Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր փողոցների անունները

Օգոստոս 04,2014 10:58

Միկոյանի հուշարձանի ու նրա անձի շուրջ բարձրացած աղմուկն ինչքան որ տհաճ էր, նույնքան էլ ուսանելի էր` առաջին հերթին ճանաչողական առումով: Շատերը համոզված պնդում են թե` Միկոյանի ու նրա արձանի թեման վերևներից գցված էր, որպեսզի հասարակության ուշադրությունը շեղվեր քաղաքական, սոցիալական և այլևայլ խնդիրներից: Եթե նույնիսկ համաձայնվենք, որ դա այդպես է, էլի պիտի պնդենք, որ Միկոյանի անձի ու նրա արձանի շուրջ բարձրացած աղմուկն ինչքան որ տհաճ, նույնքան էլ ճանաչողական իմաստով իմաստավոր էր: Ճիշտ է, մեզ չհաջողվեց վերջնական կարծիք կազմել Միկոյան մարդու ու քաղաքական գործչի մասին, բայց, փոխարենը, միկոյանական բանավեճի շնորհիվ ինքներս մեզ բավական մոտիկից ճանաչեցինք:

Գաղտնիք չէ, որ հայերս ոչ միան մեր արձաններին ենք մեծ նշանակություն ու կարևորություն տալիս, այլև` մեր փողոցների անվանումներին, և հատկապես անկախությունից հետո սկսեցինք մեծ նշանակություն տալ դրանց:

Հայաստանի վերջին անկախացումից հետո առաջինը Լենինի հրապարակն ու համանուն պողոտան վերանվանվեցին, երկուսն էլ` միանգամայն հաջող, համապատասխանաբար` Հանրապետության և Մաշտոցի: Նախ` պրոլետարիատի առաջնորդի անունը պողոտայի ու հրապարակի վրայից հանեցին, այնուհետև` արձանը: Դա միանգամայն բնական էր, բայց չափազանց անբնական ու անտեղի էր Լենինի արձանի պատվանդանի ու մանավանդ տվյալ պատվանդանի ստորին մասի ոչնչացումը: Դա իսկապես ճարտարապետական ու մշակութային արժեք էր, որը զոհ գնաց հեղափոխական ու քաղաքական կոնյունկտուրային: Եթե տվյալ պատվանդանը պահպանվեր, հիմա շքերթների ժամանակ մեր ղեկավարները ստիպված չէին լինի կանգնել ֆաներայե տրիբունանների ու ամբիոնների հետևում:

Անհեթեթ չէ՞ր լինի, եթե ժամանակին Երևանում Ստալինի արձանի հետ նաև տվյալ արձանի պատվանդանը ոչնչացնեին:

Ինչևէ. Լենինի հրապարակը Հանրապետության հրապարակ դարձավ, իսկ Լենինի պողոտան` Մաշտոցի, և երկու նոր անվանումներն էլ համապատասխանաբար սազական են հրապարակին ու պողոտային: Այնուհետև Մաշտոցի պողոտային հարող Ամիրյան փողոցը վերանվանվեց Վռամշապուհ արքայի անունով, և դա էլ էր միանգամայն տրամաբանական, որովհետև Վռամշապուհ արքայի կամքով ու ցանկությամբ էին Մաշտոցն ու Սահակը ձեռնամուխ եղել տառերի ստեղծման գործին: Բայց Վռամշապուհի անունն Ամիրյան փողոցին չկպավ, և մարդիկ շարունակում էին Ամիրյան ասել` ինչպես որ Սիամանթոյի փողոցն էին շարունակում Կասյան ասել: Վռամշապուհ արքայի դեպքում, իհարկե, գլխավոր մեղավորը մեր պատմաբաններն ու պատմության ուսուցիչներն են: Ցավալին ոչ թե այն է, որ Վռամշապուհի անունը Ամիրյան փողոցին չկպավ, այլ այն, որ մեզնից շատերը չգիտեին էլ, որ Վռամշապուհ անունով արքա ենք ունեցել, որը նաև հայոց գրերի ստեղման գործում է մեծ ավանդ ունեցել: Էդ ամենը դպրոցում պիտի սովորեինք, բայց սովորեցնող չէր եղել:

Այնուամենայնիվ, Սահակ Պարթևին գիտենք: Եթե Մաշտոցի պողոտայից սկսվող Ամիրյան փողոցը Սահակի անունով վերանվանվեր, հաստատ Սահակի անունը կկպներ տվյալ փողոցին: Չգիտեմ էլ` Սահակի անունով փողոց ունենք, թե ոչ: Եթե ունենք էլ, երևի այնքան անշուք է, որ տեղը չգիտենք:

Ինքս այն կարծիքին եմ, որ փողոցների անվանումներին չարժե գաղափարական ու քաղաքական մեծ նշանակություն տալ: Շատ դեպքերում փողոցների անունները սիմվոլիկ անուններ են կրել ու կրում` Կրիվոյի, Կաշեգործների, Կոլխոզնիկների, Գրողների, Ծխախոտագործների, Սպորտինտերնի և այլն: Իմիջիայլոց, ողջ աշխարհում է էդպես: Դրանցից որոշները կարելի է չփոխել, մանավանդ որ` այդ փոփոխությունները լուրջ բարդություններ են առաջացնում կադաստրում և անձնագրային բաժիններում: Եթե փողոցի անունը փոխում ենք, գոնե լավագույն տարբերակն ընտրենք: Թե չէ` Սպորտինտերնի փողոցը վերանվանում ենք Կուզնեցովի, իսկ ընդամենը մի քանի տարի անց` Քաջազնունու անունով: Այս փոփոխության ու մանավանդ Քաջազնունու դեմ որևէ բան չունենք, բայց մեզ ի՞նչ վատություն էր արել առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինը, որի անունը կրող փողոցը («Փեթակին» հարող ) վերանվանեցինք Քրիստափորի անունով: Խեղճն ընդամենը թռել էր « լուսին», հետո իջել` նստել էր Խրուշչովի ուսին: Արդյո՞ք պարտադիր ու հրատապ էր այս անվանափոխությունը, եթե նույնիսկ այս Քրիստափորը Քրիստափոր Կոլոմբոսը լիներ:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031