Լրահոս
Օրվա լրահոսը

Դիվանագիտությունը մասնագիտություն չէ՞

Մայիս 06,2015 10:02

Եթե դուք գնաք հիվանդանոց եւ տեսնեք, որ ես վիրահատական գործիքները ձեռքիս փորձում եմ ինչ-որ մեկին վիրահատել, դուք, ենթադրում եմ, կսարսափեք եւ ապշահար կհարցնեք ինձ՝ «այս ի՞նչ ես դու այստեղ անում»: Առնվազն կզարմանաք, որ երաժշտական կրթությամբ լրագրողին մարդկային կյանք են վստահել: Բայց եթե դուք հաղորդագրություն կարդաք, որ ինձ նշանակել են որեւէ երկրում դեսպան, ձեր զարմանքը հաստատ ավելի քիչ կլինի: Որովհետեւ ենթադրվում է, որ դիվանագետ լինելու համար առանձին գիտելիքներ պետք չեն: Մինչդեռ դա նույնքան յուրահատուկ ոլորտ է, որքան բժշկությունը, եւ նույնքան պատասխանատու: Ես դա կհամեմատեի զինվորական ծառայության հետ, որովհետեւ դիվանագետն, իմ կարծիքով, առանց զենքի անում է նույն գործը՝ պաշտպանում է իր երկրի անվտանգությունը:

Տեսականորեն, իհարկե, հնարավոր է, որ երաժշտին կամ ծանրամարտիկին նշանակեն Սեյշալյան կղզիներում կամ Վանուատուում Հայաստանի դեսպան: Եթե մեր պետությունն ավելորդ փողեր ունի, ապա կարելի է հայտնի մարդկանց լավություն անել՝ այդ վայրերում դեսպանատուն բացել, թող դեսպանները նստեն իրենց բունգալոներում ու նարինջ ուտեն: Հարեւան Վրաստանի դեպքում, որի հետ հարաբերությունները բարդ են, բայց, հասկանալի պատճառներով, պետք է հնարավորինս բարեկամական լինեն, անհրաժեշտ է բարձրագույն մասնագիտական որակավորում ունեցող դիվանագետների թիմ:

Հարավային Օսիայի խորհրդարանի խոսնակի հետ կապված միջադեպն անմիջական առնչություն չունի Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանի հետ: Բայց կարծում եմ՝ մեր արտաքին քաղաքականության այս ուղղությունը կաղում է, եւ դեսպանը ամեն օր, օրը մի քանի անգամ պետք է սպառիչ տեղեկատվություն տրամադրի այն մասին, թե ինչպես հարեւան երկրում կընկալվի Հայաստանի այս կամ այն քայլը: Ինձ չի թվում, որ տվյալ դեպքում այդ տեղեկատվությունը տրամադրվել է:

Ինչ մնում է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ Հարավային Օսիայի ներկայացուցչի «ոչ պաշտոնական» հանդիպմանը, ապա այստեղ տարբերակները երեքն են: 1/ Ազգային ժողովն իր արտաքին շփումներում հաշվի չի առնում արտգործնախարարության կարծիքը, որը զգուշացրել է նման հանդիպման անցանկալիության մասին: Դա, մեղմ ասած, ցավալի կլիներ եւ կնշանակեր, որ պետական կառույցների մեջ պատշաճ կոորդինացիա չկա: 2/ Արտգործնախարարությունը տեղեկատվություն չի տրամադրում ԱԺ ղեկավարությանը, թե ում հետ արժե հանդիպել, իսկ ում հետ՝ ոչ: Դա կնշանակեր, որ որոշ մարդիկ այնտեղ իզուր են աշխատավարձ ստանում: 3/ ԱԳ նախարարությունը գիտեր այդ հանդիպման մասին, եւ այն իր հավանությանն էր արժանացրել: Դա արդեն քաղաքական ընտրության հարց է, բայց այդ դեպքում պետք չէր հիշյալ հանդիպման վերաբերյալ հրապարակավ ցավ հայտնել:

Պարզ է մի բան. այս հարցերում Գալուստ Սահակյանին չի կարելի «ավտոպիլոտ» վիճակում թողնել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Մեսրոպ Թումանյան says:

    Երբ Սուրեն Խաչատրյանին կամ Լիսկային նորից նշանակեցին Սյունիքի մարզպետ բազմաթիվ քննդատու-
    թյուններ եղան. ցավոք սրտի, ընդամենը… Նորմալ երկրում նախագահը այդ նշանակումից հետո հրաժարական պիտի տար: Նույն կարգի նշանակում է Յուրի Վարդանյանի Վրաստանում ՀՀ դեսպան նշանակումը: Բայց, եթե առաջին դեպքում երևում է Սերժ Սարգսյանը, ապա երկրորդ դեպքում՝ մի այլ չերևացող կադրային վերադաս: Եթե հիշում եք Յուրին ապրում էր ԱՄՆ- ոմ և հանկարծ մի գեղեցիկ օր սուր քննադատության է ենթարկում մեր իշխանություններին, որից հետո նշանակվում է Հայաստանի Հանրապետությունում ոչ ավել, ոչ պակաս՝ նախարար: Անցնում է մի քիչ ժամանակ և նրա հարազատ որդին ձերբակալվում է խոշոր քանակության նարկոտիկների գործով: Դրանից հետո նորմալ երկրում այդ մարդը մեկընդմիշտ պիտի հրաժարվեր պետական որևէ պաշտոնի մասին երազելուց: Դա նորմալ երկրում, իսկ մեր երկիրը նրան ուղարկում է Վրաստան: Բայց հայությունը սովորել է ամեն տեսակի անտրամաբանական նշանակումներին, մանավանդ այդ ասպարեզում: Ով ասես դեսպան է դառնում: նխկին վարչապետը նույնպես պետք է դատվեր: Նա էլ առոք փառոք դեսպան է ԱՄՆ- ում: ՌԴ -ում դեսպան է դիվանագիտության հետ որևէ կապ չունեցող Օլեգ Եսայանը: Օրինակները շատ են, տրամաբանությունն է նույնը: Եթե մի որևէ ասպարեզ ուզում ես շարքից հանես ուղարկիր ոչ մասնագետին:

  2. Ruben says:

    Կենդանաբանական այգում՝.
    Քուռակը կատվի պես մլավելով ուզում է կատու դառնա։
    Էշն իր ականջներով է հպարտանում։
    Շունն էլ փողով դարձել է «պարոն հա՛ֆ-հա՛ֆ»։

  3. ՀՀ քաղաքացի says:

    Սեյշալյան կղզիներ Վանուատու դեռ մի կողմ: Ռուսաստանում մեր դեսպանը ժամանակին Արմեն Սմբատյանն էր` ՈՉ ԴԻՎԱՆԱԳԵՏ…Դրա համար էլ դարձանք ՖՈՐՊՈՍՏ….

    Համ էլ պարոն Աբրահամյան, Հայաստանում ինչ է ճիշտ?? որ արտաքին քաղաքականությունը ճիշտ տարվի….

  4. Արտավազդ says:

    – Ես դա կհամեմատեի զինվորական ծառայության հետ, որովհետեւ դիվանագետն, իմ կարծիքով, առանց զենքի անում է նույն գործը՝ պաշտպանում է իր երկրի անվտանգությունը: –
    Շատ ճիշտ եք, պարոն Աբրահամյան: Բայց ՀՀ-ում զինվոր լինելու համար ոչ մի մասնագիտություն, ոչ մի որակ պետք չէ: Պետք է լինել արական սեռի ՀՀ քաղաքացի ու վերջ: Բանակում ի՞նչ պրոֆեսիոնալ: Մեզ պրոֆեսիոնալ բանակ պետք ա՞, որ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031