Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհաքաղաքական մրցակցության եւ վստահության պահպանման արանքում

Նոյեմբեր 20,2026 12:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Իրանի կոշտ արձագանքը

TRIPP-ի շուրջ տարածաշրջանային զարգացումների ամենաբարդ բաղադրիչներից մեկը շարունակում է մնալ Իրանի դիրքորոշումը։ Թեհրանի արձագանքը միանշանակ չէ. մի կողմից՝ Իրանի նախագահն ու արտգործնախարարը վերջին շրջանում հանդես են եկել համեմատաբար մեղմ հայտարարություններով՝ ընդգծելով Հայաստանի հետ վստահության առկայությունը եւ նախագծի տնտեսական հնարավորությունները, մյուս կողմից՝ Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայեթին շարունակում էկոշտ քննադատության ենթարկել՝ նախագիծը դիտարկելով որպես Իրանի անվտանգությանն ուղղված հնարավոր սպառնալիք։

Իրանական «Ettela’at» թերթում հրապարակված հոդվածում Վելայեթին կրկին քննադատել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պնդելով, որ նրա քաղաքականությունը մեծացնում է Հայաստանի կախվածությունն Արեւմուտքից եւ «բացում է թշնամանքի ու լարվածության նոր գլուխ Հարավային Կովկասում»։ Իրանցի պաշտոնյան նաեւ նշել է, որ իր մտահոգությունները բազմիցս փոխանցել է հայկական կողմին՝ հանդիպումների ընթացքում զգուշացնելով տարածաշրջանային անվտանգության հնարավոր հետեւանքների մասին։

Վելայեթիի հայտարարությունների առավել ուշագրավ հատվածը վերաբերում է Ռուսաստանի գործոնին։ Նրա գնահատմամբ՝ Ուկրաինայում պատերազմի պատճառով Ռուսաստանի ուշադրության կենտրոնը կարող է հեռացած լինել Հարավային Կովկասից, եւ Հայաստանը կարող է սխալ հաշվարկներ անել՝ ենթադրելով, որ Մոսկվայի ներգրավվածության նվազումը հնարավորություն է ստեղծում տարածաշրջանում Արեւմուտքի ներկայությունն ընդլայնելու համար։ Վելայեթին ընդգծել է, որ Իրանը, Ռուսաստանի մասնակցությամբ կամ առանց դրա, իրեն պատասխանատու է համարում Հարավային Կովկասի անվտանգության պահպանման հարցում։

Այս հայտարարությունը բացահայտում է Թեհրանի հիմնական մտահոգությունը։ Իրանը Հարավային Կովկասը դիտարկում է ոչ միայն որպես հարեւան տարածաշրջան, այլեւ որպես սեփական ազգային անվտանգության համար կարեւոր ռազմավարական գոտի։ Հայաստանի հետ սահմանը Թեհրանի համար ունի առանձնահատուկ նշանակություն, քանի որ այն ապահովում է անմիջական ցամաքային կապ դեպի Կովկաս եւ դրանից դուրս։ Հետեւաբար, տարածաշրջանում ցանկացած ենթակառուցվածքային կամ աշխարհաքաղաքական փոփոխություն, որը կարող է սահմանափակել այդ կապը կամ փոխել ուժերի հավասարակշռությունը, Իրանում ընկալվում է որպես անվտանգության զգայուն հարց։

Վելայեթիի կոշտ գնահատականները նոր չեն։ Դեռեւս 2025-ի դեկտեմբերին Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ հանդիպմանը նա հայտարարել էր, որ Կովկասի համար «Թրամփի ծրագիրը» գործնականում նույնն է, ինչ «Զանգեզուրի միջանցքը», եւ փոխվել է միայն անվանումը։ Այդ ժամանակ եւս իրանցի պաշտոնյան ընդգծել էր, որ Թեհրանը դեմ է տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխության եւ մտահոգված է, որ նման նախագիծը կարող է հնարավորություն ստեղծել ՆԱՏՕ-ի ներկայության համար Իրանի հյուսիսում։

Այսպիսով, մեկ տարվա ընթացքում Վելայեթիի դիրքորոշման բովանդակային առանցքը չի փոխվել։ Նրա համար TRIPP-ի հիմնական խնդիրը ոչ այնքան ճանապարհի կամ երկաթուղու կառուցումն է, որքան դրա հետեւում հնարավոր աշխարհաքաղաքական ազդեցության ընդլայնումը։ Թեհրանի հոգեւոր-քաղաքական թեւը նախագիծը դիտարկում է ամերիկյան ազդեցության տարածաշրջանային ընդլայնման համատեքստում եւ մտավախություն ունի, որ այն կարող է փոխել Իրանի հյուսիսային սահմանների հարեւանությամբ ձեւավորված անվտանգության միջավայրը։

