Լրահոս
Օրվա լրահոսը

Հետտոնական սթրեսը անցնում է աշխատավայրում մի քանի ժամ անցկացնելուց հետո

Հունվար 07,2017 17:27

«Նորի սկիզբը դնում եմ ես եւ այն պետք է լինի դրական», – Aravot.am-ի հետ զրույցում, հոգեբան Աննա Բադալյանը այսպես է խորհուրդ տալիս սկսել տարին:

Շատերը Նոր տարուն ասում են՝ մի տարի էլ անցավ իմ կյանքից, անցած տարին էլ ապրած տարի չէր, որը, ըստ մասնագետի, արդեն բացասական է. «Պետք է նորի հետ նորը գտնել, նոր հույզեր, էմոցիաներ, ապրումներ, երազանքներ: Երբ որ մարդ կայացած է լինում՝ գիտակցում է, որ վերելքներ, վայրէջքներ յուրաքանչյուր ոք ունենում է, որը հենց սովորական կյանքի ռիթմն է»:

Հոգեբանի խոսքերով՝ այն մարդիկ, որոնք նախորդ տարի դժգոհ են եղել սեփական կյանքից՝ պետք է մտածեն. «Ինքնագնահատականս պետք է բարձր պահեմ եւ հասարակության մեջ իմ տեղը գտնեմ, ես կարող եմ, ունակ եմ եւ այս հասարակության մեջ իմ դերն ունեմ»:

Յուրաքանչյուր կարեւոր իրադարձություններից հետո, դա կլինի տոնական, թե արարողական, մարդիկ ներքին լարվածությունն են ունենում: Աննա Բադալյանը նշեց, որ, արդյունքում ստացվում է այնպես, որ այդ լարվածությունը բերում է հետո նաեւ սթրեսային վիճակի. «Շատ ժամանակ, երբ տոնը ավարտվում է ներքին դատարկություն է լինում, բայց կա այսպիսի մի բան, եթե կարողանում ես ճիշտ պահպանել քո տոնական օրակարգը, վայելել ամենը, ստացվում է, որ անցումն էլ է հեշտ լինում»:

Աննա Բադալյան

Ըստ հոգեբանի, պետք չէ միայն ուտել-խմել՝ անհրաժեշտ է երգել, պարել, ուրախանալ, լիարժեք լիցքաթափվել. «Կարող եք պարզապես տանը այդ օրերին հանգստանալ, մանկության ալբոմները նայել, որը յուրօրինակ հոգեբանական թերապիա է: Այն վերականգնում է սեփական ուժերի նկատմամբ հավատը»:

Տոնական օրերին գերսնումը, մասնագետի խոսքերով, եւս հանգեցնում է սթրեսների, որը պետք է եւս կարգավորել. «Շատակերությունը, շատ ժամանակ դեպրեսիվության արդյունք է, որի ժամանակ վերադառնում են մանկական վիճակին, երբ ուտելուց ու քնելուց բացի ոչինչ չեն անում: Այսինքն մարդ այնքան աշխարհի, շրջակա միջավայրի հետ բախումնային վիճակի մեջ է, նույնիսկ ինքն իր հետ՝ վերադառնում է նորածնային վիճակին: Մարդիկ էլ կան, որ ջղայնանալիս էլ սկսում են անհարկի ուտել»: Այսպիսի մարդկանց հոգեբանը խորհուրդ է տալիս վեր հանել իրենց պահուստային ուժերը, ուղղակի իրավիճակը վերահսկել, տարբերակել վնասն ու օգուտը:

Շատ շատերը տոնական օրերից հետո աշխատանքի գնալիս սթրես են ապրում, բայց այն, ըստ մասնագետի, անցնում է աշխատավայրում մի քանի ժամ անցկացնելուց հետո: Կան մարդիկ էլ, որ վաղուց արդեն ուզում են աշխատել եւ հոգնել են տանը պարապ մնալուց. «Երբ դու հաճույք ես զգում քո աշխատանքից, այն ինքնաիրացում է, ինքնագնահատականի բարձրացում է: Եթե մենք մեր կյանքի յուրաքանչյուր վայրկյանը գնահատենք եւ այն լցնենք հուզականությամբ, գնահատենք, որ ամենաթանկ բանը ժամանակն ա՝ հաջողությունների կհասնենք հուզական եւ գործնական առումով»:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031