Լրահոս
Օրվա լրահոսը

«Քրմապետերի» ուզածը

Նոյեմբեր 11,2015 10:03

Սահմանադրության նախագծի 29-րդ հոդվածում գրված է. «Խտրականությունը՝ կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»: Համանման նորմ կա գործող սահմանադրության մեջ: Կասեք` գործող կամ ապագա Սահմանադրության այդ ո՞ր մի հոդվածն է գործում, որ այս մեկը գործի: Իհարկե, ճիշտ եք: Բայց նման հոդվածների հիմքում դրված է մի ամբողջ արժեքային համակարգ, որը մենք կա՛մ ընդունում ենք, կա՛մ մերժում: Այս հարցում, կարծես թե, իրավունք ունենք պնդելու, որ գործ ունենք ոչ միայն պետական մարմինների ապօրինությունների, այլեւ հասարակության` այդ հոդվածին հակասող հոգեբանության հետ:

Ի՞նչ է, ի վերջո, նշանակում խտրականության արգելքը: Ինձ թվում է՝ շատ պարզ բան. եթե դուք, ասենք, հայ եք, քրիստոնյա եւ ՀՀԿ-անդամ, ապա ոչնչով ավելի կամ պակաս չեք, քան, ենթադրենք, եզդին, արեւապաշտը եւ ՀԱԿ անդամը: Եթե մեկը նստած է աթոռին եւ համակարգչով տեքստ է գրում, նա ոչ մի առավելություն չունի այն մարդու նկատմամբ, որը համակարգչին է մոտենում անվասայլակով: Եվ գործատուի համար էլ դա չպիտի նշանակություն ունենա՝ միայն թե տեքստը լավը լինի: Եթե ես պրոֆեսորի որդի եմ, դա դեռ չի նշանակում, որ հավաքարարի որդին ինձ ինչ-որ բանով զիջում է:

Ովքե՞ր են խտրականություն քարոզում: Դա անում են նրանք, ովքեր ցանկանում են կաշկանդել մարդկանց միտքը, նրանց ազատությունը: Մեխանիզմը շատ պարզ է: Կուսակցապետն ասում է. «Այն կուսակցությունը, որը ես եմ ղեկավարում, ամենաճիշտն է, հետեւաբար նրանք, ովքեր մեր կուսակցությունից չեն, նրանք սխալ են: Ուրեմն դուք պետք է ասեք եւ անեք միայն ճիշտ բաներ՝ այն, ինչ որ ե՛ս եմ ձեզ թելադրում՝ առանց այս կամ այն կողմ շեղվելու: Թե չէ՝ մենք բոլոր կուսակցականներով կհարձակվենք քո վրա եւ բարոյապես կոչնչացնենք քեզ»: Եվ մարդիկ ենթարկվում են «կուսակցական կարգապահությանը»՝ այդպես ավելի հեշտ է. եթե հանկարծ ինչ-որ մի բան լավ չստացվի, դա արդեն քո գործը չի, դու հանձնարարություններ էիր կատարում, կուսակցության զինվոր էիր: (Այդ հոգեբանությունն է, ի դեպ, ավտորիտար ռեժիմների հիմքում):

Երբ քահանայապետը կամ քրմապետը ասում է՝ «արգելում եմ ձեզ այլ հավատքի տղամարդկանց կամ կանանց հետ ամուսնանալ», նա դրանով իր հավատքի մարդկանց դնում է որոշակի շրջանակների մեջ: Ո՞վ պետք է գծի այդ շրջանակները: Իհարկե, ինքը՝ քրմապետը: Այդպիսով՝ դու քեզ զգում ես առաջին հերթին տվյալ կուսակցության, կրոնական կազմակերպության, «ազգային թիմի», սոցիալական խմբի անդամ եւ հետո միայն՝ մարդ արարած:

Դա չի նշանակում, իհարկե, որ չի կարելի անդամակցել որեւէ կազմակերպության: Բայց անդամակցելով՝ պետք է անել միայն այն, ինչ դու հոգով-սրտով ընդունում ես: Այսինքն՝ ոչ թե քրմապետն է ինձ հանձնարարել այս կամ այն բանն անել, այլ ես եմ որոշել դա անել՝ այս եւ այս պատճառներով: Եվ եթե մի բան չի ստացվում, միայն ե՛ս եմ դրա համար պատասխան տալիս:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    «Ընթերցողի» ուզածը
    Եթե ասում ես ՛՛Ոչ՛՛, ապա ՛՛Այո՛՛-ի քարոզ մի՛ արա:
    Գործող Սահմանադրություն.
    Հոդված 14. Մարդու արժանապատվությունը՝ որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից:
    Հոդված 14.1. Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև:
    Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Հետաքրքիր է, Մարգար ջան, որ Դուք ուշադրություն եք դարձնում բաների վրա, որոնք հոդվածի հիիմնական բովանդակության հետ որեւէ կապ չունեն: Բայց թերեւս արժե համացանցային տարբերակում մի նախադասություն ավելացնել: Այյդպիսով հոդվածը «ինտերակտիվ» է դառնում: 🙂

      • Մարգար Մախսուդյան says:

        Արամ ջան, ՛՛հոդվածի հիմնական բովանդակություն՛՛-ից զատ կան ձևակերպումներ, կամ ավելի ստույգ՝ ձևավորումներ, որոնք ազդում են ընթերցողների ենթագիտակցություն վրա, քանի որ իրենց մեջ տրամաբանական կոդեր են պարունակում: Եթե Դուք նման նպատակ չէիք հետապնդում և առնվազն չեզոք էիք այդ հարցում, ապա ըստ իս՝ հոդվածը կարող էիք սկսել թեկուզ այսպես.
        Ինչպես գործող Սահմանադրության 14.1, այնպես էլ հանրաքվեին առաջարկվող Նախագծի 29-րդ հոդվածով սահմանվում է. ՛՛….՛՛:
        Հ.Գ. Արդեն կանխազգում եմ, որ որքան մոտենանք դեկտեմբերի 6-ին, այնքան շատ եմ ուշադրություն դարձնելու բաների վրա, որոնք հոդվածի հիիմնական բովանդակության հետ որեւէ ՛՛կապ չունեն՛՛, թե՞ սխալվում եմ: 🙂

  2. Ruben says:

    Մարդ արարած քանի՞ %:
    Սրա, նրա անդամ քանի՞ %:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30