Լրահոս
Օրվա լրահոսը

ԷԿԵՆԳ-ը պատասխանում է

Հուլիս 18,2016 14:30

ԷԿԵՆԳ ընկերության տնօրեն Արթուր Թունյանը պատասխանում է 13.07.2016թ. «Առավոտ» օրաթերթի` պետական կարիքների համար գնվող ավիատոմսերի թեմայով հրապարակմանը:

Պետական գնումների մրցույթներին մասնակցող ավիագործակալությունների մասին
Ավիասպասարկման ծառայություններ մատուցելու համար պետական գնումների համակարգում՝ www.gnumner.am, ներկայումս գրանցված է 104 ավիագործակալություն։ Սակայն բոլոր մրցույթների արդյունքում փաստացի ավիատոմսերի վաճառքի հաղթող պարբերաբար դառնում են որոշակի 5-10 կազմակերպություններ։ Փաստացի մնացած գործակալությունները ընդհանրապես չեն մասնակցում այդ մրցույթներին։ Ընդ որում, պետական գնումների օրենսդրության համաձայն՝ պետական մարմինները իրավունք ունեն ավիատոմսեր գնել անմիջապես ավիափոխադրող ավիաընկերությունների կայքերից՝ առանց մրցույթ իրականացնելու, սակայն շատ պետական մարմիններ նախընտրում են գնալ ավելի բարդ ճանապարհով եւ նույն տոմսը գնել մրցույթ իրականացնելով եւ փաստացի համագործակցելով հենց այդ 5-10 ավիագործակալությունների հետ, ինչը պետք է անհանգստացնող եւ ահազանգող երեւույթ դիտարկել։

«Մենաշնորհի» մասին

Պետական կարիքների համար տարեկան գնվում է մոտ 3000 ավիատոմս, որը փաստացի կազմում է առավելագույնը 20 միջին տարողության օդանավերով (օրինակ՝ Բոինգ-737 կամ Ա-320 տիպի) իրականացվող չվերթներ։ Փաստացի Երեւանի օդանավակայանից օրական կատարվում է առնվազն 20-30 նման տարողության օդանավերի չվերթներ, որոնցով Երեւանից մեկնում են մոտ 3000 ուղեւոր։ Այսինքն՝ պետական կարիքների համար գնվող ավիատոմսերի տարեկան քանակը կազմում է Հայաստանի ավիատոմսերի շուկայի ոչ ավելի, քան 1/365 մասը կամ մոտ 0,3% տոկոսը։ Տվյալ պարագայում որեւէ մենաշնորհի մասին հիշատակումը, մեղմ ասած, տեղին չէ։

«Շահութաբեր» առաքելությունը ստանձնելու եւ «եկամտաբեր» բիզնես ստեղծելու մասին
Ներդրված համակարգով ավիատոմսերի վաճառքի գործառույթը իրականացնելու վերաբերյալ որոշումը կայացված է ՀՀ կառավարության կողմից, այլ ոչ թե որեւէ անհատի կամ նախարարի կողմից։ ԷԿԵՆԳ ՓԲԸ բաժնետոմսերի 100%-ը պատկանում է ՀՀ կառավարությանը, եւ ցանկացած բիզնես գործառույթի արդյունքում ձեւավորված շահույթ յուրաքանչյուր տարի փոխանցվում է ՀՀ պետական բյուջե։ Ընկերությունը իրականացնում է ՀՀ պետական կարիքների համար էլեկտրոնային ենթակառուցվածքների հետ առնչվող մի շարք գործառույթներ, որեւէ բիզնես գործառույթի իրականացման համար ՀՀ պետական բյուջեից չի ստանում ֆինանսավորում եւ փոխարենը ապահովում է թափանցիկ գործունեությամբ բոլոր կիրառելի հարկերի վճարում եւ շահույթ, որը ՀՀ օրենսդրության համաձայն՝ շահութաբաժնի տեսքով յուրաքանչյուր տարի փոխանցվում է ՀՀ կառավարությանը, ինչի մասին անհրաժեշտ տեղեկությունները հրապարակված են ընկերության պաշտոնական ինտերնետային կայքում՝ www.ekeng.am։

Կոնկրետ ՀՀ պետական մարմինների համար ավիատոմսերի վաճառքից ընկերությունը չի կանխատեսում եւ չի ակնկալում էական կամ զգալի չափով շահույթի ձեւավորում, քանզի ընկերությունը ավիաընկերությունների ավիատոմսերի գնման եւ դրանք ՀՀ պետական մարմիններին վաճառքի գործարքի միջեւ տարբերություն իր գործունեությամբ չի առաջացնում եւ բողոքող ավիագործակալությունների պես դրանց վերավաճառքով չի պատրաստվում զբաղվել՝ ավիատոմսերը համակարգում իրացվում են հենց այն արժեքով, որը առաջարկվում է անմիջապես ավիաընկերությունների կողմից։