Այդուհանդերձ, Վելայեթիի դիրքորոշումը, թերեւս, չարժե ամբողջությամբ նույնացնել Իրանի ամբողջ պետական համակարգի պաշտոնական քաղաքականության հետ։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ավելի վաղ հայտարարել էր, որ Թեհրանը վստահում է Հայաստանին եւ TRIPP-ի հարցում մտահոգություն չունի այնքանով, որքանով հայկական կողմը չի գործում Իրանի անվտանգության դեմ։ Նմանատիպ դիրքորոշում էր արտահայտել նաեւ Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ նշելով, որ Հայաստանից ստացել են հավաստիացումներ, թե հայ-իրանական սահմանին եւ դրան հարակից տարածքներում երրորդ երկրի ուժերի ներկայություն չի նախատեսվում։

Հայաստանի իշխանությունները եւս բազմիցս հայտարարել են, որ TRIPP-ը չի ենթադրում ամերիկյան զինված ուժերի տեղակայում կամ արտատարածքային կարգավիճակ։ Արարատ Միրզոյանի խոսքով՝ Իրանի բարձրացրած հարցերին հայկական կողմը հստակ պատասխաններ է տվել, եւ նախագծի փաստաթղթերը հաստատում են, որ Հայաստանի տարածքում պահպանվելու է հայկական իրավազորությունը։ Սա էական տարբերություն է Վելայեթիի մտահոգությունների եւ Երեւանի ներկայացրած նախագծային տրամաբանության միջեւ։

Այստեղ, սակայն, խնդիրը միայն հավաստիացումների առկայությունը չէ։ Հայաստանի համար կարեւոր է, որ Իրանի մտահոգությունները չվերածվեն հայ-իրանական հարաբերությունների քաղաքական լարվածության աղբյուրի։ Թեհրանի հետ հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւոր հենասյուներից են՝ հաշվի առնելով էներգետիկ համագործակցությունը, Հյուսիս-հարավ հաղորդակցային նախագծերը եւ Պարսից ծոցից դեպի Սեւ ծով տնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները։ Հետեւաբար, Երեւանի համար ռազմավարական խնդիր է պահպանել վստահությունը՝ միաժամանակ չհրաժարվելով ամերիկյան եւ այլ գործընկերների հետ համագործակցությունից։

Ռուսաստանի գործոնը եւ արտաքին ուժերի մրցակցությունը Հարավային Կովկասում

Իրանի դիրքորոշման հետ սերտորեն կապված է նաեւ Ռուսաստանի հարցը։ Մոսկվան նույնպես մտահոգված է Հարավային Կովկասում իր ավանդական ազդեցության հնարավոր նվազմամբ։ TRIPP-ի շուրջ ռուսական արձագանքները ցույց են տալիս, որ Ռուսաստանը չի ցանկանում դուրս մնալ տարածաշրջանային հաղորդակցությունների կառավարման եւ շահագործման գործընթացներից։

Հիշեցնենք, անցյալ տարեվերջին ՌԴ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը հայտարարել էր, որ առանց Ռուսաստանի մասնակցության գործընկերները չեն կարող գործարկել «Թրամփի ուղին»։ Նրա փաստարկը հիմնված էր այն հանգամանքի վրա, որ Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարումը գտնվում է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության՝ «Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր ձեռնարկության կոնցեսիոն կառավարման ներքո։ Կալուգինը նաեւ ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ նախատեսվող երթուղու մի հատված անցնելու է ռուս սահմանապահների պատասխանատվության տարածքով։

Այս հայտարարությունները ցույց են տալիս, որ Մոսկվան TRIPP-ը դիտարկում է նաեւ սեփական տնտեսական եւ ինստիտուցիոնալ ներկայության պահպանման տեսանկյունից։ Ռուսաստանի համար Հայաստանի երկաթուղային համակարգի կառավարումը կարեւոր լծակ է, եւ դրա հետ կապված ցանկացած նոր նախագիծ անխուսափելիորեն առաջացնում է հարցեր՝ կապված կառավարման, ենթակառուցվածքների հասանելիության եւ շահագործման իրավասությունների հետ։

Հայաստանի իշխանությունները, իրենց հերթին, հայտարարել են, որ TRIPP-ի նախագծում Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ քննարկումներ չեն եղել։ Սա նշանակում է, որ առաջիկայում կարող են առաջանալ գործնական խնդիրներ, որոնք պահանջելու են հստակ իրավական եւ տեխնիկական լուծումներ։ Մասնավորապես, անհրաժեշտ կլինի պարզել, թե ինչպես են համադրվելու ամերիկյան ներդրումային ընկերության հնարավոր գործառույթները, հայկական պետական իրավասությունները եւ Հայաստանի երկաթուղային համակարգի գործող կառավարման պայմանները։

