Լրահոս
Օրվա լրահոսը

Հրապարակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը

Դեկտեմբեր 28,2014 14:48

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով

 Դեկտեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագի ընթացքում հրապարակվեց Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Սրբատառ կոնդակը:

Միածնաէջ Մայր Տաճարում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցված Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում Հայրապետական կոնդակն ընթերցեց Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Հայրապետական Սրբատառ կոնդակում ասվում է.

 

ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՌԱՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ,

ՈՂՈՐՄՈՒԹԵԱՄԲՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՒ ԿԱՄՕՔՆ ԱԶԳԻՍ

ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏ ԵՒ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ,

ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՄԱԶԳԱԿԱՆ ՆԱԽԱՄԵԾԱՐ ԱԹՈՌՈՅ ԱՐԱՐԱՏԵԱՆ

ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՍՐԲՈՅ ԿԱԹՈՒՂԻԿԷ ԷՋՄԻԱԾՆԻ

 

ՔՐԻՍՏՈՍԱՒԱՆԴ ՍԻՐՈՅ ՈՂՋՈՅՆ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ, ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆՑ ՀԱՅՈՑ

ՍՐԲՈՅ ԵՐՈՒՍԱՂԻՄԱՅ ԵՒ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍՈՅ,

ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ՎԱՐԴԱՊԵՏԱՑ, ՔԱՀԱՆԱՅԻՑ ԵՒ ՍԱՐԿԱՒԱԳԱՑ,

ԹԵՄԱԿԱՆ ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈՑ ԵՒ ՊԱՇՏՕՆԷԻՑ ԵՒ ՍԻՐԵՑԵԱԼ ՀԱՄԱՅՆ ՀԱՒԱՏԱՑԵԱԼ ԺՈՂՈՎՐԴԵԱՆ ՀԱՅՈՑ

«Ճանապարհք արդարոց որպէս լոյս ծագեն,

առաջնորդեն եւ լուսաւորեն, մինչեւ տիւն լուսաւորեսցէ»

(Առակ. Դ 18) :

 

Հայոց Ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի առջեւ ենք` մեր հոգիներում արդարութեան եւ ճշմարտութեան անլռելի, զօրեղ պահանջով:

2015 թուականի իւրաքանչիւր օր մեր ժողովրդի համար ոգեկոչման եւ խնկարկման օր է, հոգեւոր երթ դէպի Հայրենիքում եւ Սփիւռքում վեր յառնած նահատակաց յուշարձաններ` ծնրադիր խոնարհումով աղօթք բարձրացնելու անշիրիմ մնացած մեր անմեղ զոհերի հոգիների համար, ովքեր մահն ընդունեցին` մերժելով հաւատուրացութիւն եւ ազգուրացութիւն: Յիրաւի, «Արդարների ճանապարհները նման են ծագող լոյսի, որն առաջնորդում եւ լուսաւորում է նրանց, մինչեւ որ օրը լրիւ լուսաւորի»:

1915 թուականին եւ հետագայ տարիներին օսմանեան Թուրքիայի կողմից իրագործուեց Ցեղասպանութիւն մեր ժողովրդի նկատմամբ: Արեւմտեան Հայաստանում` բնօրրան մեր Հայրենիքում եւ Թուրքիայի հայաշատ բնակավայրերում կազմակերպուած ջարդերին, սովին ու հիւանդութիւններին, որ իշխում էին բռնագաղթի ճանապարհներին, զոհ գնացին ազգիս մէկ եւ կէս միլիոն զաւակներ: Թալանուեց դարերով ստեղծուածը, արդար վաստակը մեր ժողովրդի: Խոնարհուեցին ու աւերուեցին հազարաւոր մեր վանքերն ու եկեղեցիները, ազգային հաստատութիւնները, դպրոցները, ոչնչացուեցին եւ կորստեան մատնուեցին մեր հոգեւոր ու մշակութային արժէքները: Հայաթափուեց Արեւմտեան Հայաստանը, որտեղ մեր ժողովուրդը հազարամեակներ` Նոյեան դարից ի վեր, ապրել, արարել եւ իր պատմութիւնն ու մշակոյթն է կերտել:

Մէկ դար առաջ, երբ հայրենազրկուած հայութեան բեկորները սփռուում էին ողջ աշխարհով, երբ Արեւելեան Հայաստանը կենաց եւ մահու գոյամարտ էր մղում թուրքական զաւթիչների դէմ, դժուար էր հաւատալ հայ ժողովրդի ապագային: Բայց այն ճառագեց: Մեր ժողովուրդը Տիրոջ շնորհով յառնեց մահուանից: Հայրենիքի փրկուած հողակտորի վրայ վերականգնեց պետականութիւնը, աւերակներից ու խլեակներից վերակերտեց հայրենի երկիրը, դարձրեց գիտութեան, կրթութեան, մշակոյթի, «լոյսի եւ յոյսի Հայրենիք»: Տարագիր հայութիւնը տարբեր երկրներում իր տունը կառուցեց, հայրենի ծուխը ծխեցրեց, ապրեցրեց ու բարձրացրեց իր հոգեւոր ու ազգային կեանքը: Որտեղ էլ ապրեցին մեր ժողովրդի զաւակները, հասան յաջողութիւնների, արժանացան յարգանքի, վստահութեան, ճանաչուեցին բարեխիղճ աշխատանքով, գիտութեանը, արուեստին, հասարակութեան բարօրութեանը բերած աւանդով: Այսպիսին է վերջին հարիւրամեակի պատմութիւնը մեր ժողովրդի` պատմութիւն մաքառումի եւ վերածննդի: Այսօր, հակառակ բոլոր դժուարութիւնների` մեր ժողովուրդը ամրապնդում է իր անկախ պետականութիւնը, կերտում իր ազատ նոր կեանքը եւ ազգային վերազարթօնքի յոյսերով, լաւատեսութեամբ ու վստահութեամբ նայում գալիքին:

Փառք Քեզ, բիւր փառք Քեզ, Տէր, «Քո սպառազինութեամբ պաշտպանեցիր մեզ» (Սաղ. Ե 13): Քո յոյսով, Տէր, մեր ժողովուրդը պայծառացաւ ու զօրացաւ: Քո լոյսով փայլեց մեր հոգու հանճարը, Քո զօրութեամբ ծնունդ առան մեր յաղթանակները: Ստեղծեցինք, երբ մեր ստեղծածը աւերեցին, ապրեցինք, երբ ուզեցին կորստեան մատնել մեզ: Դու, Տէր Աստուած մեր, կամեցար, որ ապրի ու բարձրանայ եղեռնագործ ծրագրով մահուան դատապարտուած մեր ժողովուրդը եւ մարդկութեան խղճի եւ միջազգային իրաւունքի առջեւ բարձրացնի ու պաշտպանի իր արդար դատը` ընդդէմ պիղատոսեան անտարբերութեան եւ Թուրքիոյ ոճրագործ ժխտողականութեան:

Արդարութեան համար` մինչեւ մեր դատի յաղթանակ, միասնաբարª Եկեղեցի, Ազգ եւ Պետութիւն, աննահանջ պիտի շարունակենք մեր պայքարը: Արդարութիւն է պահանջում մեր անմեղ զոհերի արիւնը, մեր ժողովրդի կրած տառապանքը, արդարութիւն են պահանջում մեր աւերակուած սրբութիւնները, մեր ժողովրդի ոտնահարուած իրաւունքները, նաեւ` կեղծուող եւ խեղաթիւրուող պատմութիւնը մեր ժողովրդի: Ցեղասպանութիւն վերապրած մեր ժողովուրդը հաւատացել եւ հաւատում է, որ տասնեակ երկրների, պետական, հասարակական կազմակերպութիւնների ու անհատների կողքին, ովքեր ճանաչել են Հայոց Ցեղասպանութիւնը, պիտի կանգնեն նորերը,  համոզումով, որ արդարութեան հաստատումը պայմանն ու երաշխիքն է թշնամանքից եւ բռնութիւնից զերծ խաղաղ աշխարհի:

Մէկ եւ կէս միլիոն մեր նահատակների յիշատակի առջեւ Մենք երախտագիտութեան Մեր խօսքն ենք վերստին ուղղում այն պետութիւններին, կազմակերպութիւններին եւ անձանց, ովքեր ճանաչել եւ դատապարտել են Հայոց Ցեղասպանութիւնը: Երախտագիտութիւն ենք յայտնում մեր ժողովրդի զաւակներին եղբայրաբար ընդունած երկրներին ու նրանց բարեսէր ժողովուրդներին: Մարդկութեան պատմութեան լուսաւոր էջեր են արդարութեան եւ մարդասիրութեան այսօրինակ դրսեւորումները, որ սերունդներից միշտ պիտի յիշուեն եւ միշտ գնահատուեն ու նպաստեն աշխարհի խաղաղ, անվտանգ, համերաշխ կեանքին:

Հայոց Հայրապետիս համար հոգեւոր մխիթարութիւն է ի լուր մեր ժողովրդեան ծանուցել, որ 2015 թ. ապրիլի 23-ին մեր Սուրբ Եկեղեցին` յընթացս սրբազան պատարագի, յատուկ արարողակարգով սրբերի շարքում է դասելու «վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց» նահատակութեան պսակն ընդունած իր զաւակներին` Ցեղասպանութեան նահատակ սրբերի յիշատակի օր հռչակելով ապրիլի 24-ը:

Շնորհընկալ ժողովուրդ հայոց, ա՛զգ նահատակ, ա՛զգ յարուցեալ. խրոխտ ապրիր, վստահ քայլիր, հայեացքդ տապանակիր Արարատին` աներկմիտ սրտով մեծ պահիր յոյսդ: Քեզ է ուղղուած մեր Տիրոջ խրախոյսն ու պատգամը. «Թէեւ քիչ զօրութիւն ունես, բայց պահեցիր իմ խօսքերը եւ չուրացար իմ անունը: …պահիր ինչ որ ունես, որպէսզի ոչ ոք չառնի քո պսակը» (Յայտն. Գ 8-11): Արդ, պահպանենք մեր ընթացքը Աստուծոյ առաջ արդար ու ճշմարիտ, հաւատքի հաստատուն ուղիներում, որ ծագող այգաբացի պէս ցրում է խաւարը եւ պարզում յոյսի հորիզոնները: Աստուծոյ հետ է մեր ճանապարհը, եւ հաւատքի կեանքը` մեր յաղթութիւնը: 100-րդ տարելիցը արդիւնաւորենք մեր ժողովրդի մէկդարեայ մաքառումի եւ վերածննդի ուղին արժեւորելով, որպէսզի մեր զաւակները ճանաչելով իրենց պապերի եւ հայրերի ապրելու եւ ստեղծելու հերոսական կամքը, յանուն ազգի եւ Հայրենիքի ստանձնած յանձնառութիւնները` կերտեն նոր պայծառ օրը հայրենի մեր երկրի ու աշխարհասփիւռ ժողովրդի: Մեր նահատակների յիշատակի ոգեկոչումը դարձնենք ուժ եւ զօրութիւն հոգեւոր, ազգային, հայրենական մեր կեանքին եւ Աստուծոյ ու մարդկանց առաջ արդար ընթացքով լուսաւորենք մեր ճանապարհը դէպի մեր իրաւունքների, մեր նուիրական իղձերի իրականացման հանգրուան:

Քրիստոսակառոյց նուիրական հոգեւոր կենտրոնում ազգիս, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Իջման Սուրբ Սեղանի առջեւ աղօթում ենք առ Աստուած` հայցելով խաղաղութիւն, ապահովութիւն եւ բարօրութիւն մեր Հայրենիքին, սիրեցեալ մեր ժողովրդին ի սփիւռս աշխարհի եւ անմայրամուտ լոյս ու հանգստութիւն` Ցեղասպանութեան մեր անմեղ նահատակների հոգիներին: Թող մարդկութեան կեանքում թագաւորեն սէրն ու եղբայրութիւնը, արդարութիւնն ու ճշմարտութիւնը, եւ արդարների ճանապարհները որպէս լոյս ծագեն, առաջնորդեն ու լուսաւորեն, մինչեւ լուսաւորուի նոր օրը խաղաղ ու երջանիկ աշխարհի:

Շնորհ, սէր եւ խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ մեզ եւ ընդ ամենեսեան. ամէն:

 

Օրհնութեամբ`

 

ԳԱՐԵԳԻՆ Բ

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    Կարդացի ՍՐԲԱՏԱՌ բառը վերնագրում ու մինչ էջի բացուելը մտածում էի՝ արդեօ՞ք այդ սրբատառը Մաշտոցի ուղղագրութեամբ է գրուած, թէ կոմունիստների խմբագրած ուղղագրութեամբ:

    Փա՜ռք Աստուծոյ, առաջին տարբերակն էր,,

  2. Թորոս Ալեքսանյան says:

    մեր անմեղ զոհերի հիշատակը նսեմացնելու առավել անհեթեթ բան չէր էլ կարելի մտածել: Տխմարությանը այլևս չափ ու սահման չկա, պատկերացնու՞մ եք թէ 1,5-ից 2 միլիոն մարդկանց մեջ որքան աթեիստներ են եղել, որոնց համար ամեն տիպի կրոն և հավատք ուղակի հիմարություններ էին, կամ որքան են եղել մարդիկ, որոնք կաթոլիկ էին կամ հունադավան, նույնիսկ եղել են բողոքականներ այն ժամանակվա հայության մեջ: էլ չեմ խոսում այն մարդկանց մասին, որոնք հետևորդն էին իրենց նախաքրիստոնեական պապերի հավատալիքներին, պատկերացրեք Հիսուսին հրեական խոլ աստված համարող, Հայկին, Վահագնին ու Անահիտին ձոներ նվիրող Վարուժանը շուտով դառնալու է Հայ Առաքելական Եկեղեցու սուրբ, առավել զազրելի ապուշություն չէի էլ կարող պատկերացնել… Հիմա խոսքս ուղղում եմ մեր տերտերներին – “Հարգելիներս, չի կարելի այդ աստիճան ծաղրել զոհերի հիշատակը, նրանք նահատակվեցին, որովհետև հայ էին, այլ ոչ թե ձեր հետևորդներն էին, ու վերջապես դուք դրանով վիրավորում եք անգամ ձեր հետևորդների զգացմունքները, չէ՞ որ ըստ քրիստոնեական ավանդական եկեղեցիների ուսմունքի, սուրբ կարող են համարվել այն մարդիկ, որոնք կենդանության օրոք հրաշքներ են գործել ու բժշկել են հիվանդներին, կամ այդ ամենը տեղի է ունեցել իրենց մահից հետո իրենցից մնացած մասունքների միջոցով. հիմա ինչէ ՞, մեր նահատակները բոլորը հրաշագործներ ու բժշկողնե՞ր էին: Կարճ ասած, հերիք է գժվեք, հերթական անգամ աշխարհին մի ծիծաղեցրեք ձեզ վրա, ամոթ է”

  3. Թորոս Ալեքսանյան says:

    հիմա կանդրադառնամ հարցի իրավական որոշ նրբություններին. ուրեմն առաջին հայացքից անմեղ թվացող տերտերների այս քայլը իրականում հեռուն գնացող դավադիր նպատակ ունի, դրանք հայոց ցեղասպանությունը ներկայացնելով որպես կրոնական համայնքի ցեղասպանություն, խաչ են քաշում այն հանգամանքի վրա, որ թուրքերը իրենց հովանավորների հետ միասին ցեղասպանությունը իրագործելով հենց մեր բնօրրանում՝ մեզ ուղղակի հայրենազրկել են, չէ՞ որ իրավական տեսանկյունից համայնքը ինչ որ երկրի ներսում էթնիկ կամ կրոնական խումբ է, որը չունի տարածք, իսկ ազգությունը, եթե անգամ այն փոքրամասնություն է կազմում տվյալ պետության մեջ, միևնույն է ունի իր տարածքը՝ իրենց կոմպակտ բնակության վայրը, այսինքն իրենց հայրենիքը, չէ որ լինում են դեպքեր, երբ ինչ որ ժողովուրդ իր հայրենիքով գտնվում է մի շատ ավելի մեծ պետության կազմում: Օրինակ չեչենները Ռուսաստանում ազգություն են, որովհետև նրանք Ռուսաստանի կազմում ունեն տարածք, նույնն է թէ հայրենիք, դա Չեչնյան է, ու եթե հանկարծ ռուսները որոշեն Չեչնյայի ինքնավարությունն էլ վերացնեն, միևնույնն է Չեչնյա երկիրը չի դադարի գոյություն ունենալուց, քանի դեռ այնտեղ չեչեններ են ապրում, նույնը Արևմտյան Հայաստանի դեպքում էր, այն չնայած չուներ ինքնավարություն Օսմանյան պետության կազմում, սակայն երկիր էր իր հայ ազգաբնակչւոթյունով, այսինքն Օսմանյան պետության մեջ հայությունը ազգություն էր այլ ոչ թէ ընդամենը հայ-քրիստոնեաներհ համայնք: Մենք համայնք ենք օրինակ ԱՄՆ-ում, Ռուսաստանում կամ ասենք Չնաստանում, որովհետև այդ պետությունների տարածքներում երբեք հայրենիք չենք ունեցել: Ահա ուրեմն մեր տերտերների այս քայլով մենք համաձայնվում ենք թուրքական այն ստի հետ, ըստ որի չի եղել և ոչ մի հայերի հայրենիք Արևելյան Անատոլիայում, այլ եղել է հայկական փոքրաթիվ համայնք, որը ապրել է տեղաբնիկ քրդերի, թուրքերի, ասորիների և որիշ շատ տարաբնույթ էթնիկ խմբերի հետ

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031