5 տոկոս
սպասարկման վճարի՝ «սերվիս չաոջ»-ի մասին

Պարբերաբար շահարկվող 5 տոկոսի չափով գանձվող ծառայության վճարի վերաբերյալ հարկ է նշել, որ այն նպատակ ունի իրականացնել ընկերության կողմից տվյալ գործառույթը ապահովելու նպատակով հետեւյալ անխուսափելի ծախսերի հատուցումը՝ 2%-ը բանկային քարտերով գործարք իրականացնելու միջնորդավճարն է, քանզի թափանցիկ եւ վերահսկելի գործառույթներ ապահովելու նպատակով որոշվել է, որ ընկերությունը կանխիկ գործառնություններ չի իրականացնում։ Ընդ որում, ընկերության համար միեւնույն է, թե որ բանկի քարտերով են իրեն իրականացվելու վճարումներ։

Տեղեկության համար նշենք, որ բազմիցս նշված «Արարատբանկ»֊ի հետ ընկերությունը չունի որեւէ գործնական փոխհարաբերություններ, այդ բանկում երբեւիցե բանկային հաշիվներ կամ քարտեր չի ունեցել:

1-2%-ը կազմում են համակարգում օտարերկրյա արժույթով ավիատոմսերի գնման, ՀՀ պետական մարմիններին փոխանցման հաշիվները ՀՀ դրամով ներկայացնելու եւ այնուհետեւ ստացված ՀՀ դրամը այլ արժույթների փոխարկելու եւ ավիաընկերությունների հետ համապատասխան արտարժույթով փոխհաշվարկներ կատարելու նպատակով արժութային փոխարկման գործարքներից ընկերության կրած վնասների հատուցում:
Մոտ 1%-ը կազմում է ծառայության մատուցումից ՀՀ պետական բյուջե վճարվող ԱԱՀ գումար, իսկ լրացուցիչ մոտ 1%-ը՝ հանդիսանում է «Ամադեուս» համակարգը մինչ օրս այն հետաձգված համակարգի շահագործման հետաձգված վճար, ինչպես նաեւ օտարերկրյա գործընկեր ավիաընկերությունների օգտին փոխհաշվարկներ իրականացնելու նպատակով պարբերաբար միջազգային բանկային փոխանցումներ կատարելու հետ կապված բանկային միջնորդավճարների եւ ծառայությունների ծախսեր: Ի լրումն դրա, մոտ 1-1.5%-ը կազմում է ավիաընկերությունների գլխավոր գործակալներին վճարվող միջնորդավճար դուրս գրվող ավիատոմսերի դիմաց: Հարկ է նշել նաեւ, որ բացի վերը նշվածից՝ ընկերությունում տվյալ գործառույթը պատշաճ ապահովելու համար ներգրավված է մասնագիտացված աշխատակազմ, որի վարձատրությունը նույնպես իրականացնում է ընկերությունը, եւ այդ ծախսերը նշվածում ներառված չեն։ Գործառույթը իրականացնելու համար կատարվում են նաեւ այլ անհրաժեշտ ծախսեր՝ սարքավորումներ, կապուղիներ եւ այլ գրասենյակային ծախսեր։

Հարկ ենք համարում անդրադառնալ հրապարակման մեջ նշված «ամենակարեւորի» մասին՝ «Ամադեուս» ծրագրի կոորդինատոր կազմակերպությունը Ռուսաստանում, Վրաստանում բոլոր իր հետ պայմանագրեր կնքած կազմակերպություններին ավիատոմսի ամեն մի սեգմենտից վճարում է 3 եվրո միջնորդավճար»։ Այսպես, ԷԿԵՆԳ-ը նման ծրագրի կոորդինատոր կազմակերպությունների հետ որեւէ տեսակի պայմանագրեր չի կնքել եւ միջնորդավճարներ չի ստանում։ Մեր տեղեկություններով՝ Հայաստանում նման «կոորդինատոր» է հանդիսանում «Քրոս֊Լայն» ՍՊԸ֊ն, որը «Ամադեուս»֊ի անունից մենաշնորհային եղանակով բոլոր ավիագործակալությունների հետ ունի սպասարկման պայմանագրեր։ ԷԿԵՆԳ-ի հետ նման պայմանագիր գոյություն չունի, որեւէ տեսակի միջնորդավճար ամեն սեգմենտի համար մենք չենք ստանում, ինչին ցանկացած պահի կարող եք հավաստիանալ մեր հաշվապահական փաստաթղթերից։ Ցանկացած պարագայում ընկերությունը հանդիսանալով 100 տոկոս պետական մասնակցությամբ՝ պատրաստ է տվյալ գործառույթի հետ կապված բոլոր տեսակի հաշվապահական եկամուտները եւ ծախսերը հիմնավորող փաստաթղթերը բացել ցանկացած շահագրգիռ անձանց առջեւ։