Այս հարցում Հայաստանի համար կարեւոր է խուսափել արտաքին ուժերի միջեւ մրցակցության հարթակի վերածվելուց։ Եթե TRIPP-ը վերածվի Վաշինգտոնի եւ Մոսկվայի, ինչպես նաեւ արեւմտյան եւ իրանական աշխարհաքաղաքական շահերի բախման նոր կենտրոնի, ապա դրա տնտեսական առավելությունները կարող են երկրորդ պլան մղվել։ Հետեւաբար, Երեւանի արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրը պետք է լինի գործընկերների հետ հարաբերությունների այնպիսի հավասարակշռության պահպանումը, որի պայմաններում Հայաստանը կկարողանա համագործակցել տարբեր կենտրոնների հետ՝ առանց որեւէ մեկի աշխարհաքաղաքական օրակարգի գործիք դառնալու։


Ոչ թե պարզապես տարածաշրջանային տարանցիկ ճանապարհ, այլ՝ ինքնիշխան, կայուն տարածաշրջանային հանգույց

Այսպիսով, TRIPP-ը աստիճանաբար վերածվում է Հայաստանի արտաքին քաղաքականության, տարածաշրջանային անվտանգության եւ տնտեսական զարգացման փոխկապակցված թեմաներից մեկի։ Եթե առաջին փուլում հիմնական խնդիրը նախագծի իրավական ու ենթակառուցվածքային հիմքերի ձեւավորումն էր, ապա ներկայումս դրա ապագան ավելի ու ավելի մեծ չափով կախված է տարածաշրջանային դերակատարների շահերի համադրման հնարավորությունից։

Մի կողմից՝ Վաշինգտոնը ձգտում է ամրապնդել իր տնտեսական եւ ռազմավարական ներկայությունը Հարավային Կովկասում՝ TRIPP-ը դիտարկելով որպես տարածաշրջանային փոխկապակցվածության եւ երկարաժամկետ կայունության գործիք։ Մյուս կողմից՝ Ադրբեջանը ցանկանում է ապահովել դեպի Նախիջեւան արդյունավետ հաղորդակցություն, իսկ Թուրքիան շահագրգռված է այդ կապի միջոցով ընդլայնել իր տնտեսական եւ տարածաշրջանային ազդեցությունը։ Իրանը եւ Ռուսաստանը տարբեր պատճառներով մտահոգված են, որ նոր հաղորդակցային համակարգը կարող է թուլացնել իրենց դիրքերը կամ փոխել տարածաշրջանային անվտանգության հավասարակշռությունը։

Հայաստանի համար այս շահերի բախման կիզակետում առաջանում է բարդ ռազմավարական խնդիր։ ՀՀ-ն պետք է կարողանա օգտագործել ամերիկյան ներգրավվածության եւ տարածաշրջանային ապաշրջափակման հնարավորությունները՝ միաժամանակ պահպանելով հարաբերությունների կառուցողական բնույթը Իրանի եւ Ռուսաստանի հետ։ Միեւնույն ժամանակ, անհրաժեշտ է շարունակել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ երկխոսությունը՝ չթույլատրելով, որպեսզի հաղորդակցությունների բացման հարցը վերածվի Հայաստանի նկատմամբ միակողմանի քաղաքական կամ տնտեսական պարտավորությունների մեխանիզմի։

Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում TRIPP-ը կարող է ունենալ կարեւոր նշանակություն, քանի որ ենթակառուցվածքային եւ տնտեսական կապերի զարգացումը կարող է ստեղծել փոխադարձ շահագրգռվածություն՝ պահպանելու հարաբերությունների կայունությունը։ Սակայն անհրաժեշտ է տարբերակել խաղաղության քաղաքական համաձայնությունը եւ դրա կայուն ինստիտուցիոնալ ամրապնդումը։ Տնտեսական կապերը կարող են նվազեցնել հակամարտության ռիսկերը, բայց չեն կարող ինքնուրույն լուծել սահմանային, անվտանգային եւ քաղաքական տարաձայնությունները։ Դրա համար անհրաժեշտ են սահմանազատման գործընթացի առաջընթաց, փոխադարձ վստահության մեխանիզմներ, ուժի չկիրառման հստակ երաշխիքներ եւ երկու երկրների կողմից ստանձնած պարտավորությունների հետեւողական կատարում։

