Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյան. «Ռուսաստանը բանակցային գործընթացում չպետք է առաջատարի դեր ունենա». «168 ժամ»

Մայիս 05,2016 12:39

«168 ժամ»-ի զրուցակիցն է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Դավիթ Շահնազարյանը

– Օրերս Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը կրկին հիշեց այդ պլանի մասին՝ նշելով, որ Մոսկվան կողմերին ԼՂ հակամարտության կարգավորման փուլային տարբերակ է առաջարկում, որին Ադրբեջանը դեմ չէ, այնինչ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստան որևէ ռուսական փաթեթ չի բերվել։ Այնուամենայնիվ տպավորություն կա, որ ամերիկյան կողմն իր նախաձեռնություններով (խոսքը Քերի-Լավրով, Քերի-Սարգսյան հեռախոսազրույցների մասին է) փորձում է վերահսկողության տակ պահել Ռուսաստանին, իսկ Հայաստանն առաջ է մղում իր բանակցային դիրքերը, որոնք չեզոքացնում են այդ ծրագրերը։ Ձեր կարծիքով՝ «Լավրովի պլան» կոչվածը չեզոքացված չէ՞։

– Առայժմ ռազմական իմաստով ռուս-ադրբեջանական ծրագիրը, որի էությունն ապրիլի 2-ին ադրբեջանական հարձակման արդյունքում 2-3 շրջանի գրավումն ու Ռուսաստանի հովանու ներքո բանակցությունների մեկնարկն էր ու «Լավրովի պլան» կոչվածի առաջադրումը, չեզոքացված է՝ շնորհիվ առաջնագծում կանգնած մեր զինվորների ու սպաների, բայց, կարծես թե, Ռուսաստանն ու Ադրբեջանը, այնուամենայնիվ, շարունակում են առաջ մղել այդ ծրագիրը, ու շատ հավանական է, որ երկրորդ փորձն արվի, քանի որ, դատելով Բաքվից և Մոսկվայից ստացվող հայտարարություններից, Լավրովի ծրագիրը դեռևս ուժի մեջ է։ Դա պետք է չեզոքացնել բազմակողմանի եւ հետևողական ջանքերով։

Հիշեցնեմ, որ Սերժ Սարգսյանը «Բլումբերգին» տված հարցազրույցում ասել էր, որ խաղաղապահների հարց եղել է։ Դա Լավրովի պլանի մեխն է, որը ենթադրում էր մի շարք շրջանների վերադարձ Ադրբեջանին, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ամրագրում և ռուսական զորքերի տեղակայում ԼՂ հակամարտության գոտում՝ խաղաղապահների անվան տակ, որը Հայաստանը մերժել է։ Սակայն այն կրկին առաջ կմղվի, և, եթե բանակցային ձևաչափը չվերականգնվի նշածս ձևաչափով, բացի դրանից, Ռուսաստանը բանակցային գործընթացում չպետք է առաջատարի դեր ունենա, որովհետև Ռուսաստանը, ոչ միայն Ադրբեջանին զինելով, այլև իր քաղաքականությամբ է հասցրել ներկայիս վիճակին։

– Պարզվում է նաև, որ 2016թ. ապրիլի դրությամբ հայկական կողմը Ռուսաստանից 200 միլիոն վարկի պայմանագրով ոչ զենք, ոչ էլ ռազմական նշանակության այլ ապրանք չի ստացել, ու մատակարարումները ձգձգվում են, որի համար էլ, ենթադրաբար, Սեյրան Օհանյանը մեկնել էր Մոսկվա։ Սա ինչո՞վ եք բացատրում։

– Ռուսաստանը դիտավորյալ այդ վարկի տրամադրումը ձգձգել էր, որպեսզի Ռուսաստան-Ադրբեջան ռազմաքաղաքական նպատակներն առավել հեշտությամբ իրագործվեին։ Ընդ որում, 200 միլիոնը չի կարող համեմատվել Ռուսաստան-Ադրբեջան սպառազինության գործարքների ծավալների հետ։

Հիմա սկսվել է այդ սպառազինությունների մատակարարումը Հայաստանին, բայց միաժամանակ Ռուսաստանը շարունակում է սպառազինությունների մատակարարումն Ադրբեջանին, մասնավորապես այս օրերին Բաքուն Մոսկվայից ստանում է «Վենա» տիպի 120 մմ ինքնագնաց հրանոթներ և արդիական էլեկտրոնային համակարգերով կատարելագործված БТР–82A զրահամեքենաներ։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031