Լրահոս
Օրվա լրահոսը

Խանդի՞, թե՞ մերժված սիրո հողի հիման վրա հրահրված սպանություն

Ապրիլ 20,2015 17:05

Հարգելի խմբագրություն` դիմելով Ձեզ` ցանկանում եմ Ձեր հրատարակչության միջոցով բարձրաձայնելու և մեր երկրի ղեկավար այրերին խնդրելու, որ լինեն անաչառ, կայացնեն համապատասխան արդարացի դատավճիռ, որպեսզի այլևս չկրկնվի ներքոհիշյալ չհիմնավորված ոճրագործությունը:

2014թ. հուլիսի 24-ին դաժանաբար (անհիմն, անհեթեթ ձևակերպմամբ) կատարվեց իմ եղբոր` Հարություն Գրիգորյանի սպանությունը` (Շիրակի մարզի Գետք գյուղի մոտ գտնվող ամայի տարածքում) Գյումրի քաղաքի ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Արման Կատունյանի կողմից: Գործի քննությունը կազմվեց, արձանագրվեց համապատասխան մարմինների կողմից և հարուցվեց գործ` 104-րդ հոդվածի 1-ին մասով` ապօրենի զենքի միջոցով դաժանաբար (կասեի նույնիսկ վայրագ) սպանություն: Սակայն անհայտ գործողություններից հետո վարույթը ունեցավ 180°-ի շրջադարձ, մարդասպանը` երկրից չբացակայելու ստորագրությամբ ազատ է արձակվում: Թե հետագայում ինչ փուլում է գտնվելու և թե ինչ վերջաբան է ունենալու հետաքննությունը` կարծում եմ կարելի է եզրակացության հանգել նախաքննական վարույթի գործողություններից    (փոփոխելով հոդվածը 105-ի 1-ին մասով):

Քննչական համապատասխան մարմինների ուշադրությունը կենտրոնացնելով առավել ռեալ, իրական, անհերքելի փաստերի ու վկայությունների վրա` խնդրում եմ հետևողական լինեն և մանրակրկիտ ուսումնասիրեն իրենց իսկ կողմից տված եզրակացությունները: Քանի որ, ըստ դատահոգեբուժական-դատահոգեբանական եզրակացության, (դեռ հայտնի էլ չէ` ո՞վ է տվյալ գիտակ հոգեբանը) հանցագործությունը վերաորակավորվեց որպես «աֆեկտի», այսինքն` հուզական նոպայի ազդեցության տակ կատարված արարք` իբրև Կատունյանի կնոջը Հարություն Գրիգորյանի կողմից հետապնդելը առաջացրել է խանդի զգացում և որն էլ հիմք է հանդիսացել գնալու տվյալ հանցագործությանը:

Բայց ըստ բազմաթիվ վկայությունների այդ կապը եղել է երկկողմանի և, ընդ որում, առնվազն երեքից չորս տարվա տևողությամբ: Ուրեմն ոչ թե հնարավոր չէր, այլև բացառվում էր, որ Կատունյանը, լինելով նույն թաղի բնակիչ, չտեսներ, կամ գոնե մեկ անգամ լսած չլիներ այդ կապի մասին: Նշեմ մի պարզ ու անհերքելի փաստ` ի՞նչ է, հետապնդումը եղել է 93-94-ական թվականներին, այն մութ ու խավար տարիներին, երբ երկիրը գտնվում էր շատ ծանր պատերազմական իրավիճակում, չկային կապի միջոցներ, որպեսզի նրանք դիմեին համապատասխան միջոցների` կանխելու այդ քայլը, այլ կերպ ասած այդ «ոտնձգությունը»:

Իսկ եթե հանցագործությունը կատարվել է մի այնպիսի ժամանակաշրջանում, որ փառք աստծո, կային բոլոր կանխարգելիչ միջոցները, որոնք շատ հանգիստ կարող էին վերջ դնել այդ «անհիմն» որակավորված վարկածին: Կատունյանի կինը` լինելով կրթված անձնավորություն` ինչո՞ւ անձամբ չկանխեց իր անձի նկատմամբ կատարված այդ «հետապնդումը», այսպես ասած այդ «ոտնձգությունը»` դիմելով լրատվությանը կամ էլ ինտերնետային բազմաթիվ կայքերի միջոցով խայտառակելու իրեն հետապնդող անձին, և վերջապես ոստիկանության աշխատակիցների ձեռք առնված միջոցներով կանխվեր այս ծանր հանցագործությունը: Երբ Հարությունը դեպքի օրը գնում էր Արմավիրի մարզ ի լուր աշխարհի չէր հայտնել, թե ինչո՞ւ և ո՞ւր է գնում: Ուստի սրանից էլ մի պարզ ու անհերքելի հակադարձ փաստ, որ ոչ թե Հարությունն է հետապնդել Կատունյանի կնոջը, այլ վերջինս է հետևել Հարությունի յուրաքանչյուր քայլը: Առավել ևս նա, անձամբ ինքը Հարությունին ներքաշելով իր գործած սիրո ցանցը, ի վերջո հասկացավ, որ վերջինս անքակտելի սիրով կապված ու նվիրված է իր կնոջը, իր ընտանիքին, որ ինքը հանդիսանում է լոկ ժամանակավոր սիրախաղի մասնակից, վրեժխնդրության ծարավը դրդեց նրան ամուսնուն հրահրելու տվյալ հանցագործությանը: Բայց քանի որ Կատունյանը ծնվել ու մեծացել է մեր աչքի առաջ, մեր թաղում, շատ լավ գիտենալով նրա բնավորության գծերը, կարող ենք բացահայտ նշել, որ միևնույնն է, նա չէր կարող կատարել տվյալ հանցանքը:

Ինչո՞ւ քննչական մարմինները չեն ցանկանում բացահայտել, ավելի շուտ չեն տալիս ճիշտ եզրակացություն` որ Կատունյանին եղել են օգնող ուժեր թե սպանության վայրում և թե փախուստի ժամանակ, ինչո՞ւ չեն նշում ի՞նչ մեքենայով և ինչպե՞ս է նա հատել երկրի սահմանը:

Պարզից էլ պարզ է:

Հանցանքը քողարկելու և հոդվածը փոխակերպելուց էլ կարելի է եզրակացնել, որ Կատունյանին հովանավորում է որևէ բարձրաստիճան անձ:

Ինչո՞ւ, ի՞նչն է պատճառը, Կատունյանը ինչ մի անփոխարինելի, անգնահատելի պետական գործիչ է, որ չպետք է պատժվի օրենքի խստագույն պատժով: Առավել ևս, որ լինելով նման համակարգի աշխատող` գիտակցված կերպով կատարել է տվյալ հանցագործությունը ապօրենի զենքով: Օրենսգրքի ո՞ր հոդվածով է հիմնավորված, որ հետապնդման համար կարելի է մարդ սպանել և հետագայում էլ ազատ արձակվել: Ինչքան որ գիտենք` հիմնավորված և ապացուցված փաստերի վրա հետապնդում են քաղաքական հանցագործին, պետական դավաճանին, լրտեսին, բայց նման դեպքում էլ բացառվում է առանց դատական վարույթի պատժի իրականացում:

Ուստի, հարգելի խմբագրություն, դիմելով Ձեր օգնությանը, կրկին ու կրկին խնդրում եմ լրատվության միջոցով թող բարձրաձայնվի նմանատիպ անպատժելիության օրենքի կիրառումը, թող մեր բարձրագույն ատյանների ղեկավար այրերը, ղեկավարվելով իրենց իսկ ընդունած օրենքներով կանխեն այսպիսի հանցագործությունները: Վերջապես գոնե մեկ անգամ վերականգնվի արդարությունը, թող դա դաս լինի բոլորին, որ բազում անգամ հեռուստատեսությամբ հնչվող արտահայտությունները, թե օրենքի առջև պատասխանատու են բոլորը` անկախ ազգակցական, ծանոթ-բարեկամական կապից` այն կիրառվում է հավասարազոր կերպով բոլորի նկատմամբ:

Եթե աշխարհի գերտերությունները բարձիթողի չանեին և մինչև հիմա ընդունած և դատապարտած լինեին հայ ժողովրդի եղեռնական ցեղասպանությունը, համոզված եմ, չէին լինի ներկայիս օրեցօր ահագնացող աշխարհացույց արհավիրքները:

Ուստի, հաշվի առնելով այդ անտարբերությունից բխող և մինչ օրս կատարվող սխալ մոտեցումները` խնդրում եմ, որ մեր երկրի օրենսդիր մարմիններն էլ հանրապետության ներսում ընդունեն և կիրառեն այնպիսի անողոք օրենքներ, որպեսզի կանխվեն նման անօրինական հանցագործությունները և որ ամենակարևորն է չգործի անպատժելիության օրենքը:

Հարություն Գրիգորյանի քույր` Ս. Բալոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930