Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը ԱՊՀ-2 ստեղծելու ճանապարհին է

Հուլիս 03,2014 14:50

Իսկ ՀՀ-ն պետք է փոխհատուցի երրորդ երկրներին՝ ԵՏՄ-ին անդամակցելու համա՞ր

Եվրասիական միության պայմանագրին Հայաստանի միանալու` մինչեւ հուլիսի 1-ը ժամկետի առաջարկը պաշտոնապես ընդունվել էր, այդ մասին որոշում էր հրապարակվել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի կայքում` մայիսի 29-ին Աստանայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստից անմիջապես հետո:

Putin_Serj_Nazarbaev_Lukash

Սակայն այս ժամկետում Հայաստանն այդպես էլ փաստաթուղթ չստորագրեց: Ավելին` դրա ստորագրման ժամկետների վերաբերյալ տեղեկություններ առայժմ չկան: Հունիսի 20-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողներին արդեն իսկ նախապատրաստել էր դրան` նշելով, որ մինչեւ հուլիսի 1-ը Հայաստանը փաստաթուղթը չի ստորագրելու: Նա նաեւ տեղեկացրել էր, թե հուլիսի 3-ին հանդիպում է նախատեսված այդ հարցով:
Հունիսի 23-ին Սոչիում տեղի էր ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը, որտեղ քննարկվել են Եվրասիական միության հարցերը: Այդ օրը Երեւանում էր Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որը հույս էր հայտնել, որ այդ օրը «լավ լուրեր կստացվեն Սոչիից», որտեղ անցկացվում էին համապատասխան խորհրդատվությունները:

«Լավ լուրերի» մասին այդպես էլ ոչինչ հայտնի չդարձավ… Aravot.am-ին հունիսի 27-ին հաջողվեց պարզել, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Սոչի էին մեկնել արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ նախագահի խորհրդական Կարինե Մինասյանն ու Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը:

Մինչեւ այսօր պարզ չէ, թե նշյալ պաշտոնյաների հետ ի՞նչ է քննարկվել, Հայաստանն ի՞նչ խնդիրներ ունի Եվրասիական միության պայմանագրին միանալու ճանապարհին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասել է, թե Եվրասիական հանձնաժողովը արդեն կողմերին է ուղարկել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու վերաբերյալ նախապատրաստված պայմանագիրը ներպետական համաձայնեցման համար, եւ որ այժմ պետք է տեղի ունենա պայմանագրի ներպետական համաձայնեցում, ինչին կհաջորդի արդեն համաձայնագրի ստորագրումը: «Ոչ ոք չի ասել, որ հուլիսի 1-ին Հայաստանը կստորագրի Եվրասիական տնտեսական միությանը միանալու համաձայնագիրը: Որոշումը, որ կայացրել է Բարձրագույն մարմինը` Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, այն է` մինչեւ հուլիսի 1-ը նախապատրաստվել ստորագրման համար: Եվրասիական հանձնաժողովը կողմերին է ուղարկել արդեն նախապատրաստած պայմանագիրը ներպետական համաձայնեցման համար: Այդ տեսակետից տեղի է ունենում այն, ինչ նախատեսված էր»,- ասել է Շ. Քոչարյանն ու հավելել, որ ստորագրման օրվա մասին չի եղել հստակ որոշում:
Հիշեցնենք, որ պաշտոնական այցով, երբ ՌԴ ԱԳ նախարարը գտնվում էր Երեւանում, նույն օրը բացահայտվեց մեկ այլ «լավ լուր»: Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը բարձրաձայնեց Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության խոչընդոտի մասին: «Եթե Հայաստանը հաջող կերպով միանա մեր ձեւաչափին, ստորագրի համաձայնագիրը, եւ այն վավերացվի, այդ դեպքում փոխհատուցումների վերաբերյալ Հայաստանը պետք է բանակցություններ սկսի Առեւտրի համաշխարհային կազմակերպության հետ»,- Սոչիում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստից հետո նշեց Շուվալովը: Նա մանրամասնել էր, որ դառնալով Եվրասիական տնտեսական միության անդամ՝ Հայաստանը անցնելու է միության տարածքում գործող ավելի բարձր մաքսատուրքերի, մինչդեռ 2003-ից՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամությունից ի վեր, Հայաստանը պարտավորվել է կիրառել եւ կիրառում է ցածր մաքսատուրքեր: «Դա կտարբերվի այն պարտավորություններից, որը Հայաստանն իր վրա վերցրել է ԱՀԿ-ի շրջանակներում: Քանզի Հայաստանի առեւտրային գործընկերների համար իրավիճակը փոխվում է, կազմակերպության ընթացակարգով Հայաստանը պետք է բանակցություններ սկսի գործընկերների հետ»,- ասել էր Շուվալովը:
Տպավորություն է ստեղծվում, որ Մոսկվան դեմ է Եվրասիական միությանը Հայաստանի արագ անդամակցմանը, ինչին ձգտում էին ՀՀ իշխանությունները: Շուվալովը բերել էր հիմնավորումներ, սակայն հնարավոր է, որ դրանք ընդամենը պատրվակ են: Բայց եթե նույնիսկ ներկայացված պատճառներն են խոչընդոտը, ապա ստացվում է, որ Առեւտրի համաշխարհային կազմակերպության ցանկացած անդամ կարող է հայտ ներկայացնել Հայաստանին եւ Մաքսային միությանը, որպեսզի փոխհատուցեն այն կորուստները, որը կկրեն ՀՀ-ի` Մաքսային միությանն անդամակցելուց հետո: Այսինքն՝ Հայաստանին ոչ միայն որոշ ապրանքների թանկացում է սպասվում, այլեւ այս «լավ լուրին» գումարած` դեռ Հայաստանը պետք է փոխհատուցի այն երկրներին, որտեղից այդ ապրանքները ներկրվում են: Այլ կերպ ասած` փոխհատուցելու ենք երրորդ երկրներին, ու դա դարձյալ ՀՀ քաղաքացիներն են վճարելու:

