Լրահոս
Օրվա լրահոսը

НТВ-ի ֆիլմը՝ ցեղասպանության մասին

Ապրիլ 23,2015 12:30

Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, չնայած դրան, մինչ օրս ռուսական հեռուստաէկրաններին չի հայտնվել այդ մասին մանրամասն պատմող ֆիլմ (բացի մի քանի կարճ հաղորդաշարերից): Այս տարի ապրիլի 24-ին ռուսական НТВ համառուսաստանյան ծածկույթ ունեցող հեռուստաալիքով կցուցադրվի Հայոց ցեղասպանության մասին պատմող լիամետրաժ վավերագրական ֆիլմ՝ խաղարկային տեսարաններով: «Ցեղասպանություն. Սկիզբը» նախնական վերնագրով ֆիլմը նկարահանվել է հայկական կողմի հետ համատեղ. ֆիլմի գլխավոր ռեժիսորը ծՁԹ հեռուստաալիքի Prime News հաղորդաշարի գլխավոր ռեժիսոր Ստանիսլավ Սիդորովն է, համառեժիսորը՝ Հայկ Օրդյանը: «Շատ դժվար է ռուսի, թաթարի կամ բելառուսի համար ընկալել 15 թվին եղած դեպքերը: Այնպես պետք է քայլ առ քայլ այդ պրոցեսը նրանց բացատրես, որ նրանք հասկանան, ընկալեն՝ եւ էմոցիոնալ դաշտը տեղում լինի, եւ ինֆորմացիոն, եւ պատկերային: Այլ բան է Ցեղասպանության մասին ֆիլմ անել ներսի լսարանի համար, որովհետեւ բոլորը գիտեն՝ դա ինչ է, իսկ դրսի համար ֆիլմ պատրաստելը ամբողջությամբ ուրիշ որակներ է պահանջում»,- ասում է Հայկ Օրդյանը:

Ֆիլմի գաղափարը դեռեւս 2011 թվականին է ծնվել՝ այն ժամանակ, երբ Հայկ Օրդյանը Հայաստան էր հրավիրել ծՁԹ հեռուստաընկերության գլխավոր ռեժիսորին, գլխավոր օպերատորին, պրոդյուսերներից մեկին եւ հայտնի թոք շոու վարող Ալեքսեյ Եգորովին: Վարպետության դասերի հետ մեկտեղ՝ ռուսական խումբը նաեւ շրջագայեց Հայաստանով մեկ: Նրանց այցելության կարեւոր կետերից մեկը Հայոց ցեղասպանության հուշահամալիրն էր եւ թանգարան-ինստիտուտը, որտեղ էլ Ստանիսլավ Սիդորովը մեծ ապրումներ ունեցավ՝ տեսնելով Ցեղասպանությունը վերապրած տատիկների եւ պապիկների դեմքերը պատկերող ստենդը, որի վերեւում գրված էր «Эти глаза видели геноцид»: Հենց այս տողն էր ընտրվել որպես ֆիլմի նախնական վերնագիր: Ս. Սիդորովն այս այցելությունից հետո ցանկություն է հայտնել ֆիլմ նկարահանել Հայոց ցեղասպանության մասին, քանի որ ռուսաստանյան դաշտում ընդհանրապես այս թեման շատ քիչ է արծարծվել, մանավանդ՝ НТВ-ով:

Հայկ Օրդյանը պատմում է, որ սկզբից, երբ լսեց Սիդորովի՝ ֆիլմ նկարահանելու առաջարկի մասին, կարծեց, թե դա ուղղակի պահի ազդեցության հետեւանք է, բայց Ռուսաստան վերադառնալուց մեկ ամիս անց Սիդորովն արդեն նկարահանումների համար պատրաստություններ էր սկսել: Ֆիլմում կան բաներ, որոնք առաջին անգամ են ցուցադրվում: Հայաստանյան կողմի առաջադրանքն էր գտնել Ցեղասպանությունը վերապրածների: Հ. Օրդյանը պատմում է, որ բավական բարդ աշխատանք էր թե՛ նրանց գտնելը, թե՛ նրանց հետ աշխատելը: 100 եւ ավելի տարիք ունեցող մարդկանցից շատերի հիշողությունն աղոտ է, նրանք երբեմն քմահաճ են: Ըստ մեր զրուցակցի՝ Հայաստանում շատերին հետաքրքիր չէր նման կինոնախագիծը. «Երբ մենք ասում էինք, որ НТВ-ի հետ ֆիլմ ենք անում, ասում էին՝ ո՞նց կարող է նման բան լինել: Հայաստանում ով ներդրում է անում, ուղղակի բիզնես շահ է հետապնդում: Բայց այս նախագիծը պարզապես չի կարող բիզնես շահ լինել»: Ընդամենը 1-1.5 տարի առաջ է նախագծին միացել նաեւ ռուսական «Պռոֆիլմ» պրոդյուսերական ընկերությունը, ինչն էլ օգնեց զարկ տալ ընդհատված նկարահանումներին: Ֆիլմում, բացի Հայաստանում ապրող Ցեղասպանությունը վերապրածներից, նկարահանվել են նաեւ ԱՄՆ-ում, Գերմանիայում ապրող հայեր, թուրք պատմաբաններ, ինչպես նաեւ Աթաթուրքի եւ Ջեմալի թոռները: Ռուսական կողմը զբաղվել է Հայաստանից դուրս հիմնական պրոդյուսերական գործունեությամբ: Բոլոր խաղարկային մասերը նկարահանվել են Հայաստանում: Ֆիլմի աշխարհագրությունը մեկ ուրիշ խնդիր է: «Դոկումենտալիստիկայի կարեւորագույն բաղադրիչը աշխարհագրությունն է:

Որքան վերջինս մեծ է, այնքան ֆիլմն ինֆորմացիոն եւ պատկերավոր առումով ճիշտ տեղում է գտնվում,-կարծում է Օրդյանը եւ հավելում,- մենք ի սկզբանե որոշել էինք կամ շատ լավ նկարահանել ֆիլմը, կամ ընդհանրապես չանդրադառնալ թեմային: Այս հարցում ես էլ, Ստասն էլ համակարծիք էինք: Նույնիսկ ստեղծագործական քննարկումների ընթացքում տարբեր կարծիքներ չենք ունեցել: Այս առումով մենք շահեկան դիրքում էինք»:
Ֆիլմի օպերատորներից մեկը պատմում է, որ նկարահանման հրապարակում արտասահմանյան գործընկերների հետ աշխատանքը շատ հեշտ է ընթացել՝ առանց տարաձայնությունների. «Եթե պրոֆեսիոնալ են, կապ չունի՝ ռուս է, անգլիացի է. պրոֆեսիոնալի հետ միշտ հեշտ է աշխատելը: Նա մի բառից հասկանում է քեզ, պետք չի նրան ինչ-որ բաներ ապացուցել: Միշտ միասին մեկ հայտարարի ենք եկել եւ արել ենք ամեն ինչ, որպեսզի դա իրականացնենք»: Հայկ Օրդյանը մտածում է, որ նույնիսկ շատ ավելի լավ է, որ ֆիլմի գլխավոր ռեժիսորը ռուս է, որովհետեւ եթե ֆիլմը միայն հայկական մտածելակերպով նկարահանվեր, այն չէր ստացվի. «Մեզ թարմ հայացք էր պետք: Ներսի խնդիրը դրսի հայացքով պիտի տեսնես»:

ԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930