Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ. Քաջարանի բնակչությունը վտանգված է

Օգոստոս 28,2014 13:34
qajaran

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը մտահոգիչ է համարում Քաջարանի բաց հանքի շահագործման արդյունքում տեղի բնակչությանը հասցված առողջական վնասը: Այդ մասին իր մտահոգությունները պաշտպանն արձանագրել է 2013 թվականի տարեկան զեկույցում:

Քաջարան գյուղի բնակիչները և բնապահպանական հասարակական կազմակերպությունները դեռ նախորդ տարիներից բազմիցս բարձրաձայնել են այն խնդիրը, որ Քաջարանում տեղակայված բաց հանքի շահագործման հետևանքով հանքին հարակից բոլոր տարածքների մթնոլորտը լցվում է ծանր մետաղներով և թունավոր տարրերով, որոնք ոչ միայն վնասում են շրջակա միջավայրին, այլև լուրջ վտանգ են ներկայացնում մարդկանց առողջության և կյանքի համար: «Թեև ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքների համաձայն ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի պարունակությունները քաղաքի մթնոլորտային օդում դիտվել են սահմանային թույլատրելի նորմաների տիրույթում, այնուամենայնիվ, շարունակվում են գանգատները քաղաքի բնակիչներից և բնապահպան ակտիվիստներից օդի ծայրաստիճան աղտոտվածության վերաբերյալ: Նախարարությունից հայտնել են, որ վերջին տարիներին կատարվել է նաև Քաջարանի հանքարդյունաբերության ազդեցությամբ պայմանավորված հանրապետության բնակչության հիվանդացության վերլուծություն, որը ներառել է, մասնավորապես, կրծքագեղձի, ստամոքսի, թոքի չարորակ նորագոյացություններով, բնածին արատներով, սուր ինֆարկտով, լեյկեմիաներով հիվանդացությունները և նորածինների մահացած ծնվելու դեպքերը»,- ասված է ՄԻՊ-ի զեկույցում` հավելելով, որ վերլուծության արդյունքում պատճառահետևանքային կապ հանքարդյունաբերության և դրա ազդեցության հետ կապված բնակչության հիվանդացության, այդ թվում չարորակ նորագոյացություններով, միջև չի արձանագրվել, թեև հետազոտությունները շարունակվում են:
Ի տարբերություն առողջապահության նախարարության տվյալների՝ ոլորտի մի շարք անկախ փորձագետներ և հասարակական կազմակերպություններ իրենց մտահոգությունն են հայտնել առ այն, որ նշված տարածքի բնակչության, մասնավորապես, երեխաների մոտ ի հայտ են եկել առողջական լուրջ խնդիրներ հանքի բաց շահագործման պատճառով օդի մեջ, իսկ այնուհետև` մարդկանց օրգանիզմ ներթափանցած ծանր և թունավոր մետաղների հետևանքով: Մասնավորապես, ըստ ՄԻՊ զեկույցի Գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի առաջատար մասնագետ, երկրաբանական գիտությունների դոկտոր Հ.Ա.-ի կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ Քաջարանից և հարակից գյուղերից, նաև Կապանից ԳԱԱ էկոլոգոնոսֆերային հետազոտությունների կենտրոնը 10 երեխաների է տարել ստուգման, որի արդյունքում հայտնաբերվել է, որ բոլորը հիվանդ են. մազերի մեջ կուտակված ծանր մետաղներ են հայտնաբերել, սնդիկ կադմիում, որը նույնիսկ լվանալուց հետո չի հեռանում: Այդ տարրերը քաղցկեղածին հարուցիչներ են: Բացի այդ, հետազոտված երեխաների (մոտ 43 տոկոս) արյան մեջ հայտնաբերվել է բավականին բարձր կապարի պարունակություն, իսկ 3 տոկոսի մոտ առկա է տոքսիկացիա: Հայտնի է, որ կապարի բարձր պարունակությունն օրգանիզմում ազդում է նյարդային համակարգի վրա, կարող է առաջացնել մտավոր թերզարգացվածություն, տեսողության, լսողության և խոսքի խախտումներ, ազդում է նաև երիկամների և ստամոքսի, նյութափոխանակության համակարգերի վրա: Օրգանիզմում պղնձի բարձր պարունակությունը թույն է: Եթե մետաղի պարունակությունը օրգանիզմում երկար ժամանակ բարձր է մնում, կարող են զարգանալ ուռուցքներ: Մետաղն ախտահարում է նյարդային համակարգը, երիկամները, լյարդը: Կադմիումի բարձր պարունակությունն առաջացնում է կմախքի տձևացում, թոքերի ախտահարում: Իսկ այս մետաղների` օրգանիզմ թափանցելու ուղիները բազմաթիվ են` հողը, ջուրը, օդը և ընտանի կենդանիները:

ՄԻՊ-ը մտահոգություն է հայտնում առ այն, որ դեռևս անավարտ են Առողջապահության նախարարության կողմից Քաջարանում հանքարդյունաբերության ազդեցության վերաբերյալ իրականացվող հետազոտությունները, ինչի արդյունքում անհարկի վտանգվում է տեղի բնակչության առողջական վիճակը: ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում նաև այն, որ Քաջարանի, որպես հանքարդյունաբերության ազդեցությանը ենթարկվող բնակավայր, բնակիչների համար նախատեսված չէ պետպատվերով հատուկ բուժսպասարկում: Այն իրականացվում է ընդհանուր կարգով՝ կառավարության համապատասխան որոշումների համաձայն:

Պատրաստեց` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031