Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանցի զբոսաշրջիկները նորից Քոբուլեթիի ու Բաթումի ծովափերում կհանգստանան

Հուլիս 13,2015 13:30

Պատճառն այս տարվա գնաճն է

Վերջին երկու-երեք տարում Հայաստանից դեպի Վրաստանի հանգստյան գոտիներ մեկնողների հոսքը փոքր-ինչ նվազել էր՝ պայմանավորված այլ երկրներում արձակուրդները անցկացնելու մեր զբոսաշրջիկների ցանկությամբ: Սակայն այս տարի, ինչպես «Առավոտի» հետ զրույցում տուրընկերությունների պատասխանատուներն են հավաստիացնում, Վրաստանի ուղղությամբ կրկին աշխուժություն է նկատվում: Պատճառն, ըստ մեր զրուցակիցների, Հայաստանում այս տարի տեղի ունեցած գնաճն է, ինչի պատճառով մարդկանց եկամուտներն էականորեն նվազել են: Տուրգործակալությունների աշխատակիցները նկատել են, որ միջին եկամուտներ ունեցող մեր հայրենակիցների հետաքրքրությունը վրացական հանգստավայրերի նկատմամբ կրկին մեծացել է, եւ զբոսաշրջիկները հիմնականում դիմում են Քոբուլեթիում, Բաթումում, Ուռեկիում, Անակլյայում, Սարպիում եւ այլ վայրերում իրենց հանգիստը կազմակերպելու համար:

Հայ զբոսաշրջիկներից շատերն էլ ամռանը Վրաստան են մեկնում ինքնուրույն՝ առանց տուրգործակալությունների օգնության:

Ինչպես տուրօպերատորներն են նշում, նախորդ տարիներին Վրաստանին սկսել էին փոխարինել Եգիպտոսը, Անթալիան, Շրի Լանկան, Բուլղարիան եւ այլ հանգստավայրեր, որոնք ոչ պակաս մատչելի զբոսաշրջային ծառայություններ էին առաջարկում: Եվ հայաստանցի զբոսաշրջիկները Վրաստանից հագեցած լինելով՝ նախընտրում էին այդ ուղղությունները: Ընդհանրապես, ըստ մեր զրուցակիցների, հայաստանցիները հանգստանում են տարին երկու անգամ՝ ամռանն ու ձմռանը՝ նախապատվությունը տալով ծովափնյա հանգստավայրերին:

Եկամուտների պակաս չունեցող մեր հայրենակիցները, սակայն, շարունակում են իրենց հանգիստը կազմակերպել Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Կանարյան կղզիներում, Թաիլանդում, Հնդկաստանում, Հունաստանում, Կիպրոսում:
Տուրօպերատորները նշեցին՝ սակայն, ի տարբերություն նախորդ տարիների, եթե ունեւորներն ավելի շատ օրով էին տուրփաթեթը վերցնում, ապա այս տարի հանգստյան օրերի քանակը կրճատել են, ասենք՝ 14 օրի փոխարեն՝ 10 օր են վերցնում:
Եթե Վրաստանում մեկ անձը կարող է 10 օրը 100 հազար դրամով հանգստանալ, ապա եվրոպական երկրներում հանգստանալու մեկշաբաթյա տուրփաթեթը սկսվում է 950-1000 եվրոյից՝ կախված առաջարկվող ծառայություններից, հյուրանոցների աստղերից ու երկրից: Օրինակ՝ Իտալիայի տուրփաթեթներն ավելի թանկ են, քան Հունաստանինը կամ Իսպանիայինը: Այս սեզոնին մատչելի են Եգիպտոսի հանգստավայրերի ծառայությունները: Անգամ 500-600 դոլարով տուրփաթեթներ են առաջարկվում, սակայն հայաստանցիների համար խնդիրն այն է, որ այս մատչելի տուրփաթեթներից օգտվելու դեպքում պետք է Վրաստանից թռչել, ինչը զբոսաշրջիկների համար առանձին խնդիրներ է առաջացնում: Մի շարք այլ երկրների դեպքում եւս մեր երկրից ուղիղ թռիչք չկա: Այս հանգամանքը զբոսաշրջային կազմակերպությունների աշխատանքի վրա եւս բացասաբար է ազդում:

Տուրիստական ընկերությունների պատասխանատուները տուրիզմի ոլորտի զարգացման խոչընդոտներից են համարում նաեւ ավիատոմսերի բարձր գները, որի հարցը ոչ մի կերպ մեր երկրում չի լուծվում՝ անկախ այն բանից, որ մոտ երկու տարի առաջ կառավարությունը փորձեց մենաշնորհները վերացնել եւ սկսեց բաց երկնքի քաղաքականություն վարել: Սեզոնին ավիատոմսերն ավելի են թանկանում, ինչը ավիաընկերությունները բացատրում էին ծանրաբեռնված գրաֆիկով աշխատելու ու հավելյալ թռիչքներ բացելու հանգամանքով:

Նշենք նաեւ, որ Հայաստանում շարունակում է հանգիստն ավելի թանկ լինել, քան արտերկրում: Վերջին տարիներին մեր երկրի հանգստավայրերից հիմնականում օգտվում են սոցփաթեթների շահառուները, քանի որ նրանք այդ հնարավորությունը չեն կարող օգտագործել արտերկրում հանգստանալու համար:

Ի դեպ, երբ ամեն հարմար առիթով մեր երկրի տուրիզմի ոլորտի պատասխանատուների առաջ բարձրացվում է հայաստանյան հանգստավայրերի ոչ մատչելի լինելու հարցը, նրանք մատնանշում են եվրոպական կամ ռուսաստանյան հանգստավայրերի, մասնավորապես՝ Սոչիի գները՝ նշելով, որ այդ երկրների համեմատությամբ նորմալ է: Սակայն տուրիզմի զարգացման համար պատասխանատու պաշտոնյաները հաշվի չեն առնում նշյալ երկրների քաղաքացիների եկամուտները, որոնք միջին աշխատավարձ ստացող հայաստանցու եկամուտների հետ անհամեմատելի են:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031