Այս ամենից բացի՝ դեռ հստակ չէ, թե ինչ որոշվեց Եվրասիական միությանն անդամակցելու դեպքում մոտ 800 ապրանքատեսակների հարցով բանակցություններում: Մինչդեռ ՀՀ իշխանությունները դեռ շաբաթներ առաջ վստահեցնում էին, թե մի քանի տեխնիկական հարցեր են մնացել կարգավորել:

Հայաստանն իսկապես հայտնվել է ուշագրավ իրավիճակում. մենք վճարում ենք մեր տարածքում Ռուսաստանի ռազմական բազայի տեղակայման համար, այլ ոչ թե մեզ են դրա համար վճարում, իսկ այժմ էլ շատ հնարավոր է, որ Հայաստանը դառնա մի երկիր, որը Եվրասիական միությանն անդամակցելու դիմաց սկսի փոխհատուցում վճարել ԵՏՄ ոչ անդամ երկրներին:

Հայաստանի եվրասիական անդամակցության ճանապարհին այս քաոսը ու մեր իշխանությունների լռակյացությունն իսկապես անհասկանալի են: Սոչիում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին Հայաստանից երեք պաշտոնյա է մասնակցել: Ի վերջո ՀՀ քաղաքացիներին որեւէ մեկը կարո՞ղ է «լուսավորել», թե ինչ է կատարվում Հայաստանի անդամակցության շուրջ, ի՞նչ պայմաններ են մեր առջեւ դրվել, ի՞նչ պարտավորություններ:

Սա չի արվում: Փոխարենը ռուս եւ ադրբեջանցի պաշտոնյաների կողմից ավելի բաց խոսվում է այն մասին, թե որ պայմաններում կարող է Ադրբեջանն անդամակցել Եվրասիական միությանը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության ադրբեջանանպաստ լուծման դեպքում: Դեռ սա քիչ էր, պարզվեց, որ Հայաստանի ԱԺ հանրապետական պատգամավորներից մեկն էլ դարձել է Բաքվի` Եվրասիական ուղու ջատագովը՝ այն դեպքում, երբ դեռ Հայաստանի անդամակցությունն է անորոշության մեջ:
Մոսկվան դեռ շարունակում է հույսեր փայփայել Եվրասիական միությանը Ադրբեջանի մասնակցության համար: ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ-ի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին ադրբեջանական Haqqin.az-ին տված հարցազրույցում անդրադարձել է Եվրասիական տնտեսական միության ստեղծման խնդրին. «Մենք դեռ խոսում ենք երեք երկրի անդամության մասին, սակայն կարելի է կարծել, որ առաջիկա տարիներին կաճի հետխորհրդային այն երկրների թիվը, որոնք ներգրավված կլինեն ինտեգրացիոն գործընթացներում, եւ այդ կառույցը կարող է դառնալ բավական հզոր բեւեռ համաշխարհային քաղաքականությունում, միջազգային հարաբերություններում: Մենք, բնականաբար, կցանկանայինք Ադրբեջանը տեսնել այդ երկրների թվում: Սակայն վերջին խոսքը պատկանում է ձեր իշխանություններին, վերջին խոսքը պատկանում է Իլհամ Ալիեւին: Մենք մեր կողմից կիրականացնենք Եվրասիական տնտեսական միության առավելությունների մասին միջոցառումներ, «կլոր սեղաններ» եւ դրանցում կհրավիրենք մեր ադրբեջանցի գործընկերներին»: Իսկ «ՀՏրրՌռրՍՈÿ չՈջպՑՈ» թերթին տված հարցազրույցում ՌԴ էկոնոմիկայի նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը, ով վերջերս Բաքու էր այցելել, նշել է, որ ՌԴ-ն մտադիր է է՛լ ավելի զարգացնել տնտեսական համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ մասնավորապես Կասպից ծովում, մտադիր են բարելավել երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերությունները կարգավորող իրավական դաշտը, եւ այս նպատակով պատրաստվում են մի շարք նոր պայմանագրեր։ Ըստ Ուլյուկաեւի՝ փոխադարձ ներդրումների ծավալը կարող է հասնել միլիարդների։
Հուլիսի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ ամենամոտ ապագայում Հայաստանը կդառնա եվրասիական տարածքի լիարժեք անդամ, հավելելով, որ Եվրասիական տնտեսական միությունը բաց է ԱՊՀ երկրների համար, որոնք դեռ չեն անդամակցել նրան:

Այլ կերպ ասած` ՌԴ նախագահը ԱՊՀ-2 ստեղծելու ճանապարհին է…
Այս իրավիճակում մնում է հարց բարձրացնել` բայց Հայաստանի եվրասիական տարածքի լիարժեք անդամ դառնալու հեռանկարը որքանո՞վ է առհասարակ շահավետ ՀՀ քաղաքացիների համար…

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031