Լրահոս
Օրվա լրահոսը

Post factum ինչպե՞ս կնայենք ՔՊ կառավարման տարիներին

Ապրիլ 13,2024 11:30

Երբեմն ակնհայտ ստերը, կեղծիքներն ու անարդարությունները բացահայտ են դառնում միայն այն ժամանակ, երբ այդ ստեր, կեղծիքներ ու անարդարություններ գեներացնողներն անցնում են պատմության գիրկը։

Այսօր եթե գերմանացուն հարցնենք՝ կարելի՞ էր Գերմանիայի բոլոր անհաջողությունները բարդել հրեաների վրա, ձերբակալել, համակենտրոնացման ճամբարներ ուղարկել և սպանել նրանց, բնականաբար կասեն՝ ոչ։

Բայց երրորդ ռայխում նորման հրեաների հանդեպ ատելությունն էր։ Եթե նույնիսկ կար մարդկանց զգալի կամ աննկատ հատված, որը դեմ էր նացիոնալ-սոցիալիստների վարած քաղաքականությանը, նրանք ի զորու չէին ոչինչ անել։ Իշխանությունն իր կողմնակիցներով շատ ավելի հաստատակամ, եռանդուն ու ագրեսիվ էր իր գաղափարների առաջ մղման հարցում, իսկ նացիստական ոճրագործությունների սակավաթիվ քննադատներին պատժում էին՝ նրանց որակելով հրեաների պաշտպաններ և գերմանական ռայխի դեմ պայքարողներ։

Կարծես, Հայաստանում այսօր նմնանատիպ իրողություններ են առկա։ Իշխանությունը, որն իր զարմանք առաջացնող գործողությունները հիմնավորում է Հայաստանի Հանրապետության 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքի անկախության, ինքնիշխանության և անձեռնմխելիության ամրապնդմամբ, իր քաղաքականությունը ներկայացնում է որպես հայկական պետության գոյությունը երաշխավորող, ռուսական ազդեցությանը հակազդող միակ, այլընտրանքը չունեցող ճանապարհ։

Հայաստանում այսօր նորման մտածելն է, որ Հայաստանին 1991-ից հատուկ դրել են սխալ ռելսերի վրա, որպեսզի մենք երբևէ անկախ չլինենք։

Բազմաթիվ մարդիկ՝ խորհրդարանական ընդդիմությունից մինչև եկեղեցականներ, քաղաքական կամ հասարակական գործունեություն ծավալող այլ ուժերից՝ հասարակ քաղաքացիներ, քննադատում են Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, մտահոգություն են արտահայտում ներկա դրության առնչությամբ։

Սակայն նրանք ի զորու չեն որևէ բան փոխել։ Իշխանության կողմնակիցները շատ ավելի հաստատակամ, եռանդուն ու ագրեսիվ են ՔՊ-ի գաղափարների կյանքի կոչման հարցում։ Սրանում համոզվելու համար կարելի է մի քանի րոպե անցկացնել համացանցում և ուսումնասիրել վիրավորական կամ սպառնալից, հիմնականում լատինատառ գրառումները քննադատների հասցեներին։

Քննադատներն այսօր որակվում են «5-րդ շարասյան» անդամներ, Ռուսաստանի «ագենտներ», Հայաստանի Հանրապետության անկախության և ինքնիշխանության դեմ պայքարողներ։ Այս եզրույթներին որոշ ժամանակ առաջ փոխարինում էին «նախկին» և «ռոբասերժական» եզրույթները։ Ի դեպ, դա ասվում էր նաև այն մարդկանց մասին, որոնք պակաս չեն քննադատել 1998-2018 թթ․ իշխանություններին և պայքարել նրանց դեմ։

Թե՛ երրորդ ռայխի նացիստական իշխանությունը, թե՛ երրորդ հանրապետության ՔՊ-ական իշխանությունը իրենց քաղաքական ուժի գաղափարախոսությունն ու կատարած քայլերը ներկայացնում են իբրև երկիրը փրկելու միակ հասանելի տարբերակ, իսկ ով «խանգարում է» այդ նպատակներն իրագործող «անձնվիրական» գործիչներին, կա՛մ լռեցվում է, կա՛մ էլ այնպես է արվում, որ նա ինքնակամ չուզի խոսել կամ խոսացածը ազդեցություն չունենա։ Այսօր հաճախ ենք լսում՝ «դրան ինչի՞ ես լսում, ինքը ռուսի ագենտ ա»։

Գերմանացի ժողովուրդը որպես միավոր իր իշխանության իրական՝ ոճրագործ և ֆանատիկ էությունն ընկալեց, երբ արդեն «բանը բանից անցել էր»։

Հավանական է, որ մենք էլ, post factum նայելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կառավարման տարիներին, կզարմանանք, թե ինչպես է հայկական Ղարաբաղը կորցրած, էժանագին պոպուլիզմ վարած, քննադատներին պիտակավորած, իր քաղաքական ծրագրից շեղված ուժին հաջողվել x տարի մնալ իշխանության։ Բայց հնարավոր է, որ այդ ժամանակ արդեն «բանը բանից անցած լինի», ինչպես եղավ Գերմանիայի դեպքում։

Ամերիկացի գրող Մարկ Տվենն ասել է․ «Ողջ իշխանությունը տրամադրել և պահել մեկ կուսակցության ձեռքում նշանակում է երաշխավորել վատ կառավարության գոյություն և հանրային բարքերի հաստատուն և աստիճանական անկում»։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930