Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես ցրել գաղջ մթնոլորտը

Հուլիս 25,2015 16:00

Արբակ Խաչատրյանը` Գերմանիայի հզորացման վտանգների,
Հունաստանի անկայուն իրավիճակի, Բաղրամյան պողոտայի իրադարձությունների, Հայաստանի օլիգարխների ու բյուջեն համալրելու հնարավորության մասին:

Դեռ երկու տարի առաջ «Առավոտին» տված հարցազրույցներից մեկում Մոսկվայում բնակվող իրավապաշտպան Արբակ Խաչատրյանն ասել էր. «Մեր սերունդն անառակ գտնվեց, երիտասարդները պետք է փրկեն Հայաստանը»:

Այսօր արդեն Արբակ Խաչատրյանն ուրախությամբ է խոսում էլեկտրաէներգիայի թանկացման փորձի առիթով Հայաստանում երիտասարդների ըմբոստության եւ Բաղրամյան պողոտայում ծավալված իրադարձությունների մասին: «Ավարտը, ճիշտ է, անհասկանալի է, դեռ չի էլ ավարտվել, բայց եթե ճիշտ մոտեցումները պահվեն, եւ ամեն ինչ ռազմավարական ուղղությամբ տարվի, շատ լավ է»,- ասում է մեր զրուցակիցը` հավելելով. «Այս օրերին շատ խոսվեց, որ երիտասարդների շարժումը Բաղրամյան 26-ից էր կազմակերպվում եւ ուղղորդվում: Դա էլ հոգ չէ, եւ եթե անգամ դա իսկապես այդպես է, դարձյալ ուրախ եմ, որ Հայաստանում, ի վերջո, ռազմավարական քայլ կատարվեց` ե՛ւ երիտասարդների, ե՛ւ պետության կողմից: Ուրեմն՝ Բաղրամյան 26-ում դեռ կան մտահոգ մարդիկ, ովքեր փորձում են երկիրը ճիշտ ռելսերի վրա դնել»:

Սա, սակայն, մեր զրուցակիցը դեռ բավարար չի համարում, քանի որ, իր համոզմամբ, Հայաստանը ոտքի կանգնեցնելու համար պետք է սկսել հայկական ընտանիքն ամուր պահելու հարցից: Նա կարծում է, որ պատասխանատվության պետք է կանչվեն այն բոլոր անձինք, ովքեր այս կամ այն կերպ նպաստել են, որպեսզի այս տարիների ընթացքում հայ տղամարդիկ դրսում փորձեն աշխատանք գտնել ու օրվա հացի հարց հոգալ` Հայաստանում թողնելով իրենց ընտանիքները: «Մինչեւ պետությունն այդ հարցը չդնի, մինչեւ պետականորեն հայկական ընտանիքները վերականգնելու ուղղությամբ քայլեր չարվեն, մեղավորները չպատժվեն՝ շատ բան ակնկալել չի կարելի»:

Այն, որ Բաղրամյան պողոտայում ծավալված իրադարձությունների առաջին օրերին ռուսական լրատվամիջոցները բավական բուռն արձագանքեցին` Բաղրամյանում փնտրելով գունավոր հեղափոխություն եւ Արեւմուտքի հետք, մեր զրուցակիցը նորմալ է համարում այն առումով, որ Վրաստանում եւ Ուկրաինայում ծավալված իրադարձություններից, այդ երկրներում Ռուսաստանի վարած քարոզչական պատերազմից հետո ռուսաստանյան լրատվամիջոցներն այլ կերպ չէին էլ կարող արձագանքել Բաղրամյանի դեպքերին. «Ամեն տեղ հնարավոր է տեսնել «դրսի մատը», բայց ոչ ոք չի փորձում խորամուխ լինել այն հարցում, որ ՌԴ-ի հովանավորությամբ տվյալ երկրներից թալան իրականացրած մարդիկ, ովքեր, ի դեպ, գումարները պահում են եվրոպական ու ամերիկյան բանկերում, մի օր շատ հանգիստ օգտագործվելու են հենց ՌԴ-ի դեմ»:

Արդյոք Հայաստանի իշխանությունները կարողացա՞ն առավելագույն արդյունքը քաղել Բաղրամյան պողոտայի իրադարձություններից՝ մեր զրուցակիցը դժվարանում է ասել. «Թե ի՞նչ ուժեր են այդ կոռուպցիոն համակարգում, կարո՞ղ է երկրի ղեկավարը գնալ կտրուկ քայլերի՝ երկիրը փրկելու համար, չեմ կարող ասել: Բայց ուրախալի էր, որ երիտասարդները դեռ կարողանում են պայքարել: Բավական բարդ իրավիճակ է, քանի որ հայաստանյան չինովնիկներն ու օլիգարխները դրսի հետ տարբեր թելերով կապված են, ու հարմար պահի դա անպայման օգտագործվելու է Հայաստան պետության դեմ»: Համենայնդեպս, նա նկատում է, որ ՌԴ իշխանություններն այսօր քայլեր են անում` կոռուպցիոն համակարգի դեմ պայքարելու ու պետականացնելու ռազմավարական ճյուղերը, որպեսզի երկիրը փրկեն. «Գուցե մեզ մոտ էլ սկսվի. Աստված տա»:

Հայաստանում առկա «գաղջ մթնոլորտը», ինչի մասին իր ժամանակին խոսեց նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը, ցրելու համար հենց նախագահն էլ պետք է քայլ անի. «Տարիների ընթացքում մարդկանց մեծամասնությանը ստիպեցին հոգեբանորեն ստրուկ դառնալ: Խորհրդային տարիներին երբեք չէիր ասի, որ շուկայի տիրոջից կախված է ակադեմիկոսը, պրոֆեսորը: Դա պատիվ չէր բերի: Բայց այսօր շատ գիտնականներ իրենց կոռումպացվածության աստիճանով ավելի վտանգավոր են երկրի ու ուսանողների համար, քան սովորական հանցագործը: Բարդ է սոված մարդուն բացատրել, որ հարուստի տված այդ հացի փողը գողացված է, թալանված է եւ այլն, բայց պետք է մտածել ու գտնել համակարգը՝ հոգեբանությունը փոխելու համար: Երկրի քաղաքական ղեկավարը միշտ աուրա է ստեղծում, թե որ մոտեցումն է ճիշտ: Երբ մարդը զգա, որ ազնիվ լինելը, արդար, պատվով աշխատելն ավելի կարեւոր է, ու ինքը կախված չէ օլիգարխի գումարից, հարցը կլուծվի: Ո՞վ չի ցանկանա այդպիսին լինել: Եթե այդ քայլը չի արվում, սոված մարդուն չես կարող ասել՝ ինչո՞ւ ես հանցագործություն անում, ինչո՞ւ ես երկիրը թողնում ու գնում»:
Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո Հայաստանում ինտենսիվորեն սկսել են խոսել այդ երկրի ռազմավարական նշանակության ու հայ-իրանական հարաբերությունների ակտիվացման մասին: Մեր զրուցակիցը սա չափազանց ուշացած խոսակցություն է համարում: Ըստ նրա՝ դա պետք էր մի քանի տարի առաջ անել, էմբարգոյի պայմաններում ու հիմա արդեն արդյունքները ստանալ: Մինչդեռ տարբեր առիթով նաեւ իր կողմից բարձրաձայնված այդ առաջարկները ՀՀ իշխանությունների կողմից այդպես էլ արձագանք չստացան: «Քայլեր չարվեցին` պատճառաբանելով, թե բյուջեում գումարներ չկան, բայց պետությունում թալան էր գնում: Հիմա արդեն ես չգիտեմ՝ Հայաստանը մի քանի շուկաների տերերի փողերով կկարողանա՞ Իրանի հետ աշխատանք տանելու մրցակցությանը դիմանալ, բյուջեն էլ շատ սահմանափակ է: Դա պետք էր անել մի քանի տարի առաջ` նույն խաղը տանելով գերտերությունների հետ, նույն երիտասարդներին ակտիվացնելով: Քանի որ անձնական գումարների հարց կար, չարվեց ոչ մի քայլ: Վախենում էին, որ 200 միլիոն հացի փողը ԱՄՆ-ը չէր տա, բայց ԱՄՆ-ը չի հարցնում, թե որտեղի՞ց հայ օլիգարխներին այն միլիարդները, որոնցով դղյակներ են կառուցում: Սպասում է, որ ժամանակին օգտագործի Հայաստանի դեմ: Այս ամենը պետականության դեմ բաներ են, որոնք վաղ թե ուշ օգտագործվելու են: Ճիշտ հասկացեք, հարցն այն չէ, որ օլիգարխները կամ միլիարդներ ստեղծողները վատն են: Նրանք այլ մտածելակերպ չունեն: Իրենց շահի համար դա պարզ է, նրանց տրվել են այդ հնարավորությունները: Օլիգարխներին մեղադրել չի կարելի, թալանչի ասել չի կարելի, դա այդ մարդկանց մոտեցումն ու մտածելակերպն է: Պարզապես աշխարհաքաղաքական շահը չի կարելի չափել բիզնես-շահի արշինով: Այս իրավիճակում անհնար է ռազմավարական խաղ տանելը: Հզոր ռազմավարական խաղեր տանելու ժամանակներն ու հնարավորությունները կորսված են»:

Այնուհանդերձ, մեր զրուցակիցը Հայաստանի բյուջեն միանգամից մի քանի միլիարդով համալրելու տարբերակ է առաջարկում, այսպես ասած, «ժողովրդական դիվանագիտության» ճանապարհով. «Կշեռքի մի նժարին է դրվում անցած 15 տարվա ընթացքում բոլոր չինովնիկների ու պետական պաշտոնյաների ունեցվածքը՝ մինչեւ աշխատանքի անցնելը, այդ թվում նաեւ՝ նրանց ընտանիքի անդամների ու հարազատների անունով գրանցված ունեցվածքը, արտասահմանյան բանկային հաշիվները, մյուսին` ներկայիս ունեցածը: Դրանից հանվում է աշխատավարձի հաշվին կուտակվածը, տարբերությունը մուտքագրվում է բյուջե: Տասնյակ միլիարդներ միանգամից կմտնեն բյուջե»:

Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում անդրադառնալով այն իրավիճակին, որի առջեւ այսօր կանգնած են եվրոպական պետությունները, մեր զրուցակիցը կարծում է, որ քանի դեռ այլընտրանքը չկա, պետությունները ստիպված են մնալ 200-300 տարի առաջ օրինականացված բանկային թալանի լծի տակ. «Մարդիկ, պետությունները, խոշոր ընկերությունները իրենց ֆինանսական ողջ բազայով կապված են օրինական թալանի այդ համակարգի հետ, ու այսօր արդեն ակնհայտ է, որ այն այլեւս չի կարողանում աշխատել: Թեպետ ես տարիներ առաջ էի խոսում այլընտրանքների ստեղծման անհրաժեշտության մասին: Այն մեծ աշխարհաքաղաքական խաղը, որ գնում է՝ շուկաները գրավելու համար, բավական բարդ իրավիճակ է ստեղծել: Առաջին մետաստազներն արդեն կան, ու Հունաստանի նման երկիրը, որն իր պատմությամբ, մշակույթով, բարքերով համարվում է Եվրոպայի հիմքը, այսօր կանգնած է Եվրոպայից դուրս գալու խնդրի առջեւ: Բայց ամենազավեշտալին այն է, թե ո՞վ է այդ խնդիրն առաջադրում՝ Գերմանիան: Եթե անդրադառնանք անցյալ դարի պատմությանը, մի կողմ թողնենք այն ամբողջ պատմությունը, որը վերաբերում է Գերմանիայի ստեղծմանը՝ ֆրանկներ, Կարլի ժամանակներ եւ այլն, Գերմանիան հզորացավ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Եվրոպան քանդվում էր: Այդ ժամանակ էլ իր ողջ պատմության ընթացքում Հայաստանն ամենամեծ հարվածը ստացավ՝ 1,5 միլիոն զոհ: Դա ոչ միայն Թուրքիայի ձեռքի գործն էր, այլ նաեւ Գերմանիայի: Ապա Երկրորդ համաշխարհայինի տարիները. Եվրոպան կրկին քանդվում էր, Գերմանիան կրկին հզորանում էր, Հայաստանն էլ, տոկոսային հարաբերությամբ, ամենաշատ զոհեր տվող երկրներից էր: Ուշագրավ է, որ այդ օրերին, մինչեւ Գերմանիայի կողմից Ռուսաստանի վրա հարձակումը, Ռուսաստանը մետաղ էր արտահանում Գերմանիա: Այսինքն՝ այն տանկերն ու ինքնաթիռները, որոնք հարձակվում էին Ռուսաստանի վրա, հենց ռուսական մետաղով էին պատրաստված»:

Գալով մեր օրերին՝ Արբակ Խաչատրյանը նկատում է, որ Գերմանիան կրկին հզորանում է, Եվրոպան քանդվում է, ՌԴ-ն էլ հսկայական ծավալով գազ եւ էներգառեսուրսներ է մատակարարում Գերմանիային. «Թե ի՞նչ կլինի այս դեպքում՝ չգիտեմ, քանզի այսօր ռազմական տեխնոլոգիան է հզոր, եւ մարդկային ռեսուրսները համաշխարհային բանկային համակարգի հետ կապված են տարբեր թելերով: Ես վստահ եմ, որ Հունաստանն առանց մտածելու դուրս կգար ԵՄ-ից, եթե որեւիցե լծակ ունենար, որով կարողանար աշխատել: Բայց համաշխարհային բանկային համակարգն այնպիսի մետաստազներ է տվել, որ այս պահին անհնար է ինքնուրույն ճանապարհով գնալ: Իսկ թե ՌԴ-ի հետ ի՞նչ է կատարվում՝ Եվրասիական միություն, ԲՐԻԿՍ… ուղնուծուծով Եվրոպայի հետ կապված, եվրոպական մշակույթի ու քաղաքակրթության կրող ռուսները միանում են Չինաստանի ու Հնդկաստանի հետ, երբ անգամ չինարեն կամ հնդկերեն տառերն էլ չգիտեն: Բանկային համակարգով տրիլիոններ աշխատող Չինաստանը մի քանի հարյուր միլիարդի համար ՌԴ-ի հետ է միանում: Դա աբսուրդ է, ու անհնար է լուրջ ընդունել՝ ռազմավարական տեսանկյունից: Նույնքան աբսուրդ է, որքան որ Ղրիմի հարցով ՌԴ-ն միացավ Թուրքիային: Սլավոնական երկրների հետ գազամուղը չի աշխատում՝ Թուրքիայի հե՞տ պիտի աշխատի: Սրանք բոլորը ժամանակավոր, կարճատեւ հաղթանակներ են, ոչ ռազմավարական լուծումներ, որոնք հետագայում կարող են շատ վնասակար լինել: Եվրոպայի քանդվելը մեծ վտանգ է, վտանգ է նաեւ Գերմանիայի հզորացումը. ճիշտ է, ժամանակները այլ են՝ տանկերն ու ինքնաթիռները չեն հարձակվում, բայց հարվածը կարող է շատ ծանր լինել: Ի՞նչ վիճակում կհայտնվի Հայաստանը՝ դժվար է ասել, քանի որ մինչ օրս ռազմավարական քայլեր տեսանելի չեն, չկան այն դիվանագիտական ինստիտուտները, որոնք հաղթանակների կհասնեն»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031