Լրահոս
Օրվա լրահոսը

«Oլիգարխներից ոչ մեկը չի համարձակվի ընդդիմությանը ֆինանսավորել»

Մարտ 18,2015 16:30

Ըստ քաղաքագետ Արմեն Գրիգորյանի` ԲՀԿ կազմաքանդումը տրամաբանական է,
քանի որ ԲՀԿ-ն ստեղծվել էր որպես իշխանության ձեւական այլընտրանք:

– Ի՞նչ տեղի ունեցավ փետրվարի 12-ին` Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո Հայաստանի քաղաքական դաշտում: Արդյոք գործող իշխանությունն այդպիսով իրեն վտանգի չենթարկե՞ց: Այդ ելույթին հաջորդած իրադարձությունները` ԲՀԿ-ի կազմաքանդումը, կարելի՞ է անակնկալ համարել:

– Ժամանակին կոալիցիայի իմիտացիայի նպատակով ՀՀԿ-ի մի մասի հիման վրա ստեղծված ԲՀԿ-ն ջախջախվեց, քանի որ Գ. Ծառուկյանի շրջապատն իրեն համոզել էր, որ ինքը կարող է ԲՀԿ-ի ի սկզբանե նախատեսված գործառույթի շրջանակից դուրս լուրջ քաղաքական ամբիցիաներ ունենալ: Վերջին ժամանակաշրջանի նրա գործունեությունն ակնհայտորեն սկսել էր նյարդայնացնել իշխանությանը. ի վերջո՝ եկավ մի պահ, երբ ռեժիմի հակազդեցությանը չհանդիպելու դեպքում Գ. Ծառուկյանը պետք է սկսեր տարբեր պաշտոնյաների քաշել իր կողմը` երկիշխանության վտանգ ստեղծելով: Բացի այդ, իշխանության կտրուկ հակազդեցությանը, հավանաբար, նպաստեց ԲՀԿ-ի պատվիրակության՝ փետրվարի 9-10-ին Մոսկվա կատարած այցը` նույնպես մոտալուտ երկիշխանության տպավորություն ստեղծելով: Երկիշխանություն թույլ տալը հղի է ցանկացած ռեժիմի փլուզման վտանգով, իսկ քրեաօլիգարխիկ ռեժիմի պայմաններում` առավել եւս, քանի որ առաջանում է թե ռեժիմի հենարանների` կրիմինալի եւ ուժային կառույցների (այստեղ հակասություն չկա, քանի որ կրիմինալի դեմ պայքարելու գործառույթը չկատարող ուժային կառույցներն այլասերվում են` իրենք ստանձնելով կրիմինալի գործառույթները), թե արտաքին (մոսկովյան) «տանիքի» օժանդակությունից զրկվելու, այսպես ասած՝ «կարգալույծ» լինելու վտանգ: «Պախանը» պետք է միակը լինի եւ մրցակիցներին ոչնչացնի, այլապես իրեն կոչնչացնեն:

Armen-Grigoryan

Իհարկե, Ս. Սարգսյանի քայլը ռիսկային էր. եթե Գ. Ծառուկյանը չհապաղեր եւ անմիջապես մի քանի տասնյակ հազար ցուցարարների հավաքեր` չսպասելով մինչեւ փետրվարի 20-ը, երկիշխանության իրավիճակն իրական կդառնար: Բայց նման ռիսկի չդիմելու դեպքում Ս. Սարգսյանն ավելի մեծ վտանգի կենթարկվեր` ուղղակի մի փոքր ուշ: Իսկ այժմ նա լուծեց եւս մի կարեւոր հարց. տեսանելի ապագայում օլիգարխներից ոչ մեկը չի համարձակվի ընդդիմությանը ֆինանսավորել:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի կազմաքանդմանը, այն, ըստ էության, անակնկալ չէր. ԲՀԿ-ն անմիջապես լքեցին պատեհապաշտները, ովքեր ինչ-ինչ պայմաններով ձեռք էին բերել պատգամավորական մանդատ` ոչ ՀՀԿ-ի կազմում: Հետագա կազմաքանդումն էլ տրամաբանական է` հաշվի առնելով, որ ԲՀԿ-ն ստեղծվել էր որպես իշխանության մի թեւ` ձեւական այլընտրանք, եւ առանց խոշոր ֆինանսավորման ու իշխանամերձ կարգավիճակի բարիքներից օգտվելու ակնկալիքի այն իր իսկ անդամներից շատերի համար հետաքրքրություն չի ներկայացնում:

– Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանությունից հետո Ռուսաստանում տիրող տրամադրությունները կարո՞ղ են հանգեցնել համակարգային փոփոխությունների իրականացման պահանջի ձեւավորման:

– Պուտինի վարչակարգի նախաձեռնությամբ ռուսաստանյան օրենսդրական դաշտի փոփոխությունների արդյունքում լայնածավալ բողոքի գործողությունները գրեթե անհնար են դարձել, ընտրական համակարգն էլ բացառում է ընդդիմության մուտքը Պետական դումա: Առավել եւս, եթե հաշվի առնենք, որ Բ. Նեմցովի ցուցադրական սպանությունից հետո ահաբեկչությունը սովորական քաղաքական գործիք կարող է դառնալ` քաղաքական գործիչների շրջանակում բացահայտ ռիսկի դիմելու ցանկացողների քանակը մեծ չի լինի:

Ռուսաստանում վարչախմբի փոփոխության հավանականությունն այժմ հիմնականում պայմանավորված է վերնախավի որոշ հատվածում առկա դժգոհությամբ` Վ. Պուտինի քաղաքականության հետեւանքով խոշոր նյութական վնասների պատճառով, ինչպես նաեւ այդ դժգոհ հատվածի՝ ուժային կառույցներում համակիրներ գտնելու ունակությամբ: Մյուս կողմից՝ այդ իսկ պատճառով պետք է ակնկալել, որ վարչախումբը որոշ ուժային կառույցների ղեկավարության փոփոխության գործընթաց կնախաձեռնի` միաժամանակ բռնաճնշումների ենթարկելով եւ հարստահարելով այն օլիգարխներին, որոնց հավատարմությունը կարող է կասկած հարուցել:

– Մայիսին Ռիգայում կայանալու է ԵՄ գագաթնաժողովը, եվրոպացի պաշտոնյաները շեշտում են, թե Ռիգայի գագաթնաժողովից անհրաժեշտ է իրատեսական ակնկալիքներ ունենալ, եւ ԵՄ-ն Հայաստանից չի հեռանալու: Մեր երկրի` ԵՏՄ-ին միանալու պայմաններում ի՞նչ եք կարծում՝ եվրոպացիների նման ակտիվությունն ու նույնիսկ հանդուրժողական վերաբերմունքը ինչի՞ մասին է վկայում:

– ԵՄ-ի լատվիական նախագահության նպատակներից մեկը տարբերակված մոտեցման միջոցով Արեւելյան գործընկերության մասնակից երկրների հետ առավելագույնս սերտ հարաբերություններ պահպանելն է: Արեւելյան գործընկերության շրջանակում Հայաստանն արդեն հայտնվել է Ադրբեջանի եւ Բելառուսի հետ նույն մակարդակում, սակայն ԵՄ-ն դեռեւս առաջարկում է որոշ ոլորտներում բարեփոխումներ իրականացնել` իր օժանդակությամբ:

Չնայած ԵՄ-ի հետ մերձեցման անհրաժեշտությանը` դժվար է գնահատել, թե որքանով է եվրոպացի պաշտոնյաների մոտեցումն իրատեսական: Մասնավորապես, իրենք նախատեսում են օժանդակել փոքր բիզնեսի զարգացմանը, որի դեպքում հաջողության հասնելու առումով կասկածներ են առաջանում` հաշվի առնելով ոչ միայն ոլորտի ներկայիս վիճակը, այլեւ առկա զարգացման տենդենցը: Այլ ոլորտների առաջարկվող բարեփոխումների առումով եւս դժվար է առաջխաղացման հնարավորությամբ վստահ լինել` կոռուպցիայի եւ առհասարակ` տիրող բարքերի պատճառով:

Սակայն ամենակարեւորը, թերեւս, այն է, որ ԵՄ-ն շարունակում է Հայաստանին վերաբերվել որպես ռացիոնալ, իր շահերով առաջնորդվող խաղացողի` հույս ունենալով, որ Ռուսաստանի նկատմամբ հավատարմությունը եւ ռուսական շահերի գերակայությունն այս անգամ որոշիչ չեն դառնա: Մինչդեռ, ինչպես նշել են հայ պաշտոնյաներից ոմանք, առայժմ ընդամենը «մտքերի փոխանակում» է տեղի ունենում. այդ դեպքում մինչեւ Ռիգայի գագաթնաժողովը մնացած երկու ամսում բանակցություններն ավարտին հասցնելու եւ համաձայնագիրը ստորագրելու հավանականությունը փոքր է: Հավանական է, որ Հայաստանի իշխանությունը պարզապես ժամանակ կձգի` «մտքերի փոխանակման» գործընթացից առաջ չանցնելով, որպեսզի ավելորդ անգամ ցույց չտա, որ կրկին Մոսկվայից ստացված ցուցումներով է առաջնորդվում:

– Կարծում եք, որ իշխանությունները ԵՄ-ի հետ լուրջ բանակցությունների գնալու, կոնկրետ փաստաթուղթ ընդունելու համար պետք է ստանան ՌԴ իշխանությունների համաձայնությո՞ւնը:

– Առանց Ռուսաստանի թույլտվության Հայաստանը բանակցություններ չի վերսկսի, մինչդեռ հայտնի է Արեւելյան գործընկերության շրջանակում Հայաստան-ԵՄ մերձեցման նկատմամբ Ռուսաստանի բացասական վերաբերմունքի մասին: Վերջերս նման դիրքորոշում էր արտահայտել նաեւ Կ. Կոսաչովը` կրկին առաջ քաշելով այն թեզը, որ ԵՄ-ի կողմից «կամ-կամ» մոտեցում էր առաջարկվել: Անցած շաբաթ էլ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Շ. Թորոսյանը ռուսական քարոզչության այդ կեղծիքը կրկնող հերթական պաշտոնյան դարձավ: Իրականում խնդիրը հետեւյալն է. միաժամանակ ստորագրել ԵՄ-ի հետ ազատ առեւտրի պայմանագիրը եւ միանալ Եվրասիական միությանը հնարավոր չէր՝ մասնավորապես այն պատճառով, որ առաջինի դեպքում ԵՄ-ից ապրանքների ներկրումը պետք է ազատականացվեր, իսկ երկրորդի դեպքում ընդհակառակը` մաքսատուրքերն ավելանային: Բայց ամենակարեւոր, սկզբունքային խնդիրը սա է` ԵՄ-ի հետ ազատ առեւտրի պայմանագրով չէր արգելվելու երկկողմանի ազատ առեւտրի ռեժիմ ունենալ նաեւ երրորդ կողմ հանդիսացող ցանկացած երկրի հետ, այսինքն` մինչ այդ ԱՊՀ-ի շրջանակում Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի հետ եղած առեւտրային ռեժիմը կարելի էր պահպանել: Մինչդեռ այժմ Եվրասիական միության անդամ չհանդիսացող երկրների հետ այլեւս հնարավոր չէ ազատ առեւտրի ռեժիմ ունենալ:

Եվս մի կարեւոր հանգամանք. ԲՀԿ-ի ջախջախմամբ սկիզբ առած ռեժիմի կոնսոլիդացիան, հավանաբար, գաղափարական առումով որոշ չափով կհենվի նաեւ հայդատականության վրա: Դա բխում է հայ-թուրքական արձանագրություններից հրաժարվելու եւ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայդատական բնույթ ունեցող հռչակագիր ընդունելու տրամաբանությունից, որի մեջ տեղավորվում է նաեւ Ս. Սարգսյան-ՀՅԴ նախատեսվող համագործակցությունը: Իսկ Թուրքիայի հետ հարաբերություններում նոր լարվածության առաջացումը, այն էլ միջազգային իրավունքի առումով չհիմնավորված (հետեւաբար` միջազգային ատյանների համար ոչ ընկալելի) հայդատական մոտեցման հիման վրա, կհանգեցնի Հայաստանի մեկուսացման ուժեղացմանը, հետեւաբար նաեւ Ռուսաստանի ազդեցության լրացուցիչ աճին` բնականաբար «անվտանգության երաշխավորի» կերպարով:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031