Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Նավասարդյան. «ԱԳՆ-ն մեկ շիշ ջերմուկ վաճառե՞լ է»

Հունվար 15,2016 12:52

«Մեր արտաքին քաղաքականության ուղղվածությունը լավն է, վատը չէ: Այն, որ մեր իշխանությունները փորձում են տարբեր բեւեռների մեջ`ԵԱՏՄ, ԵՄ, ԱՄՆ, ՌԴ, Չինաստան, Իրան, հավասարակշռել`հիմքում լավ է դրված: Բայց այդ ամենը պետք է իրագործել: Դիվանագիտության էությունը կայանում է հենց նրանում, որ կարողանան իրագործել այն, ինչը ծրագրված է: Որքանո՞վ է դա հաջողվում, դժվարանում եմ ասել: Բայց որքանո՞վ է դա թույլ տրվում ԱԳՆ-ին, դա էլ եմ դժվարանում ասել: Դրանք տարբեր բաներ են»,- Aravot.am-ի հարցին ի պատասխան ասաց արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Դեսպանից հետաքրքրվել էինք`ունի՞ մեր ԱԳՆ-ն բավարար ներուժ արդի իրավիճակում համարժեք լուծումներ գտնելու համար:

«Եթե ԱԳՆ-ն ակտիվ ու անմիջական չի մասնակցում արտաքին քաղաքականության եւ միջազգային հարաբերությունների խնդիրների առաջադրմանը եւ լուծմանը, այդ դեպքում սա դառնում է լոկ արհեստական մի մեխանիզմ: Գոյություն ունի, այսպես կոչված, փոստատար դեսպանի մեխանիզմ`այստեղից վերցնում, այնտեղ են դրվում»,- ասաց նա`հավելելով, որ ամբողջ խնդիրն այն է, որ դիվանագիտությունը պրոֆեսիոնալիզմ պահանջող երեւույթ է. «Եթե այդ գործի մեջ սկսում են մտնել դիլետանտները, ապա դիվանագիտությունը դառնում է ամուլ: Եթե դու մի երկիր ուղարկում ես դեսպան, որն առաջին անգամ կյանքում մտնում է դեսպանություն, նա երբեք չի կարող անել այն, ինչ որ անում է բոլոր աստիճաններով անցած դեսպանը»:

Լրագրողներից մեկի հարցին`կոռուպցիոն ռիսկ չի՞ տեսնում, դեսպանը հումորով պատասխանեց. «Չեմ կարող ասել: Համենայնդեպս, երբ ես աշխատում էի փոխնախարար, մեր կաշառքը սահմանափակվում էր սնիկերսով: Իմ մականունն է. համալսարանում ասում են`Նավասարդյանը սնիկերսով է թվանշան դնում»:

Aravot.am-ի մյուս հարցին`մի քանի ամիս առաջ նախագահ Սերժ Սարգսյանն իր մոտ հավաքեց դիվանագիտական հատվածի ներկայացուցիչներին եւ դժգոհեց, որ տարբեր երկրներում մեր դեսպանները չեն աշխատում Հայաստան ներդրումներ բերելու ուղղությամբ. արդարացվա՞ծ են նախագահի դիտողությունները, դիվանագիտական գործառույթներում դա մտնո՞ւմ է, Արման Նավասարդյանը պատասխանեց. «Իհարկե: Միանշանակ: Մեր դիվանագիտության ամենամեծ թերությունը նրանում է, որ ամբողջ գործունեությունն ուղղված է երեք կետի`ԼՂՀ հարց, հայ-թուրքական հարաբերություններ, ցեղասպանություն: Բայց, եթե արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունը վերցնում ենք, որպես ներքին քաղաքականության շարունակություն եւ արտահայտություն, ուրեմն պիտի նաեւ գյուղատնտեսության, առողջապահության, առեւտրի, ներդրումների հարցերին էլ մասնակցի ԱԳՆ-ն ու դիվանագիտությունը: Այլապես, իմ համոզմամբ, որպես ինստիտուտ այն կարելի է փակել, քանի որ չի մասնակցում երկրի համար կարեւոր հարցերի ապահովմանը: Ամերիկյան դիվանագիտության 25 տոկոսն ուղղված է արտասահմանում մասնավոր բիզնեսի շահերի ապահովմանը, անգլիականը`ամբողջ աշխարհում առեւտրի ապահովմանը: Եթե որեւէ մեկն ինձ ասի, որ ԱԳՆ-ն մեկ շիշ ջերմուկ է վաճառել կամ օգնել է վաճառել, ես կասեմ`բռավո: Ես դեսպան եմ աշխատել, չեմ կարողացել վաճառել»:

ԱՄՆ-ում նորանշանակ ՀՀ դեսպանի մասին Արման Նավասարդյանը հրաժարվեց կարծիք հայտնել: Ծանոթ չէ նրա գործունեությանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031