Գնված տոմսերի դիմաց վճարումների հարցի եւ այլ ռիսկերի վերաբերյալ

Կարծում ենք՝ միանգամայն անտրամաբանական եւ անլուրջ է շահագրգռված ավիագործակալությունների պնդումը առ այն, որ իրենց ամիսներով պարտք են մնում դուրս գրված տոմսերի համար, միաժամանակ իրենք բոլոր պահանջվող գործառույթները իրականացնում են անվճար ու անձնուրաց, եւ հանդուրժելով այդ ամենը՝ իրենք պետությանը վաճառում են ամենաէժան ավիատոմսերը։ Նշվածը, իհարկե, բավականին հետաքրքիր բիզնես տրամաբանություն է, որտեղ, սակայն, բացակայում է անկեղծությունը։ Իսկ իրականում այդ բոլոր բիզնես ռիսկերի, այն է՝ ամիսներով ուշացված վճարումներ, «անվճար» ծառայությունների մատուցում, սեփական միջոցներով եւ ֆինանսական ռեսուրսներով ավիաընկերությունների հետ առավելագույնը 10 օրը մեկ փոխհաշվարկների իրականացման «ինքնազոհողության» հետեւում փաստացի կանգնած է շատ ավելի պարզ «բիզնես» տրամաբանություն՝ ավիատոմսերը վաճառել ավիաընկերությունից գնվող ավիատոմսի արժեքից ավելի այնպիսի արժեքով, որը կբավարարի բոլոր նշված ռիսկերը ծածկելու եւ ավելին՝ ստանալու այնպիսի շահույթ, որը բավարար կլինի ըստ անհրաժեշտության կիսել կոռուպցիոն գործառույթների մեջ ներգրավված անձանց հետ։

Ի տարբերություն այդ ավիագործակալությունների՝ ԷԿԵՆԳ-ը պատրաստ չէ նման ոճով աշխատելու եւ նման բիզնես «ռիսկեր» կրելու, քանզի, որպես այդպիսին, շահույթ ստանալու եւ այդ շահույթը կոռուպցիոն սխեմաներով բաժին֊բաժին անելու հնարավորությունը մեր դեպքում ուղղակի բացառվում է։ Եթե պետական գնումներում հաճախակի ներգրավված որեւէ շահագրգիռ ավիագործակալություն համաձայն չէ մեր ներկայացվածի հետ, ապա այդ ավիագործակալությանը կամ նույնիսկ մի քանիսին առաջարկում եմ փոխադարձ սկզբունքով թույլատրել ուսումնասիրել ասենք` վերջին մեկ ամսվա ընթացքում համապատասխանաբար ԷԿԵՆԳ-ի եւ այդ ավիագործակալության կողմից պետական մարմիններին վաճառված ավիատոմսերի վաճառքի եւ հենց այդ նույն ավիատոմսերի դիմաց ավիաընկերությունների հետ փոխհաշվարկների կատարումը հիմնավորող հաշվապահական եւ հարկային փաստաթղթերը։ Ընդ որում, կառաջարկեմ այդ գործընթացին ներգրավել նաեւ մամուլի եւ հակակոռուպցիոն գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Վստահ եմ, որ այս առաջարկությունը տարբեր հնարավոր պատճառաբանություններով, ասենք՝ «առեւտրային գաղտնիքի» չհրապարակման պատրվակով վերջիններիս կողմից չի ընդունվի, թեեւ մեր հնչեցրած առաջարկը մնում է ուժի մեջ, եւ նույնիսկ այդ առաջարկից խուսանավելու պարագայում, կարծում եմ, պետությունը ունի բավարար այլ լծակներ՝ նշված ուսումնասիրությունը անհրաժեշտության դեպքում հետայսու իրականացնելու համար։

Վարկային քարտերի
եւ ՓՄՁ-ների մասին

Այսպես կոչվող՝ «վարկային քարտ» չի նշանակում, որ պետությունը վարկային միջոցներ է ներգրավում որեւէ բանկից ԷԿԵՆԳ-ին վճարելու համար։ Տվյալ պարագայում վարկային քարտը ընդամենը վճարման միջոց է, որի դրական մնացորդը ձեւավորվում է տվյալ պետական մարմնի բյուջետային ծախսերի միջեւ բաշխումներ կատարելով։ Ուստի այս հարցի վերաբերյալ շահարկումը անհիմն է։

