Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Կապանում բրուցելոզով առաջին հիվանդը գրանցվել էր փետրվարի 20-ին, սակայն անգամ մեկ շաբաթ անց ոչ ոք չէր բարձրաձայնել դրա մասին»

Մարտ 16,2015 14:13

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանն այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում, անդրադառնալով սպառողների իրավունքների պաշտպանվածությանը, նշեց, որ սպառողի իրավունքի պաշտպանությունը սպառող եւ տնտեսվարող իրավահարաբերությունն է, որտեղ անելիք ունեն թե՛ պետական եւ թե՛ հասարակական սեկտորը: Ըստ Բաբկեն Պիպոյանի՝ եթե աշխարհի այլ երկրներում հասարակական սեկտորն օժտված է տարբեր լծակներով, ապա մեր երկրում հասարակական սեկտորին այդ լծակները գրեթե տրված չեն:

«Հայաստանում հասարակական սեկտորն է հայտնաբերում խնդիրը եւ տեղեկացնում պետական ապարատին՝ այն լուծելու համար, մինչդեռ աշխարհի տրամաբանությունը լրիվ հակառակ ուղղությունն ունի՝ պետական ապարատը գտնում է պրոբլեմը, տեղեկացնում հասարակական կազմակերպություններին եւ ասում՝ դարձրեք հանրային սեփականություն: Հասարակական սեկտորը չպիտի քննադատի պատկան մարմիններին, սակայն մենք պատկան մարմիններին քննադատում ենք ոչ թե նրա համար, որ պրոբլեմը կա, այլ նրա համար, որ մենք իր գործի գերակշռող մասն անում ենք, ասում գնա, խնդիրը վերջնական լուծումը տուր, սակայն այն վերջնական լուծումը չի տալիս»,- վստահ է պրն Պիպոյանը:

Հասարակական վերահսկողությունը, ըստ պրն Պիպոյանի, երկրում 100 տոկոսանոց չէ, սակայն անհամեմատելի աճ է գրանցում. «Միայն սոցիալական ցանցերի եւ լրատվամիջոցների հանրային վերահսկողության կոմպոնենտը էականորեն բարձրացել է»: Մինչդեռ պետական աջակցությունը եւ վերահսկողությունը բացակայում է: Բանախոսը օրինակ է բերում ջերմոցային տնտեսության նկատմամբ պետական աջակցության բացակայությունը, երբ թուրքական լոլիկը վաճառում են տեղականի փոխարեն. «Եթե մեր երկրում հայրենական արտադրանքը  ներկրվածից հնարավոր չէ տարանջատել, մենք ջերմոցային տնտեսություն ուղղակի չենք կարող զարգացնել: Դրա համար չկա բավարար պրոֆեսիոնալիզմ: Պետական աջակցության համար միայն կամքը բավարար չէ, պետք է ծանոթ լինել միջազգային փորձին»:

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» կազմակերպությունը մարտ ամսվա սկզբին ահազանգ էր ստացել, որ Կապանի սպանդանոցի աշխատակիցների մոտ հայտնաբերվել է բրուցելոզ հիվանդություն: Այսօր ասուլիսին, անդրադառալով խնդրին, Բաբկեն Պիպոյանը տեղեկացրեց, որ 15 մարդ դեռեւս պառկած է հիվանդանոցում, իսկ ընդհանուր առմամբ 18 հիվանդ է գրանցվել. «Առաջին հիվանդը գրանցվել էր փետրվարի 20-ին, եւ մեկ շաբաթ հետո անգամ ոչ ոք չի բարձրաձայնել դրա մասին:  Ո՞ւմ էին սպասում այսքան ժամանակ: Այսօր այդ սպանադանոցի աշխատակիցների տները պետք է գնալ՝ հասկանալու իրենց տանը հիվանդ մարդիկ կան, թե ոչ: Բժիշկի խոսքով՝ եթե ուսումնասիրեն, ապա ավելի մեծ թվով հիվանդներ կհայտնաբերեն»:

Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ սպանդանոցում մորթել են ուղեկցող փաստաթղթերից ելնելով. «Պետության կողմից տրված ուղեկցող փաստաթղթերով կենդանին առողջ է եղել, բայց իրականում՝ ինչքա՞ն են ստացել, արդյո՞ք միայն դա են մորթել, միայն թղթերի ուսումնասիրությունից հետո կերեւա»: Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ այդ միսը տեղական շուկա չի մտել, դա արվել է միայն Իրան արտահանելու համար: Այսինքն բրուցելոզով վարակվել են միայն աշխատակիցները:

Դեպքի համար, ըստ պրն Պիպոյանի, պատասխանատու է թե՛ գյուղատնտեսության նախարարությունը, թե՛ առողջապահության նախարարությունը եւ թե՛ սննդի անվտանգության պետական ծառայությունը.«Մեզ սննդի անվտագության ծառայությունից վստահեցնում են, որ ստուգումներ են իրականացրել, սակայն մինչեւ մեր ձեռքին փաստաթուղթ չհայտնվի, մենք չենք հավատա»:

«Սպանդանոցի մյուս աշխատակիցները մինչ օրս ստուգված չեն, եւ մենք չգիտենք, նրանք առողջ են, թե ոչ: Ի վերջո մինչ ուրբաթ օրը երեկոյան, մինչ մեր տեղեկացնելը, հայտարարությամբ հանդես չէր եկել գյուղատնտեսության նախարարությունը: Նախարարությունը 20 օր առաջ արձանագրված դեպքի համար ոչինչ չի ասել: Եվ ի վերջո մենք մինչ օրս չգիտենք այդ կենդանիները վակցինացված են, թե ոչ: Թղթի վրա արձանագրվում են հիվանդ կենդանիներ, սակայն չեն մորթվում, բազմանում են եւ հասցնում այս վիճակին»,-պարզաբանում է պրն Պիպոյանը:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031