Լրահոս
Օրվա լրահոսը

Տարանջատելու տեխնոլոգիան

Ապրիլ 04,2015 10:11

Վստահ եմ, որ Ցեղասպանության խորհրդանիշ անմոռուկի հարցում շատերը թացն ու չորը խառնում են: Ինչպես եւ մեր կյանքի շատուշատ այլ ոլորտներում, տգեղ երեւույթները մտովի կամ քարոզչական նպատակներով կապվում են այնպիսի բաների հետ, որոնց պետք է նրբանկատորեն վերաբերվել: Շատ հնարավոր է, որ անմոռուկները երբեմն սխալ տեղեր են կպցնում, հավանական է նաեւ, որ ինչ-որ մարդիկ դրա վրա բիզնես են անում: Բայց հարձակվել անմոռուկի վրա, փորձել նվաստացնել, ծաղրել Ցեղասպանության 100-ամյակի խորհրդանիշը, ինձ թվում է՝ սխալ է: Դա կնշանակեր բավականաչափ հարգանք չդրսեւորել մեր նահատակված հայրենակիցների նկատմամբ:

Այդ ծաղկի միջոցով մենք գուցե անկատար եւ մինչեւ վերջ չմշակված ձեւով փորձում ենք ցույց տալ այն, ինչ մեզ միավորում է: Թափել դրա վրա սեփական սոցիալական կամ քաղաքական չարությունը, անձնական անբավարարվածությունը, փորձել դրա միջոցով պոպուլիզմ խաղալ` դա, իմ կարծիքով, լավագույն վարքագիծը չէ: Իհարկե, եթե կան մարդիկ, որոնք անմոռուկից անօրինական եկամուտներ են ստանում, նրանց պետք է բացահայտել: Եթե այդ խորհրդանիշը ինչ-որ մեկի կողմից սխալ է օգտագործվում, ապա անհրաժեշտ է այդ դեպքերի մասին ահազանգել: Բայց անհարկի ընդհանրացումներ պետք չի անել: Դա նույնն է, որ Ցեղասպանության մասին Արտաշ Ասատրյանի անդուր եւ վերին աստիճանի ռաբիս երգը լսելուց հետո՝ ասել, որ 100-ամյակին նվիրված բոլոր ստեղծագործությունները վատն են:

Ճիշտ նույն ձեւով ես տարանջատում եմ իմ հավատը քրիստոնեական բարձր արժեքների հանդեպ իմ վերաբերմունքից մեր բարձրաստիճան «օլիգարխոտ» հոգեւորականների հանդեպ: Այն, ինչ սովորեցնում է քրիստոնեական ուսմունքը, շատ ավելի բարձր է որեւէ մեղավոր մահկանացուի վարքից՝ անկախ նրանից, թե ինչ եկեղեցական կամ աշխարհիկ «ուսադիրներ» է նա կրում: Եկեք ինքներս լինենք զուսպ, համեստ, ժուժկալ, ոչ թե ամբողջ օրը մտածենք ճոխության եւ ունայնության մեջ թաղված հոգեւորականների մասին:

Նման ձեւով ես տարանջատում եմ Հայաստան պետությունը, որը սիրում եմ, այն մարդկանցից, որոնք ժամանակավորապես զբաղեցնում են այս կամ այն պաշտոնը: Երբ մարդիկ ասում են՝ «պետությունը ինձ պիտի այս բանը եւ այն բանը տա», նրանք մոռանում են, որ պետությունը հենց իրենք են, մենք բոլորս: Այդ մենք ենք, որ պիտի կայացնենք այդ ինստիտուտը, ոչ թե ուրիշներից պահանջենք: Շատերին այդ միտքն արտառոց է թվում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (12)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    . Հայոց Ցեղասպանության խորհրդանիշ անմոռուկը
    . Հայոց Պետության զինանշանը
    . Հայոց Հաւատքի Խաչը

    միեւնոյնն են…
    մին միւսին փոխարինելի…

    դատարկ, ձեւական եւ անիմաստ՝ անոր համար որ չի հասկանում,
    չի կարող կամ չի ուզում հասկանալ