Ինչ վերաբերում է ՓՄՁ-ներին վնաս հասցնելուն, կրկին հարկ եմ համարում հիշեցնել, որ տվյալ պարագայում խոսքը վերաբերում է Հայաստանի ավիատոմսերի շուկայի 0,3%-ին, որին փաստացի մենաշնորհային եղանակով տարիներ շարունակ տիրում էին մոտ 10 հանրահայտ կազմակերպություններ։ Ընդ որում, ներկայիս հոգեվարքային ցնցումների աստիճանից ելնելով՝ կարելի է հստակ եզրահանգման գալ, որ պետության հետ այս տեսակի գործառույթից այդ ընկերությունների շահույթները այնքան են կազմել, որ ավիատոմսերի շուկայում մնացած 99.7% ազատ մրցակցային դաշտում գործելիս, ըստ իրենց, նրանք չեն կարողանա դիմակայել եւ կփակվեն։ Եթե իրոք դա այդպես է, ապա կարծում եմ՝ զուտ պետական բյուջեի հաշվին գործող մասնավոր ընկերությունը կարող է իր շահույթի աղբյուրները այսուհետ չփորձել որոնել նույն տեղում։

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի եւ ՀՀ արդարադատության նախարարի համար գնված տոմսերի վերաբերյալ

Հրապարակման մեջ նշված են մի շարք ակնհայտ չստ ուգված տեղեկություններ եւ իրականությունից շատ հեռու փաստեր, որոնք ակնհայտորեն մոլորության մեջ են գցում հանրությանը։ Այսպես, նշված ավիատոմսերը գնվել են հետեւյալ երթուղով՝ Երեւան-Մոսկվա֊Ֆրանկֆուրտ եւ հետադարձ՝ Ստրասբուրգ-Փարիզ-Երեւան չվերթներով։ Նախ նշենք, որ ԷԿԵՆԳ-ը ավտոբուսի տոմս չի վաճառել, ավելին՝ մեր տեղեկություններով՝ նշված նախարարները ավտոբուսով նույնպես չեն մեկնել Ստրասբուրգ։ Ինչ վերաբերում է ուղիղ չվերթով Ստրասբուրգի օդանավակայան հասնելուն, ապա տեղեկացնեմ, որ հունիսի 23-ին՝ հինգշաբթի օրերին Երեւանից Փարիզ չվերթներ չեն իրականացվում «Էյր Ֆրանս»-ի կողմից, իսկ այլ ավիաընկերություններով Երեւանից Ստրասբուրգ հասնելը հինգշաբթի օրերին նշանակում է լրացուցիչ մեկ տարանցիկ չվերթի իրականացում եվրոպական որեւէ օդանավակայանից, ինչը, բնականաբար, էապես թանկացնում է տոմսի արժեքի եւ ճանապարհորդության ընդհանուր ժամանակը։ Հրապարակման մեջ նաեւ հստակ եւ վստահաբար նշված է, որ հունիսի 23-25-ի համար չվերթով շատ ավելի մատչելի տոմսեր կարող էին առաջարկվել՝ 250-280 հազար դրամով, «որի իսկությունը շատ հանգիստ կարելի է ստուգել»։ Ցավոք, աշխարհում գոյություն չունի այնպիսի գործիքակազմ, որը հնարավորություն է տալիս իրականացնել թեկուզ մեկ ժամ առաջ կոնկրետ ավիատոմսի առաջարկվող արժեքը եւ դրա առկայությունը ստուգել անցյալ ժամանակում: Փոխարենը առաջարկում ենք ցանկացած ինտերնետային որոնողական համակարգով ստուգել առաջիկա երկու ամիսների ընթացքում Երեւանից ցանկացած հինգշաբթի օր մեկնելու եւ Ստրասբուրգից շաբաթ օր վերադառնալու եւ առավելագույնը 1 տարանցիկ կետի պայմանով ցանկացած տեսակի ավիատոմսի արժեք, որը կարժենա 520 դոլար կամ պակաս, ինչպես ներկայացված է հրապարակման մեջ:

Տվյալ դեպքում նաեւ շատ ենք խնդրում «Առավոտ» օրաթերթի խմբագրությանը մեզ եւ հանրությանը այդ փաստը պատշաճ ապացուցել եւ ներկայացնել այն տեխնիկական հնարավորությունը եւ գործիքակազմը, որով նման տեսակի անցյալ ժամանակահատվածի ստուգումներ երբեւէ հնարավոր է կատարել։

 

«Առավոտ»
16.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031