Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրենասիրությունը Ֆեյսբուքում աղաղակելը չէ

Օգոստոս 09,2014 14:45 Share

«Առավոտը» որոշ մտավորականներից հետաքրքրվեց, թե ներկա իրավիճակում, երբ փաստացի պատերազմի մեջ ենք, ինչպե՞ս կարող են իրենց նպաստը բերել հայրենիքին:

Բանաստեղծ Հակոբ Մովսես.- Մտավորականությունը ժողովրդի մասն է, ժողովուրդն այսօր պետությունն է, բանակ ունի, բանակ է պահում: Եթե ոմանք կարծում են, թե պետությունը ստորադաս է հայրենիքին՝ չարաչար սխալվում են. հայրենիք ունեն նաեւ աբորիգենները, անգամ կապիկները, որոնց հեշտությամբ քշում են իրենց հայրենիքներից, եթե նրանք պետություն չեն կարողանում ստեղծել: Իսկ պետություն ունեն միայն քաղաքակիրթ ժողովուրդները: Պետությունն է, որ կարող է պահպանել հայրենիքը: Թե հայրենիքի մասին ամբախ-զամբախ ասույթներ ասելու հարմար պահերին սպասող մտավորականությունը ի՞նչ է արել մեր պետության կայացման համար՝ ես չգիտեմ, միայն գիտեմ, որ եթե մեր պետության սահմաններին վտանգ սպառնա, մտավորականը պետք է զենք վերցնի ու զինվոր դառնա:

Hakob movses

Դիրիժոր Ռուբեն Ասատրյան.- 1980-ականների սկզբներին Հայաստանում ուսանում էր ադրբեջանաբնակ, ազգությամբ քուրդ Չարքյազը, որը բողոքում էր Ադրբեջանի իշխանություններից, մասնավորապես՝ Հեյդար Ալիեւից: Վերջինս Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնություններին՝ քրդերին, լազերին, թաթերին, լեզգիներին, թալիշներին ստիպում էր անձնագրում գրել ադրբեջանցի: Նման բողոքներն ու դժգոհությունները շարունակվում են մինչ օրս: Այսինքն՝ Ադրբեջանը ունի ազգային խնդիրներ, որ փորձում է լուծել ուժի, սպառնալիքի միջոցով: Մենք մեր գործը պիտի անենք՝ յուրաքանչյուրս մեր տեղում բարձր պահելով ազգային ոգին: Նույն Ադրբեջանը դա զգացել է Արցախյան շարժման առաջին օրերից մինչեւ մեր հաղթանակը:

Ruben Asatryan

Կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյան.- Չեմ կարծում, որ մեր «հարեւանների» ռազմական գործողությունները բերեն պատերազմի, թեկուզեւ բոլորիս պարզ է, որ կան արտաքին պատճառներ: Իսկ մեր մտավորականները պետք է իրենց դրսեւորեն կոչմանը հարիր, այլ ոչ թե Ֆեյսբուքում իրենց մտավորականներ հռչակածների նման: Իմ կարծիքով գոնե՝ Ադրբեջանին ձեռնտու չէ պատերազմը:

edgar Baxdasaryan

Դերասան Տիգրան Ներսիսյան.- Աստված մի արասցե, որ ռազմական գործողությունները վերաճեն պատերազմի: Իսկ եթե հանկարծ, էլի Աստված մի արասցե, գա այդ պահը, մտավորականներիս շրջանում էլ պարզ կերեւա՝ ով ով է:

tigran Nersisyan

Թատերագետ Արա Խզմալյան.- Թեկուզ այս սրված վիճակում, ոչ միայն մտավորականը, այլ յուրաքանչյուր քաղաքացի, պետք է զբաղի իր աշխատանքով: Միայն այս դեպքում կատարած կլինենք հայրենիքի հանդեպ մեր պարտավորությունները: Ինձ համար հայրենասիրությունը սկսվում է պրոֆեսիոնալիզմից եւ չեմ կարծում, թե սա զրույցի նյութ է: Հայրենասիրությունը ոչ այլ ինչ է, քան ապրելակերպ:

ara Xzmalyan

Ռեժիսոր Արմեն Մելիքսեթյան.- Հարկ եղած դեպքում յուրաքանչյուրս պետք է վերցնի իր թուրութվանքը ու գնա պաշտպանելու իր ընտանիքը, որովհետեւ հայրենիքը մեր ընտանիքների միությունն է:

Armen Meliksetyan

Բալետի արտիստ Ռուբեն Մուրադյան.- Տա Աստված՝ խաղաղություն լինի: Հակառակ դեպքում՝ գնալու եմ կռվելու ու ամեն վայրկյան պատրաստ եմ դրան:

Ruben Muradyan

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

08.08.2014 թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. «Չմոռանաք իմ անունն էլ տաք»(«Նվագախմբի տղաները»):

  2. Հայրենական Մեծ պատերազմում սովետական ժողովրդի տարած Հաղթանակի գրավականը ոչ միայն սովետական թնդանոթներն էին (այդ թնդանոթներից, տանկերից, ինքնաթիռներից գերմանացիներն էլ ունեին), այլև Շոստակովիչի 7-րդ սիմֆոնիան, Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիան և նմանատիպ այլ գործեր, որոնք բարձրացրեցին սովետական զինվորի ոգին: Սովետական զինվորը հասկացավ հանուն որ արժեքների համար է կռվում, ինչ է Հայրենիքը: Այդ ժամանակաշրջանում գերմանացիները չստեղծեցին նման արժեքներ: Այնպես որ մտավորականի խնդիրը և՛ զենքով պաշտպանելն է, և՛ զինվորի ոգին բարձրացնելն է, և՛ Հայրենիքը արժևորելն է… Հարգանքով՝ Աշոտ Բաբայան

Պատասխանել