Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական դատարանը ե՞րբ կքննի Բուդաղյանների գործը

Նոյեմբեր 07,2015 15:00

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ծանրաբեռնվածության պարագայում առնվազն մեկից երեք տարի է պահանջվում

Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանը Արա Բուդաղյանի կալանավորման հարցով գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Հիշեցնենք, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԱԾ-ի միջնորդությունն ու եւս երկու ամսով երկարաձգել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով կալանավորված Արա Բուդաղյանի կալանքի ժամկետը:

Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանը հույս ունի, որ ՄԻԵԴ-ը մինչեւ մյուս տարվա վերջ իրենց գանգատին վերջնական լուծում կտա:

Ընդհանրապես Եվրոպական դատարանի՝ գանգատների քննման հարցում հստակ օրինաչափություններ չեն գործում: Դատարանն է որոշում, թե որ գործին առաջնահերթություն տա:

«Առավոտը» այս հարցով դիմեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանին: Հետաքրքրվեցինք՝ որեւէ ընդհանուր կարգ գոյություն ունի՞, ի՞նչ սկզբունքով է դատարանը որոշում տվյալ գործի քննման առաջնահերթությունը: Նա պատասխանեց. «Ընդհանուր կարգի համաձայն՝ եթե դատարանը գտնում է, որ գործը կարեւոր խնդիր է բարձրացնում, ապա դա համարում է առաջնահերթություն եւ արագ քննարկում այն: Դրա համար երբ գանգատ է ներկայացվում, փաստաբանը պետք է ներկայացնի, որ տվյալ գործը կարեւոր խնդիր է բարձրացնում, ուստի խնդրում ենք առաջնահերթություն տալ գանգատին»: Պարոն Ղազարյանը նշեց, որ ներկայումս ունեն նման մի քանի գործեր: Արա Ղազարյանը նկատեց, որ ինչ Արմեն Հարությունյանը նշանակվել է ՄԻԵԴ-ում դատավոր, դիմումների ընդունման գործընթացն արագացել է, այնուհետեւ հավելեց. «Արագացել է նաեւ մերժումների գործընթացը: Վերջին երկու ամսվա ընթացքում փոփոխությունը նկատել ենք: Այսօրվա դրությամբ, երբ գանգատ ենք ներկայացնում, մոտ ամսվա մեջ ստանում ենք պատասխան, որ գրանցել են դիմումը, կամ էլ եթե որոշ տեխնիկական հարցեր լինում են դիմումի ձեւաչափի հետ կապված, իրենք տեղեկացնում են, որ չեն գրանցել գանգատը ու որոշ հարցեր շտկել է պետք»: Հարցին՝ ի՞նչ ժամանակահատվածում են տեղեկացնում հայցվոր կողմին գանգատն ընդունել-չընդունելու մասին, պարոն Ղազարյանը պատասխանեց. «Կարող է՝ մեկ տարվա, երկու տարվա մեջ դիմումին ընթացք տրվի: Օրինակ՝ գանգատ ունեի, որ սպասել ենք ինը տարի, ինը ամիս: Լինում են դեպքեր, երբ գանգատն ակնհայտորեն անհիմն է, իրենք կարող են վեց ամսվա մեջ էլ մերժել, բայց եթե երկար ժամանակ չեն մերժում, ուրեմն նկատել են իրենց հետաքրքրող հարց, դրել են ընդհանուր հերթի մեջ»: Արա Ղազարյանի տեղեկացմամբ՝ անգամ եթե ՄԻԵԴ-ը արագ ընթացակարգով է քննում գանգատը, ապա դա տեւում է մեկից երեք տարի: Նա օրինակ բերեց, որ Անահիտ Սաղաթելյանի գործն իրենք ներկայացրել են 2006-ին, դատավարական գործընթացն ավարտվել է 2009-ին, եւ այդ ժամանակվանից մինչեւ այս տարի սպասել են վճռի:

Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այս պահի դրությամբ կա 1069 գանգատ Հայաստանից: 2014-ին քննարկվել է 60 գանգատ, որից 4-ի դեպքում ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացվել:

Արա Ղազարյանը նշեց, որ Հայաստանի դեմ կայացրած վճիռներն իրենց թվով համեմատելու չեն ընդդեմ Ռուսաստանի եւ Թուրքիայի կայացված վճիռների հետ, բայց միեւնույն ժամանակ նշեց. «Եթե համեմատենք մեր երկրից ներկայացված դիմումների թիվը եւ մեր բնակչության թվաքանակը մյուս երկրների թվաքանակի հետ, ապա ստացվում է այնքան, ինչքան մյուս երկրների դեպքում»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30