Լրահոս
Օրվա լրահոսը

Սպառողին վաճառված դռները կորացել էին եւ հնարավոր չէր փակել

Մարտ 27,2015 14:30

Անորակ ապակե դռներ եւ պատուհաններ
վաճառելու հետեւանքով սպառողին պատճառված վնասի գործով

Հասմիկ Մելքոնյանի հայցն անցյալ տարվա մարտի 20-ին ընդունվել էր Շիրակի մարզի դատարանի վարույթ:

Այդ գործով նշանակվել էին դատաշինարարատեխնիկական եւ նյութաապրանքագիտական փորձաքննություններ: Իսկ դատարանի 2014թ. հոկտեմբերի 3-ի որոշմամբ բավարարվել էր հայցվոր կողմի միջնորդությունը եւ որպես հայցի ապահովում՝ հայցագնի չափով արգելանք էր դրվել պատասխանող Արման Պետրոսյանին պատկանող գույքի եւ դրամական միջոցների վրա:

Դատարանն, ի վերջո, քննության արդյունքում հայցը բավարարել էր մասնակիորեն. Արման Պետրոսյանից հօգուտ Հասմիկ Մելքոնյանի 675 000 ՀՀ դրամի չափով բռնագանձելու որոշում էր կայացրել, որպես վերադարձվող անպատշաճ որակի ապրանքի համար վճարված գումար:

Երեկ քաղաքացիական վերաքննիչ դատարանում բողոքի քննությունն էր նշանակվել:
Քաղաքացին դատարանին հայտնել էր, որ Արման Պետրոսյանից, ով ներկայացել է որպես «ԹՈՒՐՎԱՆԴ» ՍՊ ընկերության աշխատակից, պատվիրել է անհատական օգտագործման ապակե դռներ եւ պատուհաններ, որոնք պետք է տեղադրվեին իր բնակարանի մուտքերին:
Արման Պետրոսյանը կազմել էր նախահաշիվ, համաձայն որի՝ քաղաքացին պետք է վճարեր 685 000 ՀՀ դրամ: Նշված գումարից 300 000 ՀՀ դրամը վճարել է նախապես, իսկ մնացած 385 000 ՀՀ դրամը վճարել է այն ժամանակ, երբ գնած դռներն ու պատուհանները տեղադրվել են իր հասցեում:

Ըստ քաղաքացու, երբ անշարժ գույքը վարձակալության պայմանագրով փորձել է տրամադրել տարբեր անձանց, վերջիններս հրաժարվել են իր հետ կնքել պայմանագիր եւ վճարել վարձավճար: «Համապատասխանողների կողմից վաճառված դռները կորացել էին եւ դրանք հնարավոր չէր փակել: Վաճառված գույքի թերությունների մասին, դրանց ի հայտ գալուց հետո անհապաղ զգուշացրել է վաճառողներին, սակայն նրանք հրաժարվել են ուղղելու իրենց իսկ կողմից վաճառված գույքի թերությունները` իրեն ընդամենը մերկապարանոց խոստումներ տալով՝ դրանք ուղղել 2014թ. ամռանը»,- նշել էր գնորդը:
Սպառողը հղում անելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի մի շարք հոդվածների դրույթներին, հայտնել էր, որ պատասխանողներն իրեն վաճառել են «անպիտան որակի» ապրանք, որը որպես մանրածախ առուվաճառքի գործարքի առարկա չէր կարող հանդես գալ, եթե լիներ այն դեֆորմացված վիճակում, ինչ ներկայումս է, ինչով ստացել են եկամուտ 685 000 ՀՀ դրամի չափով, իսկ ինքը նույնանման ապրանք ձեռք բերելու համար պետք է կրի առնվազն նույն չափի վնաս` նոր պիտանի դռներ եւ պատուհաններ ձեռք բերելու համար:
Պատասխանող «ԹՈՒՐՎԱՆԴ» ՍՊ ընկերությունը հակառակ փաստարկներն էր ներկայացրել:

Ընկերությունը դատարանին տեղեկացրել էր, որ գործով երկրորդ պատասխանող Արման Պետրոսյանը չի հանդիսանում իրենց աշխատակիցը, եւ որ հայցվոր-քաղաքացին էլ «ԹՈՒՐՎԱՆԴ» ընկերության հետ որեւէ գործարք չի կնքել, ընկերությունը Հ. Մելքոնյանի համար շինարարական աշխատանքներ չի կատարել, որեւէ գույք չի վաճառել եւ ծառայություններ չի մատուցել:

Արման Պետրոսյանը հայցադիմումին գրավոր պատասխան չէր ներկայացրել, իսկ առաջին ատյանի դատարանում, ըստ գործի նյութերի, հայտնել է, թե ինքը «ԹՈՒՐՎԱՆԴ» ՍՊ ընկերությունում չի աշխատել, ոչ էլ այդ ընկերության միջոցով աշխատանքներ է իրականացրել կամ իրականացնում:

Նա հաստատել էր, որ «հայցվորի հետ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել» նրան պատկանող բնակարանում դռներ եւ վիտրաժներ տեղադրելու հարցում:
Երկրորդ պատասխանողը տեղեկացրել էր նաեւ, որ Երեւանում գտնվող «ԱՍԵԴԼ» ֆիրմայից գնել է համապատասխան շինանյութ ապրանքը, տեղափոխել Գյումրի եւ այդտեղ վարձելով անհատ անձանց, նրանց հետ միասին տեղադրել է այդ դռներն ու վիտրաժները: «Իրոք, այդ ապրանքը տեղադրելուց հետո որոշակի թերություններ են ի հայտ եկել, որոնք ինքը փորձել է ուղղել, սակայն ցրտի պատճառով նորից այդ թերությունները կրկնվել են»,- նշել էր Ա. Պետրոսյանը: Ըստ փորձագետի՝ «դռները եւ վիտրաժները իրենց ապրանքային տեսքով ներկայումս ծառայում են իրենց նշանակության, ուստի չի կարող նաեւ դրանց պատճառով հայցվորը որեւէ վնաս կրել»:

Դատարանն արձանագրել էր, որ Հասմիկ Մելքոնյանի եւ պատասխանող Արման Պետրոսյանի միջեւ կնքվել է կենցաղային կապալի պայմանագրի պայմաններին համապատասխանող բանավոր գործարք, ըստ որի՝ հայցվորը պատասխանողին մաս-մաս վճարելով ընդամենը 675 000 ՀՀ դրամ, վերջինիս հանձնարարել է Գյումրիում գտնվող երկհարկանի տաղավար շինության ճակատային մասի մուտքերի համար նախատեսված բացվածքներում պատրաստել եւ տեղադրել ապակեպատ դռներ եւ վիտրաժներ:
Նույն ժամանակամիջոցում պատասխանողը Հասմիկ Մելքոնյանից անձամբ, կանխիկ գումարով, մաս-մաս ստանալով 675 000 ՀՀ դրամը, ձեռք է բերել համապատասխան շինանյութեր եւ ապրանքներ, ապա իր կողմից ներգրավված օժանդակ աշխատողների օգնությամբ տեղում պատրաստել եւ տեղադրել է այդ ապակեպատ դռներն ու վիտրաժները:

«Դատաքննությամբ հաստատվեց նաեւ, որ պատասխանողի կողմից այդ աշխատանքներն անպատշաճ կատարելու հետեւանքով, ի հայտ են եկել թերություններ՝ կապված ինչպես պատասխանողի կողմից պատրաստված դռների ու վիտրաժների ոչ ճիշտ մոնտաժման ու լուծումների, այնպես էլ դռները եւ վիտրաժները 23747-88 թԿհՁ-ի պահանջներին չհամապատասխանելու պատճառով»,- արձանագրել էր դատարանը:

Ըստ իրավական կարգավորման, գնորդն իր ստացած անպատշաճ որակի ապրանքը պետք է վերադարձնի վաճառողի պահանջով եւ նրա հաշվին: Ապրանքի համար վճարված գումարը գնորդին վերադարձնելիս, վաճառողն իրավունք չունի դրանից պահելու այն գումարը, որի չափով նվազել է ապրանքի արժեքը` դրա լրիվ կամ մասնակի օգտագործման, ապրանքային տեսքի կորստի կամ այլ համանման հանգամանքների հետեւանքով:
Իսկ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ կատարված աշխատանքի՝ մատուցված ծառայության կատարողի մեղքով թույլ տրված էական խախտումների բացահայտման դեպքում սպառողն իրավունք ունի կատարողին ներկայացնել կատարված աշխատանքի (մատուցված ծառայության) թերությունների անհատույց վերացման մասին պահանջ` աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) համար կատարողի սահմանած երաշխիքային ժամկետի ավարտից կամ սույն հոդվածի 3-րդ կետում նշված ժամկետների ավարտից հետո:
Ըստ դատաքննությամբ հետազոտված փորձագետի եզրակացության՝ պատասխանող Արման Պետրոսյանի կողմից տեղադրված դռները եւ վիտրաժները թեեւ չեն համապատասխանել թԿհՁ-ի պահանջներին՝ մոնտաժի եւ լուծումների ոչ ճիշտ լինելու պատճառով, սակայն իրենց ապրանքային տեսքով ծառայել են իրենց նշանակության. «Հետեւաբար դատարանը գտնում է, որ եթե այդ հանգամանքը կարող էր հիմք հանդիսանալ հայցվորի ընտրությամբ պահանջել վերացնել թերությունները կամ պահանջել վերադարձնել ամբողջ ստացածը՝ իր հերթին հետ վերադարձնելով ապրանքը, ապա այն չէր կարող պատճառահետեւանքային կապ ունենալ այդ տարածքը վարձակալել ցանկացող անձանց կողմից վարձակալության պայմանագիր կնքելուց հրաժարվելու եւ այդ հարցում պատասխանողի մեղքի առկայությունը հաստատված համարելու համար»:

«Առավոտ» օրաթերթ
26.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031