Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն զբոսաշրջիկ մեզ համար ոսկու գրամ է». Ռուբեն Գրիգորյան

Մարտ 03,2016 17:39

«Աշխարհաքաղաքական իրավիճակը, փախստականների աճը, պատերազմները բերում են այն կարծիքի, որ զբոսաշրջությունը Հայաստանում միտում ունի աճելու»,- այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց «Ռոմեա գայթակղիչ ճանապարհորդությունների ակումբ»-ի տնօրեն Ռուբեն Գրիգորյանը:

Նա նշեց, որ զբոսաշրջությունը սիրում է խաղաղ վիճակ. « Հայաստանը հիմա շատ բարենպաստ երկիր է զբոսաշրջիկների համար, այստեղ պատերազմ չէ, այստեղ չկան խնդիրներ արտաքին քաղաքականության հետ կապված: Սակայն մինչ զբոսաշրջիկ ընդունելը, մենք ունենք շատ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն»:

Պարոն Գրիգորյանը անդրադարձավ խնդիրներին՝ ասելով, որ դրանք բազմազան են. «Ամեն զբոսաշրջիկ մեզ համար ոսկու գրամ է: Մենք պետք է սկսենք շտկումները մանրուքներից: Այսօր պարսիկ և չինացի զբոսաշրջիկների աճի միտում է նկատվում դեպի Հայաստան: Բայց արդյոք մենք ունե՞նք զբոսավարներ, որոնք կարողանում են խոսել չինարեն կամ պարսկերեն, կամ ունենք բոլոր պայմանները նրանց կացության, տեղափոխման խնդիրները բարձր մակարդակով կատարելու համար: Հյուրանոցների հետ կապված խնդիրներ ունենք: Այն հյուրանոցները, որոնք Երևանի ներսում են գտնվում, բավարարում են զբոսաշրջիկների հոսքին, սակայն Երևանից դուրս լավ հյուրանոցները քիչ են»:

Զբոսաշրջության մասին խոսեց նաև « Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» Հ/կ- ի նախագահ Սեդրակ Մամուլյանը. «Բոլոր մշակութային երևույթները բնակլիմայական պայմանների ուղիղ արտացոլանքն են ՝այդ թվում նաև խոհանոցը: Մեր խոհանոցը միշտ հետաքրքիր է զբոսաշրջիկներին, բայց պետք է նաև այն կարողանալ ճիշտ ներկայացնել: Ինչպես են չինացիները թեյի պատրաստումը վերածում արարողության, մենք էլ պետք է կարողանանք ճիշտ մատուցել կերակուրը»:

Պարոն Մամուլյանը խոսեց նաև իր գրքի մասին. «Գիրքը կոչվում է «Մարգագետնից խոհանոց. տատիկի գաղտնիքները»: Գրքի մեջ խոսվում է բուն հայկական խոհանոցի մասին: Ներկայացված են շուրջ 120 կերակուրներ, որոնց գրեթե 80 տոկոսը վայրի ուտելի բույսերից են: Ավելի քան 300 անուն վայրի ուտելի բույս կա ներկայացված: Կարծում եմ սա կհետաքրքրի զբոսաշրջիկին»:

Ըստ Սեդրակ Մամուլյանի մենք պետք է գործի դնենք մեր հազարամյա հյուրընկալության մեթոդը. «Մենք չպետք է այս կամ այն կողմ ընկնենք և դրսից բերենք իտալացի, իսպանացի խոհարարներ: Այդ նույն իսպանացին գալիս է Հայաստան, որ տեսնի, ճաշակի հայկականը: Մինչ այսօր գյուղերում, երբ տուն են կառուցում, անպայման մի սենյակ էլ հյուրերի համար են կառուցում, կապ չունի կգա մարդ, թե՝ոչ: Պետք է այդ ոգին ու շունչը ցույց տալ»:

Ռուբեն Գրիգորյանը հավելեց, որ Հայաստանում զբոսաշրջության սեզոնը երկարել է. «Առաջ սկսվում էր ապրիլի կեսերից, ավարտվում էր հոկտեմբերի սկզբին: Հիմա գալիս են մարտից, անգամ ձմռանը: Դահուկագնացության սիրահարները գալիս են ձմռանը: Մեր առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ մենք ունենք մոտ վեց կլիմայական գոտի: Դու կարող ես երկու ժամվա ընթացքում լեռնային գոտուց տեղափոխվել հարթավայրային, սառից՝ տաքը: Նման բան շատ քիչ է հանդիպում»:

Aravot.am-ի այն հարցին, թե ինչպես պետք է լուծել խնդիրները, և ինչ քայլեր են ձեռնարկվում դրանց լուծման համար, պարոն Գրիգորյանը պատասխանեց. «Նախ պետք է գրագետ շարադրել այդ խնդիրները: Լավ կլիներ, եթե ԱԺ-ում ստեղծվեր զբոսաշրջության հարցերով զբաղվող հանձնաժողով: Ծրագրեր ներկայացրել ենք և ապագայում նախատեսում ենք ներկայացնել էկոնոմիկայի, տրանսպորտի նախարարություններին: Շատ կարևոր է նաև երկիրը դրսում ներկայացնելը. գնալ ցուցահանդեսների, էքսպոների: Պետք է ներկայացնել այնպես, որ տեսնողը ցանկություն հայտնի գալ Հայաստան: Սակայն դրանք էլ մեծ ֆինանսական ծախս են պահանջում»:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031