Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՍՑԵՆԵՐ ԵՎ ՀԱՍՑԵԱՏԵՐԵՐ

Նոյեմբեր 13,2015 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ ութերորդ

ՀԱՍՑԵՆԵՐ ԵՎ ՀԱՍՑԵԱՏԵՐԵՐ

Չնայած Հայաստանի ֆուտբոլային ղեկավարությունը շատ լավ գիտեր, որ «Արարատի» հաջողություններն անձամբ Ֆալյանի հետ էին կապված, այդուհանդերձ, Ֆալյանին հեռացրին հայկական ֆուտբոլից, եւ Ֆալյանն իր ֆուտբոլային կարիերան շարունակեց «Կայրաթում», այնուհետեւ՝ «Զենիթում», եւ չնայած Ֆալյանին էս վեպիս մեջ մի անգամ անդրադարձել էի, էս երկրորդ անդրադարձս ավելորդ չեմ համարում էն իմաստով, որ՝ էդ թվերի հայկական ֆուտբոլի մասին ինչքան էլ խոսենք, էլի ավելացնելու բան կունենանք, որովհետեւ հենց էդ տարիներին էին գցվում «Արարատ-73»-ի հիմքերը, ընդ որում՝ Ֆալյանն անձամբ էր էդ հիմքերը գցում՝ առանց որեւէ մեկի աջակցության. ավելին. Ֆալյանը ոչ միայն աջակցողներ չուներ, այլեւ լիքը խանգարողներ ուներ, եւ չնայած քիչ առաջ ասացի թե՝ բոլորը Ֆալյանի հեռանալն էին ցանկանում, հիմա հիշելով հասկանում եմ, որ, այնուամենայնիվ, մի քիչ չափազանցրի, որովհետեւ էդ թվերին ձեր խոնարհ ծառան, իր պատանեկության ընկեր Կարոն եւ էլի ոմանք Ֆալյանի դերն ու նշանակությունը լավ էլ հասկանում ու կարեւորում էին, բայց էդ հասկացողներն ու կարեւորողները չափազանց խղճուկ քանակություն էին, եւ ագրեսիվ մեծամասնության պահանջով Արտյոմ Ֆալյանը ճարահատյալ լքեց «Արարատը», եւ հաջորդ տարի Ֆալյանին փոխարինած Պոնոմարյովն աննախադեպ հարգանքի ու գնահատակնքի արժանացավ ագրեսիվ մեծամասնության կողմից՝ Երեւանի «Արարատ» ֆուտբոլային թիմին ութերորդից տասներեքերորդ հորիզոնական հետ մղելով, եւ չնայած «Արարատի» հետընթացն էդաստիճան ակնհայտ էր, ֆուտբոլասերների ագրեսիվ մեծամասնությունը լավ էլ գովերգում ու գնահատում էր ընդամենը մի տարի «Արարատը» մարզած Պոնոմարյովին, որի ղեկավարության օրոք մերոնց խաղացած խաղերից մի դրվագ անգամ չեմ կարողանում հիշել, եւ չնայած Ֆալյանին ու Ֆալյանի հետ կապված ֆուտբոլային մեր երախտամոռությանն էս վեպիս մեջ բավական մանրակրկիտ եմ անդրադարձել, էս անդրադարձս ամենեւին անտեղի չի էն առումով, որ Մալթային նվաստաբար պարտվելուց ու Դանիային հերոսաբար հաղթելուց հետո Հայաստանում վերստին ֆուտբոլային առողջ ու անառողջ կրքերը գլուխ են բարձրացրել, եւ դրան էլ գումարած՝ Հենրիկ Մխիթարյանի տրանսֆերի հետ կապված մի կողմից առողջ եւ զանազան այլ կողմերից անառողջ աժիոտաժը, եւ չնայած էդ աժիոտաժը հիմնականում կապված էր Մխիթարյանի՝ «Շախտյորից» «Լիվերպուլ» տեղափոխության հետ, այդուհանդերձ, մինչ Ֆալյանին ու ֆուտբոլային մեր երախտամոռությանն էի անդրադառնում, էդ ընթացքում «Շախտյորից» մեր Հենրիկ Մխիթարյանին ոչ  թե «Լիվերպուլն» առավ, այլ Դորտմունդի «Բորուսիան», որը, էս պահի դրությամբ, ոչ միայն «Շախտյորին» է գերազանցում, այլեւ՝ «Լիվերպուլին» եւ հատկապես էս գարուն էր  գերազանցում «Շախտյորին» ու բոլորին՝ բացառությամբ «Բավարիայի», որը չեմպիոնների լիգայի էս տարվա եզրափակիչում հազիվհազ հաղթեց հիմա արդեն Մխիթարյան Հենրիկի «Բորուսիային», եւ Մխիթարյանի ու Դորտմունդի «Բորուսիայի» պայմանագիրը կնքվեց երեկ՝ 2013-ի հուլիսի 8-ին, այսինքն՝ նույն օրը, երբ Հայաստանում բարձրացվեց գազի գինը, եւ ոչ միայն երեկ, այլեւ էսօր էլ  ժողովուրդն ավելի շատ Հենոյի էդ քսանյոթուկես միլիոն եվրոյանոց տրանսֆերից է խոսում, քան՝ գազի գնաճից, եւ, փաստորեն, Հենոյի միանգամայն հաջող վաճառքն ակնհայտորեն նպաստեց, որ մեր ֆուտբոլասեր ժողովուրդը  միանգամայն թեթեւ տանի իր իսկ սոցիալական դրաման, եւ եթե  արմատական ընդդիմության ներկայացուցիչ լինեի, պիտի կասկածելով մտածեի, որ էս երկու նշանակալի  իրադարձությունների մեկին մեկ համընկնումը հաշվենկատորեն կազմակերպված էր Բաղրամյան 26-ից, եւ մեր արմատական ընդդիմությանն անդրադառնալով՝ պիտի կարծիք հայտնեմ, որ էս տարիների ընթացքում մեր արմատականներն իրենց մտածողությամբ ակնհայտորեն են կոնկրետացել ու որոշակիացել, որովհետեւ, ինչքան հիշում եմ, Լեւոնի ու Քոչարյանի օրոք Բաղրամյան 26 հասցեն մեր արմատականների կողմից երբեւէ չէր նշվում ու մատնանշվում, եւ չնայած էն կարծիքին չեմ, որ էսօր Բաղրամյան 26-ում ավելի էական իրադարձություններ են տեղի ունենում, քան՝ Տեր-Պետրոսյանի ու Քոչարյանի օրոք, այդուհանդերձ, Լեւոնի ու Քոչարյանի օրոք էս Բաղրամյան 26-ն էսքան չէր նշվում ու շեշտվում ընդդիմադիր գործիչների ու մանավանդ ընդդիմադիր լրագրողների կողմից, եւ քանի որ դրա բուն պատճառը չգիտեմ, ստիպված եմ ենթադրել, որ Լեւոնի ու Քոչարյանի օրոք ընդդիմադիր  գործիչներն ու մանավանդ լրագրողները չեն իմացել, որ Հայաստանի նախագահի նստավայրը գտնվում է Բաղրամյան 26 հասցեում, եւ հիմա էդ իմանալով՝ տեղին ու մանավանդ անտեղի էդ Բաղրամյան 26-ը նշում ու շեշտում են՝ հատկապես որեւէ քաղաքական գործչի վարկաբեկելու նպատակով:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30