Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ ընթերցողները նարնջահոտ են»

Հուլիս 07,2014 14:10

Զրույց բլոգեր Մարիամ Սարիբեկյանի հետ

Բլոգեր Մարիամ Սարիբեկյանը (լուսանկարում) սկսել է գրել 15-16 տարեկանից՝ տետրերի ետեւում խզբզելով: Հետո ընկերուհու հետ livejournal բլոգհարթակում էջ ստեղծեցին ու սկսեցին գրել: Որոշ ժամանակ անց երկու հեղինակներն էլ հասկացան, որ մտքերը կիսել չի ստացվում՝ ասելիքի ու թեմայի տարբերության պատճառով: Մարիամը նոր բլոգ բացեց՝ այն «Մարի Սարի» անվանակոչելով:

-Մարիամ, հայտնի բանաստեղծության նման՝ բլոգոսֆերայի ճամփան դժվար է, երկար՝ շատերի համար: Ինչպիսի՞ն է ճանապարհն ըստ քեզ:

-Սկզբնական շրջանում բլոգիս դիտումների թիվը բացարձակ չէր փոփոխվում. ես միակն էի, որ կարդում էի գրածներս: Բայց ժամանակի հետ թվերը սկսեցին աճել, ընթերցողներն էլ չգիտես որտեղից գտնում էին ինձ ու ավելացնում դիտումների քանակը՝ չնայած ժամանակի հետ հասկացա, որ այդ թվերն ու դիտումներն ինձ համար հազարերորդ պլանում են, քանի որ գրում էի, որովհետեւ ասելիք ունեի:

– Քո բլոգում հաճախ կարելի է տեսնել քո ստեղծագործությունները, այլ ոչ թե բլոգային գրառումներ՝ ինչ-որ թեմայի կամ խնդրի շուրջ: Ինչպե՞ս ստացվեց բլոգային դասական կանոններից՝ առօրյա գրառումներից «շեղումը»:

-Ես կանոնների ու ստանդարտների երբեք չեմ հետեւել, դրանք ինձ համար չեն: Իմ բլոգում էլ է այդպես. ոչ մի կանոն, ոչ մի սահմանափակում չունեմ: Իհարկե գրելու չափորոշիչներ կան, բայց դա չի խանգարում գրել խելքիս փչածը:Գրելու ոչ հաճախականություն ունեմ, ոչ հատուկ օրեր ու պահանջներ, երբեմն 4 նախադասություն եմ գրում, երբեմն էլ՝ մի երկա՛ր խոհափիլիսոփայական «լեկցիա»: Արյունոտ տեսարաններ շատ եմ սիրում, սարսափ-մարսափ, գլուխ կտրոցիներ: Ընկերներս ասում են, որ դա իմ հատուկ գրելաոճն է ու մի քանի բառից արդեն գիտեն, որ ես եմ տվյալ գրառման հեղինակը: Երեւի դա էլ իմ առանձնահատկություններից մեկն է: Խնդիրը երբեք մակերեսորեն չեմ բարձրացնում, ինձ պետք չի կանգնել ու գոռալ, թե գիտեք ինչ, մեր երկրում կրթությունը աղբ է: Բղավելու փոխարեն կնախընտրեմ ինչ-որ փոքրիկ պատմություն պատմել իմ կամ ընկերներիցս մեկի կյանքից՝ կրթության թեմայով: Դա երեւի թե ավելի շատ օգուտ կտա:

-Ունե՞ս սիրելի կերպար, կներկայացնե՞ս իրեն:

– Ես առհասարկ կերպարներ ստեղծելուց չեմ փայլում. իմ կերպարները միշտ մուգ կապույտ վերնաշապիկներ են հագնում, շատ նարինջ են ուտում, կարդում են Մուրակամի ու Հեմինգուեյ, մեկ էլ մարդ սպանելու հետ սեր ունեն: Ես կերպարներիս ինչ-որ խնդրի մեջ եմ գցում, իրենք լուծումներ են փնտրում, գտնում, կամ՝ ոչ: Ես իմ կերպարներին որպես կանոն ատում եմ. միշտ չեն ստացվում այնպես, ինչպես ես կցանկանայի տեսնել իրենց. ավելի դաժան են ստացվում ու ստանդարտներից դուրս: Նրանց շատ հաճախ ինձ հետ են նույնացնում ու սկսում են ենթադրություններ անել: Թեկուզ արյունոտ տեսարաններով սիրում եմ բարին ու դրականը քարոզել: Այսքան ժամանակ ստեղծածս կերպարներից մեկին եմ իրոք սիրահարվել. նրան, որ հագուստի խանութում էր աշխատում ու Հեմինգուեյ էր կարդում, էլի կապույտ վերնաշապիկով էր ու սիրու՛ն, խոշոր, սեւ աչքեր ուներ…Երկար ժամանակ տարված էի կերպարովս, ու խանութներում իրեն էի փնտրում, բայց էդպես էլ չգտա:

