Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե չլիներ այս գանձագողությունը, հնարավոր է՝ հարյուրամյակներ չիմանայինք գտնված զարդերի մասին». Հակոբ Սիմոնյան

Ապրիլ 12,2016 16:17

«Օրերս Սյունիքի մարզի Եղվարդ գյուղում գանձագողության շնորհիվ Վանի թագավորության ժամանակաշրջանի արժեքավոր գտածոներ են հայտնաբերվել. առ այսօր մենք այսպիսի հավաքածու չենք ունեցել»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն, հնագետ Հակոբ Սիմոնյանը:

Հնագետը նշեց, որ մոտ մեկ ամիս առաջ Սյունիքի մարզի քննչական բաժնից դիմել էին մշակույթի նախարարությանը՝ հայտնաբերվածի հետ կապված, և նախարարության կողմից ինքն էր գործուղվել որպես փորձագետ:

Նա հավելեց, որ գողը գանձերը հայտնաբերել է մետաղորսական սարքով, և դա մի տեղանք էր, որտեղ ընդհանրապես որևիցե հուշարձանի հետք չի եղել. «Գանձագողությունը տարածված երևույթ է, որ կոչվում է սև հնագիտություն, և շատերը այդ կերպ վնաս են հասցնում մշակույթին, ավերում են դամբարաններ, թալանում բնակավայրեր, քանդում են միջնադարյան գերեզմանները, փորձում են գտնել ինչ-որ անհասկանալի գանձեր: Սակայն եթե չլիներ այս գանձագողությունը, հնարավոր է` հարյուրամյակներ չիմանայինք գտնված զարդերի մասին: Գողը, որի գործը ներկայումս վարույթում է, մեղավոր է, որ զբաղվում է նման գործունեությամբ, բայց նրա շնորհիվ ունեցանք այս գանձերը»:

Ինչպես նշեց Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրենը, գանձագողը փորձել է վաճառել գտածոները, սակայն հետո աղմուկ է բարձրացել, ոստիկանությունը բացահայտել է, և հիմա զարդերը Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնում են.

«Հավաքածուն ներկայումս գտնվում է լաբորատոր մաքրման և ուսումնասիրման փուլում, որպեսզի բերվի թանգարանային տեսքի: Բոլոր զարդերը միասին մոտավորապես երկու հարյուր օրինակ են կազմում: Դրանց մեջ կան սակրեր՝ մարտական կացիններ, որոնք որպես զենք են օգտագործվել, դաշույններ, եղջերուների քանդակներ, զինվորի արձանիկներ, վզնոցներ, մարտակառքերի զանգակներ, սանձեր, ձիերի զարդեր, որոնք մեծ նշանակություն են ունեցել և այլ նմուշներ: Բոլոր գտածոները հիմնականում բրոնզից են, բացառությամբ երկու-երեք երկաթե դանակների»:

Վերջում հնագետը ավելացրեց, որ սա համաշխարհային երևույթ է. «Գանձերը շատ հազվադեպ են հանդիպում, բայց շատ կարևոր մշակութային համալիրներ են: Մինչ այս մենք ունեցել ենք մեզ հայտնի երկու գանձ: Թեև գանձագողը մի քիչ տարօրինակ մարդ է, բայց ցույց է տվել երեք դամբարանադաշտ, որոնք ցուցակագրված չեն եղել: Նա յուրահատուկ հոտառություն ունի: Չգիտեմ՝ նրա նկատմամբ ինչ պատիժ կկիրառվի, բայց լրջորեն մտածում եմ նրան արշավախմբերում մասնակից դարձնելու մասին»:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930