կենսաթոշակով ապահովելը:

Ժամանակակից աշխարհում սա մի մարտահրավեր է, որին դիմակայելը չափազանց բարդ է: Ժամանակակից աշխարհում սա մի մարտահրավեր է, որը կանխորոշում է կենսաթոշակային ապահովության բնագավառում վարվող քաղաքականությունը, քանի որ նույնական հետևանքների չեզոքացման համար ևս կիրառվում է նույնական գործիքակազմ:
Ազատական տնտեսություն ունեցող երկրներում կենսաթոշակային տարիքում եկամուտների այլընտրանքային աղբյուրները սկզբնական շրջանում կիրարկվում էին որպես գործատուների (այդ թվում՝ պետության, որպես գործատու) կորպորատիվ սոցիալական պատասխանատվության արտահայտություն, որը նպատակ ուներ տվյալ գործատուի մոտ աշխատելը դարձնել ավելի հրապուրիչ: Սակայն, սոցիալ-տնտեսական, հասարակական կյանքի զարգացմանը զուգընթաց, այդ համակարգերի պարտադիրությունը ամրագրվեցին ամենատարբեր եղանակներով (ճյուղային կոլեկտիվ պայմանագրեր, խոշոր կազմակերպությունների կոլեկտիվ պայմանագրեր և այլն), չնայած օրենքով ամրագրված պարտադիրության բացակայությանը: Իսկ այն երկրները, որտեղ պատմականորեն (էվոլուցիոն ճանապարհով) չէին կարող ձևավորվել այդ համակարգերը, դրանք ներդրվեցին օրենքի ուժով: Ղազախստան՝ 1998թ., Լեհաստան՝ 1999թ., Լատվիա 2001թ., Բուլղարիա 2002թ., Խորվաթիա՝ 2002թ., Էստոնիա՝ 2002թ., Լիտվա.՝ 2004թ., Սլովակիա՝ 2005թ., Ռումինիա՝ 2008թ. սա այն երկրների ոչ ամբողջական ցանկն է, որտեղ օրենքի ուժով ներդրվել է պարտադիր կուտակային բաղադրիչը՝ որպես կենսաթոշակային տարիքում եկամուտների այլընտրանքային աղբյուր:

Ավելին, կենսաթոշակային համակարգերի վրա ժողովրդագրական վիճակի ճնշումները չեզոքացնելու նպատակով կուտակային բաղադրիչի ներդրում են իրականացրել այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ավստրալիան՝ 1992 թվականին, Շվեդիան՝ 1999 թվականին, Մեծ Բրիտանիան՝ 2012 թվականին:
Վերը նշված երկրներում իրականացված բարեփոխումները ունեն մեկ ընդհանրություն. անձանց, օրենքի ուժով պարտադրվում է իրականացնել խնայողություններ՝ կենսաթոշակային տարիքում լրացուցիչ եկամուտներով ապահովելու նպատակով:

Հայաստանը բավական ուշ միացավ բարեփոխում իրականացնող երկրներին, չնայած կենսաթոշակային ապահովության հիմնախնդրին բախվեց Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո : Անկախությանը հաջորդած ժամանակահատվածում, հասկանալի պատճառներով, կենսաթոշակային ապահովության ոլորտում վարվող քաղաքականությունը կրում էր իրավիճակային բնույթ, իսկ իրավիճակը շտկելուն միտված ցանկացած գործողություն (կենսաթոշակի իրավունք տվող տարիքի ավելացում, հարկային բեռի ավելացում և այլն), պայմանավորված տնտեսական վիճակով, չէին տալիս և չէին կարող տալ ցանկալի արդյունք և, չնայած այն հանգամանքին, որ այդ գործողությունները կրել են շարունակական բնույթ, ավելի են նպաստել խնդրի խորացմանը: Անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ մենք ունենք բավական լուրջ համակարգային խնդիր, որը հրատապ լուծում է պահանջում:

2013 թվականի դրությամբ ծնելիության գումարային գործակիցը կազմում է 1,6 (ծնելիության գումարային գործակիցը 15-49 տարեկան 1000 կնոջ հաշվով ծնված երեխաների թիվն է): Այս ցուցանիշի աճի լավատեսական սցենարների դեպքում նույնիսկ ՀՀ մշտական բնակչության տարիքային կառուցվածքում արձանագրվում են բացասական, մտահոգիչ միտումներ.

