Լրահոս
Օրվա լրահոսը

Հարություն Բաղդասարյան. Գյումրիում տարածքային հանձնաժողովը ձայների կողոպուտ է կատարել

Հոկտեմբեր 13,2016 18:15

Վարչական դատարանը հոկտեմբերի 13-ին քննելու է Գյումրիի ՏԻՄ ընտրությունների արդյունքների բողոքարկումը: Մինչ դատական նիստը Aravot.am-ը զրուցեց փաստաբան Հարություն Բաղդասարյանի հետ:

«Տարածքային հանձնաժողովը իր ձեռքի տակ ունենալով տեղական ընտրական հանձնաժողի որոշումները եւ արձանագրությունները, արձանագրել է, որ Բալասանյան դաշինքը ձեռք է բերել 17 մանդատ, իրականում Բալասանյան դաշինքը ձեռք է բերել ընդամենը 15 մանդատ: Իրենք խաղացել են օրենքի բացի վրա՝ Ընտրական օրենսգրքի 141 հոդվածի 4-րդ մասը սահմանում է, թե մանդատները ինչպես են բաշխվում: Անցած կուսակցությունների հավաքած ձայները տարել են 6 տոկոսը՝ Բալասանյան դաշինքը, վերածնված ՕԵԿ-ը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը եւ ԳԱԼԱ-ն: Այդ 6 տոկոսը մոտավորապես կազմում է մոտավորապես 33 500 ձայն:

Ամեն մի կուսակցության տարած ձայները, այսինքն՝ Բալասանյան դաշինքը՝ 14 500, ԲՀԿ-ն մոտ 8000, ՕԵԿ-ը՝ 4900 եւ ԳԱԼԱ-ն՝ 4500, իրենց ձայները բազմապատկում են 33-ով, այսինքն՝ ընդհանուր մանդատների թվերով, բաժանում են այն ձայների վրա, որ այդ չորս կուսակցությունը տարել է: Ստացվում է՝ համապատասխանաբար՝ 15, 9, 5, 4: Նույն օրենքն ասում է, որ որը տասնորդականով ունի առավելություն, մնացած ձայները տալիս ենք այն կուսակցություններին, որոնք ավելի շատ տասնորդական ձայներ ունեն: Այդ երկու կուսակցությունները Բալասանյան դաշինքն ու ՕԵԿ-ն էին, բնականաբար, Օրինաց երկրի ձայնը ավելացավ դարձավ 5 եւ Բալասանյանինը՝ 15»,- ասաց նա:

Հովհաննես Բաղդասարյանը նշեց, որ նույն հոդվածի 5-րդ կետով սահմանվում է, որ  եթե որեւէ կուսակցություն տանում է 40 տոկոսից ավելին, ապա նրան տալիս են 50 եւ ավելի տոկոս, այսինքն՝ բացարձակ մեծամասնություն. «Բաղրամյանը մի հետաքրքիր հայտարարություն է արել հանձնաժողովի անդամներին՝ ասել է՝ «դե կեթաք դատարան»՝ դեռեւս մինչեւ որոշում կայացնելը: Այսինքն՝ պարզ հասկանալ է տվել, թե իրենք ինչ որոշում են կայացնելու: Որոշման կայացման հիմքում Բաղրամյանը ոչ մի հիմք չի դրել, թ ինչու Օրինաց երկրից եւ Բարգավաճ Հայաստանից պետք է մեկական ձայն վերցնեն տան Բալասանյան դաշինքին: Խնդիրը հետեւյալն է՝ ինչո՞ւ ԳԱԼԱ-ից չեն վերցրել, ինչո՞ւ են հենց երկու ձայն  վերցրել: Սա խնդիր է, որտեղ տարածքային հանձնաժողովը պետք է խնդիր ունենար: Ինքը հստակ ասաց՝ 15, 9, 5, 4, գնացեք ավագանու նիստ, եթե այնտեղ չեք կարողանում քաղաքապետ ընտրել, կառավարությունը կարող է ավագանու հինգ տարի ժամկետը կրճատել, նոր ընտրություն նշանակել, այդ ընթացքում ինչ-որ մեկին նշանակի քաղաքապետ: Ձեւը, մեխանիզմը կա, ինքը՝ տարածքային հանձնաժողովը չպետք է օրենքը չհասկանալով որոշում կայացներ: Ինքն ակնհայտ օրենքի խախտումով որոշում է կայացրել»:

Հարություն Բաղդասարյանի խոսքերով՝ դատարանը երկու խնդիր ունի՝ պետք է համարի, որ տարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը օրինական է, կամ պետք է ասի, որ օրինական չէ, պետք է վերահաշվարկ կատարել. «Ես ենթադրում եմ, որ դատական համակարգն այսօր այնպիսին է, որ ասելու է տարածքային ընտրական հանձնաժողովը ճիշտ է արել, որովհետեւ հակառակ դեպքում կստացվի, որ Հանրապետական կուսակցությունը ինչ-որ առումով պարտություն է կրում: Իշխանությունը թույլ չի տա, որ դատարանը ինչ-որ չափով արդարություն վերականգնի, հակառակ դեպքում՝ իշխանության հենարաններից մեկը, այդ թվում՝ դատարանը կկորի: Մարդիկ չպետք է հավատ ունենան, որ դատական կարգով կարող են ինչ-որ ձեւով արդարություն վերականգնել:

Իշխանությունն ամեն ինչ արել է, որ հավատը դատական իշխանության նկատմամբ վերանա: Ենթադրում եմ՝ դատական իշխանությունն ասելու է, որ ճիշտ է արել: Ենթադրում եմ՝ հաջորդ քայլով ՕԵԿ-ը կամ Բարգավաճը կդիմի Սահմանադրական դատարան՝ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 141-րդ հոդվածի 5-րդ մասի Սահմանադրության հոդվածներին չի համապատասխանում: Եթե Սահմանադրական դատարանն էլ չկարողանա ինչ-որ պատասխան տալ, քանի որ սա ոչ թե դատական համակարգի ընդունած ակտ է: Ճիշտ է վարչական դատարանի կայացրած որոշումը վերջնական է լինելու, բողոքարկման ենթակա չէ, սա կարող է վիճարկվել Եվրոպական դատարանում՝ մարդու իրավունքների տեսանկյունից, որովհետեւ մարդիկ ձայն են տվել ԲՀԿ-ին եւ ՕԵԿ-ին»:

Հարություն Բաղդասարյանը տարածքային հանձնաժողովի կատարածը որակեց իբրեւ ձայների կողոպուտ. «Տեսական առումով, որ նայում ես ընտրական հանձնաժողովի կատարածը հանցագործություն է: Այս պայմաններում գտնել, որ հանցագործությունը օրինական է, շատ վտանգավոր է լինելու դատարանի համար: Որովհետեւ պրակտիկան է ինձ հուշում, որ դատարանն ասելու է, որ հանձնաժողովի քայլը ճիշտ է: Դրանով դատարանն ասելու է, որ այս երկրում հանցագործությունները թույլատրելի են, եթե ինչ-որ մեկի կողմից թույլատրություն են ստացել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31