Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես ԿԳԲ-ն օգնեց Ազատ Արշակյանին դառնալ հակասովետական. (Տեսանյութ)

Նոյեմբեր 11,2014 22:47

Այսօր հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գրադարանում իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ներկայացրեց իր` «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» գիրքն ու նրա ստեղծման պատմությունն ու ինչ փաստեր է ներառել գրքում:

IMG_6724

Պարոն Հարությունյանն էլ դատապարտվել եւ աքսորվել է Խորհրդային տարիներին` այլախոհության, հակասովետական գաղափարների, պայքարի համար:

Վարդան Հարությունյանի ներկայացմամբ` երբ սկսել է գրքի վրա աշխատել, դիմել է ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ), որպեսզի օգտվի նրանց արխիվից,  մի որոշ ժամանակ օգտվելով, եւ միայն արտագրելով, քանի որ արգելված է պատճենել եւ լուսանկարել, մի որոշ ժամանակ էլ դադարեցրել է արխիվում աշխատելը, հետո` 2010-ից, երբ որոշել է վերսկսել աշխատանքները եւ դիմել է ԱԱԾ-ին, պարզել է. «ԱԱԾ-ն բոլորովին էլ ԱԱԾ չէ, այս տարիներին դարձել է ԿԳԲ, եւ կգբական մոտիվներով ամեն ինչ փակ էր, չէր կարելի էր, ասում էին` դա մերն է եւ վերջ»:

Պարոն Հարությունյանը ԱԱԾ արխիվից փորձել է ստանալ խորհրդային տարիներին այլախոհության համար դատապարտվածների դատավճիռները. երկար չարչարանքներից հետո որոշ փաստաթղթեր, այնուամենայնիվ, ձեռք է բերել եւ հրապարակել գրքում:

1953-64 թվականներին, ըստ իրավապաշտպանի, մարդկանց աներեւակայելի պատժաչափերով էին դատապարտում: Օրինակ` Ֆրանսիա վերադառնալու ցանկության համար մարդուն 25 տարով դատապարտվել են:

Վարդան Հարությունյանի խոսքերով` Հայաստանում անգամ ստալինյան ռեժիմի ժամանակ կային այլախոհներ, հակասովետական կառույցներ:

1964-88 թվականների դատապարտվածների ցուցակներն էլ համադրելով տարբեր փաստաթղթերի հետ, պարոն Հարությունյանը պարզել է, որ այն լիարժեք չէ, 70-ականների դատապարտվածներից շատերի անունները բացակայում են: Կան մարդիկ, որոնք մի քանի անգամ էին դատապարտվել, օրինակ` Ազատ Արշակյանը` 2 անգամ, Աշոտ Նավասարդյանը` 3, Պարույր Հայրիկյանը` բազմիցս: «1953-89 թվականներին 168 մարդ է եղել դատապարտված, մարդիկ, որ կկարդան գիրքը, կտեսնեն, որ կան շատ պակաս բաներ, նման բան չէր լինի, եթե հնարավորություն ունենայի օգտվել ԱԱԾ արխիվից»,-ասաց պարոն Հարությունյանը:

IMG_6729

Հայաստանում հակասովետական լուրջ կառույցներ` իրենց կանոնադրությամբ եւ ծրագրերով, սկսել են գործել նախորդ դարի 60-ականներից:

Ըստ Վարդան Հարությունյանի, այլախոհ սկսեցին անվանել այն անձանց, ովքեր մերժում էին զինված պայքարը, եւ ավելի շատ գաղափարական պայքար էին տանում:

Իրավապաշտպանը ներկայացրեց դատապարտված այլախոհներից այդ տարիներին հայտնի «7 գործը», իսկ 60-ականներին ժողովուրդը նրանց անվանում էր` 7 հայրենասերներ, որոնք ձերբակալվել են:

Մանրամասները` տեսանյութում

Պարոն Հարությունյանը մի ուշագրավ դրվագ ներկայացրեց, որը եւս գրքում ներառված է. մի գյումրեցի`Աշոտ Ղազարյան 1958 թվին հակասովետական թռուցիկներ է գրել եւ տարածել իր 2 ընկերների հետ:

Մանրամասները` տեսանյութում

 