Տարին ԾԳԳ Տարիքային խումբը
մինչև 14 տարեկան 15-64 տարեկան 65 տարեկան և բարձր
2013 թվական 1,6 19 % 17 % 17 %
2037 թվական 1,9 70.5 % 66 % 60 %
2059 թվական 2,1 10,5 % 17 % 23 %

Այսինքն, առաջիկա 20 տարիների ընթացքում տարեցների տեսակարար կշիռը բնակչության կազմում աճելու է շուրջ 1,7 անգամ, իսկ առաջիկա 50 տարում՝ շուրջ 2,3 անգամ:

Վերը նշվածն ապացուցում է, որ գործող համակարգի շրջանակներում, նույնիսկ տնտեսական զարգացման ամենալավատեսական սցենարների դեպքում, բնակչության կենսաթոշակային ապահովության խնդիրը լուծելը բարի ցանկությունների ոլորտից է. սա իրավիճակի՝ սթափ, վերլուծական գնահատումն է: Մի ուշագրավ փաստ ևս. առաջիկա 30 տարվա ընթացքում ՀՀ-ում կենսաթոշակի իրավունք է ձեռք բերում 20-րդ դարի 50-80-ական թվականներին ծնված բազմաքանակ սերունդը, իսկ աշխատաշուկա է մուտք գործում 20-րդ դարի 90-ական թվականներին ծնված սերունդը, երբ ծնելիության ցուցանիշը հասել էր կրիտիկական մինիմումի:

Որն է ելքը հաղթահարելու ստեղծված իրավիճակը`
1) գնալ իրավիճակային լուծումների ճանապարհով (ավելացնել հարկային բեռը կամ բարձրացնել կենսաթոշակի իրավունք տվող տարիքը), ինչը, ըստ էության նշանակում է միայն հետաձգել խնդիրը, կամ ավելի խորացնել,
2) խնդրին տալ հիմնարար լուծում՝ ներդնելով կուտակային բաղադրիչը:
Ինչ է առաջարկվում: Ըստ էության առաջարկվում է ի լրումն պետական կենսաթոշակային ապահովության համակարգի, ներդնել նաև կուտակային բաղադրիչ, որի շրջանակում լուծել քաղաքացու կենսաթոշակի խնդիրը` նրա եկամուտներից կատարած մասնահանումներից ձևավորված միջոցների և պետության համաֆինանսավորման միջոցով :

Կենսաթոշակային համակարգի արդյունավետության գնահատման հիմնական չափանիշն աշխարհում փոխհատուցման գործակիցն է՝ անձի աշխատանքային եկամուտների (աշխատավարձի) և կենսաթոշակի չափի հարաբերակցությունը: Կենսաթոշակային բարեփոխումները մեր երկրում միտված են այդ գործակիցը հասցնել առնվազն 40-50 տոկոսի` (համաձայն Եվրոպական սոցիալական օրենսգրքի)` ապահովելով կենսաթոշակառուի արժանապատիվ կենսամակարդակը կենսաթոշակային տարիքում:
Ամփոփելով վերը նշվածը, հարկ է նշել, որ այս բարեփոխումը ենթադրում է նաև վարքագծի փոփոխություն: Այս բարեփոխման արդյունքում պետք է ձևավորվի սեփական ապագայի մասին մտածող և պահանջատեր քաղաքացին, ով պետության հետ ձեռք-ձեռքի տված այսօրվանից կերտում է իր բարեկեցիկ ապագան:
Սա է բարեփոխումների ամբողջ էությունը:

Կորյուն Սարգսյան
«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի
Գործադիր տնօրեն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031