    էական եւ կենսական, Ամեն Բանից Վեր՝ անոր համար որ… ջանք է թափում հասկանալու… մշտապես…

  2. Սեդրակ Պապիկյան says:

    Տարօրինակն այն է, որ համազգային նման կարևոր հարցերում մենք միշտ «հեծանիվ» ենք հնարում: Զինանշանի, օրհներգի դեպքում նույնը եղավ: Հիմա էլ 100-ամյակի անմոռուկը: Ցեղասպանության խորհրդանիշը ամբողջ հայության համար 1965 թվականից Ծիծեռնակաբերդի համալիրի երկու սյուներն էին, և հիմա էլ բացատրվում է, թէ անմոռուկի թերթերի մեջ համալիրից պատկեր կա: Կա համարյա նույն ձևով, ինչես զինանշանում Արարատ սարը կա՝ փոքրացված և դժվար նկատելի: Նույն ձեռագիրն է:

  3. Արսեն says:

    Ինչ-որ անհամոզիչ եք …«տարանջատում Հայաստան պետությունը, որը սիրում եք, այն մարդկանցից, որոնք ժամանակավորապես զբաղեցնում են այս կամ այն պաշտոնը»… տարանջատելուց հետո, անընդհատ չեն պահանջում հարգել ՀՀ նախագահին, կաթողիկոին, ազգային ժողովի նախագահին… «հիմնադիր նախագահի» արձանն էլ կանգնեցնել… դրանք խիստ որոշակի անձինք են, եթե «տարանջատում եք», իրենց համար փշալարերերով առանձնացված տարածք նախատեսեք և իսկականից՝ տարանջատեք…
    Ւնձ հետաքրքրում է նաև, թե էդ որտեղ տեսաք «Հայաստան պետությունը»?..))).. Սոմալին էլ ունի ՄԱԿ-ի կողմից ընդունված պետական սահմաններ, կառավարություն և ազգային բանկ՝ բայց դա պետություն չի… ատրիբուտիկա ունենալը՝ դեռ բավական չի պետություն լինելու համար…
    Մի հազար անգամ ասել եմ, պետությունը ոչինչ չի տալիս, (ավելի շուտ՝ ոչինչ չի տալիս, որ նախօրոք չի վերցրել՝ հենց պետության ներսում գտնվող աշխատող մարդկանցից՝ հարկերի տեսքով…)…
    Եթե մի քիչ պարզեցնենք՝ պետությունը ծառայություններ է վաճառում՝ հարկերի դիմաց (արդարադատություն, առողջապահություն, կրթություն, անվտանգություն, ինֆրաստրուկտուրա…) Անում է?
    Ւսկ եթե …«մենք ենք, որ պիտի կայացնենք»… այդ ամեն ինչը, էլ ինչու ենք հարկեր տալիս?
    Կա մարկանց խումբ՝ կոչվում է «իշխանություն», որը պատասխանատու է էդ ամեն ինչի համար։ Բայց պատասխան տալիս է? Իհարկե՝ Ոչ…
    Եթե կա պետություն՝ մարդկանց էդ խումբը, էդ ամեն ինչի համար պատասխան տալիս է… էն էլ՝ վազելով, հարգանքով և դողացող ձայնով…
    Պետություն դեռ չունես, և հետո՝ պետությունը չեն «սիրում», սիրել պետք չի… Պետություն-մարդ փոխհարաբերությունը՝ փոխադարձ իրավունքների և պարտավորությունների պայմանագրային հարաբերություն է… Ես սիրում եմ պետությունը՝ հնչում է որպես, «ես սիրում եմ ԺԵԿ-ի հետ իմ կնքած կանաչ տարածքների խնամքի և աղբահանության պայմանագիրը»…))))…
    Սիրում են «Հայրենիքը», որի հետ պայմանագրային հարաբերություններ ունենալը անհնար է, որի պատճառով է երևույթը (հայրենասիրությունը) ինչպես հայտնի է՝ սրիկաների վերջին ապաստանն է…)))…

    • Հրանտ Պապիկյան says:

      Նորից յուղ եք վառում, մսյո Աղսեն…
      Մենք արդեն ազգովի ընդունել ենք, որ ճիշտը դու ես, որ կարողացել ես Ֆրանսիացի դառնաս, իսկ Հայաստանի հանրապետությունը դեռ շատ ջանքեր պիտի թափի, որպեսզի կարողանա նվաճել քո բարյացակամությունը և արժանի լինի որ դու իրեն Սոմալիից բարձր գնահատես… էլ ոնց անենք որ յան տաս նվաստներիցս?
      P.S.
      Քանքարավոր ընկեր, ինձ մի նախանձիր,
      Գոյությունս գաղափարիդ վնաս չէ,
      Դու Ֆրանսիացի ես, ես գեղականցի,
      Չամիչով բուլկիս կռուասանիդ վնաս չէ, վնաս չէ…
      .
      ՛՛աշուղ Ջիվանի՛՛

      • Արսեն says:

        Ամենսրիելիագույնս Հրանտ Պապիպիկյան..)))..
        Ւմ «վառած յուղը», քո վառած յուղին՝ վնաս չի..)))..

      • Արսեն says:

        P. S. Այնպես որ, դու որոշիր՝ համարները հանենք իջնենք ձոր, թե կոստյումները հագնենք՝ անցնենք կոնֆերենց-դահլիձ..)))..

        • Հրանտ Պապիկյան says:

          Այո, դու անկասկած շատ խիզախ ես ու քաջ….

          • Արսեն says:

            Ճիշտ ընտրություն էր..)).. Կոստյումները հագնելը և կոնֆերենց-սրահում թեկուզ՝ զրուցելը՝ շատ ավելի խելացի է, քան ձոր իջնելը… Ճիշտ է, այդտեղ՝ «վառած յուղը» ավելի շատ է լինում, քան թե ձորում..)).. բայց երբեմն՝ հասկանում ել են, որ աշխարհում, բացի իենց չամիչով բուլկիից, այլ բաներ էլ կան ..))..
            Չես կարող քո վերմակի տակ, աննկատ ուտել քո չամիչով բուլկին, մի ել փորձիր…))..

  4. Այո Aram ջան: Քրիստոնեությունն ունի ներքին և արտաքին երևույթներ: Ներքինը պահողը արտաքինն էլ կպահի, իսկ միայն արտաքինի ետևից ընկնողը կլինի այնպիսին ինչպես Պողոս Առաքյալն ասեց. «Եթէ խօսեմ մարդկանց լեզուները եւ հրեշտակներինը, բայց սէր չունենամ, կը նմանուեմ մի պղնձի, որ հնչում է, կամ՝ ծնծղաների, որ ղօղանջում են։ (Ա.Կր 13:1) https://bible.armenia.ru/en/book/212.13:1.html Ներքինը ՍԵՐՆ է Աստուծո և Մարդկանց նկատմամբ՝ դրանից բխող համապատասխան վարքով ու սրտով: Արտաքինը ծեսն է: Առանց առաջինի երկրորդը իմաստ չունի: Իսկ առաջինը պահողը երկրորդն էլ անպայման կպահի, որովհետև դա նույնպես պատվիրան է: Իսկ միայն երկրորդը պահողներին Հիսուսն ասեց շատ հստակ. «… հեռացէ՛ք ինձնից դուք՝ բոլոր անիրաւ մշակներդ»։ (Ղկ 13:27) – «Զգո՛յշ եղէք սուտ մարգարէներից, որոնք մօտենում են ձեզ ոչխարների զգեստներով, բայց ներսից յափշտակող գայլեր են։ Իրենց գործերի՛ց կը ճանաչէք նրանց. միթէ փշերից խաղող եւ տատասկից թուզ կը քաղե՞ն։
    (Մտ 7:15,16) https://bible.armenia.ru/en/book/206.7:15,16.html

  5. Ruben says:

    Մասոնները կրծքին կրում են ամոռուկներ (1947 թվականից) որպես հարգանքի տուրք՝
    համակենտրոնացման ճամբարներում մահացած մասոնների:
    Հիմա 2015 թվականն է, մասոնների երկրպագուներ…
    Չկա՞ հայկական խորհրդանիշ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930