Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հայկական պոպուլիզմը

Մարտ 07,2015 12:30

Ես գիտեմ, որ այն, ինչ հիմա կասեմ, ընթերցողների մեծ մասին դուր չի գա: Բայց լրատվամիջոցները եւ քաղաքական գործիչները «դուրեկան» խոսքերի այնպիսի տարափ են թափում մարդկանց վրա, որ ինչ-որ մեկը պետք է ասի ճշմարտությունը: Մի ընդունեք դա, ընդվզեք դրա դեմ, մեղադրեք ինձ, բայց թող ձեր հոգու մի հեռավոր անկյունում փոքրիկ կասկած առաջանա, երբ հաջորդ անգամ լսեք պոպուլիստական ճառերը կամ որեւէ միջավայրում, ինքներդ ձեզ գրգռելով, կրկնեք դրանք:

1. Թոշակային համակարգի բարեփոխումն անպայման պետք է անցկացվի՝ այլ հարց է, թե ինչպես, ինչ հիմունքներով: Այն, ինչ մինչեւ հիմա էր առաջարկվում, թերի էր, լավ մտածված չէր, եւ դրա ապացույցն այն է, որ պետական ոլորտի երիտասարդների մեծ մասը չգիտի էլ, թե ինչպես է կուտակվում իրենց թոշակը: Բայց եթե բարեփոխումը չանցկացվի, ապա այսօրվա 30-40 տարեկանները լավագույն դեպքում ստանալու են չքավորի այն թոշակը, որը շուտով կստանան իմ հասակակիցները, եւ որը ստանում են մեր ծնողները: Իշխանությունը մեծագույն հաճույքով կհետաձգի այդ խնդիրների լուծումը եւս 10 կամ 20 տարով, եթե պոպուլիստները պարբերաբար պահանջեն, որ ամեն ինչ մնա նույնը: Ընդհակառակը՝ հասարակական եւ քաղաքական ուժերը պետք է պահանջեն անցկացնել այս բարեփոխումը:

2. Երեւանում քաղաքային տրանսպորտի ուղեվարձը պետք է բարձրանա՝ հակառակ դեպքում այդ շուկան մոտակա տարիներին կփլուզվի: Բայց պարզապես թանկացնելը ոչ մի օգուտ չի բերի՝ մենք կմնանք նույն հոտած ու քրքրված «Գազելներում» եւ կշարունակենք ընդունել նույն «շախմատային ձիու» դիրքը: Ոլորտը պետք է արմատապես բարեփոխվի՝ կառուցվի բոլորովին այլ սկզբունքներով: Իշխանությունը դարձյալ «մեծ սիրով» կփորձի այդ խնդրից խուսափել՝ նրան այս վիճակը ձեռնտու է: Սակայն ակտիվ երիտասարդները պետք է ոչ թե սպասեն՝ մինչեւ քաղաքապետարանը հայտարարի թանկացման մասին, եւ հետո դրա դեմ բողոքելով դուրս գան փողոց, այլ դրանից առաջ մասնագետների եւ հասարակական ուժերի հետ միասին վիճակից իրական ելքեր առաջարկեն:

3. Երթեւեկության կանոնները խախտող վարորդները պետք է պատժվեն՝ անկախ նրանից, թե այդ խախտումները ֆիքսում են ճանապարհային ոստիկաննե՞րը, թե՞ հատուկ միջոցները: Մարդիկ, որոնք «կայֆ են ստանում» «120-ի վրա» քշելուց, դրա համար չպիտի ունենան ոչ մի «քաղաքական» արդարացում եւ չպիտի վկայակոչեն մեր երկրում կատարվող այլ անօրինականությունները: Քաղաքական, հասարակական ուժերը, մտավորականները պետք է մարդկանց մղեն օրինապաշտության, ոչ թե «քաղաքականապես հիմնավորված» օրինազանցության:

4. Երեւանի նման մեծ քաղաքներում պետք է լինեն վճարովի ավտոկանգառներ, եւ պետք է լինեն տեղեր, որտեղ կանգառն ընդհանրապես արգելված է: Կարելի է, իհարկե, անկարգ վարորդների եւ հատկապես տաքսիստների սիրտը շահելու համար ամեն տեղ կանգնելու իրավունք պահանջել: Բայց իրականում պետք է պահանջել ավելի խիստ եւ ավելի հստակ կարգավորում:

Ամբոխավարության հայկական տարբերակի էությունը ոչ թե առաջ, այլ հետ գնալու կոչերի մեջ է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (17)

Պատասխանել

  1. Աբո says:

    1)Ինչ է թոշակը՝ աշխատող անձը, իր աշխատավարձի մի մասը տալիս է պետությանը, կամ մասնավոր Ֆինանսական համակարգի,Նրանք էլ այդ գումարներով ներդրումներ են կատարում,ասենք կառուցում են ինչ որ շահութաբեր գործարան,որի շահույթից ձեր հաշվին գումար է ավելացվում,որը տարիներ անց վերդարձվում է ձեզ ամսական թոշակի տեսքով:
    Իրակամում՝տարիներ անց այդ գործարանը կսարքեն բանկրոտ,կոպեկներով կգնեն,դե ձեզ էլ մի քանի կոպեկ կտան,որ յոլա գնաք:Կա ևս մի միջոց, թոշակային տարիքը կարող են բարձրացնել 70-75 տարեկան, և թոշակի կհասնի բնակչության 10-20 տոկոսը:
    2.« Երեւանում քաղաքային տրանսպորտի ուղեվարձը պետք է բարձրանա՝ հակառակ դեպքում այդ շուկան մոտակա տարիներին կփլուզվի»:Համաձայն եմ,պարզապես պետք է տուգանել այն վարորդներին,որոնք նստատեղերից ավել ուղեվորներ են վերցնում:Իհարկե է քաղաքացիներն էլ դա պետք է հասկանան և չնստեն:
    3-րդ և 4-րդ կետերի հետ լիովին համաձայն եմ:

  2. Atshak says:

    Սա իհարկե պոպուլիզմ չէ, սյլ լրիվ հակառակը: Սա մեծամասնությանը ամենուր ու ամեն ինչում հակադրվող մարդու հերթական հաթաթան է մեծամասնությանը:
    “Որակյալ” փոքրամասնության կազմում լինելու անդամատոմս ունենալը շատ առաքինի ու բարձր մի բան է երևում այդ “ակումբի” անդամներից շատերին:

  3. Ընթերցող says:

    հերթով.
    1. Պետք է ստեղծվի իրավական պետություն, երբ բոլորը հավասար են օրենքի առաջ: Յուրաքանչյուր մարդ, լինի դա նախագահ, նախագահի եղբայր, նահագահին սատարող տեղական բանդիտ, տարբեր կալիբրի նախարար, նազիր, վեզիր, բոլորը պետք է օրենքի առաջ պատասխան տան եթե օրենքի խատում անեն: Թվում է թե պարզ բաներ եմ, ասում և դու դա գիտեք: Բա եթե գիտեք, ինչու եք առաջարկում.
    ա) մտցնել կուտակային թոշակ, երբ մարդիկ համոզված են, որ իրենց ներդրումները պաշտպանված չեն: Տառապանքը փորձ ունի և մինչև հիմա չափից շատ դեպքերում իրենց ներդումները գողացվել են: Երբ նախկին գողերին կբռնեն, երբ մարդկանց ցույց կտան, որ հանցագործները հետագայում էլ կպատժվեն անկախ դիրքից, այն ժամանակ կարող եք առաջարկել թե դա անպայման պետք է արվի “միայն թե տեխնիկայի հարց է, թե ինչպես”: Չե տեխնիկայի հարց չի, իրավական պետություն ունենալ չունենալու հարց է:
    բ) բարձրացնել ուղեվարձը, երբ դուք տնտեսագետ չեք, ու չգիտես թե ինչ հաշվարկի հիման վրա եք պնդում որ “շուկան կքանդվի”: նախ շուկա չկա, եղած չեղածը մեջ մեջ են արել ներկայիս իշխանավորները իրենց շահույթ/գերշահույթն են հաշվում: ՈՒղեվարձի դեմ պայքարելը հենց ներկայիս նման իրավիճակի դեմ պայքրելու մի մասն է կազմում, երբ մեզ ասում են շուկան է պահանջում, մարդիկ էլ ասում են մեզ չհասկացողի տեղ մի դիր, շուկա չկա: նախ են ինչ որ հիմա կա, նման ձևով, հենց թող քանդվի: ռուսների ասած “սվյատո մեստո պուստո նե բիվայետ”: ձեր չսիրաց փոքրիկ հեղափոխություն: Առանց արյան, բայց հասկացնելով, ձեր մենաշնորհներին վերջ տվեք:
    գ) փող հավաքել կարգ խախտողներից, առանց բացատրելու թե տուգանքն ում գրպանն է գնում: հա ես երթևեկության կարգ խախտել եմ, բայց իրավունք ունեմ իմանալու թե իմ տուգանքն ով է վերցնում, ուր է գնում: ես պետության քաղաքացի եմ, ոչ թե ինչ որ մեկի ստրուկ, որ իրավունք ունենա վրես տուգանք դնի: թե չե ստացվում է, դու ճանապարհային երթևեկության կանոն ես խատել, ուրեմն վերջ, մեղավոր ես ամբողջ կյանքով, պտի հենց հիմա մուծվես ու սուս, քո գործը չի թե տվածդ փողն ուր է գնում: Մինչև մարդկանց չներկայացնեն, չապացուցեն, որ տվածս պետությանն է գնում, ես էլ իրավունք ունեմ ինչ որ “վաչիկի ու խաչիկի” փող տալուց հրաժարվել:
    դ) արդարացնել վճարովի կանգառները, երբ քաղաքը ինչ որ մեկի սեփականությունը չի, որ կարմիր գիծ քաշի ու ասի դե հիմա մուծվեք անձամբ ինձ, որովհետև ներկը փող արժի:

    Հերիք է մարդկանց հոպ անեն, վախացնեն թե բա այ մեղավոր ես մուծվի, աշխարհը կքանդվի մուծվի: Այն մարդիկ, որ չեն վախենա եդ հոպ-ստոպներից, կկառուցեն իրավական պետություն:

  4. Թրավիս says:

    Ցաւալին այն է թէ, այս յոդվածում գրվածը՝ նկատվում է որպէս անսովոր, արտակարգ, կարծես թէ անվայել ու անպատշաճ երեւոյթ…

    Տարրական ճշտմարտություններ պարզելը, խելքի, տրամաբանության եւ բանականության վրայ հիմնված խոսքերն ու կարծիքները, Հայաստանում, ոմանց համար՝ անընդունելի եւ ամոթալի շեղումներ են նկատվում, դաւաճանությո՛ւն, իսկ միւսներին համար՝ զարմանալի նորություն, արտակարգ դիպված…

    Ուրեմն, նորմը՝ սանձարակ ցնդաբանությունն է, լոկ յուզական պոռթկումներն են, անզուսպ կերպով արտայայտված,
    իսկ բացառությունը՝ խոհեմ, տրամաբանական եւ առողջ մտքերի արտայայտութունն է, հանդարտորեն պարզված:

    Խնդիրը նոյն բանն է՝ պիտի որ պատանին մեծանա…
    Հասունության ցաւագին գործընթաց…

    • Արսեն says:

      Ցավալին այն է, բարոն Թրավիս, որ այդ բոլոր կետերը, որ նշված են դրանք հասարակական համաձայնության և կարող են լուծվել միայն շատ բարձր (քան Հայաստանում է) իշխանությունների դեպքում (որ ինչպես գիտես, Հայաստանում 0-ից ցածր է)։ Այդպիսի իշխանության պայմաններում, որը չի ընտրվում, ոչ մի ձևով հասարակության առաջ պատասխանատու չէ իր որևէ գործողության համար՝ էդ ամեն ինչը զուտ ոստիկանական միջոցառումներ են։ Եթե ցուցարարներին լավ ծեծես, կենսաթոշակային էլ կհավաքես (մեկա վերադարձնել չեն կարող պատավորեցնել։ Իսկ եթե վերադարձնելու ժամանակ բողոքեն՝ մի հատ էլ էդ ժամանակ կծեծես՝ ինչ է եղել որ? ..))).. )
      Աֆրիկական ոչ մի երկիր «կուտակային» չունի։ (կարող ես ասել- ինչու?..)))..)։ Պետություն-հասարակություն հարաբերությունների բնույթով Հայաստանը այդ խմբից չի տարբերվում, ինչու հանկած, ինքը պետք է ունենա?
      Դու որ «նորմալ» երկրում ես տեսել, որ քաղաքային տրանսպորտային ծառայությունը իրականացնեն «գծատերերը»? ..))).. Փարիզում, ուր տրանսպորտի առանձին տոմսը արժի 2 €, (10 հատը՝ 14€)(գործում է տրանսպորտի գնի շատ ճկուն և ռեակտիվ համակարգ՝ կախված օգտվողի՝ այդ պահի նյութական դրությունից (կախված քո եկամուտներից՝ տրանսպորտը կարող է և ձրի լինել)) հասարակական տրանսպորտը՝ էլի դոտացիոն է։ Սպասարկվում է պետության կողմից և նպատակը փող աշխատելը չէ, այլ, ըստ հնարավորինս քաղաքը մասնավոր տրանսպորտից բեռնաթափելը։ Հասարակական տրանսպորտից, բոլոր երկրներում, օգտվում է բնակչության ոչ ունեվոր մասը, որի ձեռքին է քվեաթերթիկների մեծ մասը, և դա պետք է ամեն անգամ այդ թեմայով բերանը բացելուց՝ անպայման հաշվի առնել (բացի Հայաստանից …))).. այնտեղ քվեաթերթիկը արժեք չունի ..)))..)։
      Մի խոսքով, (մնացած կետերին չանրադառնամ) այդ բոլոր կետերը Հայաստանում կարելի իրականացնել որպես զուտ ոստիկանական միջոցառումներ… որոնք անհրաժեշտ են, բայց կան շատ ավելի անհրաժեշտ բաներ՝ որոնք չեն արվում…
      Պարոն Աբրահամյանը։, այս անգամ ուլտրառեալիստ դուրս եկավ..))).. չկարողանալով ձեռքը մտցնել իշխանությունը զավթած մարդկանց գրպանը (թաթիկին ցավոտ կխփեն), որոշեց, որ ավելի ռեալ է ձեռքը մտցնել սովորական բնակիչների գրպանը… Համաձայն եմ, դա ավելի ռեալ է, և հենց այդ երկրի երկիր չդառնալու պատճառներից մեկը հենց այն այն է, որ միշտ դա ավելի ռեալ է եղել և միշտ՝ հենց դա էլ արվել է…

  5. Սոնա says:

    Իսկ ինչ անել, որպեսզի հայաստանյան հեռուստաընկերությունները դուրս գան նախագահականի ՛՛կանտրոլից՛՛ և դադարեն խեղկատակությամբ զբաղվելուց? Դեռևս մի երկու տարի առաջ Ձեզ այդ թեման շատ էր հուզում պարոն Աբրահամյան, հաճախ էիք հեռուստաընկերություններին որակավորում ՛՛պատասխանատու՛՛ և նման այլ բառերով, մշտապես քննադատում էիք հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին և նրա նախագահին: Բայց վերջերս Դուք այդ թեման այլևս չեք արծարծում, չնայած նրան, որ վիճակը ոչնչով չի փոխվել: Հեռուստաընկերություններում նորից աշխատանք գտնելն է այդպես փոխել Ձեր վերաբերմունքը, թե Դուք այլևս չեք կարծում, որ հեռուստաընկերությունները ՛՛պատասխանատու՛՛ են? Ձեր նշած հարցերից ոչ պակաս կարևոր է ունենալ անկախ հեռուստաընկերություններ, որոնք կապահովեն բազմակարծություն և կդադարեցնեն մարդկանց ուղեղները լվանալու այդ վտանգավոր գործընթացը: Կուզեի, որ այդ հարցին ևս անդրադառնայիք

  6. Լավատես says:

    Ո՞վ է ընտանիքում գլխավոր հրամանատարը, ո՞վ է կազմակեպում ընտանիքի անվտանգությունն ու պատիվը, այդ մարդն իրավունք ունի՞ ընտանեկան քննարկումներից հետո հրամայի իր տնեցիներին ընտրություններին միաձայն քվեարկեն այսինչի օգտին, թե՞ ժողովրդավարություն խաղա՝ թե գնացեք ընտրեք ում ուզում եք։ Երբ ընտանիքում մեր հայկական օրենքներն իշխեն՝ հարգանք, վստահություն ընտանիքի պատասխանատուի հանդեպ ու նրա ասածների խստագույնս կատարում, սա է բոլոր խնդիրների լուծումը։

