Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ պետք են «չյոտկի» աշխատող գործարաններ. եթե պարտք ունեք՝ աղքատ ու խաբեբա եք»

Դեկտեմբեր 10,2016 14:30

Ըստ գործարարի՝ տեսուչները «գազավիկի» հոգեբանությամբ ստուգումներ են սկսել

Սննդի անվտանգության պետական ծառայությունը՝ ՍԱՊԾ-ն, գինի եւ կոնյակ արտադրող մի շարք ընկերություններում ստուգումներ է սկսել: Այդ ընկերություններն են «Պռոշյանի կոնյակի գործարան»-ը, «Գինու-կոնյակի տուն Շահնազարյան»-ը, «Վինար»-ը, «Սիսավան գինու գործարան»-ը, «Արենի վայն»-ը, «Արմենիա վայն գործարան»-ը, «Շատո-Առնո»-ն, «Տավինկո գինու-կոնյակի գործարան»-ը, «Մարան»-ը, «Էդվագ գրուպ» ՍՊԸ-ն, «Վեդի ալկո»-ն եւ «ՄԱՊ» ՓԲԸ-ն: Ստուգումներ իրականացնելու պաշտոնական հիմնավորման մեջ գրված է. «Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության գրության համաձայն՝ ընթացիկ տարվա վերջի մի քանի ամիսներին ծառայության թեժ գծին սպառողների կողմից ստացվել են բազմաթիվ բողոքներ տեղական արտադրանքի ալկոհոլային խմիչքների անորակության վերաբերյալ, որոնք իրացվում են ինչպես տեղական շուկայում, այնպես էլ արտահանվում են Եվրասիական տնտեսական միության եւ երրորդ երկրներ: Բողոքներում, մասնավորապես, նշվում է, որ գնված ալկոհոլային խմիչքները ունենում են տհաճ համ եւ հոտ, առաջացնում են սրտխառնոց եւ այլն:

Բացի այդ, հանրապետությունում արտադրվող ալկոհոլային խմիչքների ոչ պատշաճ որակն իր բացասական ազդեցությունը կարող է ունենալ միջազգային շուկայում տեղական արտադրության սննդամթերքի հեղինակության եւ սպառողների վստահության նկատմամբ»: Ստուգումների անհրաժեշտությունը նաեւ հիմնավորվում է հետեւյալ կերպ. «Ստուգումներ չիրականացնելու դեպքում սպառողների կողմից բարձրացված խնդիրները կարող են վտանգ ներկայացնել մարդկանց կյանքի եւ առողջության համար: Ստուգումներ իրականացնելու դեպքում կբացահայտվեն վտանգի աղբյուրը, դրա առաջացման պատճառները: Առկա խախտումները եւ օրենսդրությամբ ներկայացվող պահանջներին անհամապատասխանությունները վերացնելու եւ հետագայում բացառելու նպատակով կկիրառվեն օրենքով սահմանված սահմանափակման միջոցներ եւ կտրվեն հանձնարարականներ, ինչպես նաեւ հայտնաբերված իրավախախտումների համար կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ»:

Այս ստուգումները մտահոգություն են առաջացրել ՍԱՊԾ-ի թիրախի տակ հայտնված ընկերությունների ղեկավարների մոտ: Նրանք «Առավոտի» հետ զրույցում կասկածի տակ են առնում ծառայության հիմնավորումը՝ նշելով, որ իրականում ստուգումն այլ նպատակ ունի: Մեզ հետ զրուցած տնօրենները չցանկացան ներկայանալ՝ կառավարության հետ ավելորդ գլխացավանք չունենալու համար: Տնտեսվարողներից մեկն ասաց, որ այդ ստուգումների նպատակը գործարարներին ճնշելն է. «Մի կողմից՝ կառավարության ղեկավարն ասում է, թե կանգնելու են արժեք ստեղծող, աշխատող մարդու, գործարարի կողքին, մյուս կողմից էլ՝ անհեթեթ հիմնավորմամբ գալիս են ստուգումների: Ի՞նչ է նշանակում՝ սրտխառնոց է առաջացել ալկոհոլային խմիչքն օգտագործելուց հետո: Գուցե հենց այդ բողոքող անձին (եթե, իհարկե, նա գոյություն ունի) ստուգեն, գուցե նրան հակացուցված է գինի կամ կոնյակ խմել»:

Մեկ այլ ընկերության տնօրեն էլ մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ իրենց բաց տեքստով ասել են՝ այն ընկերությունները, որոնք պարտքեր ունեն կամ պարտքեր են ունեցել գյուղացիներին, նրանք աղքատ կամ խաբեբա ընկերություններ են, ուստի սա հաստատելու կամ պարզելու համար պետք է ստուգեն. «Նրանք պարզ ասել են՝ մեզ պետք են «չյոտկի» աշխատող գործարաններ. եթե պարտք չկա, ուրեմն նորմալ մենեջմենթով աշխատող գործարան է, եթե պարտքեր ունի, գյուղացուն պարտք է կամ հազիվ է փակում պարտքը, սա բեռ է պետության համար. էդ հարցերը պետք է լուծվեն՝ կա՛մ մաքուր աշխատեն, կա՛մ չաշխատեն: Ու օգտագործում են ստուգման լծակը»:

Գործարարներից մեկն էլ դժգոհեց՝ այս ստուգումները գազի տեսուչների հոգեբանությամբ են. «Եթե սպառված գազի համար բաժանորդը չի վճարում, անմիջապես անջատում են: Ու դու այլընտրանք չունես, այդ հիմնարկը մոնոպոլ է, ոչ մեկին պարտք չի եղել, հիմա գազավիկները ղեկավարներ են դարձել, որոնց չի հետաքրքրում՝ բա ինչի՞ է պարտք գործարարը, գալիս ու «օդերդ փակում են», գազավիկի հոգեբանություն: Որեւէ մեկին չի հետաքրքրում, որ այդ պարտքերը նախկին կառավարության պատճառով են կուտակվել, մեզ ստիպել են մթերել մեզ պետք չեկող խաղողը, որպեսզի գյուղացիներին հանդարտեցնեն, հիմա իրենց սխալ մենեջմենթը մեզ են վերագրում: Հաշվի չեն առնում, որ ճգնաժամ է եղել: Ո՞ւր մնացին իրենց ամպագոռգոռ հայտարարությունները, թե կոնյակագործությունն ու գինեգործությունը գերակա ճյուղեր են»:

Ուշագրավ է, որ թիրախավորված ընկերությունների շարքում կան այնպիսիները, որոնք իրենց արտադրանքն իրացնում են դրսում, այսինքն՝ հայկական շուկայում իրենց ապրանքը չեն վաճառում: Ուստի խիստ կասկածելի է, որ այլ երկրի սպառողը ՀՀ Սննդի անվտանգության պետական ծառայության թեժ գծի հեռախոսահամարն ունենար կամ ունենալու դեպքում էլ՝ ահազանգեր, թե խմիչքից տհաճ հոտ է առել կամ սրտխառնոց է ունեցել:

Թե ստուգումներից ինչ է պարզվել՝ ՍԱՊԾ-ից «Առավոտին» վստահեցրին, որ դրանք դեռ ընթացքում են. ստուգում են արտադրական գործընթացը, տեխնոլոգիաները, հիգիենան, փաստաթղթավորումը, նմուշառումներ են անում փորձաքննության համար, լաբորատոր եզրակացության եւ այլ արդյունքների մասին առաջիկայում կտեղեկացնեն:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

09.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031