Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամություն ունեցող երեխաները նույնպես պետք է սովորեն հանրակրթական դպրոցներում

Հուլիս 18,2014 14:37

Այսօր Երեւանում ՝ Պողոսյան պարտեզներում տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառմանն ուղղված «Կարող ենք միասին» կարգախոսը կրող հանրային արշավը: Արշավի հիմնական նպատակն էր հանրությանը ներկայացնել հաշմանդամություն ունեցող երեխաների ներառական կրթությանն ուղղված ծրագրերը եւ ծանոթացնել «կրթություն բոլոր երեխաների համար» գաղափարին:

Ներառական կրթության ծրագիրը, որը Հայաստան է բերվել «Հույսի կամուրջ» կազմակերպության կողմից, հնարավորություն է տալիս հաշմանդամություն ունեցող երեխաներին սովորել հանրակրթական դպրոցներում՝ մյուս բոլոր երեխաների հետ, ինչպես նաեւ տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից ստեղծված խմբակներ հաճախելու միջոցով, երեխաները կարողանում են բացահայտել իրենց կարողությունները եւ իրենց զգալ հասարակության լիարժեք անդամ:

ashxatanq-3 ashxatanq-2 ashxatanq-1 ashxatanq

Միջոցառմանը մասնակցում էին հաշմանդամություն ունեցող երեխաները, իրենց ծնողները, ինչպես նաեւ հաշմանդամություն չունեցող երեխաները նույնպես հրավիրված էին: Միջոցառման ընթացքում տարբեր տաղավարներում հաշմանդամություն ունեցող երեխաների հետ զբաղվող հասարակական կազմակերպությունները ներկայացնում էին երեխաների պատրաստած ձեռքի աշխատանքները՝ գործվածքները, պատրաստած տիկնիկները, զարդերը, կավե իրերը, կտավները, իրենց նկարած նկարները:

Միջոցառմանը ներկա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյան մեզ հետ զրույցում նշեց, որ ամեն երեխա իր խնդիրը ունի եւ պետք է ամեն ինչ անել՝ երեխայի կարողությունները զարգացնելու համար: «Միջոցառման նպատակն է կոչ անել մեր հասարակության յուրաքանչյուր անդամին միանալ եւ մասնակցություն ունենալ հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառման գործընթացում: Մեր երկիրը այն երկիրն է, որտեղ հաշմանդամություն ունեցող երեխաների եւ ընդհանրապես երեխաների վերաբերյալ խնդիրները առաջնային դիրքերում են»:
Տիկին Բաղդասարյանը իր խոսքում նշեց, որ սոցիալական ներառում ասելով չպետք է միայն միջավայրը պատկերացնել. «Դա առաջին հերթին ճիշտ, ջերմ, ոչ խտրական վերաբերմունքի ձեւավորումն է: Հաշմանդամություն ունեցող երեխաները՝ անկախ նրանից տեսողության, լսողության, տեղաշարժման, մտավոր խնդիրներ ունեն, թե ոչ, բոլորն էլ յուրահատուկ են իրենց առանձնահատկություններով, որը պետք է գնահատել»:
Տիկին Բաղդասարյանի խոսքով՝ ներառական կրթության ընդունումից հետո հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները անգամ չէին էլ պատկերացնում, որ իրենց երեխաները կարող են հանրակրթական դպրոցներում սովորող երեխաների հետ մեկ տեղում սովորել. «Յուրաքանչյուր երեխայի համար մշակվում է իր կարողություններին համարժեք ծրագրեր, երեխաները գնահատվում են իրենց ունակություններին համապատասխան»:

Նա նշեց, որ միջին կրթական հաստատությունները աստիճանաբար հարմարեցվում են հաշմանդամություն ունեցող երեխաներին:«Հարմարեցված համարում ենք այն շինությունը, որտեղ բոլոր պայմանները համապատասխանում են հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Ցավոք, այսօր Հայաստանում բոլոր դպրոցները հարմարեցված չեն , սակայն մենք այդ ճանապարհին ենք»:

Միջոցառումը կազմակերպվել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-Ի կողմից:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031