  7. Վ. Աբրահամյան says:

    Ժողովրդի մեջ հավատն է կորել, իսկ դրա վերականգնման բոլոր միջոցները պետության ձեռքում են: Դրանից հետո կարելի է խոսել կուտակայինի առավելությունների մասին:
    Թե չէ այն Իշխանությունը, որը «մեծագույն հաճույքով կհետաձգի այդ խնդիրների լուծումը եւս 10 կամ 20 տարով», առավել ևս գերագույն հաճույքով դրանք կյուրացնի:
    PS: Ես Կուտակային համակարգերին (պարտադիր և կամավոր) ամենամսյա փոխանցումներ եմ կատարում և վստահ եմ որ դրանք ապահով ձեռքերում են (բնակվում եմ ԱՄՆ-ում):

  8. Թրավիս says:

    Վերեւի մեկնաբանություններում, բաղդատականներ են կատարվում՝ Ֆրանսայի եւ ԱՄՆ-ի հետ:

    Իսկապես, լրջորեն, կարո՞ղ եք ասել, որ այդ երկիրներում պետական բոլոր դերակատարները, եւ միշտ՝ վստահելի, պարկեշտ, օրինապահ եւ խղճամիտ են… Թէ պետական բոլոր ծրագիրները արդար են, համայն ժողովուրդին համար միշտ օգտակար եւ նպաստաւոր… Լուրջ խոսենք…

    Յատկապէս այդ երկու երկիրներուն, մի շաբաթ չի անցնում՝ որ մի նոր գայթակղություն չյայտնաբերվի, պետական մակարդակի վրայ: Պաշտոնի շահագործում անձնական շահերի համար, անօրէն վարգագիծ, անբարոյություն, անզգամ եւ անտարբեր կեցվածք՝ քաղաքացիների նկատմամբ, եւայլն… Իսկ նոյնիսկ այդ շեղումներից դուրս՝ պարզապես անմիտ ծախսեր, պժգալի շռայլություն, պետական զարհուրելի մսխումներ, եւայլն. եւայլն. Եւ այս ամենը՝ լուրջ ու հաստատ փաստերով, ճշմարտության հաստատման կանոնաւոր գործընթացով եւ առարկայական ապացոյցներով, փաստացի հիմունքներով. եւ ոչ թէ, ինչպէս շատ յաճախ տեղի կ’ունենայ Հայաստանում՝ ըսի-ըսաւներով, աժան բամբասանքներով, հապճեպ վերագրումներով, մակերեսային տպաւորություններով, երեւակայական կամ անուղղամիտ զրպարտություններով…

    Անշուշտ թէ Հայաստանում կան թերություններ, որոնք պիտի որ սրբագրվեն: Սակայն այդտեղ չկան միա՛յն, բացառապես ու բացարձակապես՝ միայն թերություններ: Եւ նոյնն է պարագան աշխարհի բոլոր երկիրներում: Սակայն Հայաստանը ունի առաւելություններ, ներկայիս հիմնականորեն ոչ-նիւթական մակարդակի վրայ՝ դրական բացառիկ իւրայատկություններ, որ բնաւ չունեն միւս երկիրները, եւ երբեք չեն ունենալու:

    Երբ որ սկսենք ճիշտին՝ ճիշտ է ասել, իսկ սխալին՝ սխալ, լաւն ել տեսնենք, վատն ել տեսնենք, փոխանակ՝ բացարձակապես ամեն բան սխալ – եւ անսրբագրելի – նկատենք, փոխանակ լիովին ուրանանք նվազագոյն լաւը եւ տեւապես չափազանցենք վատը, այն ժամանակ՝ սկսելու ենք կամաց-կամաց ոտքի կանգնիլ:

    Իսկ թէ որ յիշյալ երկիրներում ամեն բան այդքան լուսավոր, այդքա՜ն վարդագոյն լիներ, ոնց որ ոմանք ներկայացնում – կամ երազում – են, բա ինչո՞ւ այդտեղ ոչ ոք գոհ չէ, ոչ ոք երջանիկ չէ…

