Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարո՛ն Մինասյան, ջղաձգվում եք դո՛ւք, ոնց որ Կարեն Անդրեասյանի հետ միասին շատ երկար եք նայում Նիկոլ Փաշինյանի նկարին». Ագնեսա Խամոյանը՝ նախարարին

Փետրվար 28,2024 19:30

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին հարց ուղղեց ԲԴԽ-ի աղմկահարույց տեսանյութի մասին: Նա ասաց, որ այդ տեսանյութը պատրաստվել է մեծն սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր, համատեղության կարգով ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի ուղիղ ցուցումով. «ԲԴԽ աշխատակազմը, Դատական դեպարտամենտը վճարած հարկերից 8 մլն դրամ է հատկացրել մի ռեպորտաժի համար՝ այսպես կոչված հնչեղ գործերի ձգձգումների պատճառներով պայմանավորված:

Պարո՛ն Մինասյան, հաշվի առնելով, թե նաեւ ինչ մտերիմ հարաբերություններ ունեք Կարեն Անդրեասյանի հետ, ենթադրում եմ, նաեւ համատեղ եք նայում Նիկոլ Փաշինյանի նկարին ու ներշնչվում, Դատական դեպարտամենտը, որն ապահովում է անկախ պետական մարմնի՝ ԲԴԽ-ի, դատարանների, դատավորների գործունեությունը, դատավորների աշխատանքը գնահատելու համա՞ր է, նման լիազորություն ունի՞ կայացված ակտի օրինականության կամ անօրինականության հետ կապված գնահատական հնչեցնելու»:

Գրիգոր Մինասյանը պատասխանեց. «Հարցն իրականում ուղղված է դատական իշխանությանը: Հարցն այն է արդյոք դատական դեպարտամենտն իրավունք ունի վերլուծել դատական գործերի հետ կապված նյութերն ու ուսումնասիրություն անել, ապա պատասխանս այո է, ոչ միայն  իրավունք ունի,նաեւ պարտականություն ունի մոնիտորինգ իրականացնել: Հասկանում եմ, որ այդ մոնիտորինգի արդյունքները ձեզ համար մտահոգիչ են, քանի որ առնվազն երկու գործով վերհանվել են այնպիսի խախտումներ, որոնք ենթադրում են հետեւանքներ: Ուղղակի ասեմ, որ հետեւողական են լինելու արդարադատության համակարգի բոլոր ինստիտուտները՝ կլինի դատական դեպարտամենտ, հուսամ նաեւ էթիկայի հանձնաժողով, որ նման խախտումներ նախ արձանագրվեն ու եթե ապացուցվի դրանում խախտումը, կլինեն հետեւանքներ՝ անկախ ձեր ներթիմային եւ ներկուսակցական ջղաձգումներից»:

Սա բարկացրեց Ագնեսա Խամոյանին. «Պարո՛ն Մինասյան, ջղաձգվում եք դո՛ւք, ոնց որ պարոն Կարեն Անդրեասյանի հետ միասին շատ երկար եք նայում Նիկոլ Փաշինյանի նկարին, չգիտեմ ինչ ներշնչանքի մեջ եք ընկնում: Ու նման գնահատականներ հորդորում եմ ձեզ այլեւս չհնչեցնել: Ես որեւէ տեղ չեմ ընթերցել, որ Դատական դեպարտամենտը իրավունք ունի կայացված ակտի վերաբերյալ գնահատական տալու: Կարող է վիճակագրություն անել, փաստեր հավաքել, որտե՞ղ է գրած, որ նման գնահատականներ կարող է տալ: Ինչպես կասեր դասականը, պոզով-պոչո՞վ են լինում դատավորների ու դատարանների վրա ճնշումները»:

Նախարարը պատասխանեց, որ օրենսդրության մեջ արձանագրված է. «Դա ոչ թե իրավունք է, այլ պարտականություն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829