Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը չե՞ն բացառում ռազմական իրավիճակի սրումը

Օգոստոս 21,2014 14:50

Երեք երկրների պաշտպանության նախարարները քննարկում են
ռազմական դրության ժամանակ կոմունիկացիոն ենթակառուցվածքների
պաշտպանության հարցեր

Նախիջեւանում օգոստոսի 19-ին կայացել է ուշագրավ եռակողմ հանդիպում` Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի եւ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի միջեւ:

Երեք երկրների պաշտպանության նախարարները քննարկել են ռազմական դրության ժամանակ կոմունիկացիոն ենթակառուցվածքների պաշտպանությանն առնչվող հարցեր: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է նավթամուղերի, գազամուղերի, երկաթուղու, կապի եւ ռազմավարական կարեւորություն ունեցող այլ օբյեկտների պաշտպանությանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ նավթա եւ գազամուղների պաշտպանությանն ուղղված համատեղ զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ:
Երեք երկրների ուժային կառույցների ղեկավարներն առաջին անգամ են հանդիպում նման ձեւաչափով: Ըստ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի՝ եռակողմ հանդիպում անցկացնելու գաղափարը Վրաստանինն է եղել: «Եռակողմ հանդիպումը մենք վաղուց ենք նախապատրաստում: Անցյալ տարի վրացական կողմը հանդես եկավ այդպիսի նախաձեռնությամբ, եւ սա երեք նախարարների առաջին պաշտոնական հանդիպումը կլինի»,- նշել է Ալասանիան՝ հավելելով- «Այս հանդիպումները եւ դրանց շրջանակներում ձեւակերպվող համաձայնագրերը միտված են լինելու մեր հետագա քայլերի ծրագրմանը, մասնավորապես՝ թե ինչպես պետք է մեր զինված ուժերը գործեն ճգնաժամային իրավիճակներում` պաշտպանելու համար մեր կոմունիկացիոն ենթակառուցվածքները, մեր նավթի եւ գազի խողովակաշարերը, երկաթգիծը՝ այն դեպքում, եթե ռազմական իրավիճակը սրվի»: Վրաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը նաեւ շեշտել է, որ եռակողմ հանդիպումն ուղղված չէ որեւէ կողմի դեմ, նախաձեռնությունը նպատակ ունի միայն կարգավորել անվտանգության եւ պաշտպանության հարցերը. «Հակառակը՝ այսպիսի համաձայնագրերը հավելյալ հիմքեր են ստեղծում տարածաշրջանային կայունության համար»,- հայտարարել է նա: Ալասանիան երեք երկրների միջեւ հարաբերությունները որակել է որպես ռազմավարական գործընկերություն ու ընդգծել է ռազմական համագործակցության կարեւոր դերը տարածաշրջանային խաղաղությանը հասնելու գործում:

Putin_Aliev Azerb_Vrastan

Նախիջեւանում երեք երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի` համատեղ զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ: Այս մասին, ըստ Trend գործակալության՝ լրագրողներին հայտնել է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը: Նրա խոսքով՝ զորավարժությունների նպատակն է զինված ուժերի մարտունակության բարձրացումը: Հանդիպման ընթացքում նախարարները նաեւ պայմանավորվել են այդ ձեւաչափով տարեկան երկու անգամ հանդիպումներ, համատեղ սեմինարներ եւ համաժողովներ անցկացնել, ռազմական կրթության ոլորտում եւ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության եռաչափ ձեւաչափ ստեղծել: Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի պաշտպանության նախարարները նաեւ քննարկել են ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում, կարծիքներ փոխանակել անվտանգության հարցերի եւ տարածաշրջանում կայունության վերականգնման շուրջ:

Новости Азербайджан լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը մեկնաբանելով եռակողմ հանդիպումը, այն որակել է որպես ՀԱՊԿ-ի համարժեքի ստեղծման սկզբնական փուլ. «Ներկայումս Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ արդեն իսկ գոյություն ունի լիարժեք համագործակցություն ռազմական ոլորտում: Իրականացվում են համատեղ զորավարժություններ, դասընթացներ, բանակցություններ են տարվում էներգապաշարների անվտանգության շուրջ եւ այլն: Այժմ աշխարհում ընթացող գործընթացների հետ կապված` այդ երկրները ցանկանում են ստեղծել ռազմական միասնություն, որը ժամանակի հետ կգրավի նաեւ ՀԱՊԿ-ի մի շարք անդամների»: Նա հավելել է, թե Նախիջեւանի հանդիպումից հետո հանդիպումներ կանցկացվեն նաեւ Թբիլիսիում ու Ստամբուլում եւ ստամբուլյան հանդիպումից հետո հայտնի կդառնա ռազմական նոր միասնության ստեղծման մասին: «Սկզբնական փուլում համաձայնագիրը կարող են ստորագրել Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանը: Սակայն հեռանկարում տվյալ կազմակերպությանը կարող են անդամակցել նաեւ թյուրքալեզու մի շարք երկրներ` ներառյալ Ղազախստանը, Ղրղըզստանը, ինչպես նաեւ Տաջիկստանը»,- նկատել է Ջաֆարովը:

Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարները, փաստորեն, դիտարկում են տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը, անվտանգությանն առնչվող խնդիրները, ռազմական ոլորտում համագործակցության հարցեր են քննարկում ու պայմանավորվում են համատեղ զորավարժություններ անցկացնելու շուրջ: Ավելին` նրանք նախատեսում են եռակողմ հատուկ վարժանքների իրականացում նավթագազային ենթակառուցվածքների պաշտպանության ուղղությամբ:
Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի հարեւան երեք երկրները նախապատրաստվում են տարածաշրջանում հնարավոր լարվածության, կամ առնվազն չեն բացառում նման սրումը:

Եթե պաշտոնական Թբիլիսիի տագնապները միանգամայն հասկանալի են անգամ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց հետո եւ Մոսկվայից հնարավոր ճնշումները չեն բացառվում Վրաստանում, ապա ուշագրավ է, թե Ադրբեջանն ու Թուրքիան ո՞ւմ են սպառնալիք համարում:

Նման եռակողմ հանդիպումը` պաշտպանության ոլորտում հատկապես Սոչիի եռակողմ հանդիպումից հետո, հավանաբար, խորհրդանշական է Ադրբեջանի իշխանությունների համար: Ադրբեջանի իշխանությունները ամենայն հավանականությամբ այլ միավորումներում ինքնահաստատման փորձեր են անում: Շփման գծում սադրանքներ հրահրելուց, սահմաններում տեւական ժամանակ հետեւողականորեն լարվածություն մտցնելուց հետո հայկական կողմի հակահարվածները, իսկ այնուհետեւ Սոչիի եռակողմ հանդիպումն, այնուամենայնիվ, պաշտոնական Բաքվի եւ, հատկապես Ալիեւ կրտսերի համար նվաստացուցիչ էին:

Նախիջեւանում երեք երկրների պաշտպանության նախարարների հանդիպման առնչությամբ Ռուսաստանից, Հայաստանից առայժմ որեւէ արձագանք չկա: Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին օգոստոսի 21-22-ը այցելելու է Հայաստան: Վրացական կողմը հայտնել է, որ Գարիբաշվիլին հանդիպելու է նախագահ Սերժ Սարգսյանի ու վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, այդ հանդիպումներում քննարկվելու են քաղաքական ու տնտեսական հարցեր: Ուշադրության կենտրոնում է գտնվելու այն իրավիճակը, որը ձեւավորվում է ԵՄ-ի ու Վրաստանի միջեւ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից ու Մաքսային միությանը Հայաստանի միանալուց հետո: Կողմերը մտադիր են քննարկել ի հայտ եկած հակասությունները եւ գտնել փոխգործակցության ընդունելի ձեւաչափ: Հայկական կողմը մտադիր է բարձրացնել սեպտեմբերի 1-ից Հայաստանի հետ վիզային ռեժիմ սահմանելու Վրաստանի մտադրության հարցը:

Արդյո՞ք Հայաստանի իշխանությունները Վրաստանի վարչապետից կհետաքրքրվեն, թե տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական իրավիճակի, անվտանգության առնչությամբ խնդիրների եւ ռազմական ոլորտում համագործակցության այդ ինչ հարցեր է պաշտոնական Թբիլիսին քննարկում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ եւ ինչ մտավախություններ ունեն երեք երկրները:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031