Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Սահմանափակումներ պետք չեն

Մարտ 10,2016 10:06

Իշխանության առաջարկը՝ սահմանափակել ընտրական տեղամասում լրագրողների եւ դիտորդների քանակը, ինձ թվում է՝ նյարդային արձագանք է այն իրողությանը, որ վերջին հանրաքվեի ժամանակ նկարահանող սարքերը աննախադեպ շատ էին, եւ հանրաքվեի արդյունքն ապահովող «գլխավոր հերոսները» չափից դուրս հաճախ էին ստիպված ասում՝ «հըլը հեռախոսդ էնյան տար», «քեզ չասի՞ մի նկարի», որից հետո այդ «պերսոնաժները» հայտնվում էին համացանցում:

Ես փորձում եմ այս կամ այն կերպ հասցնել Հայաստանի 25 տարվա իշխանություններին մի պարզ ճշմարտություն: Եթե լրատվամիջոցը քաղաքական պայքարի կողմ է, եթե լրագրողներն իրականում քաղաքական ակտիվիստներ են կամ գործիչներ, եթե նրանք այս կամ այն իրադարձություն (այդ թվում` ընտրություններ) լուսաբանելու փոխարեն դառնում են դրանց մասնակիցը՝ դրա մեջ ոչ մի սարսափելի բան չկա: Դա մարդկանց քաղաքացիական ակտիվության դրսեւորումն է, որի դեմ արգելքներով եւ սահմանափակումներով հնարավոր չէ պայքարել, մանավանդ այսօր` համացանցի եւ սոցիալական ցանցերի դարում դա անիմաստ է: Իհարկե, ցանկալի է, որ լրագրության եւ «ոչ լրագրության» միջեւ ինչ-որ սահման լինի, բայց դժվար թե հենց դա՛ է հուզում մեր իշխանավորներին: Չեմ էլ կարծում, որ դրանով պետք է զբաղվեն իշխանությունները. դա մեր՝ լրագրողներիս գործն է, եւ այդ նպատակին մենք պետք է հասնենք լավ աշխատանքով, օգտատերերին եւ ընթերցողներին կրթելով, լուսավորելով:

Բայց այդ ամենն Ընտրական օրենսգրքում առաջարկվող նախագծի սահմանափակումների հետ կապ չունի: Պատկերացրեք, որ այդ անհեթեթ կետը կյանքի կոչվի: Նախ՝ հնարավոր կլինի որքան հնարավոր է շատ ներդնել «յուրային» դիտորդներին ու լրագրողներին եւ չթողնել «օտարներին»: Երկրորդ՝ եթե, օրինակ, լինի 8 դիտորդ, ապա չի լինի ոչ մի լրագրող: Երրորդ՝ ի՞նչ հաճախականությամբ է ընթանալու հերթի կանգնած լրագրողների եւ դիտորդների «հերթափոխը»՝ 15 րոպեն մե՞կ, ժամը մե՞կ, թե՞ 3 ժամը մեկ: Չորրորդ՝ լրագրողները եւ դիտորդներն ընտրական տեղամասից դուրս մեկ միասնակա՞ն հերթ են կանգնելու, թե՞ երկու տարբեր հերթեր: Դրան գումարեք նաեւ նախագծում տեղ գտած դրույթը, թե տեղամասային հանձնաժողովի նախագահն իրավունք ունի ցանկացած մարդու տեղամասից դուրս հրավիրելու: Օրինակ՝ դիտորդն ասում է «սպարտիվկով» եկած «լավ տղերքին»՝ այս ի՞նչ տրցակ եք գցում քվեատուփի մեջ, հանձնաժողովի նախագահը՝ դիտորդին. «դուք խանգարում եք քվեարկությանը», եւ դուրս է անում նրան:
Եթե իշխանությունն իսկապես ուզում է, որ ընտրական գործընթացը վստահելի դառնա, ապա չպիտի գնա անհեթեթ սահմանափակումների, այլ հակառակը՝ ավելի ազատականացնի օրենքը: Առայժմ դրա նախանշանները չեն երեւում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Սահմանափակումներ պե’տք են, բայց միայն ընտրագողերին, ինչն էլ լակմուսի թղթի պես երևակվել է
    ՛՛ընկեցիկ՛՛ սահմանադրության ապօրինի զավակ այս Ընտրական օրենսգիրք կոչվածում:
    Երբ ոմանք ասում էին, թե Սերժ Սարգսյանը լուրջ փոփոխություններ է անելու, երևի հենց սա նկատի ունեին. ի՞նչ իմանա՞ս…
    Բա մեր ՛՛ընկեր՛՛ դաշնակնե՞րն ուր են: Սսկվել են կուրկուռի ձագի պես, կամ միգուցե այս՝ ընրագողերի հագով կարած ՛՛Օրենսգիրքը՛՛ տեղավորվո՞ւմ է իրենց տեսլականի մեջ՝ որպես առաջընթացի նոր հանգրվան:
    Առա՜ջ, Հայաստան, դեպի անցյալի քարքարուտներն ու ստորջրյա խութերը…

    • brinjao says:

      Էլ ի՞նչ վերջի բօլշեւիկ առանց սահմանափակումների: Խեղճ մարդը տոկոս պիտի խփի թէ՞ չէ: Ինքը ումի՞ց է պակաս, որ գնայ տունը (կամ մէկ ուրիշ՝ աւելի յարմար տեղ) նստի: Ընդհանրապէս՝ դիտորդների թուի սահմանափակումը շատ ճիշտ որոշում է. ինչքան շատ լինեն այդ անկոչ լկտի դիտորդները, այնքան քիչ կլինեն արջի ծառայութիւն մատուցող հայրենասէր տղերքը: Ինչպես դասականի տատը կասեր՝ իրենք այդտեղ հաւաքուել են, որ ինչ-որ մէկին ընտրութեան հնարաւորութիւ՞ն տան… 🙂

    • brinjao says:

      Բա մեր ՛՛ընկեր՛՛ դաշնակնե՞րն ուր են: Սսկվել են կուրկուռի ձագի պես

      Էդ առեւտրականներից ի՞նչ դաշնակ: Ռուստամեանի էն յայտնի խօսքը բումերանգի հատկութիւնը ունեցաւ: Դա էր իրենց տեսլականը, ու հիմա վայելում են հին ընկերները: Դաշնակցութիւնն այլեւս անելիք չունի: Բայդ արդէն բառիս բուն, այլ ոչ թէ Քաջազնունու, իմաստով…

  2. brinjao says:

    Օրինակ՝ դիտորդն ասում է «սպարտիվկով» եկած «լավ տղերքին»՝ այս ի՞նչ…

    Ընտրական օրէնսգրքի մեջ անպայման պէտք է մտցնել դրոյթ՝ սպարտիվկով եկած լաւ տղերքի իրաւունքները պաշտպանելուն ուղղուած: Դիտորդը չպէտք է խանգարի ընտրութիւնների բնականոն ընթացքը. սպարտիվկայի վրա նայել կամ լաւ տղերքի մասին մտածել թոյլատրւում է ոչ աւել, քան 8 վայրկեան: Հակառակ դէպքում՝ յանձնաժողովի նախագահին իրաւունք է վերապահւում դիտորդի ջարդուած ծնոտը անմիջապէս դուրս հանել ընտրատեղամասից…

  3. Հ.Շ. says:

    Լարգրողների եւ քաղաքական անձերի միջեւ յարաբերութեան/հաղորդակցութեան նիւթով (որ նաեւ կ’առընչվի «օգտատերերին եւ ընթերցողներին կրթելու, լուսավորելու» վերեւի ակնարկութեան), մի կարեւոր բան – ի միջի այլոց – պակասում է Հայաստանում ՝ յանուն Պետութեան մամլոյ քարտուղարներ, քաղաքական մարդոց – եւ տիկինների – համար գործող «հանրային յարաբերութեանց» պաշտօնեաներ: Եթէ կան արդէն, բնաւ յայտնի չէ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031