Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ժառանգության» անդամին քնից են հանել ու տարել ոստիկանություն, իսկ Կառնուտի էլեկտրիկին՝ ճանապարհից

Հուլիս 17,2016 21:15

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու ոստիկանության «Կումայրի» բաժնի աշխատակիցները, վաղ առավոտյան մտնելով անցած տարի հոսանքի թանկացման դեմ պայքարող «Էլեկտրիկ Գյումրիի» ակտիվիստների տները, նրանց հրավիրել էին ոստիկանություն: Ակտիվիստներից մի քանիսը եղել էին ոստիկանությունում, որտեղ զրույցը շատ կարճ էր տևել, քանի որ, ըստ ակտիվիստների, իրենք զրուցելու թեմա չունեին:

Վաղ առավոտից ոստիկանության «Կումայրի»  բաժնում  է պահվում «Ժառանգություն» կուսակցության անդամ Եղիշե Շարյանը: Եղիշեի եղբայրը, որը նրան է սպասում ոստիկանության շենքի դիմաց, պատմեց, որ ոստիկանները վաղ առավոտյան մտել են իրենց տուն, իրենք քնած են եղել ու արթնացնելով Եղիշեին բերել են ոստիկանություն:

Ակտիվիստներն ահազանգել էին մարդու իրավունքների պաշտպանին, քանի որ Եղիշեին ոչ միայն տաս ժամից ավել ապօրինաբար պահում են ոստիկանությունում, այլ ստում են, թե նրան ազատ են արձակել: Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը բավական երկար սպասելուց հետո ներս մտավ ոստիկանության շենք: Վերջինիս դեռ ազատ չեն արձակել:

Գյումրու ոստիկանության «Կումայրի» բաժին էին բերել նաև Կառնուտ գյուղի էլեկտրիկին՝ Սևակ Խաչատրյանին, ըստ նրա հարազատների, ժամանակին «Նախախորհրդարանի» համակիր է եղել,նրան ոստիկանություն հրավիրելու պատճառն, ամենայն հավանականությամբ, դա է: Վերջինս իր մեքենայով գործերով եկել է Գյումրու էլցանց, ամենայն հավանականությամբ նրան հետապնդել ու ճանապարհից են բերման ենթարկել: Նրա մեքենան կանգնած էր ոստիկանության շենքի մոտ:

Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժին է տարվել Գյումրու մանկավարժական ինստիտուտի դասախոս Արմեն Ներսիսյանը, որը նույնպես մի կարճ ժամանակ եղել է «Նախախորհրդարանի» համակիրներից: Նշենք, որ նույն բուհի դասախոս, ազգագրագետ Արտաշես Բոյաջյանին նույնպես հրավիրել էին ոստիկանություն, հինգ ժամ պահելուց հետո ազատ արձակել: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ տարիներ առաջ ինքը մի անգամ մասնակցել է «Նախախորհրդարանի» ժողովներից մեկին:

Հենց նոր ահազանգ ստացանք, որ «Կումայրի» բաժնի դիմաց ոստիկանները, փակելով փողոցը, սկսել են քաշքշել դրսում սպասող ակտիվիստներին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031