  9. Տիգրան says:

    պարոն Աբրահամյան..Ձեր ոչ մի ասածին համամիտ չեմ ու ասեմ, թե ինչու..չնայած դրանից բան չի փոխվի` կարծում եմ ոչ Ձեր մտածելակեպում, ոչ էլ առավել եւս մեր կյանքում: Կենսաթոշակ: Ես չեմ մտածում կենսաթոշակի մասին: Ես հիմա չեմ կարողանում աշխատել, իմ երկրի կառավարման համակարգի միայն խոչընդոտներ է ստեղծում իմ աշխատելու համար: Իսկ Դուք ասում եք կենսաթոշակ: Թող թողնեն ես այսօր աշխատեմ, վաղվա իրենց թոշակը թող իրենց մնա: Ասում եք տրանսպոտի շուկա: Արդեն սխալ ձեւակերպում: Հասարակական տրանսպորտը չի կարող լինել շուկա: Հենց որ եղավ շուկա, կլինի այն, ինչ կա Հայաստանում ու գնի բարձրացումը, այո, կլինի ոստիկանական միջոցառում, ինչպես ասաց Արսենը: Տրանսպարտում չպետք է լինեն գծի տերեր: Դա՛ պիտի դուրս գա առաջին հերթին հայի մտածելակերպից: Տրանսպորտը պիտի լինի պետական ու նրա նպատակը երբեք չպետք է լինի փող աշխատելը, այլ մարդկանց արագ եւ մատչելի կերպով տեղափոխելը: Հենց որ այս մտածելակերպը իշխող դառնա Հայաստանում, տրանսպարտային խնդիրներն էլ ավելի հեշտ ու արագ լուծում կստանան: Ինչ վերաբերվում է երթեւեկության կանոնները խախտելուն, ապա նրանք, ովքեր խախտում էին, շարունակում են էլի խախտելը, քանզի նրանց համար, տարեկան անգամ 1 000 000 դրամ տուգանք վճարելը ոչինչ է: Եթե մարդը իր մեքենայի պետհամարանիշի համար վճարում է 5 000 000 դրամ, տարեկան 1 000 000 դրամ տուգանքը ինչ է: Ոչինչ: Այսինքն, նրա համար երթեւեկության կանոններ չկան: Չնայած մնացած խախտողներն էլի մի բարի պտուղ չեն: Ու այս հարցում ես համամիտ եմ Ընթերցող մեկնաբանի հետ: Նույնը եւ կարմիր գծերի մասին: Հայաստանում վճարովի է արգելակելը: Մինչդեռ վճարովի պետք է լինեն այն կայանատեղիները, որոնց վրա «մուշտարին» շատ է ու պետք է լինի այնպիսի համակարգ, որ մարդը շահագրգռված լինի շուտ հանելու մեքենան, որ ուրիշն էլ կարողանա կայանի: Իսկ մեզանում դա բիզնեսի ձեւ է: Մի խոսքով ասում խոսում ենք, էլի, միեւնույն է, սրանից բան չի փոխվի: Ես որ հոգնել եմ ու դարձել անտարբեր: Միակ այսպես կոչված պայքարի տեղս Առավոտի էջերն են, որ երբեմն գրում եմ:

  10. Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

    Այս հոդվածի տակ պոպուլիստական նվնվոցը զարմանալիորեն քիչ էր: Ավելիին էի սպասում:

    • Արսեն says:

      Պոպուլիստը նա չէ, ով լինելով սովորական մարդ, իր դժգոհությունը, անվստահությունն ու վախն է հայտնում ձեր առաջարկած «միջոցառումներին», որոնք ավելացնելու են իր ծսխսերը՝ դիմացը ոչինչ չառաջարկելով… այլ այն քաղաքական գործիչը, որը շահագործելով հասարակության վախերը, հույսերը ևն, առաջարկում է դրան համապատասխան ծրագիր՝ իշխանության գալու կամ ինչ-որ գործողությունների դրդելու, իմանալով, որ դրանք ինքը չի իրագործելու կամ դրանք իրագործելի չեն…
      Հայկական իրականության մեջ (վերջին շրջան) պոպուլիստ են Լևոնն ու Գագոն… Սերժը՝ ընտրություններին։
      Դուք այստեղ որտեղ իշխանության հավակնորդներ տեսաք, որ պոպուլիզմից եք խոսում?
      Իսկ «պոպուլիստական նվնվոց» բնության մեջ ընդհանրապես չի լինում…
      Դուք դա չգիտեիք, թե, էլի, դիտմամբ մարդկանց շփոթության մեջ եք գցում?