-Ի՞նչ է այսօր պետք գրել՝ ընթերցվելու համար: Ըստ քեզ, դու համապատասխանու՞մ ես այդ «ստանդարտներին»:

– Ընթերցվելու համար պետք է գրել չափված-գծված, ամեն բառը հաշվարկած գրառումներ, ինչը ես դեռեւս չեմ կարողանում, ու հույս ունեմ, որ երբեք չեմ կարողանա: Ես այն համոզմանն եմ, որ այն, ինչ կարդում են զանգվածները, հեռու է լավը լինելուց ու հազարավոր դիտումներ ունենալը դեռեւս չի նշանակում, որ դու լավ գործ ես անում: Երբեք չեմ սիրել գրել այն, ինչ ընթերցողս է ուզում կարդալ, չէ՜, ես գրել ու գրելու եմ այն, ինչ ինձ է հոգեհարազատ, այն, ինչ ես կուզենամ: Եթե կողքից նայեմ հասակակիցներիս, երեւի 85 տոկոսն ուզում է կարդալ Կոելյոյի ու Քարնեգիի մասին, ինչը ես չեմ կարող գրել. եթե չեն կարդալու իմ Հեմինգուեյի մասին, այնքան կգրեմ, որ հասկանան, որ Հեմինգուեյն է լավը, Բորխեսը, կամ Պալանիկը: Չնայած, մի կողմից էլ ես ուրախ եմ, որ չեմ համապատասխանում այդ ստանդարտին, պատկերացնում եմ՝ սիրածս բանաստեղծը Սեւակը լիներ, էն դեպքում, երբ Բուկովսկի կա աշխարհում, կամ Ներուդա: Ես մտածում եմ, որ երբեմն պետք է դուրս լինես հասարակության պահանջներից ու գրես այն, ինչ քոնն է:

-Ովքե՞ր են քո ընթերցողները: Եթե փորձենք բոլոր ընթերցողներիդ խառնել իրար ու ընդհանրական մի մարդ դուրս բերել, ինչպիսի՞ն կլինի նա:

-Ես իրոք չգիտեմ, թե ովքեր են իմ ընթերցողները, չգիտեմ՝ իրենք ինձ որտեղի՞ց են գտնում, ե՞րբ, ինչի՞ համար: Իմ ընթերցողները շատ չեն, բայց հավատարիմ ու շատ հետաքրքիր ընթերցողներ են: Իրենք մարդիկ են, որոնք իմ անկեղծությունն են սիրում ու գնահատում: Եթե ընթերցողներիս միացնեինք իրար, մի մե՛ծ նարինջ կստացվեր, որովհետեւ ով էլ այդքան նարինջների մասին կարդար, ինքն էլ նարինջ կդառնար: Շատ «նարինջ» ընթերցողներ ունեմ. սովորաբար այն ամենը, ինչ ես սիրում եմ, «նարինջ» եմ կոչում. նարինջն ինձ համար մի ուրիշ աշխարհ է: Արդեն 3 տարի կլինի՝ նարինջամոլությամբ եմ տառապում. առավոտյան արթնանում եմ նարինջների մասին մտածելով: Նարինջ մտքեր ունեմ, նարինջների լեզվով եմ խոսում, սիրահարվում եմ նարինջ մարդկանց: Երազում եմ մազերս նարնջագույն ներկելու մասին, որ ընկերներս ինձ «Ապելսինկա» ասեն: Մտածում եմ, որ այդ ժամանակ կատարյալ երջանիկ կլինեմ, ու հենց դրա համար էլ անընդհատ հետաձգում եմ տվյալ արարողությունը, որ ավելի գիտակցական տարիքում լինեմ: Համ էլ երազում եմ նարնջի այգի ունենալ…

Զրուցեց
ՍՅՈՒՆԵ ՍԵՎԱԴԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031