Լրահոս
Օրվա լրահոսը

Հնագետն իրականում կատարում էր Մեծ Բրիտանիայի հանձնարարականները

Հունիս 04,2015 14:00

Անգլիայի գաղտնի սպասարկման ծառայությունը 1914թ. Եգիպտոսում հավաքագրում է Լոուրենսին, որպես սպա: Վերլուծաբան Սարգիս Հացպանյանը ցուցադրեց Լոուրենսի եւ մի այլ հնէաբան՝  Լ.Վուլլիի լուսանկարները, վերջինիս հետ Լոուրենսը մեկնում է Սինա թերակղզի, որպեսզի այդ տարածքին առնչվող գրավոր տեղեկություններ ուղարկի իր վերադասներին:

Սարգիս Հացպանյանի «Ինչո՞ւ ցեղասպանություն» խորագրով դասախոսությունների հերթական շարքում ներկայացվեց ուշագրավ մանրամասներ Անգլիայի գաղտնի սպասարկման ծառայությունների կողմից 1914 թ. հավաքագրված Թոմաս Էդուարդ Լոուրենսի (Արաբացի՝ 1888-1935թթ.) կյանքից եւ Մերձավոր Արեւելքում ծավալած նրա գործունեությունից, ով կարեւոր դերակատարում է ունեցել մեր այս վիճակում հայտնվելու մեջ: Բանախոսն անդրադարձավ աշխարհի 3 հզոր պետությունների՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի միջեւ կնքած գաղտնի՝ Սայքս-Փիկոյի պայմանագրին ու դրա չիրականանալու դրդապատճառներին, ինչպես նաեւ Իսրայել պետության ստեղծմանն ու ստեղծվելիք հայկական պետության կորստին վերաբերող հարցերին:

Բանախոսը նշեց, որ ցեղասպանության մեր պատմությունը լի է դավերով, խարդավանքներով, ճշմարտության հետ աղերս չունեցող իրավիճակներով ու այնպիսի մարդկանց անուններով, որոնց իսկական անուններն ու անգամ էթնիկական ծագումը թաքցված են եղել: Եվ ժամանակն է, եթե չասենք ուշացած, որ իրերն իրենց անուններով կոչենք վերջապես:

hacpan-5--1

Կարծես Հայաստանի Հանրապետությունում դեռ տաբու է՝ ինչո՞ւ մի ողջ ժողովուրդ ցեղասպանվեց իր բնօրրանում հարցին վերաբերող պատասխանները որոնելը: Բանախոսը ցուցադրեց Լոուրենս Արաբացու, նրա ծնողների, ընկերների բազմաթիվ լուսանկարներ եւ ասաց, որ 1962թ. նրան նվիրված 4 ժամանոց ֆիլմ է նկարել ամերիկյան հայտնի կինոռեժիսոր Դեւիդ Լինը: Հասկանալի է, որ ֆիլմում Արաբացու իրական կյանքի փոխարեն լայն շրջանակներին հայտնի մի լեգենդ է ներկայացված: Ժամանակին Արաբացու հայրը՝ Մեծ Բրիտանիայում եւ Իռլանդիայում հայտնի մի կալվածատեր, 7-րդ աստիճանի բարոնի տիտղոսակիր՝ Թոմաս Չափմանը, կապվելով իր դստրերի դայակ՝ ծագումով աշկենազի հրեա Սառայի հետ, լքում է իր ընտանիքը եւ տեղափոխվում Ուելս: Կինը չի տալիս ապահարզան եւ ամուսնուն՝ սիրուհու հետ, դուրս է անում տնից: Եվ Չափման ընտանիքի անունը, որ ժամանակին կարող էր վճռորոշ լինել Անգլիայի թագավորներ կարգողների շարքերում, աստիճանաբար մարում է: Ահա այս նոր ընտանիքում, որի պատմությունն այնքան էլ սովորական չէր այն թվերի համար, ծնվում է Էդուարդ Լոուրենսը: Վերջինս աղախին Սառայից ծնված 5 երեխաներից երկրորդն էր: Նա ավարտում է Օքսֆորդի տղաների բարձրագույն դպրոցն ու 1909թ. մեկնում Սիրիա եւ Լիբանան եւ 1910թ. հաստատվում այնտեղ: Այդ թվերին սկսում է գրել «Իմաստնության յոթ սյունը» ժողովածուն, որտեղ մի բանաստեղծության մեջ իր «պլատոնական» սերն է խոստովանում 14-ամյա արաբ Սալիհ Ահմադին, ում սիրուց էլ դառնում է «արաբապաշտ»: 1910-1914թթ. Էդուարդ Լոուրենսը հետամուտ լինելով հնէաբանական հետազոտություններին՝ ուսապարկն ուսերին, ոտքով ճանապարհորդվում է Սիրիա, Լիբանան եւ շրջագայում է գրեթե ողջ Արաբական թերակղզով: Նրա անվան շուրջ լեգենդ է հյուսվում: Ի դեպ, նրա մահից հետո Օքսֆորդի համալսարանի մասնաշենքերից մեկը կնքվել է Արաբացու անունով:

Առաջին անգամ նա Կ.Պոլսում եղել է 1909թ., երբ սպասում էր հիշյալ երկրները մեկնելու թույլտվություն ստանալուն: Թոմաս Լոուրենսի կենսագրությունը տեղ-տեղ նույնությամբ կրկնում է Մուստաֆա Քեմալ՝ Աթաթուրքի կյանքն ու անցած ուղին:

Անգլիայի գաղտնի սպասարկման ծառայության հավաքագրված սպա, մի քանի լեզուների գիտակ Լոուրենսը հասցնում է եւս մի քանի արաբական բարբառներ սովորել եւ տեղի արաբ բեդուին ցեղախմբերի հետ 1916-1918թթ. Սինայի թերակղզու հյուսիսային հատվածում, ազատության դրոշը ձեռքին պարզած՝ Օսմանյան կայսրության դեմ ապստամբության մասնակցելով՝ լեգենդար անձնավորություն է դառնում: Լոուրենսը հրաշալի քարտեզագրող է եղել եւ մեծ ճշտությամբ կազմել է տարածաշրջանի քարտեզները: Բայց իրականում նա արաբական այդ տարածքում կատարում էր Մեծ Բրիտանիայի հանձնարարականները եւ ծառայում էր 1916 թ. մայիսին Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի միջեւ գաղտնի ստորագրված Սայքս-Փիկո (Sykes-Picot) պայմանագրի իրագործմանը, ինչին իր գրավոր համաձայնությունն էր տվել նաեւ ցարական Ռուսաստանը: Այս չիրագործված պայմանագիրը լուրջ դերակատարում ունի հայության ճակատագրում: Ըստ այդ պայմանագրի, առաջին աշխարհամարտում հաղթող երկրները՝ Անգլիան, Ֆրանսիան եւ ցարական Ռուսաստանը որոշել էին իրար մեջ բաժանել պարտված Օսմանյան կայսրության տարածքները ու այդտեղի ռազմավարական նշանակության տարածքներից միմիայն Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները թողնելով Ռուսաստանին, երկրի հարուստ հանքերով լի տարածքներն իրենց վերցնել, մինչդեռ Ռուսաստանն ախորժակի պակաս չուներ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սազոնովը պահանջեց Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցներից բացի, ամբողջ Արեւմտյան Հայաստանը. քանի որ ոչ միայն հաղթող երկիր էր, այլեւ արդեն մտել էր Էրզրում, Վան, Բիթլիս: Մինչեւ 1916թ. մայիսը, Սազոնովի հետ հանդիպումներում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչն անվերջ այնքան է շրջանցում եւ հետաձգում հայերին ու հայությանը վերաբերող խնդիրները, որ մի անգամ Սազոնովը ստիպված ասում է, որ իր բնօրրանում միլիոններով կոտորված այս ժողովուրդը պետք է իր երկիրը՝ Հայաստանն ունենա: Անգլիական կողմը ներկայացնողները, որոնք ոչ այնքան անգլիացիներ էին, ինչքան սիոնիստական կազմակերպության երդվյալ անդամներ, կարողացան ռուսներին մոտ 1,5 տարի խաղացնելուց հետո հասնել իրենց ուզածին:

Թե ինչպե՞ս եւ ինչո՞ւ հարցերի պատասխաններն ու ի՞նչ էր նախատեսում Սայքս-Փիկոյի համաձայնագիրը եւ որտե՞ղ, ի՞նչ պետք է լիներ՝ ստորեւ կկարդաք:

Նրանք արաբներին գաղտնի առաջարկել էին արաբական անկախ պետություն ստեղծել: Վերլուծաբանը ցուցադրեց Անտանտի պետությունների Սայքս-Փիկոյի վերջնական, փոխադարձ համաձայնությամբ կազմած քարտեզը, ուր դեղին գույնով նշված էր Կիլիկիան եւ Արեւմտյան Հայաստանը, որպես Հայաստան աշխարհ, կապույտ գույնով՝ Ֆրանսիային պատկանելիք տարածքը, վարդագույնովը՝ Մեծն Բրիտանիայինը, նեղուցները՝ մինչեւ Չանաքկալեն՝ Ռուսաստանին, իսկ քիչ ներքեւի տարածքը՝ Իտալիային: Սայքս-Փիկոյի պայմանագիրը չի իրականանում այն պատճառով, որ Ֆրանսիան ու Անգլիան փորձում էին Ռուսաստանին շրջանցել: Ցավոք, այդ ժամանակաշրջանում հայտնի մութ ուժերի կողմից Ռուսաստանում զուգահեռ նախապատրաստվում էր 1917թ. բոլշեւիկյան հեղափոխությունը, ինչին քաջատեղյակ էին եւ Ֆրանսիայում, եւ Մեծն Բրիտանիայում: Սայքս-Փիկոյի գաղտնի պայմանագիրը բացահայտվում է բոլշեւիկների շնորհիվ, չնայած Ֆրանսիան ու Մեծն Բրիտանիան փորձում էին ամեն ինչ անել Սայքս-Փիկոյի իրագործման համար, սակայն երբեք չբարձրաձայնեցին դրա մասին:

Ս. Հացպանյանը ցուցադրեց Սայքս-Փիկոյի ժամանակահատվածում Մեծն Բրիտանիայի վարչապետ Լլոյդ Ջորջի, սիոնիստ գործիչ Հերբերտ Սամուելի, որ հետագայում՝ 1920-1925 թթ. դառնալու էր Պաղեստինի բարձր կոմիսարը, սիոնիստների այդ ժամանակվա համաշխարհային կոնգրեսի նախագահ Հայիմ Վեյզմանի, ով հետո դարձավ Իսրայելի առաջին նախագահը, լուսանկարները: Ճիշտ այդ ժամանակաշրջանում Մեծն Բրիտանիան կրկնակի խաղեր տալով՝ կարողանում է դիվանագիտական ոսկերչական աշխատանք կատարել: Սայքս-Փիկոյի ժամանակահատվածում 3 խոշոր գերտերությունների միմյանց հետ փոխհամաձայնեցված լինելով հանդերձ՝ կնքված գաղտնի պայմանագրի տեղ իրականում բոլորովին այլ բան է կատարվում: Սայքս-Փիկոյի իրականացման շրջանակներում, երեւի թե աշխարհում առաջին անգամ, այդ էլ կայսերական պետությունների դիվանագիտական, պաշտոնական փաստաթղթերում սկսվում է շրջանառվել Պաղեստինի տարածքում՝ հրեաների հայրենի օջախ ստեղծելու գաղափարը: Հ. Սամուելը, ով ծագումով հրեա էր եւ բրիտանական կառավարության ներկայացուցիչն էր, Հայիմ Վեյզմանի հետ, վերջինս Ռուսաստանից էր տեղափոխվել Մեծն Բրիտանիա, նախատեսել էին Պաղեստինում, հենց ներկայիս Իսրայելի տարածքում, Անգլիայի հովանու ներքո հիմնել Հրեաստան: Մինչդեռ Մեծն Բրիտանիայի կառավարությունը նրանց վաղուց առաջարկել էր բրիտանական գաղութներից Ուգանդան դարձնել հրեական պետություն, սակայն սիոնիստ առաջնորդները մերժել էին եւ ասել, որ միմիայն իրենց բնօրրանում են պատկերացնում հիմնել պետություն: Եվ ուրեմն ոչ միայն 1916թ. մայիսին կնքված Սայքս-Փիկոյի պայմանագիրը չի իրագործվում, այլեւ դրա տեղ ծնվում է Բալֆուրյան կոչված հռչակագիրը: Բանախոսը ներկայացրեց բրիտանական կառավարության արտաքին գործերի նախարար Արթուր Բալֆուրի 1917թ. նոյեմբերի 2-ի բաց նամակը՝ ուղղված Մեծ Բրիտանիայի սիոնիստ լորդ Ռոտշիլդին, որտեղ ասում է՝ «Ես մեծ հաճույքով փոխանցում եմ ձեզ հրեական սիոնիստական ձգտումների նկատմամբ համակրանքի Նորին Գերազանցության կառավարության հետեւյալ հռչակագիրը, որը ներկայացվել եւ հավանության է արժանացել կառավարության կողմից:

Նորին մեծություն կառավարությունը բարյացակամ է դիտարկում Պաղեստինում հրեա ժողովրդի համար «ազգային տան» ստեղծման գաղափարը եւ ամեն ջանք կգործադրի այդ նպատակի իրականացումը խթանելու համար, այսուհանդերձ, պետք է հստակ գիտակցվի, որ ոչ մի քայլ չի ձեռնարկվի, որը կարող է վնաս հասցնել Պաղեստինի ոչ հրեական համայնքի քաղաքական եւ կրոնական իրավունքներին կամ այլ երկրներում բնակվող հրեաների իրավունքներին եւ նրանց քաղաքական կարգավիճակին։ Ես երախտապարտ կլինեմ, եթե Դուք այս հռչակագիրը փոխանցեք Սիոնիստական Դաշնությանը»։
Այս նամակը կարելի է 1948թ. ստեղծված Իսրայել պետության ծննդյան վկայականը համարել: Այս նամակից ընդամենը 2 շաբաթ առաջ տեղի էր ունեցել ռուսական հեղափոխությունը: Երբ Բալֆուրյան հռչակագրի մասին տպագրում են աշխարհի թերթերը, Վ. Ի. Լենինը դրանից 13-14 օր հետո ցուցում է տալիս, որ Սայքս-Փիկոյի գաղտնի պայմանագիրը բացահայտվի եւ հայտարարում է, որ Ռուսաստանը դուրս է գալիս այդ պայմանագրից ու հրաժարվում է բոլոր ձգտումներից՝ նեղուցներից էլ, Արեւմտյան Հայաստանից էլ եւ այլն: Հիրավի, ժամացույցի նման ճշգրտորեն աշխատեցրել են ծրագրերը: Աշխարհի 3 հզոր պետությունների գերգաղտնի պայմանագիրը գաղտնազերծվում է միմիայն օրեր առաջ բոլշեւիկ դարձած Ռուսաստանի կողմից եւ բրիտանական մանչեստրյան մի թերթում հրապարակվում դրա բոլոր հոդվածները՝ «Ռուսաստանը բացահայտեց Սայքս-Փիկոն» վերնագրով եւ կողքին տպագրվում «Իսկ ինչպիսի՞ն կլիներ աշխարհի քարտեզը» վերտառությամբ մի քարտեզ, ուր տեղ էր գտել հրեաների ապագա ազգային տունը՝ Պաղեստինի տարածքում (Իսրայել անունը դեռ չէր հոլովվում):

ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930