Այս առումով TRIPP-ի հաջողությունը կախված կլինի նաեւ նրանից, թե որքանով այն կդառնա իրական փոխշահավետ նախագիծ, այլ ոչ թե միայն Ադրբեջանի տարանցիկ պահանջների բավարարման միջոց։ Հայաստանը պետք է կարողանա ապահովել իր տարածքով անցնող հաղորդակցության նկատմամբ լիարժեք պետական վերահսկողություն, իսկ տնտեսական օգուտները պետք է արտահայտվեն ոչ միայն տարանցման վճարներով, այլեւ երկրի արտադրական, լոգիստիկ եւ ներդրումային ներուժի զարգացմամբ։
Մյուս կողմից՝ Իրանի եւ Ռուսաստանի մտահոգությունները պահանջում են մշտական քաղաքական երկխոսություն։ Հայաստանի համար անընդունելի պետք է լինի այն իրավիճակը, երբ հարեւան պետությունների անվտանգության մտահոգությունները դառնան սեփական արտաքին քաղաքականության սահմանափակման միջոց, բայց նույնքան կարեւոր է, որ Երեւանը չանտեսի այդ պետությունների իրական ռազմավարական զգայունությունները։ Հատկապես Իրանի դեպքում անհրաժեշտ է շարունակաբար բացատրել նախագծի իրավական եւ գործառնական բնույթը՝ հստակեցնելով, որ դրա շրջանակում չեն նախատեսվում Հայաստանի տարածքային ամբողջականության կամ հայ-իրանական սահմանի կարգավիճակի փոփոխություններ, ինչպես նաեւ երրորդ երկրի զինված ներկայություն։

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ նույնպես անհրաժեշտ է պահպանել հետեւողականություն։ Անթալիայում Փաշինյան-Էրդողան հանդիպումը ցույց է տալիս, որ հաղորդուղիների ապաշրջափակումը ներառված է երկկողմ քաղաքական երկխոսության մեջ, սակայն Հայաստանի համար դրական կլիներ, եթե հայ-թուրքական սահմանի բացման եւ տնտեսական կապերի հաստատման գործընթացը չկապվեր բացառապես հայ-ադրբեջանական օրակարգի հետ։ Սակայն այստեղ պաշտոնական Երեւանը ազդեցության հնարավորություններ չունի։

Ամփոփելով՝ TRIPP-ի ապագան դեռեւս վերջնականապես կանխորոշված չէ։ Տեխնիկական խմբերի ձեւավորումը, հայ-ամերիկյան համաձայնագրի վավերացումը, Փաշինյան-Էրդողան եւ Փաշինյան-Ալիեւ վերջին հանդիպումները ցույց են տալիս, որ նախագիծն ունի քաղաքական առաջմղման եւ գործնական իրականացման որոշակի հիմքեր։ Միաժամանակ, Իրանի եւ Ռուսաստանի արձագանքները վկայում են, որ դրա շուրջ աշխարհաքաղաքական մրցակցությունը շարունակվելու է, եւ հնարավոր են նոր բանակցային ու գործնական բարդություններ։

Հայաստանի համար առանցքային հարցը պետք է լինի ոչ թե այն, թե որ արտաքին ուժի շահերն են գերակշռելու TRIPP-ի իրականացման ընթացքում, այլ այն, թե ինչպես է Հայաստանը կարողանալու այդ շահերի համընկնումը ծառայեցնել սեփական զարգացմանը։ ՀՀ-ն պետք է խուսափի միակողմանի կախվածությունից, պահպանի արտաքին քաղաքական հավասարակշռությունը եւ ապահովի, որ հաղորդակցությունների ապաշրջափակումը չվերածվի սեփական ինքնիշխանության կամ անվտանգային շահերի հաշվին ձեռք բերված պայմանավորվածության։

Այսպիսով, TRIPP-ը կարող է դառնալ Հարավային Կովկասում խաղաղության եւ տնտեսական փոխկապակցվածության նոր հիմք, բայց միայն այն դեպքում, երբ դրա իրականացումը զուգակցվի իրական քաղաքական կարգավորմամբ, փոխադարձության սկզբունքի պահպանմամբ եւ Հայաստանի ինքնիշխան իրավասությունների անվերապահ հարգմամբ։ Հակառակ դեպքում այն կարող է ոչ թե վերացնել տարածաշրջանային հակասությունները, այլ խորացնել դրանք, ավելացնելով աշխարհաքաղաքական նոր մրցակցությունը։

Հայաստանի համար հնարավորությունները կախված են ոչ միայն համաձայնագրերի իրավական դրույթներից կամ ներդրումային ծրագրերից, այլեւ Հայաստանի՝ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի միջեւ սեփական դիրքավորումը պահպանելու կարողությունից։ TRIPP-ի իրական հաջողությունը կլինի այն պարագայում, երբ Հայաստանը ոչ թե պարզապես կդառնա տարածաշրջանային տարանցիկ ճանապարհ, այլ կվերածվի ինքնիշխան, տնտեսական առումով շահագրգիռ եւ քաղաքականապես կայուն տարածաշրջանային հանգույցի։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.11.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել