Լրահոս
Օրվա լրահոսը

«Անլվա» եւ մակագրված հուշարձանները շատանում են

Ապրիլ 02,2015 12:30

Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին ՀՀ օրենքի հոդված 15-ի համաձայն՝ հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության ապահովման միջոցառումների համակարգը ներառում է՝ հուշարձանների պահպանության գոտիների սահմանումը, պատմամշակութային արգելոցների ստեղծումը, հուշարձանների եւ դրանց տարածքի պահպանության ապահովումն ու վերահսկումը եւ այլն: Չնայած օրենսդրական կարգավորմանը՝ մի շարք հուշարձաններ շարունակում են կողոպտվել, թալանվել, դառնալ մակագրությունների զոհ:

«Հայաստանի տարբեր քաղաքներում դրված հուշարձանները գտնվում են անմխիթար վիճակում, բայց, այնուամենայնիվ, դրանցից յուրաքանչյուրի մոտ պահակ կանգնեցնելը դժվարագույն խնդիր է: Նախ՝ նման շռայլություն մենք մեզ թույլ տալ չենք կարող, երկրորդ՝ ոչ մի երկրում նման երեւույթ չկա: Հուշարձանները դրված են հասարակության, ժողովրդի համար, եւ հենց հասարակությունը պետք է ուշադիր լինի դրանց հանդեպ»,-նշում է Հայաստանի Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Ardzanner_lvacum Spendiaryan

Օրինակ՝ Չարենցի կամարը գտնվում է զբոսաշրջային բանուկ ճանապարհին. թվում է, թե այն պետք է լինի բարեկարգ, խնամված, բայց անգամ մաքրման աշխատանքներից 2 շաբաթ հետո նույն աղբն է: Պարոն Մինասյանի խոսքով, մինչեւ հուշարձանին հասնելը, արտասահմանից եկած հյուրին պատմում ես, թե Չարենցը ով է մեզ համար, հուշարձանի անխնամ վիճակը տեսնելուց հետո հակառակ կարծիք է ստեղծվում:

 

«Առաջարկվում է տեսախցիկներ դնել հուշարձանների տարածքը հսկելու համար: Հնարավոր է, որ դա տա որոշակի արդյունք, բայց տեսախցիկներ տեղադրելուց առաջ պետք է մտածել, թե ինչու մեր գիտակցության մեջ պետք է լինի հուշարձաններ աղավաղելու գաղափարը: Վերահսկելու համար պարտադիր չէ ստեղծել վախի մթնոլորտ»,-նշում է միության նախագահը:

Երեւանում գտնվող մի շարք հուշարձաններ եւս կեղտոտ են ու փոշոտ. դրանցից շատերի վրա երեւում են մակագրություններ: Այդ թվում են Հովհաննես Թումանյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Եղիշե Չարենցի արձանները: Հարեւանությամբ ապրողները բողոքում են՝ կարծես այս հուշարձանների մաքրությամբ հետաքրքրված են միայն իրենք: «Հուշարձանների մաքրման համար շատ ենք պայքարել: Մտածում ենք՝ անհարմար է, գոնե տարին մի քանի անգամ գան ու մաքրեն: Փորձում ենք մեր ուժերով մաքրել, բայց շատ արձաններ են նման անմխիթար վիճակում. պետության հոգածություն է պետք»,-նշեց 70-ամյա բնակիչը:

Զրուցակցիս խոսքով՝ վերջին անգամ ինքն ու իր տարեց ընկերն են մաքրել Արամ Խաչատրյանի արձանը. «Այն համեմատաբար ցածր է, մաքրել հաջողվեց, բայց համապատասխան նյութեր են պետք: Ցավալի է, որ լվանալու կարիք ունեցող արձանները մի քանիսը չեն՝ շատ են»:

Համաձայն Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության (ՊՄՀՊ) մեզ տրամադրած տեղեկատվության, հուշարձանների լվացման եւ մաքրման աշխատանքներ կատարվում են պարբերաբար՝ նախարարության հուշարձանների պահպանության բնագավառի մասնագետների վերահսկողությամբ:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը նշում է, որ հազվադեպ է տեսնում դպրոց, որն իր հոգածության տակ վերցնի որեւէ հուշարձանի մաքրության ու պահպանության գործը: ՊՄՀՊ-ի համաձայն՝ 2014թ. ընթացքում մարզերի բուհերի ուսանողների, քոլեջների, հանրակրթական դպրոցների սաների, տարբեր պետական կազմակերպությունների, ընկերությունների ու հասարակական կազմակերպությունների ուժերով մաքրվել եւ բարեկարգվել են 65 համայնքների 77 հուշարձանների տարածքներ: Բանակ-կրթություն-մշակույթ համագործակցության շրջանակներում, 2014 թ. ապրիլի 18-ին` Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրը, ՀՀ մարզերի 252 համայնքների եւ Երեւան քաղաքի 10 վարչական շրջանների 448 հուշարձանների տարածքներում, կազմակերպվել են սանիտարական մաքրության եւ բարեկարգման աշխատանքներ: Երեւան քաղաքի 5 հուշարձանի մաքրման աշխատանքներ՝ համաձայնեցնելով ՀՀ մշակույթի նախարարության հետ, կատարվել են Երեւանի քաղաքապետարանի կողմից:

ԶԱՐՈՒՀԻ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930