  11. Մարդ says:

    Այս 4 կետերը կարելի է թարգմանել « ժողովուրդ, նաղդ փող ա պետք» . Թե չե ……………

  12. Ruben says:

    Քանի՞ տոկոսանոց հայ եք…

  13. Արմեն says:

    Էլեմենտար հարցեր են թվարկված Ա. Աբրահամյանի կողմից: Դրանից ավելի պարզ հարցեր չկան իրականում: Ես չեմ պնդի, որ քննարկողների տեսակետը ամբողջ ՀՀ քաղաքացիների տեսակետն է, սակայն բոլոր բակերում նարդի կամ բլոտ խաղացող մարդկանց դատողությունները ես այս արձագանքներում կարդացի: Իսկ թե ինչքան տգետ մտքեր մարդ կարող է լսել նարդի խաղացողներից այսօրվա…. թող ու փախի:
    Փողոցի, պատերի տակի, խոսակցությունների ցածր մակարդակ:
    Այս ամենը մի պարզ հետևության է բերում: ՀՀ քաղաքացիները ոչնչով հետաքրքրված չեն, ոչ մի բանի մասին իրականում չեն մտորում, ուսւոմնասիրում, իրենց գիտելիքների մասին ունեն անսահման սխալ (մեծամտողի) գնահատական: Ցավոք գիտեմ նաև, որ վիրավորելն էլ օգուտ չի տալու:
    Սարսափելին նրանում է, որ այս վերջին 25 տարվա մեջ, Հայաստանաբնակները ոչ մի հարցի մասին ճիշտ եզրակացությանը բացարձակ չեն մոտեցել իրենց դատողություններով:
    Բոլորն ունեն ազգականներ աշխարհի տարբեր երկրներում ու ոչ ոք ձեզանից չի հետաքրքրվել անգամ թե ինչ բան է կուտակային համակարգը, ոչ ոք ձեզանից չի բացել ու կարդացել օրենքները, ոչ ոք ձեզանից չի լսել ու չի ընկալել օրենքների մեկնաբանությունները: Այս ամենը շատ պարզ երևում է ձեր արձագանքներից ու շատ հստակ է երևում:

  14. հայ-հայ says:

    88 թվի Փետրվարին առաջին մեծ ցույցերից մեկն էր հիմիկվա Ազգային Ժողովի շենքի դիմաց։ Դոլգիխն ու Լուկյանովն էին եկել պոլիտբյուրոյի կողմից լիազորված, որ «մի խումբ էքստրեմիստներին» հանդարտացնեն։ Բաղրամյանը փակել էինք։ Մեկի ձեռքից շիշը ընկավ ու կոտրվեց։ Ժողովուրդը փողոցի մեջտեղից ապակու կտորները մեկիկ-մեկիկ փոխանցեցին ու գցեցին աղբամանը։ Էն ժամանակ մեզ տեր էինք զգում։ Նույն ժողովուրդն ա, հո լուսնից չեն իջել բնակիչները։ ՈՒղղակի հիմա մի ստվար զանգված, հատկապես մերձիշխանական մասսան, իրեն տնվոր է զգում. համապատասխան էլ վարքով ապրում։ Արամ ջան, էս ամենի մեջ դու էլ քո պոպուլիստական լուման ես ներդրել ժամանակին։ Մենակ չասես, որ պետական բարձր պաշտոնի եղած ժամանակ «резал правду матку» և չես զբաղվել պոպուլիզմով, իմա՝ ամբոխահաճությամբ։ Մի քիչ կոշտ ստացվեց, բայց նույնիսկ եթե չհրապարակեք սա՝ էլի շնորհակալ եմ, որ հոդվածդ առիթ եղավ էն լուսավոր օրերը վերհիշելու։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031