Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ինձանից հետո էդ ի՜նչ ես անելու»

Հունվար 25,2016 13:00

Ժամանակին ավագ Վարդան Աճեմյանը այսպես է արձագանքել թոռան՝ այժմ ճանաչված կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի թատերական ուղով գնալու ցանկությանը:

Օրերս ՀՀ նախագահի հրամանագրով մի շարք բնագավառներում շնորհվեցին Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական մրցանակներ: Երաժշտության ոլորտում այդ պարգեւին արժանացավ կոմպոզիտոր Վարդան Աճեմյանը (լուսանկարում)՝ «Հնչյունի թատրոնը» ստեղծագործության համար:

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ճանաչված կոմպոզիտորը հայտնի է իր սիմֆոնիկ, կամերային-գործիքային, վոկալ, խմբերգային բազմաթիվ ստեղծագործություններով, իսկ 1987թ. դասավանդում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, ներկայումս պրոֆեսորը ստեղծագործական ամբիոնի վարիչն է:

Հայտնի է, որ ապագա կոմպոզիտորը մանկուց կապված է եղել թատերական աշխարհի հետ, ինչպես ասում են՝ մեծացել է թատրոնում, մշտապես լինելով պապի՝ մեծանուն ռեժիսոր Վարդան Աճեմյանի կողքին ու շրջապատված տաղանդավոր արվեստագետներով: Ըստ լուրերի՝ կրտսեր Աճեմյանը լրջորեն երաժշտությամբ սկսել է զբաղվել 17 տարեկանից, իսկ մինչ այդ նա մտադրություն է ունեցել, կրելով նույն անուն-ազգանունը, մասնագիտությամբ էլ լինել պապի հետնորդը:

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Վարդան Աճեմյանը հերքեց, թե 17 տարեկանից է սկսել լրջորեն զբաղվել երաժշտությամբ, ժպտալով ասաց, որ 5 տարեկանից է սկսել ստեղծագործել: Իսկ 17 տարեկանում իր ստեղծագործությունը Արամայիս Սահակյանի խոսքերի վրա գրված «Իմ առաջին երգն» էր, որը Զառա Տոնիկյանի անկրկնելի կատարմամբ ընդունվել է ռադիոյի ոսկե ֆոնդ: Հիշեց, որ հոնորարն էլ՝ 100 ռուբլի, փոխանցել էին Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոն՝ պապին: Նա էլ տուն գալուն պես թոռանն ասել է՝ այ տղա, էդ երբվանի՞ց ես երգեր գրում…
Ինչ վերաբերում է պապի մասնագիտական ուղով ընթանալուն, մեր զրուցակիցը հաստատեց այն ու մանրամասնեց. «Իսկապես որոշել էի մեկնել Մոսկվա, քննություններ հանձնել ԳԻՏԻՍ-ում, բայց պապս կեսկատակ-կեսլուրջ ինձ ասել էր հետեւյալը՝ հետաքրքիր է, ինձանից հետո էդ ի՜նչ ես անելու… Այդ խոսքերը ինձ հետ պահեցին թատերական ուղով գնալու որոշումիցս»:

Զրույցի ընթացքում կոմպոզիտորը, քանիցս նշելով, որ երգ ստեղծագործելը դյուրին գործ չէ, հիմնականում անդրադարձավ իր մեծակտավ ստեղծագործություններին: «1980 թվականին Երեւանի օպերային թատրոնում Տիգրան Լեւոնյանը բեմադրեց «Կիկոսի մահը» մանկական օպերաս: Դրանից հետո երկու անգամ այդ գործը բեմադրեց նաեւ Արմեն Մելիքսեթյանը, իսկ 1988թ. Բորիս Պոկրովսկու ղեկավարած թատրոնի գեղարվեստական խորհուրդը հաստատել էր օպերայիս բեմադրությունը մոսկովյան բեմում, բայց ԽՍՀՄ փլուզումից հետո այդպես էլ այն չիրականացվեց: Այս օպերան շատ թանկ է ինձ համար, քանի որ լիբրետոն գրել է պապս»,- տեղեկացրեց պարոն Աճեմյանը:

Մեր զրուցակցին փոխանցեցինք ժամանակին հայ կոմպոզիտորական արվեստի հսկաների՝ Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Ղազարոս Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Կոնստանտին Օրբելյանի, Էդվարդ Միրզոյանի եւ հոր՝ Ալեքսանդր Աճեմյանի դրվատական խոսքերը իր ստեղծագործությունների մասին: «Պրոֆեսորիս՝ Ղազարոս Սարյանին, շատ-շատ եմ պարտական… Ճիշտն ասած, չեմ հիշում որեւէ առիթով հայրս անդրադարձած լինի երկերիս: Նա ժլատ էր իր գովեստի խոսքերում: Իհարկե, պատահել է, որ արտահայտվի, բայց ընդամենն ասել է՝ ապրես կամ՝ շնորհավորում եմ»,- հավաստիացրեց կոմպոզիտորը:

Վարդան Աճեմյանն ավելի ծավալուն խոսեց կոնսերվատորիայի իր ստեղծագործական դասարանն ավարտած ու ներկայիս սաների մասին: «Արտասահմանում ապրող ու ստեղծագործող նախկին շատ ուսանողներ ունեմ, օրինակ՝ Ֆրանսիայում՝ Մարինե Գյուլումյանը, Շվեյցարիայում՝ Արթուր Աքշելյանը, ԱՄՆ-ում, Կանադայում՝ Ռուբեն Աբրահամյանը, Եղիշե Մանուչարյանը եւ մյուսները: Երազում եմ, որ մի օր նրանք ապրեն ու ստեղծագործեն այստեղ: Եվ դա անպայման կլինի: Ինչպես, օրինակ, 20-ականներին անվանի շատ արվեստագետներ, այդ թվում եւ պապս, որ կարող էին մնալ ու ստեղծագործել Ռուսաստանում, կոնկրետ՝ Մոսկվայում, բայց վերադարձան: Դա, իհարկե, պետական ծրագիր էր…»,- հայտնեց Վարդան Աճեմյանը: Ինչ վերաբերում է իր ուսանող Շուշան Սարգսյանին, որի անունը այս օրերին ամենաշատն է շրջանառվում «Եվրատեսիլի» առիթով, նրա երգը այդ մրցույթում կկատարի արդեն ճանաչում վայելող ուկրաինացի երգչուհի Անաստասիա Պրիխոդկոն: Մեր զրուցակիցը դարձյալ անդրադառնալով երիտասարդ ստեղծագործողներին՝ մեզ հրավիրեց «Արամ Խաչատրյան» համերգասրահ՝ փետրվարի 17-ին Միրզոյան ֆեստի շրջանակներում իր սիմֆոնիայի պրեմիերային:

«Սիմֆոնիաս կկատարի Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Ինձ համար դա պատիվ է, քանի որ ողջ մի երիտասարդական նվագախումբ է հնչեցնում ստեղծագործությունս… Շատ կուզենամ արտերկրում գտնվող մեր բոլոր երիտասարդ երաժիշտները վերադառնան Հայաստան»,- հայտնեց Վարդան Աճեմյանն ու հավելեց, որ սիմֆոնիան նվիրված է Եղեռնի 100-րդ տարելիցին: Իր ձեւակերպմամբ՝ այնտեղ ոչ մի լացուկոծ չկա, ընդհակառակը՝ հաղթանակած Հայաստանն է իր բազմադարյա ավանդույթներով ու մեղեդիներով:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031