Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Խորհրդայինը մերժած հասարակության ընկալմամբ երկիրը «քոսոտ» չէ

Հունիս 02,2016 18:00

Ըստ «Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր Արմեն Գրիգորյանի`
կոմունիստական ժամանակաշրջանն օկուպացիայի ժամանակաշրջան համարող, կոմունիստական ագրեսիան դատապարտած երկրներն են զարգանում:

– Պարոն Գրիգորյան, Խորհրդային Միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանի տեղադրումը կրքեր բորբոքեց: Մասնագետների եւ քաղաքացիների շրջանում արձանի տեսքը քննադատության արժանացավ, բայց, կարծես, այլ, ավելի խորքային հարցեր կան քննարկելու: Ինչո՞ւ է անկախ Հայաստանում սկսել «մեր խորհրդայինը» արժեւորվել:

– Մարշալ Բաբաջանյանի արձանի տեղադրման պատճառով սկսված բանավեճը կրկին ընդգծեց մեր հասարակության մեծագույն խնդիրներից մեկը` ինքնության հետ կապված: Արձանի տեղադրումը դարձյալ խորհրդանշեց «հոմո սովետիկուսի» կամ սովետահայի ինքնության համատարած առկայությունն իշխանավորների եւ որոշ արվեստագետների` իրենց «մտավորական» հորջորջողների շրջանում: Սակայն կրկին ընդգծվեց նույն ինքնության լայն տարածումը հասարակության այլ խավերում եւս: Արձանի տեղադրմանը հաջորդած քննարկումներում հաճախակի օգտագործվում էին «մեր մարշալները», «ամբողջ հայ ազգի պարծանք» եւ բազմաթիվ նմանատիպ արտահայտություններ: «Մերը» տվյալ դեպքում խորհրդայինն է: Մինչդեռ, եթե կայսրությանը ծառայած էթնիկ հայերով հպարտացողներին հարցեր տրվեն` օրինակ, Առաջին հանրապետության զորավարների մասին, կարելի է հայտնաբերել, որ նրանք մեծ մասամբ անտեղյակ են կամ ուղղակի դրանով չեն հետաքրքրվում: Խորհրդային գործիչներին մեծարելն է համարվում նախընտրելի, դրանք են առավել հոգեհարազատ:

«Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը

«Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը

Կոմունիստական բռնատիրության դեմ ապստամբության արյունալի ճնշումն արդարացնողները Հունգարիայից նեղանալու «հարմար» առիթը` տասնամյակներ անց տեղի ունեցած Սաֆարովի արտահանձնումը, օգտագործում են իրենց արժեքային համակարգը թաքցնելու համար: Մինչդեռ եթե արդարացվում է Հունգարիայի դեմ փաստացի ագրեսիան, ապա նույն տրամաբանությամբ արդարացվում է նաեւ Չեխոսլովակիայի դեմ 1968թ. տեղի ունեցած ագրեսիան, ինչպես նաեւ պոլիտբյուրոյի հրամանով խորհրդային հատուկ ծառայությունների եւ բանակի կատարած մյուս հանցավոր գործողությունները, այդ թվում՝ Երեւանում 1990թ. մայիսի 27-ին կատարվածը եւ «Կոլցո» գործողությունը: Հնարավոր չէ Հունգարիայի դեպքում արդարացնել ԽՍՀՄ-ի քաղաքականությունը` չտարածելով նույն վերաբերմունքը նաեւ մյուս դեպքերի վրա: Այդպիսով, որոշ մարդիկ իրենց համար ԽՍՀՄ-ի հոգեհարազատ լինելը եւ իրենց ինքնության խորհրդային արմատներն են ցուցադրում:

– Գուցե պատճառն այն է, որ մեր հասարակության մի հատված առավել խորքային պատկերացում չունի խորհրդային շրջանի բացասական երեւույթների մասին:

– Ընդհանրապես՝ այն, որ կոմունիստական վարչակարգերի հանցանքները ֆորմալ առումով չեն դատապարտվել` ինչպես նացիզմի հանցանքները Նյուրնբերգում, որ ԽՄԿԿ-ն, ՊԱԿ-ը եւ այլ հատուկ ծառայությունները ֆորմալ առումով հանցավոր կազմակերպություններ չեն ճանաչվել, կատարված հանցանքների փաստը չի չեղարկում: Հանցավոր հրամաններ կատարողները «պարզապես հրաման կատարողներ» չէին: Իսկ խորհրդային բանակը կատարել է բազմաթիվ հանցավոր հրամաններ. բացառությամբ 1941թ. հունիսի 22-ին սկսված խորհրդա-գերմանական պատերազմի՝ մյուս բոլոր ռազմական գործողությունների դեպքում ԽՍՀՄ-ը հանդես էր եկել որպես ագրեսոր, ու խորհրդային բանակն իր բոլոր գործողությունների ընթացքում կատարել է ռազմական հանցանքներ` նաեւ Գերմանիայի տարածքում:

Իհարկե, Բաբաջանյանի արձանի տեղադրումը պարզապես հերթական առիթն էր` խորհրդային ինքնությունն ու մտածելակերպն ի հայտ բերելու առումով: Սակայն վերջին տարիներին տարածված բազմաթիվ այլ երեւույթներ նույնպես այդ ինքնության արտահայտությունն են կամ դրա ամրապնդման գործիքն են: Սկսած կրթական համակարգի վիճակից, վերջացրած քաղցրավենիքի գովազդներով կամ «հայրենական եւ արտասահմանյան ավտոմեքենաներ» արտահայտության օգտագործմամբ` ամենուր այդ ինքնության ու մտածելակերպի հետքերն են: Կամ, օրինակ, երբ ԽՍՀՄ-ին են վերագրում Հայաստանում էլեկտրաֆիկացման իրականացումը, արդյունաբերական արտադրության հիմնադրումը, մետրոյի, օդանավակայանի կամ այլ ենթակառուցվածքների կառուցումը եւ այլն, կարծես տեղյակ չեն կոմունիստական լծի տակ չապրած երկրներում այդ ամենի առկայության մասին` ավելի բարձր որակով:

– Ի՞նչ նպատակ է հետապնդում խորհրդային տրամադրությունների արթնացումը մեր իրականությունում, որպեսզի կրկի՞ն հիշեցվի «առանց ռուսի կորած ենք»:

– Չնայած ազգային շահերից բխող որոշումների կայացումը տապալելու եւ ձախողումների համար պատասխանատվություն է կրում առաջին հերթին կոմերիտմիությունում, պարտկոմներում եւ ՊԱԿ-ում կոփված քաղաքական վերնախավը (որն, ի դեպ, վիճակն արդեն հասցրել է նրան, որ Իրանը ստիպված է նախընտրել ոչ միայն Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին եւ երկաթուղին, այլեւ էներգակիրների խողովակաշարերն Ադրբեջանի տարածքով անցկացնելը), հասարակական ավելի լայն շերտերն էլ են պատասխանատու, քանի որ առանց վերջիններիս մասնակցության կամ առնվազն լռելյայն համաձայնության նման իշխանություն ձեւավորվել չէր կարող: Սովետահայ ինքնության, դրանով պայմանավորված՝ «մենք առանց ռուսի կորած ենք» մտածելակերպի կրողների ազդեցությունը չափազանց մեծ է մնում, եւ այն թույլ չի տալիս ունենալ զարգացման հեռանկար: Արեւելյան Եվրոպայի, Բալթյան երկրների, վերջին տարիներին` նաեւ Վրաստանի օրինակը ցույց է տալիս, որ խորհրդային մտածելակերպի մերժումը, խորհրդային համակարգում սեփական տեղի եւ դերի վերանայումը զարգացման պարտադիր պայմաններից է: Կոմունիստական ժամանակաշրջանն օկուպացիայի ժամանակաշրջան համարող, կոմունիստական ագրեսիան դատապարտած երկրներն են զարգանում: Վրաստանը, որը Հայաստանի հետ լիովին համեմատելի էր ելակետային պայմանների առումով, զարգանում է առաջին հերթին հենց մտածելակերպի փոփոխության շնորհիվ. խորհրդայինը մերժած հասարակության ընկալմամբ երկիրն այլեւս «քոսոտ» չէ:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930