Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը կրկին ապօրինի որոշում է կայացրել

Հուլիս 25,2014 14:56

Արդարադատություն իրականացնող մարմիններ. Միայն նրանց անունը ու նրանց կոչումը պետք է ենթադրեր, որ նրանք պաշտպանելու են ՀՀ քաղաքացիներին, նրանց իրավունքներն ու շահերը, պետք է գործեին միմիայն օրենքի սահմաններում ու պետք է կայացնեին բացարձակ անկախ ու անկողմնակալ որոշումներ: Սակայն, գրեթե ամեն օր կարելի է հանդիպել այնպիսի դեպքի, երբ արդարադատություն իրականացնող մարմիններից որևէ մեկը խախտել է օրենքը կամ կողմնակալ է գտնվել:

Ամիսներ առաջ Ձեր ուշադրությանն էինք ներկայացրել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կատարած օրինախախտումներից մեկը: Այն ժամանակ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը հիմնվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանի 2013 թ. հունիսի 28-ի կայացրած որոշման վրա, նույն թվականի հոկտեմբերի 28-ին կատարողական վարույթն ընդունելու մասին որոշում էր կայացրել: Հիշյալ որոշմամբ Դավիթ Հակոբյանի և Արփի Հովսեփյանի որդու՝ Դանիել Հակոբյանի խնամքը թողնվել էր մորը: 2014 թ. հունվարի 9-ին ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին և ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին գրություն էր ուղարկվել, որով պահանջվել էր կասեցնել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ Լոռու մարզային բաժնում հարուցված կատարողական վարույթը: Հունվարի 31-ին ԴԱՀԿ Լոռու մարզային բաժնի պետ Ա. Բաղդագուլյանից ստացվել էր դիմումի պատասխանը, որով հայտնվում էր, որ կատարողական վարույթի գործողությունները հետաձգվել են մինչև Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից վճռի հրապարակումը: Թվում է, թե արդարությունը վերականգնվում է, սակայն ինչ-ինչ պատճառներով, որոնք հնարավոր է հայտնի են միայն ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն իրականացնողներին, նրանք շարունակում են իրենց հետագա ապօրինի գործողությունները:

Ինչպես արդեն նշեցինք, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը պետք է սպասեր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հրապարակմանը: Այսպես, 2014 թ. ապրիլի 17-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել էր որոշում, ըստ որի երեխայի խնամքը 9 ամիս՝ սեպտեմբերից մինչև հունիս հանձնել մորը, մնացած 3 ասիաներին հորը: Այս վճիռը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել, ավելին արդեն բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարան և հուլիսի 24-ին կայացել է առաջին դատական նիստը: Հիմա խնդրի հակառակ կողմը: ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը, որի Լոռու մարզային բաժնի ղեկավարը կայացրել էր որոշում, ըստ որի ԴԱՀԿ ծառայության գործողությունները հետաձգվում էին մինչ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ, հաշվի չառնելով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, և այն, որ այս գործը քննվում է ՀՀ վերաքննիչ դատարանում, ծանուցագրով Դավիթ Հակոբյանից պահանջել է 2014 թ. հուլիսի 24-ին երեխային տանել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի վարչական շենք: Հետաքրքիր զուգադիպությամբ ՀՀ վերաքննիչ դատարանի նիստի և ԴԱՀԿ ծառայություն ներկայանալու օրերը համընկել էին: Փաստորեն, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը իր գործողությունները հետաձգել էր միայն ձևականորեն, և այժմ վերսկսելով իրականացնել իր գործողությունները, հաշվի չի առնում գոյություն ունեցող նոր որոշումը, չնայած այն հանգամանքին, որ ծանուցման մեջ հայտնում է, որ ուսումնասիրել է գործի նյութերը: Ստացվում է, որ ԴԱՀԿ ծառայությունը, ցուցաբերում է ընտրողական վերաբերմունք, առաջնորդվելով ԼՂՀ դատարանի որոշմամբ: ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը այսպիսով որոշել է հետ վերադառնալ և իրականացնել ԼՂՀ դատարանի կայացրած որոշումը: Հարկ է նաև նշել, որ եթե նույնիսկ ԴԱՀԿ ծառայությունը որոշեր իրագործել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, դեռևս այն ժամանակահատվածն է, երբ երեխան, ըստ դատարանի որոշման, պետք է ապրի հոր մոտ:

Նույն խնդրով և նույն օրինախախտումը վերացելու պահանջով, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից, ևս մեկ անգամ, դիմում է ուղարկվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին և ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին: Ուղարկված դիմումով պահանջվում է կասեցնել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ Լոռու մարզային բաժնում հարուցված թիվ 06-3489/13 կատարողական վարույթը, մինչ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից վերջնական ակտի կայացնելը: Հույս ենք հայտնում, որ այս անգամ արդարադատություն իրականացնող մարմինները՝ Արդարադատության նախարարությունը և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը նախ կընդունեն արդարացի որոշում և հետագայում չեն շրջանցի հենց իրենց որոշումը:

 

 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031