7 հայրենասերների մեջ էր նաեւ բանաստեղծ Վիգեն Բաբայանը, որն, ինչպես պարոն Հարությունյանն ասաց, գուցե ինքն էլ չիմանալով, հիմք դրեց Խորհրդային միությունում չլսված ու չտեսնված ամենամեծ պահանջատիրական ցույցին. «Վիգեն Բաբայանի դատավճռում մի հեգնական բան է գրված, որ նա ավանտյուրիստական միտք է առաջ քաշում` Հայաստանում կազմակերպել 50 հազարանոց ցույց»: Սրանից ընդամենը մի քանի ամիս հետո, երբ Բաբայանը ձերբակալվել էր, 1965 թվականին տեղի ունեցավ մեծ ցույց, որը ցնցեց թե ժողովրդին եւ թե հատուկ ծառայություններին. մարդիկ սկսեցին հասկանալ, որ կարելի է դուրս գալ եւ մի բան պահանջել սովետական իշխանություններից, ասենք` Եղեռնի հուշարձանը. «Նման բան պահանջելը համարվում էր քրեական  գործ, որը դատապարտվելու էր Սովետական քրեական օրենսգրքի 65 հոդվածով` հակասովետական ագիտացիա եւ պրոպագանդա»:

Արդեն 1961 թվականից Սովետական Հայաստանում տարածվում էին թռուցիկներ, որոնք հայկական հողերի` Նախիջեւանի, Ղարաբաղի հետ վերադարձման պահանջն էին բարձրացնում:

Թռուցիկները տարածվում էին մարդկանց փոստարկղերում: Սովետական իշխանություններն էլ արդեն հասկացան, որ այդ ամենը վտանգավոր է դառնում եւ սկսեցին ավելի կոշտ պատիժների դիմել. 1966 թվականի ապրիլի 24-ի ցույցն արգելեցին, մարդիկ որոնք այդ օրը գնացել էին Կոմիտասի արձանի մոտ (այն ժամանակ դեռ Ծիծեռնակաբերդի հուշարձանը չկար), նրանցից շատերին ձերբակալեցին:

Ապա 1966 թվականին, ստեղծվեց, ինչպես պարոն Հարությունյանն ասաց` իր բնույթով խիստ հակասովետական, ազգայնական եւ ամենաերկարակյաց կառույցը` Ազգային միացյալ կուսակցությունը, որի անդամներն էին Հայկազ Խաչատրյանը, Շահեն Հարությանյանը, Ստեփան Զատիկյանն ու շատ այլ հայտնի դեմքեր: Հետագայում այս կուսակցության անդամ է դարձել նաեւ Վարդան Հարությունյանը:  ԱՄԿ-ն սկսում է գաղափարներ տարածել, որ, այսպես ասած` ամեն ինչի մեղավորը, մեր հողերը կորցնելու եւ այլ խնդիրների մեղավորը Սովետն է. հայերն ապագա չունեն կոմունիզմի հետ, պետք է դուրս գալ օտարի լծից ու ռուսական ստրկատիրական գերիշխանությունից, Հայաստանը դարձնել ազատ, անկախ, քաղաքական չեզոք հանրապետություն:

Մանրամասները` տեսանյութում

 

Պարոն Հարությունյանը ներկայացրեց Ազատ Արշակյանի պատմությունն հենց Ազատ Արշակյանի խոսքերով, թե ինչպես է ինքը դարձել հակասովետական. «Ազատը խոսքերն եմ մեջբերում. մի կազմակերպության անդամ էի, խիստ սովետական կազմակերպություն էր, մեզ ամեն օր կանչում, տանում էին ԿԳԲ, հետո ուղարկում դպրոց, ժողովներ անում` մեր վարքն ու բարքը քննարկում,  կոչ էին անում փոխվել: Հենց ժողովն ավարտվում էր, էդ նույն մարդիկ  բոլորովին ուրիշ բաներից էին խոսում, ասում էին` տո լավ էլ անում ես, տո տենց էլ պետք ա, եւ մենք ԿԳԲ-ի օգնությամբ շատ արագ հանգեցինք նրան, որ էդ Սովետականը կեղծ է, դա չպետք է լինի: ՏԷՑ-ի կռուգի կողմերը մի քանի հոգով այրեցին մեր կազմակերպության ծրագիրն ու կանոնադրությունը`մեզ  հռչակելով հակասովետականներ եւ անդամագրվեցինք Ազգային միացյալ կուսակցությանը»:

Պարոն Հարությունյանը մի ուշագրավ բան էլ նշեց. խորհրդային տարիներին, մարդիկ, որոնք, կարելի է ասել, այլախոհ չէին, բայց դատապարտվում էին ու ընկնում այն խուցը, որտեղ այլախոհության համար դատապարտված կար, նրանք էլ դառնում էին այլախոհներ, հակասովետական անձինք:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930